Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1182
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի
ԵԱՔԴ/0128/01/09 որոշում

ԵԱՔԴ/0128/01/09

Նախագահող դատավոր՝  Մ. Ռեհանյան

Դատավորներ՝ Ա. Դանիելյան

                  Մ. Արղամանյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Հ. Ղուկասյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 2010 թվականի հուլիսի 23-ին

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննելով Հարություն Արշավիրի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մարտի 23-ի որոշման դեմ ամբաստանյալ Հ. Հակոբյանի պաշտպան Ն. Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

 ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Քրեական գործերը հարուցվել են 2009թ. հունիսի 3-ին և հուլիսի 7-ին:

Նախաքննության մարմնի 2009թ. հունիսի 26-ի որոշմամբ Հ. Հակոբյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2009թ. օգոստոսի 28-ին Հ.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:

2009թ. սեպտեմբերի 7-ին Հ.Հակոբյանին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել, լրացվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:

2. 2009թ. սեպտեմբերի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Առաջին ատյանի դատարան) 2009թ. նոյեմբերի 18-ի դատավճռով Հ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նա դատապարտվել է ազատազրկման 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, Հ.Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Հ.Հակոբյանի պաշտպանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մարտի 23-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2009թ. նոյեմբերի 18-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մարտի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Հ.Հակոբյանի պաշտպան Ն.Բաղդասարյանը:

2010թ. մայիսի 20-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

5. Հարություն Արշավիրի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով այն բանի համար, որ նա 2009թ. ապրիլի 23-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, գործով չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել ու իր բնակության վայրում` Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 3-րդ շենքի թիվ 12 բնակարանում պահել է հրազեն հանդիսացող, ինքնաշեն, թմբուկավոր ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող, 24 հատ 5.6 մմ տրամաչափի օղակավոր բոցավառվող փամփուշտներ: Բացի այդ, նա առանց իրացնելու նպատակի, 2009թ. ապրիլի 23-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի ձեռք է բերել ու նույն բնակարանում պահել թմրամիջոց հանդիսացող, առանձնապես խոշոր չափերի` 0.0336 գրամ քաշով ֆենտանիլ պարունակող, «Durogesic 50 g/սսr, plaisters voor transdermaal gebrսik, 8,4 mg fentanyl per pleister voor transdermaal gebrսik van 21 cm2» դեղամիջոցի (մեկ տուփի մեջ 4 հատ) կպչուն ժապավեն, որոնք 2009թ. հունիսի 22-ին կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են վերը նշված բնակարանում:

6. 2009թ. հունիսի 22-ին ամբաստանյալ Հ.Հակոբյանի բնակարանում կատարված խուզարկության արձանագրության մեջ քննիչի կողմից մանրամասն նկարագրվել են հայտնաբերված հրազենի և փամփուշտների անհատական հատկանիշներն ու առանձնահատկությունները, բացի այդ էլ դրանք ճանաչվել են Հ.Հակոբյանի կողմից (տե´ս քրեական գործի 1-ին հատոր, 11-12 էջեր):

7. Առաջին ատյանի դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության ունկնդրմամբ պարզ է դառնում, որ սույն գործով 2009թ. հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարանը որոշել է հետաձգել վկա Հասմիկ Գևորգյանի՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների հրապարակումն ու այլևս չի անդրադարձել այդ հարցին (տե´ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչները պարունակող ծրարը, քրեական գործի 2-րդ հատոր, էջ 38):

8. Առաջին ատյանի դատարանի 2009թ. նոյեմբերի 18-ին կայացված դատավճռի` «Ապացույցների հետազոտում» բաժնում, որպես ամբաստանյալ Հ.Հակոբյանի կողմից նրան մեղսագրվող արարքի կատարումը հիմնավորող ապացույց, դատարանը նշել է նաև վկա Հ.Գևորգյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները: Այնուհետև դատարանը համադրել է վկա Հ.Գևորգյանի նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները և գտել է, որ արժանահավատ պետք է համարել վկա Հ.Գևորգյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները:

9. Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրությունից հետևում է, որ դատարանն ընդհանրապես իրեղեն ապացույցների զննություն չի իրականացրել (տե´ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչները պարունակող ծրարը, քրեական գործի 2-րդ հատոր, էջ 38):

10. Առաջին ատյանի դատարանի 2009թ. նոյեմբերի 18-ին կայացված դատավճռի` «Ապացույցների հետազոտում» բաժնում` որպես ամբաստանյալ Հ.Հակոբյանի կողմից նրան մեղսագրվող արարքի կատարումը հիմնավորող ապացույց, առաջին ատյանի դատարանը նշել է նախաքննության մարմնի կողմից իրեղեն ապացույց ճանաչված` հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակն ու ռազմամթերք հանդիսացող 5.6 մմ տրամաչափի 24 հատ փամփուշտները:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

11. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտն անօրինական է, չհիմնավորված և չպատճառաբանված, այն կայացնելիս թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:

12. Բողոք բերած անձի պնդմամբ, իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 268-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, որոնք տվյալ գործով կիրառման ենթակա չէին:

13. Անդրադառնալով դատավարական իրավունքի խախտումներին՝ բողոք բերած անձը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պետք է հաստատված համարեր, որ հնարավոր չէ հերքել ամբաստանյալի պատճառաբանություններն այն մասին, որ գործում առկա առարկաներն իրենց բնակարանից առգրավված առարկաները չեն և որ խուզարկությամբ հայտնաբերված առարկաները չեն փաթեթավորվել ու չեն կնքվել: Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը նշում է, որ խուզարկություն և առգրավում կատարելու կարգը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 8-րդ մասը մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ «Դատարանն առարկային իրեղեն ապացույցի նշանակություն է տալիս միայն այն դեպքում, եթե դրա մանրամասն նկարագրությամբ, կնքելով և այն ձեռք բերելուց անմիջապես հետո կատարված այլ մանրամասն գործողություններով բացառվել է առարկան փոխելու, առանձնահատկությունները, հատկանիշները, պարունակող հետքերն էապես փոփոխելու հնարավորությունը (…)»:

Վերը նշվածից բացի, բողոք բերած անձը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը չի հրապարակել և չի հետազոտել վկա Հասմիկ Գևորգյանի նախաքննական ցուցմունքները, ինչպես նաև չի հետազոտել իրեղեն ապացույց ճանաչված ատրճանակն ու փամփուշտները, հետևաբար վերջիններս չէին կարող դրվել դատավճռի հիմքում:

14. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրում է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մարտի 23-ի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

15. Նախքան վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել բողոքաբերի բարձրացրած հարցերի միջև առկա կապի վերաբերյալ: Այսպես, սույն որոշման 12-րդ կետում բարձրացված հարցը վերաբերում է Հ.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման իրավաչափությանը, այսինքն, այս հիմքով բողոքը վերաբերում է նյութական իրավունքի խախտմանը: Իսկ սույն որոշման 13-րդ կետում բարձրացված հարցերը վերաբերում են Հ.Հակոբյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի հիմքում դրված ապացույցների հետազոտմանը, այսինքն՝ փաստարկվում է դատավարական իրավունքի խախտման առկայությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից վկայակոչված նյութական և դատավարական իրավունքի խախտումները փոխկապակցված են. նյութական իրավունքի ենթադրյալ խախտումը կարող է հետևանք լինել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի և Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել ստորադաս դատարանների կողմից գործի քննության ժամանակ թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտման հարցը:

I. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմնավորվածությունը

 

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանն իրավասո՞ւ էր արդյոք դատավճռի հիմքում դնել վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչպես նաև նախնական քննության մարմնի կողմից իրեղեն ապացույց ճանաչված ատրճանակն ու փամփուշտները, եթե դրանք չեն հետազոտվել դատաքննության ժամանակ:

17. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի (…) իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ (…) իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (…) արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…)»:

18. ՀՀ Սահմանադրության իմաստով «հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ (…) իր գործի (…) քննության իրավունքը» և Կոնվենցիայի իմաստով «արդարացի (…) դատաքննության իրավունքը», inter alia, ենթադրում է, որ դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է հնարավորություն ունենա ծանոթանալ դատավարական հակառակորդի ներկայացրած ցանկացած ապացույցի և, դատարանի դիրքորոշման վրա ազդելու ակնկալիքով, իր վերաբերմունքը հայտնել դրա առնչությամբ: Վճռաբեկ դատարանի այս իրավական դիրքորոշումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքից (տե´ս Լոբո Մաչադոն ընդդեմ Պորտուգալիայի (Lobo Machado v. Portugal) գործով Պալատի 1996թ. փետրվարի 20-ի վճիռը, գանգատ թիվ 15764/89, կետ 31, Կ.Ս.-ն ընդդեմ Ֆինլանդիայի (K.S. v. Finland) գործով Մեծ Պալատի 2001թ. մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 29346/95, կետ 21, Վալստոնն ընդդեմ Նորվեգիայի (Walston (no. 1) v. Norway) գործով Պալատի 2003թ. հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 37372/97, կետ 56):

ՀՀ Սահմանադրության իմաստով «իր գործի հրապարակային քննության իրավունքը» և Կոնվենցիայի իմաստով «հրապարակային դատաքննության իրավունքը», inter alia, ենթադրում է, որ, որպես կանոն, ապացույցների հետազոտումը պետք է իրականացվի հրապարակային դատաքննության պայմաններում: Դա ապահովում է արդարադատության իրականացման նկատմամբ հասարակության վերահսկողությունը, ինչը կարևոր հանրային արժեք է: Վճռաբեկ դատարանի այս իրավական դիրքորոշումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքից (տե´ս Աքսենն ընդդեմ Գերմանիայի (Axen v. Germany) գործով Պալատի 1983թ. դեկտեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 8273/78, կետ 25, Դիենեն ընդդեմ Ֆրանսիայի (Diennet v. France) գործով Պալատի 1995թ. սեպտեմբերի 26-ի վճիռը, գանգատ թիվ 18160/91, կետ 33, Հումատովն ընդդեմ Ադրբեջանի (Hummatov v. Azerbaijan) գործով Պալատի 2007թ. նոյեմբերի 29-ի վճիռը, գանգատներ թիվ 9852/03 և 13413/04, կետ 140):

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը հետաձգել է վկա Հ.Գևորգյանի՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների հրապարակումն ու այլևս չի անդրադարձել այդ հարցին, սակայն, 2009թ. նոյեմբերի 18-ին կայացված մեղադրական դատավճռի հիմքում` որպես ամբաստանյալ Հ.Հակոբյանին մեղսագրվող արարքի կատարումը հիմնավորող ապացույց նշել է նաև վկա Հ.Գևորգյանի նախաքննական ցուցմունքները: Այնուհետև դատարանը համադրել է վկա Հ.Գևորգյանի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները և գտել է, որ արժանահավատ պետք է համարել վկա Հ.Գևորգյանի՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները (տե´ս սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերը):

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Առաջին ատյանի դատարանն ընդհանրապես իրեղեն ապացույցների զննություն չի իրականացրել, սակայն, 2009թ. նոյեմբերի 18-ին կայացված մեղադրական դատավճռի հիմքում, որպես ամբաստանյալ Հ.Հակոբյանին մեղսագրվող արարքի կատարումը հիմնավորող ապացույց, դատարանը նշել է նախաքննության մարմնի կողմից իրեղեն ապացույց ճանաչված ատրճանակն ու 5.6 մմ տրամաչափի 24 հատ փամփուշտները (տե´ս սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերը):

20. Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է այնպիսի ապացույցներ, որոնց վերաբերյալ պաշտպանության կողմին հնարավարություն չի տրվել արտահայտելու իր դիրքորոշումը և որոնք հրապարակային դատաքննության ժամանակ չեն հետազոտվել:

21. Համաձայն ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ մասի` «Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված արգելքը վերաբերում է նաև արդար դատաքննության չափանիշների խախտմամբ օգտագործվող ապացույցներին, քանի որ նման ապացույցների օգտագործումը բացառելու սահմանադրական իմաստը լիովին համարժեք է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը բացառելու Սահմանադրական իմաստին:

22. Նախորդ կետում շարադրված իրավական դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման 19-րդ կետում նշված ապացույցներն օգտագործելով` Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ մասը:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե` դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, (…)»:

Շարադրված դրույթի վերլուծությունից հետևում է, որ դատարանի դատավճիռը չի կարող հիմնավորված համարվել, եթե դրա նկարագրական-պատճառաբանական մասում բովանդակվող հետևությունները էապես հիմնված են դատաքննության ժամանակ չհետազոտված ապացույցների վրա:

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները էապես հիմնված են սույն որոշման 19-րդ կետում նշված ապացույցների վրա, որոնք դատաքննության ժամանակ չեն հետազոտվել:

25. Սույն որոշման 19-րդ կետում շարադրված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 18-րդ և 20-24-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր իր դատական ակտի հիմքում դնել վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչպես նաև նախնական քննության մարմնի կողմից իրեղեն ապացույց ճանաչված` հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակն ու ռազմամթերք հանդիսացող 5.6 մմ տրամաչափի 24 հատ փամփուշտները, քանի որ դրանք չէին հետազոտվել դատաքննության ժամանակ: Նշված փաստական տվյալները մեղադրական դատավճռի հիմքում դնելով՝ Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասը և 22-րդ հոդվածի 2-րդ մասը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով կայացրել է չհիմնավորված դատավճիռ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից թողնվել է օրինական ուժի մեջ:

 

II. Խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաների վերցման դատավարական կարգը պահպանված լինելը

 

26. Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե սույն գործով իրականացված խուզարկության ժամանակ պահպանվե՞լ է արդյոք վերջինիս արդյունքում հայտնաբերված առարկաների վերցման դատավարական կարգը:

27. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Առարկան իրեղեն ապացույց է ճանաչվում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատարանն առարկային իրեղեն ապացույցի նշանակություն է տալիս միայն այն դեպքում, եթե դրա մանրամասն նկարագրությամբ, կնքելով և այն ձեռք բերելուց անմիջապես հետո կատարված այլ մանրամասն գործողություններով բացառվել է առարկան փոխելու, առանձնահատկությունները, հատկանիշները, պարունակող հետքերն էապես փոփոխելու հնարավորությունը (…)»:

Խուզարկություն և առգրավում կատարելու կարգը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Վերցված բոլոր առարկաները և փաստաթղթերը ներկայացվում են քննչական գործողության մասնակիցներին, մանրամասն նկարագրվում են արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` կնքվում քննիչի կողմից»:

28. Վկայակոչված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը սահմանում են առարկան իրեղեն ապացույց ճանաչելու իրավասություն ունեցող սուբյեկտներին և ճանաչման ընթացակարգը, իսկ 228-րդ հոդվածի 8-րդ մասը՝ այդ առարկայի ձեռքբերմանն ուղղված քննչական գործողությունների կատարման կարգը: Վերջինիս իմաստով, խուզարկության կամ առգրավման արդյունքում առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելը համարվում է օրենքով սահմանված կարգի պահպանմամբ իրականացված եթե՝

ա) վերցված բոլոր առարկաները և փաստաթղթերը ներկայացվել են քննչական գործողության մասնակիցներին,

բ) վերցված բոլոր առարկանները և փաստաթղթերը մանրամասն նկարագրվել են արձանագրության մեջ:

Ինչ վերաբերում է վերցված առարկաների և փաստաթղթերի կնքմանը, ապա հոդվածի վերլուծությունից երևում է, որ դա իրականացվում է միայն անհրաժեշտության դեպքում: Այսինքն, ՀՀ քրեադատավարական օրենքը, կիրառելով «անհրաժեշտության դեպքում» արտահայտությունը, առգրավված կամ խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաների և փաստաթղթերի կնքման իմպերատիվ պահանջ չի նախատեսել: Կնքման անհրաժեշտության առկայության կամ բացակայության հարցը յուրաքանչյուր դեպքում որոշում է քննիչը՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից, հայտնաբերված առարկայի առանձնահատկություններից, ՀՀ քրեական դատավարության օրենսդրության սկզբունքներից և ապացուցումը սահմանող օրենսդրական պահանջներից:

29. Շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ վկայակոչված հոդվածի իմաստով կնքման պահանջը վերաբերելի է այն դեպքերին, երբ գործի կոնկրետ հանգամանքների և հայտնաբերված առարկայի առանձնահատկությունների գնահատմամբ կողմնակի դիտորդին ակնհայտ է, որ խուզարկության կամ առգրավման արդյունքում վերցվող առարկայի կնքումը անհրաժեշտ է դրա նույնականությունը ողջամտորեն հիմնավորելու համար:

30. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանն ընդհանրապես իրեղեն ապացույցների զննություն չի իրականացրել (տե´ս սույն որոշման 19-րդ կետը), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չպարզաբանված է մնացել այն հարցը, թե սույն գործի նախաքննության ընթացքում իրականացված խուզարկության ժամանակ հայտնաբերված առարկաների վերցման ժամանակ դրանց կնքումն արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 8-րդ մասի իմաստով անհրաժեշտ է եղել: Այդ հարցը ենթակա է պարզաբանման իրեղեն ապացույցների անմիջական հետազոտման պարագայում` սույն որոշման 24-26-րդ կետերում առկա իրավական դիրքորոշման հիման վրա:

31. Հիմք ընդունելով սույն որոշման մեջ առկա հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտեր կայացնելիս ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են սույն գործով դատական ակտերը բեկանելու համար: Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ վերաքննիչ դատարանի կարգավիճակը բավարար չէ սույն գործով արձանագրված դատական սխալը ուղղելու համար, ուստի անհրաժեշտ է գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 228-րդ հոդվածի 8-րդ մասի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

32. Հիմք ընդունելով սույն որոշման մեջ առկա հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհնար է դատողություն անել Հ.Հակոբյանի նյութական իրավունքի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի կողմից փաստարկված՝ նյութական իրավունքի խախտման հարցին, որը կապված է Հ.Հակոբյանի արարքի որակման հետ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Հարություն Արշավիրի Հակոբյանի վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. նոյեմբերի 18-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մարտի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Հ. Ղուկասյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան