Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2015
Ստորագրման ամսաթիվ
16.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2017

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետև` Կողմեր,

գիտակցելով արտակարգ իրավիճակների վտանգը,

ընդունելով, որ արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցությունը կնպաստի Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բարօրությանն ու անվտանգությանը,

հաշվի առնելով այնպիսի արտակարգ իրավիճակների հնարավոր առաջացումները, որոնք չեն կարող վերացվել Կողմերից մեկի միջոցներով և ուժերով, ինչպես նաև դրանով պայմանավորված Կողմերի համակարգված գործողությունների անհրաժեշտությունը,

բարձր գնահատելով ընդունված` բազմակողմ և երկկողմ պայմանագրերի իրականացման շրջանակներում բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության բազմամյա դրական փորձը,

ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության հետագա զարգացման Հայեցակարգով,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Օգտագործվող սահմանումները

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ սահմանումները.

«հայցող Կողմ»` Կողմ, որը դիմում է արտակարգ իրավիճակների կանխման և/կամ վերացման համար իրեն օգնություն ցուցաբերելու հայցով,

«հայցվող Կողմ»` Կողմ, որին դիմում են արտակարգ իրավիճակների կանխման և/կամ վերացման համար օգնություն ցուցաբերելու հայցով,

«տրամադրող Կողմ»` Կողմ, որը հայցող Կողմի հայցով ցուցաբերում է օգնություն,

«լիազոր մարմին»` Կողմի մարմին, որը, համաձայն ազգային օրենսդրության, պատասխանատու է արտակարգ իրավիճակների կանխման ու վերացման և սույն Համաձայնագրի իրականացման համար,

«համակարգող մարմին»` «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն ստեղծված` բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհուրդ,

«արտակարգ իրավիճակ»` իրավիճակ, որն ստեղծվել է որոշակի տարածքում վթարի, վտանգավոր բնական երևույթի, տարերային կամ այլ աղետի հետևանքով, ինչը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է մարդկային զոհերի, մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին վնասների պատճառման, զգալի նյութական կորուստների և կենսագործունեության պայմանների խաթարման,

«արտակարգ իրավիճակների կանխում»` նախօրոք անցկացվող և արտակարգ իրավիճակների ռիսկի առավելագույն նվազեցմանն ու մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին պատճառած և նյութական վնասի չափերի նվազեցմանն ուղղված միջոցառումների համալիր,

«արտակարգ իրավիճակների վերացում»` արտակարգ իրավիճակներում իրականացվող վթարափրկարարական և այլ տեսակի աշխատանքներ,

«վթարափրկարարական և այլ տեսակի աշխատանքներ»` կյանքի փրկության և մարդկանց առողջության պահպանմանն ուղղված, կենսաապահովման համակարգերի վերականգնման, շրջակա միջավայրին պատճառած և նյութական վնասի չափերի նվազեցման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների գոտիների տեղայնացմանն ուղղված գործողություններ,

«օգնություն ցուցաբերող կազմավորում»՝ տրամադրող Կողմի լիազոր մարմնի ուղարկած մասնագետների խումբ (կամ խմբեր)` արտակարգ իրավիճակների կանխման ու վերացման բնագավառում օգնության տրամադրման համար, որը ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով,

«սարքավորում»` արտակարգ իրավիճակների կանխման և վերացման համար նախատեսված գույք, նյութեր, տեխնիկական և տրանսպորտային միջոցներ, օգնություն տրամադրող կազմավորման հանդերձանք և սարքեր, անձնական հանդերձանք, կապի միջոցներ, դեղորայք, բժշկական սարքավորում և այլ անհրաժեշտ գույք, ինչպես նաև որոնող շներ,

«ապահովման նյութեր»` արտակարգ իրավիճակի պատճառով տուժած բնակչությանը բաշխման համար նախատեսվող նյութական միջոցներ,

«տարանցիկ պետություն»` Կողմ, որի տարածքով կատարվում է օգնություն տրամադրող կազմավորման, սարքավորման և ապահովման նյութերի փոխադրումը:

 

Հոդված 2

Համագործակցության սկզբունքները

 

1. Արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության իրավական հիմքն են կազմում միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները և նորմերը, միջազգային պարտավորությունները և Կողմերի օրենսդրությունը, ինչպես նաև սույն Համաձայնագիրը:

2. Կողմերից մեկի տարածքում արտակարգ իրավիճակի կամ դրա սպառնալիքի առաջացման դեպքում այդ Կողմը կարող է օգնության հայցով դիմել այլ Կողմի կամ Կողմերի:

3. Կողմերն օգնություն միմյանց տրամադրում են կամավորության սկզբունքով` իրենց հնարավորությունների սահմաններում: Օգնության տրամադրման պայմանները որոշվում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` հայցող և տրամադրող Կողմերի պայմանավորվածության համաձայն:

 

Հոդված 3

Համագործակցության հիմնական ձևերը

 

Կողմերը իրականացնում են համագործակցություն հետևյալ հիմնական ձևերով.

փոխադարձ իրազեկում արտակարգ իրավիճակների մասին.

արտակարգ իրավիճակների կանխատեսում և մշտադիտարկում.

արտակարգ իրավիճակների կանխման և վերացման միջոցառումների պլանավորում և անցկացում.

արտակարգ իրավիճակներում բնակչության գործողությունների նախապատրաստման կազմակերպման ուղղությամբ փորձի փոխանակում.

արտակարգ իրավիճակների կանխման և վերացման վերաբերյալ տեղեկության, պարբերական հրատարակությունների, մեթոդական և այլ գրականության, տեսա- և լուսանկարչական նյութերի փոխանակում.

համատեղ կոնֆերանսների, սեմինարների, աշխատանքային խորհրդակցությունների, վարժանքների և մասնագիտացված ցուցահանդեսների կազմակերպում.

պայմանագրային հիմունքներով մասնագետների պատրաստում, փորձնակ-հետազոտողների, դասախոսների, գիտնականների և մասնագետների փոխանակում.

Կողմերի լիազոր մարմինների կողմից համաձայնեցված` արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում այլ գործունեության իրականացում:

 

Հոդված 4

Լիազոր մարմիններ

 

1. Կողմերը սույն Համաձայնագրի ավանդապահին տեղեկացնում են լիազոր մարմինների մասին` միաժամանակ ծանուցելով սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

2. Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում Կողմերի լիազոր մարմինները հաստատում են ուղիղ շփումներ:

Կողմերի լիազոր մարմինները ամեն տարի` առաջին եռամսյակում, համակարգող մարմնին տեղեկացնում են կոնտակտների և իրականացված գործունեության մասին:

3. Այլ լիազոր մարմիններ սահմանելու, դրանց գործառույթների կամ անվանման փոփոխման դեպքերում Կողմերը համապատասխան որոշման ընդունման ամսաթվից 30 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում են ավանդապահին, որն էլ այդ տեղեկությունը հաղորդում է Կողմերից յուրաքանչյուրին:

 

Հոդված 5

Օգնություն տրամադրելու մասին հայցեր

 

1. Օգնությունը տրամադրվում է գրավոր հայցի հիման վրա, որտեղ նշվում են արտակարգ իրավիճակների վայրը, ժամանակը, բնույթը, ծավալը և իրավիճակն ընթացիկ պահին, ինչպես նաև` հայցվող օգնության առաջնահերթությունները:

Վերջին իրադարձությունների և արտակարգ իրավիճակների գոտում օպերատիվ իրավիճակի փոփոխման արտացոլման նպատակով հայցող Կողմը մշտապես թարմացնում է տեղեկությունները:

2. Հայցվող Կողմը կարճ ժամկետում ուսումնասիրում է հայցող Կողմի դիմումը և տեղեկացնում նրան տրամադրվող օգնության տեսակների և ծավալի, ինչպես նաև տրամադրվող օգնության պայմանների մասին: Օգնություն ցուցաբերելու անհնարինության դեպքում այդ մասին տեղեկությունն անհապաղ ուղարկվում է հայցող Կողմին:

3. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու իր տարածքում առաջացած արտակարգ իրավիճակի տեղափոխումը այլ Կողմերի տարածքներ: Այդպիսի տարածման սպառնալիքի առկայության և սեփական ուժերով դրա կանխման անհնարինության դեպքում այն Կողմը, որի տարածքում առաջացել է արտակարգ իրավիճակը, այդ մասին տեղեկացնում է այլ շահագրգիռ Կողմերին:

 

Հոդված 6

Օգնություն ցուցաբերող կազմավորման գործունեության կառավարում

 

1. Օգնություն ցուցաբերող կազմավորման գործունեության կառավարման ընդհանուր ղեկավարումն իրականացվում է հայցող Կողմի լիազոր մարմնի կողմից` այդ կազմավորման ղեկավարի միջոցով:

2. Հայցող Կողմը տեղեկացնում է օգնություն ցուցաբերող կազմավորման ղեկավարին արտակարգ իրավիճակի գոտու աշխատանքների կոնկրետ տեղամասերում ստեղծված իրադրության մասին և անհրաժեշտության դեպքում անվարձահատույց հիմունքներով ապահովում է օգնություն ցուցաբերող կազմավորմանը թարգմանիչներով, կապի միջոցներով, տրանսպորտով, ապահովում է անվտանգությունը և կազմակերպում բժշկական օգնության տրամադրում:

3. Օգնություն ցուցաբերող կազմավորման սարքավորումները պետք է լինեն բավարար արտակարգ իրավիճակի գոտում ոչ պակաս, քան 72 ժամ վթարափրկարարական և այլ տեսակի աշխատանքներ ինքնուրույն կատարելու համար: Պաշարների սպառման դեպքում հայցող Կողմն օգնություն տրամադրող կազմավորմանն ապահովում է անհրաժեշտ միջոցներով` իր աշխատանքները շարունակելու համար, եթե Կողմերը լրացուցիչ այլ բան չեն պայմանավորվել:

4. Աշխատանքների ավարտին օգնություն ցուցաբերող կազմավորման ղեկավարը հայցող Կողմի լիազոր մարմնին տրամադրում է արտակարգ իրավիճակի վերացմանն ուղղված` իր կազմավորման գործողությունների և աշխատանքի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

 

Հոդված 7

Օգնություն ցուցաբերող կազմավորման` պետական սահմանի հատման պայմանները

 

1. Օգնություն ցուցաբերող կազմավորման անդամները սահմանը հատում են հայցող Կողմի ճանաչած և սահմանը հատելու իրավունք տվող վավերական փաստաթղթերով` Կողմի` համաձայնեցված միջազգային հաղորդակցության համար նախատեսված անցակետերով: Օգնություն ցուցաբերող կազմավորման ղեկավարը պետք է ունենա օգնություն ցուցաբերող կազմավորման ցուցակը և տրամադրող Կողմի լիազոր մարմնի կողմից տրված` նրա լիազորությունները հաստատող փաստաթուղթ:

2. Կինոլոգիական խմբի կողմից պետական սահմանի հատումը և հայցող Կողմի ու տարանցիկ պետության տարածքներում նրա տեղակայումը որոշվում է հայցող Կողմի և տարանցիկ պետության տարածքներում գործող կարանտինային կանոններին համապատասխան:

3. Օգնություն ցուցաբերող կազմավորման տեղաշարժը և սարքավորման ու ապահովման նյութերի տեղափոխումը կատարվում է ավտոտրանսպորտով, երկաթուղով, ջրային և օդային տրանսպորտով:

4. Օգնություն ցուցաբերող կազմավորման, սարքավորման և ապահովման նյութերի տեղափոխման համար տրանսպորտի օգտագործման կարգը որոշվում է տրամադրող և հայցող Կողմերի լիազոր մարմինների կողմից:

 

Հոդված 8

Կահավորման և ապահովման նյութերի ներկրումը, արտահանումը և տարանցումը

 

1. Սարքավորումների և ապահովման նյութերի տեղափոխումը Կողմերի պետական (մաքսային) սահմաններով, այդ թվում` տարանցումը Կողմերի տարածքներով, կատարվում է առաջնահերթ (նախապատվության) կարգով` առանց մաքսատուրքերի, գանձումների, հարկերի վճարման, ինչպես նաև` առանց նման վճարում ապահովելու և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման` պայմանով, որ Կողմերը կատարել են ոչ սակագնային կարգավորման միջոցների ներդաշնակեցում, ինչպես նաև, եթե մաքսային մարմիններին տրամադրված է տրամադրող Կողմի կողմից հաստատված սարքավորումների և ապահովման նյութերի ցանկը` հաստատումով, որ նշված սարքավորումներն ու ապահովման նյութերը տեղափոխվում են արտակարգ իրավիճակների կանխման և/կամ վերացման և օգնություն ցուցաբերող կազմավորման կենսապահովման նպատակով:

2. Սարքավորումների և ապահովման նյութերի մաքսային ձևակերպումը կատարվում է առաջնահերթության (նախապատվության) կարգով: Որպես մաքսային հայտարարագիր` կարող են օգտագործվել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և/կամ այլ փաստաթղթեր` մաքսային մարմիններին սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկի տրամադրման դեպքում:

3. Օգնություն ցուցաբերող կազմավորմանը թույլատրվում է ներկրել հայցող Կողմի տարածք և տարանցիկ տեղաշարժել տարանցման պետությունների տարածքներով միայն սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկի սարքավորումները և ապահովման նյութերը: Միևնույն ժամանակ օգնություն տրամադրող կազմավորման անդամները կարող են ներկրել և տարանցման պետությունների տարածքներով տարանցիկ տեղափոխել անձնական օգտագործման ապրանքներ` Կողմերի օրենսդրությանը համապատասխան:

4. Վթարափրկարարական և այլ աշխատանքների ավարտին հայցող Կողմի տարածք ներկրված սարքավորումներն ու ապահովման նյութերը (բացառությամբ ամբողջովին սպառված, ոչնչացված և արտակարգ իրավիճակից տուժած բնակչությանը անվճար տրամադրվածի) ենթակա են հետադարձ արտահանման Կողմերի լիազոր մարմինների համաձայնեցրած ժամկետներում կամ մաքսային հայտարարագրման և մաքսատուրքերի, գանձումների, հարկերի վճարմամբ արտահանման` համաձայն այն Կողմի օրենսդրության, որի տարածքում դրանք գտնվում են:

Հայցող Կողմի լիազոր մարմինը պետք է փաստաթղթերով հաստատի արտակարգ իրավիճակից տուժած բնակչությանը ապրանքների բաժանված, ամբողջովին սպառված կամ ոչնչացված լինելու փաստը:

Օգնություն ցուցաբերող կազմավորման սարքավորումների ցանկում ներառված օդանավերն ազատվում են աերոուղևորման, օդանավակայանի և այլ տեսակի գանձումներից (վճարումներից):

 

Հոդված 9

Տարանցում

 

1. Կողմերը, իրենց օրենսդրության համաձայն, աջակցում են արտակարգ իրավիճակների կանխման և վերացման նպատակով հայցող Կողմի տարածք մեկնող` տրամադրող Կողմի օգնություն ցուցաբերող կազմավորման, սարքավորումների և ապահովման նյութերի` իրենց տարածքներով անխափան տարանցմանը:

2. Շահագրգիռ Կողմերի միջև համաձայնեցմամբ, սույն հոդվածի 1-ին կետի դրույթները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կիրառվում են իրենց տարածքներով, արտակարգ իրավիճակների վերացման նպատակով, երրորդ պետությունների տարածքներ ուղևորվող օգնություն ցուցաբերող կազմավորման, սարքավորումների և ապահովման նյութերի տարանցման առնչությամբ:

 

Հոդված 10

Վնասի փոխհատուցում

 

1. Հայցող Կողմը կրում է տրանսպորտային և բժշկական օգնության ցուցաբերման ծախսերը` կապված օգնություն ցուցաբերող կազմավորման անդամների վիրավորման կամ մահվան հետ, եթե դա տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների կանխման և վերացմանն առնչվող` օգնության ցուցաբերման առաջադրանքների կատարման հետ:

2. Եթե օգնության ցուցաբերման կազմավորման անդամը արտակարգ իրավիճակների վերացման առաջադրանքները կատարելիս վնաս է հասցնում իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապա վնասը փոխհատուցում է հայցող Կողմը` համաձայն իր օրենսդրության:

3. Օգնություն ցուցաբերող կազմավորման անդամի` դիտավորությամբ պատճառած վնասը ենթակա է փոխհատուցման` համաձայն հայցող Կողմի օրենսդրության:

 

Հոդված 11

Գործունեության համակարգում

 

Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում Կողմերի լիազոր մարմինների գործունեության համակարգումը և օպերատիվ փոխգործակցությունը դրվում է բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհրդի վրա:

 

Հոդված 12

Առնչությունն այլ միջազգային պայմանագրերին

 

 Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակից են նրանք:

 

Հոդված 13

Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:

2. Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:

3. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից 1993 թվականի հունվարի 22-ի` «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» համաձայնագրի 1-8-րդ հոդվածները դադարում են գործել սույն Համաձայնագրի մասնակիցներ հանդիսացող Կողմերի համար:

 

Հոդված 14

Փոփոխություններ և լրացումներ կատարելը

 

 Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կազմում են դրա անբաժանելի մասը, ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 15

Միանալը

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո այն բաց է ցանկացած պետության միանալու համար` ավանդապահին միանալու մասին փաստաթուղթը փոխանցելու միջոցով:

2. ԱՊՀ մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:

3. Ոչ ԱՊՀ մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած կամ նրան միացած պետությունների համաձայնության վերջին ծանուցումն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:

 

Հոդված 16

Վեճերի լուծումը

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում Կողմերի միջև ծագած վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 17

Վերապահումները

 

Սույն Համաձայնագրին վերապահումներ չեն թույլատրվում:

 

Հոդված 18

Գործողության ժամկետը

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից` ավանդապահին իր մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ և կարգավորելով Համաձայնագրի գործողության ժամանակ ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:

Կատարված է Բուրաբայ ավանում (Ղազախստանի Հանրապետություն) 2015 թվականի հոկտեմբերի 16-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. հունիսի 24-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան