Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1180
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.09.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ 

Վարչական գործ թիվ ՎԴ/0496/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/0496/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան

Դատավորներ՝ Ա. Սարգսյան

                  Ա. Միրզոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Վ. Աբելյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2010 թվականի սեպտեմբերի 10-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աղվան Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 09.02.2010 թվականի վճռի դեմ` ըստ Արտակ Պետրոսյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն), երրորդ անձ Աղվան Գրիգորյանի` Ոստիկանության 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Արտակ Պետրոսյանը պահանջել է վերացնել Ոստիկանության 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշումը, վերապահել վթարի հետևանքով կրած վնասների հատուցման համար մեղավոր անձանց դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Արտակ Պետրոսյանի և Նվեր Բարսեղյանի միջև ստորագրված պայմանագիրը` փոխհատուցել կատարված դատական ծախսերը:

ՀՀ վարչական դատարանի 20.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ոստիկանության 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշումը ճանաչել անվավեր և վերացնել, դատական ծախսերը փոխհատուցելու պահանջի մասով հայցը մերժել, իսկ վթարի հետևանքով կրած վնասների հատուցման համար մեղավոր անձանց դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունք վերապահելու պահանջի մասով գործի վարույթը կարճել:

Վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի որոշմամբ Աղվան Գրիգորյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 20.05.2009 թվականի վճռի` Ոստիկանության 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշումն անվավեր ճանաչելու և վերացնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 09.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աղվան Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արտակ Պետրոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ հոդվածները, 16-րդ հոդվածի 7-րդ մասը, 24-րդ հոդվածը, 27-րդ հոդվածի 4-րդ մասը, 72-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ կետերը, 86-րդ, 122-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, քննելով Ոստիկանության 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումը, դուրս է եկել հայցի հիմքում դրված փաստարկներից, ըստ էության փոխել է դրա քննության հիմքը և Աղվան Գրիգորյանի համար ստեղծել է դատավարական անհավասար պայմաններ` չապահովելով գործի արդարության բոլոր պահանջներով քննությունը:

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման չի ենթարկել Ոստիկանության 12.01.2009 թվականի թիվ 2-4234 եզրակացությունը, որից հետևում է, որ վարչական վարույթի ընթացքում պարզվել է այն հանգամանքը, որ ընդհարման առաջացումը պայմանավորված էր միայն Արտակ Պետրոսյանի գործողություններով:

Դատարանը մերժել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ գործին մասնակցող անձանց միջնորդությունը: Մինչդեռ Դատարանը չպետք է սահմանափակվեր կողմերի ներկայացրած ապացույցներով և պետք է նշանակեր դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Նշվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Աղվան Գրիգորյանն իր կամքից անկախ զրկված էր ՀՀ վարչական դատարանում գործի քննության ընթացքում ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Իսկ գործի նոր քննության կանոնակարգման համաձայն, ինչպես նշված է Դատարանի վճռում, կողմերը չեն կարող ներկայացնել ապացույցներ, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը մատնանշում է ապացուցման ենթակա նոր փաստ և պահանջում ներկայացնել դրա հետ կապված նոր ապացույցներ: Փաստորեն սույն գործի դատաքննության ամբողջ ընթացքում Աղվան Գրիգորյանը հնարավորություն չի ունեցել ներկայացնել ապացույցներ: Այդ փաստի հաշվառմամբ նույնպես Դատարանը պարտավոր էր բավարարել դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ վերջինիս միջնորդությունը` հնարավորություն տալով ներկայացնել որևէ ապացույց, կամ իր ներքին համոզմամբ առաջնորդվելով` Դատարանն առնվազն պետք է մատնանշեր ապացուցման ենթակա նոր փաստ և պահանջեր ներկայացնել դրա հետ կապված նոր ապացույցներ, ինչը չի արել:

 

2) Դատարանը կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ, 252-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների (այսուհետ` Ճանապարհային երթևեկության կանոններ) 67-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել Ճանապարհային երթևեկության կանոնների 94-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ վիճելի իրավահարաբերություններում բացակայում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ, 252-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի և Ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ փաստական հիմքերը, և նշված իրավական նորմերի կիրառումը պայմանավորված է Դատարանի թույլ տված դատավարական իրավունքի նորմերի խախտումներով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 09.02.2010 թվականի վճիռը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

 

Բողոք բերած անձը նշել է, որ Դատարանը դուրս է եկել հայցի հիմնավորումներից` դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով Արտակ Պետրոսյանի համար: Մինչդեռ բողոք բերած անձն անտեսել է այն փաստը, որ վարչական դատավարությունը տարբերվում է քաղաքացիական դատավարությունից այն առումով, որ ՀՀ վարչական դատարանը գործի փաստերը պարզում է ի պաշտոնե:

Դատարանը դատաավտոտեխնիկական փորձաքննություն չնշանակելու վերաբերյալ ըստ էության տվել է այն մեկնաբանությունը, որ վարչական մարմինը գործը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելու համար ինքն էր պարտավոր վարչական վարույթ իրականացնելիս նշանակել դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Այսինքն` Դատարանը, քննելով սույն գործը, բացահայտել է վարչական մարմնի գործողությունների ոչ իրավաչափ լինելը մինչև վիճարկվող որոշումը կայացնելը, այլ ոչ թե նշված որոշումը կայացնելուց հետո:

Բողոք բերած անձի այն պնդումը, որ Դատարանի վճռով խախտվել են իր իրավունքները, անհիմն է, քանի որ վճռում նշված չէ ոչ մի բառ կամ արտահայտություն կամ միտք, որով շոշափվել են բողոք բերած անձի իրավունքները, այլ նշված է միայն, որ վարչական մարմինը պարտավոր էր պարզել Աղվան Գրիգորյանի կողմից խախտում կատարված լինելու կամ չլինելու փաստը, ինչը պարզված չէ:

Այսպիսով, Դատարանի վճիռն օրինական է, հիմնավորված և կայացվել է գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ոստիկանության 12.01.2009 թվականի եզրակացության համաձայն` Արտակ Պետրոսյանը թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 94-րդ կետի պահանջի խախտում, ինչի հետևանքով առաջացել է վթար, և վերջինս ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1246-րդ հոդվածի 1-ին մասով (հատ. 1, գ.թ. 17):

2) Ոստիկանության 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշման համաձայն` Արտակ Պետրոսյանը խախտել է Ճանապարհային երթևեկության կանոնների 94-րդ կետի պահանջը, ինչի հետևանքով առաջացել է վթար: Նույն որոշմամբ վերջինս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1246-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 20.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (հատ. 1, գ.թ. 19):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է գործում առկա բոլոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն այդ պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումները, որ վարչական վարույթի նյութերում, այդ թվում` Ոստիկանության 12.01.2009 թվականի եզրակացության և 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշման մեջ բացակայում է որևէ եզրահանգում այն մասին, որ Աղվան Գրիգորյանի գործողությունները համապատասխանել են Ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին և չեն պայմանավորել պատահարի առաջացումը: Մինչդեռ պատահարի առաջացումը կարող էր պայմանավորված լինել ինչպես վարորդներից միայն մեկի, այնպես էլ երկուսի` Ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություններով: Վարչական վարույթի արդյունքում չի հերքվել կամ չի հաստատվել նաև պատահարը կանխելու Աղվան Գրիգորյանի տեխնիկական հնարավորությունն ու այդպիսին ունենալու դեպքում վերջինիս գործողությունների և ընդհարման միջև պատճառահետևանքային կապը: Հետևաբար վարչական վարույթի արդյունքում չի հիմնավորվել, որ ընդհարման առաջացումը պայմանավորված էր միայն Արտակ Պետրոսյանի գործողություններով: Նշվածից հետևում է, որ վարչական վարույթի ընթացքում խախտվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ և 252-րդ հոդվածները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության համար նշված հանգամանքների հետազոտությունը չունի որևէ նշանակություն, քանի որ սույն գործով վիճարկվել է վարչական ակտ, որի կայացման համար բավարար է եղել Ճանապարհային երթևեկության կանոնների 94-րդ հոդվածի խախտումը, այն է` վարորդը պետք է ճանապարհը զիջի խաչմերուկի անցումը և երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած հետիոտներին և տրանսպորտային միջոցներին, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը: Հետևաբար պատահարի երկրորդ մասնակցի գործողությունները, վերջինիս` պատահարը կանխելու համար տեխնիկական միջոցներ ունենալու, նրա գործողությունների և ընդհարման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը որևէ նշանակություն չի կարող ունենալ Ոստիկանության 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշման անվավերության հարցի քննարկման համար:

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` Ոստիկանության 12.01.2009 թվականի եզրակացությունը և 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշումը, ինչի արդյունքում կայացրել է չհիմնավորված վճիռ:

 

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի առաջին հիմքում բերված մյուս փաստարկներին և վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում, քանի որ Դատարանի կողմից թույլ տրված նշված դատավարական իրավունքի նորմերի խախտումների պայմաններում դրանք սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 09.02.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Վ. Աբելյան

Դատավորներ`

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ս. Անտոնյան
 

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան