ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵԿԴ/0008/11/09 |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Ղուկասյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Դանիելյանի | |
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ ներկայացուցիչ |
Ա. Զեյնալյանի |
2010 թվականի հուլիսի 23-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 27-ի որոշման դեմ դիմող Արամ Զավենի Սարգսյանի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանի վճռաբեկ բողոքի հիման վրա` նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով գործը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վ.Հարությունյանը 2008 թվականի մարտի 25-ին Ա.Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել, որով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2. 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ Արամ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:
Վիճարկելով քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը` Ա.Սարգսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը 2008 թվականի դեկտեմբերի 23-ին հիշյալ որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով փոխել Ա.Սարգսյանի արդարացման հիմքը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և, վերացնելով ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վ.Հարությունյանի 2008 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրած որոշումը, կայացնել նոր որոշում:
ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա.Նադոյանի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 29-ին որոշում է կայացվել բողոքը մերժելու մասին:
3. 2009 թվականի հունվարի 20-ին Արամ Սարգսյանը և նրա ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Ա.Սարգսյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, սեփականության, պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտման փաստերի ճանաչման և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու, ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջների մասին բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ`
1/ Արամ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը փոփոխելու մասով բողոքը մերժվել է
2/ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա.Նադոյանի` 2008 թվականի դեկտեմբերի 29-ի «Բողոքը մերժելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու մասով բողոքը մերժվել է
3/ քրեական հետապնդման մարմնին Արամ Սարգսյանից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասով բողոքը մերժվել է
4/ պատճառված վնասների հատուցման մասով բողոքը թողնվել է առանց քննության` Արամ Սարգսյանին իրավունք վերապահելով հետագայում այն լուծել քաղաքացիական դատավարության կարգով
5/ Արամ Սարգսյանի անձնական անձեռնմխելիության, անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի, մտքի, խղճի ազատության, արտահայտվելու ազատության, միավորումներ կազմելու ազատության, սեփականության իրավունքների խախտման փաստերը ճանաչելու պահանջների մասով բողոքը թողնվել է առանց քննության:
4. Վերոհիշյալ որոշման բողոքարկման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի մարտի 30-ի որոշմամբ Արամ Սարգսյանի և նրա ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի վերաքննիչ բողոքը մերժել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի փետրվարի 16-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 30-ի որոշման բողոքարկման արդյունքում Վճռաբեկ դատարանը 2009 թվականի մայիսի 27-ի որոշմամբ Ա.Սարգսյանի և նրա ներկայացուցիչ Ա.Զեյնալյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել է:
6. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-րդ և 5-րդ մասերի սահմանադրականությունը՝ Ա.Զեյնալյանը, Ա.Սարգսյանը, Կ.Ռուբինյանը և Մ.Դանիելյանը դիմել են ՀՀ սահմանադրական դատարան: ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված՝ նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը՝ սահմանափակվել են մարդու՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ճանաչվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշման 2-րդ կետով գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
7. Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 27-ի որոշումը նոր հանգամանքներով վերանայելու համար` դիմող Ա.Սարգսյանի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանը 2010 թվականի մարտի 4-ին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որով խնդրել է հարուցել Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 27-ի որոշման վերանայման վարույթ, վերանայել (փոփոխել, բեկանել) այդ որոշումը, վարույթ ընդունել Ա.Սարգսյանի անունից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 30-ի որոշման դեմ բերված 2009 թվականի ապրիլի 21-ի վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ դատարանն իր 2010 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ բողոքը վերադարձրել է` թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանելով 15-օրյա ժամկետ:
8. 2010 թվականի մայիսի 4-ին Արամ Սարգսյանի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանը կրկին վճռաբեկ բողոք է բերել:
ՀՀ վճռաբեկ դատարանը 2010 թվականի հունիսի 4-ին կայացրել է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է. «Քննիչի կողմից Ա.Սարգսյանից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասով բողոքը նույնպես ենթակա է մերժման, քանի որ Ա.Սարգսյանի կողմից քննիչի գրավոր ներողություն չհայցելու գործողությունը չի բողոքարկվել դատախազին» (տե´ս քրեական գործի նյութեր, էջ 116)։
10. Վերաքննիչ բողոքում բողոքաբերները նշել են, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որպեսզի պահանջը մերժելու «լուծում» գտնի, գրավոր ներողություն չխնդրելու ձևով դրսևորած անգործությունը ներկայացրել է որպես «գործողություն» և կիրառելի է դարձրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը և մերժել է պահանջը:
11. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Ա.Սարգսյանը գործի քննության ընթացքում դատախազին չի բողոքարկել իր` վերաքննիչ բողոքում նշված իրավունքների և ազատությունների խախտումների մասին» (տե´ս քրեական գործի նյութեր, էջ 180):
12. ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված՝ նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
13. ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «…իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին և 21-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
13. Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները, կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, Արամ Սարգսյանին զրկել են իր սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության իրավունքից: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:
14. Բողոք բերած անձը, ի լրումն նախորդ բողոքի, նաև նշել է, որ իր` 2010 թվականի մարտի 4-ի վճռաբեկ բողոքը դատարան ներկայացնելուց հետո, մինչ կլուծվեր դրա ընդունելության հարցը, ՀՀ սահմանադրական դատարանը իր դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել Ա.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սույն գործով կիրառված մեկ այլ դրույթ: Խոսքը վերաբերում է ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշմանը, որը կայացվել է «Քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 67-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության արդյունքում: Բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի իմաստով նոր հանգամանք է:
15. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 27-ի որոշման վերանայման վարույթ, վերանայել` (փոփոխել, բեկանել) այդ որոշումը, վարույթ ընդունել Ա.Սարգսյանի անունից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 30-ի որոշման դեմ բերված` 2009 թվականի ապրիլի 21-ի վճռաբեկ բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 30-ի որոշումը և Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի փետրվարի 16-ի որոշումը, հաստատել ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա.Նադոյանի` «Բողոքը մերժելու մասին» որոշման անվավեր լինելը, ճանաչել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից Ա.Սարգսյանի իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի, անձնական անձեռնմխելիության իրավունքի, անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի, մտքի, խղճի, արտահայտվելու, միավորումներ կազմելու ազատության, սեփականության իրավունքի խախտման փաստերը, պարտավորեցնել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը փոխել Ա.Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը` արարքում հանցակազմ չլինելու հիմքով, ինչպես նաև գրավոր ներողություն հայցել Ա.Սարգսյանից:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված՝ նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, պարտավորեցնո՞ւմ է արդյոք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասով քրեական հետապնդում դադարեցնելու մասին 2008 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման դեմ դիմող Ա.Սարգսյանի և նրա ներկայացուցիչ Ա.Զեյնալյանի բողոքը:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:
18. ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործնականում դատական պրակտիկան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ «գործողություն» եզրույթը հավասարապես վերագրել է նաև անգործությանը: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը որոշել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «… և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված` նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանը, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
Այլ կերպ՝ ՍԴՈ-844 որոշման հիման վրա՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի անգործությունը կարող է անմիջականորեն բողոքարկվել դատարան:
19. Ինչպես երևում է գործի նյութերից և բողոքի բովանդակությունից, քրեական հետապնդման մարմնի կողմից գրավոր ներողություն չհայցելը ստորադաս դատարանները դիտել են որպես գործողություն և ոչ թե անգործություն (տե´ս սույն որոշման 10-րդ կետը): Բողոքաբերի կարծիքով՝ դատարաններն այն դիտել են գործողություն, որպեսզի կիրառելի լինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը և իրենց բողոքը մերժվի:
20. Քննության առարկա հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշումները Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանն արտահայտել են, համապատասխանաբար, 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ և Ա.Մողրովյանի վերաբերյալ որոշմամբ:
Սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշման 7-րդ կետի համաձայն` «...«Անգործություն» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում, պետք է ընկալվի որպես հետաքննության, նախաքննության մարմինների, պաշտոնատար անձանց և դատախազի` Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների (որոշումների ընդունում, իրենց լիազորություններից բխող գործունեության իրականացում) չկատարում»:
Ա. Մողրովյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն` «(…) մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից` անկախ նրանից, թե բողոքարկման արդյունքում դատախազի կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն» (տե´ս Արևիկ Մողրովյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0076/11/09 որոշման 14-րդ և 15-րդ կետերը):
21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական հետապնդման մարմինը, Ա.Սարգսյանի նկատմամբ դադարեցնելով քրեական հետապնդումը, նրանից գրավոր ներողություն չի հայցել: Այլ կերպ` քրեական հետապնդման մարմինն առերևույթ չի կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունը, այսինքն` դրսևորել է անգործություն, այլ ոչ թե կատարել է գործողություն:
22. Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հիմք ընդունելով Ա.Մողրովյանի վերաբերյալ որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պարտավոր էր դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու մասով քրեական հետապնդում դադարեցնելու մասին 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ դիմող Ա.Սարգսյանի և նրա ներկայացուցչի բողոքը:
23. Սույն որոշման 16-22-րդ կետերի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Ա.Սարգսյանից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելը մերժելու մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի փետրվարի 16-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 30-ի, Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 27-ի դատական ակտերը նոր հանգամանքի հիմքով պետք է բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
24. Բողոք բերած անձը որպես նոր հանգամանք վկայակոչել են նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշումը: Այդ որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «… իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու առնչությամբ, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի (1-ին մաս) և 21-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:
Փաստորեն, Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին և 21-րդ հոդվածին հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «…իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը: Մինչդեռ սույն գործի նյութերից երևում է, որ Ա.Սարգսյանի նկատմամբ կայացվել է ոչ թե քրեական գործի վարույթը կարճելու, այլ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում (տե´ս սույն որոշման 3-րդ կետը):
Այսինքն, նախաքննության մարմնի կիրառած նորմը Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական չի ճանաչվել:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-871 որոշումը Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 3-ի դատական ակտը վերանայելու հիմք չէ:
23. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 290-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ, 4261-րդ, 4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Քրեական հետապնդման մարմնի կողմից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելը մերժելու մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի փետրվարի 16-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 30-ի, ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 27-ի դատական ակտերը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Ղուկասյան | |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|