Գլխավոր տեղեկություն
Համար
N 1191-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2010-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.23/46(780) Հոդ.1075
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2010 թվականի N 1191-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրության՝

ա. 5-րդ կետը «հայերեն» բառից հետո լրացնել «, ռուսերեն և անգլերեն» բառերով,

բ. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Նախարարության նպատակը և խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու վերականգնման պետական քաղաքականության ձևավորումն ու կառավարումը.

բ) շրջակա միջավայրի` ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) ողջամիտ օգտագործման և վերարտադրության պետական կառավարման ապահովումը.

գ) Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.

դ) բնապահպանության ոլորտում պետական պատվերի ձևավորման ու տեղադրման ապահովումը.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովումը.

զ) շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) մասին տվյալների միասնական հանրապետական ֆոնդերի, կադաստրների ու ռեգիստրների վարման ապահովումը.

է) բնապահպանության ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների տրամադրման ապահովումը.

ը) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովումը.

թ) օտարածին բուսական և կենդանական տեսակներից ու կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգության ապահովումը.

ժ) շրջակա միջավայրի վիճակի ռեժիմային ու հատուկ դիտարկումների ապահովումը.

ժա) էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման միասնական քաղաքականության ապահովումը:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի` ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհի, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) ողջամիտ օգտագործման ու վերարտադրության բնագավառի պետական քաղաքականության ծրագրերի ու ռազմավարությունների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի՝ բնապահպանության ոլորտին վերաբերող բաժինների մշակում.

գ) բնապահպանության ոլորտին վերաբերող իրավական ակտերի, ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի մշակում.

դ) այլ մարմինների կողմից մշակված և նախարարություն համաձայնեցման ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների տրամադրում.

ե) շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) ողջամիտ օգտագործման և վերականգնման տնտեսական մեխանիզմների, այդ թվում` բնապահպանական և բնօգտագործման վճարների դրույքաչափերի մշակում.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի ու կանոնների խախտման հետևանքով պետությանը հասցված վնասի հաշվարկման մեթոդների մշակում ու հասցված վնասի հաշվարկում.

է) կրթության և գիտության բնագավառի լիազոր մարմնի հետ համատեղ էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ռազմավարության հիմնական ուղղությունների մշակում.

ը) բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) կառավարման և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում պետական ծրագրերի մշակում և պետական պատվերի՝ սահմանված կարգով ձևավորում.

թ) շրջակա միջավայրի վիճակի, այդ թվում` նաև թափոնների հեռացման վայրերի պետական դիտանցի (մոնիթորինգ) իրականացման կարգերի մշակում.

ժ) շրջակա միջավայրի վիճակի, ներառյալ` միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման աշխատանքների պետական պատվերի ձևավորում.

ժա) շրջակա միջավայրի վիճակի, շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության և դրանց աղբյուրների բացահայտման, ուսումնասիրության և մոնիթորինգի (դիտանցի) չափորոշիչների մշակում.

ժբ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

ժգ) բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) կադաստրների ու ռեգիստրների ստեղծում և դրանց վարման կարգերի սահմանում.

ժդ) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության շրջանակներում մասնագիտական եզրակացությունների տրամադրում.

ժե) Հայաստանի Հանրապետության բույսերի ու կենդանիների կարմիր գրքերի վարման կարգերի սահմանում.

ժզ) Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության մշակում և դրա իրականացման մոնիթորինգ.

ժէ) համաձայն ջրի ազգային ծրագրի` ջրային ռեսուրսների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի ու էկոլոգիական նվազագույն ելքերի սահմանում և կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական ու քանակական չափանիշների հաստատում.

ժը) մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների պետական հաշվառում և չափաքանակների սահմանում.

ժթ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի նախագծի վերաբերյալ առաջարկությունների և կարծիքի տրամադրում.

ի) վտանգավոր արդյունաբերական օբյեկտների «Անվտանգության վկայագրեր» նախագծերի փորձաքննական եզրակացությունների տրամադրում.

իա) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, օգտագործվող քիմիական նյութերի և առաջացող արտադրական ու սպառման թափոնների` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգում.

իբ) թափոնների պետական հաշվառում, պետական կադաստրի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների ստեղծում, վարման կարգերի սահմանում.

իգ) նախարարության տեղեկատվական քաղաքականության իրականացում և հասարակայնության հետ կապերի կազմակերպում.

իդ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը մասնակցություն, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ապահովում բնապահպանության բնագավառում, միջգերատեսչական պայմանագրերի մշակում և կնքում.

իե) բնապահպանության ոլորտում միջազգային ծրագրերի նախագծերի մշակում ու նախարարություն ներկայացված միջազգային ծրագրերի նախագծերի ուսումնասիրում և դրանց վերաբերյալ կարծիքի տրամադրում.

իզ) քաղաքացիների առաջարկությունները, դիմումները, բողոքները սահմանված կարգով քննարկելը և դրանց պատասխանելը.

իէ) նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատում և դրա վերաբերյալ կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունների տրամադրում.

իը) «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «VII. Շրջակա միջավայրի պահպանությունը» բաժնի 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ և 65-րդ հոդվածներով նախատեսված իրավասությունների իրականացում.

լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:».

2) 43-րդ կետի «ժե» ենթակետը «լիազորություններ» բառից հետո լրացնել «, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները» բառերով.

3) 44-րդ կետում «նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ» բառերը փոխարինել «նախարարի անմիջական ենթակայությամբ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) շրջակա միջավայրի պահպանության վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել կենսաբազմազանության քաղաքականության բաժնի, ջրային ռեսուրսների քաղաքականության բաժնի և մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի.

2) նորմատիվամեթոդական վարչության օրենսդրության բաժինը միաձուլել իրավաբանական վարչությանը, իսկ ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի բաժինը միացնել էկոնոմիկայի վարչությանը և բաժանման ձևով վերակազմակերպել բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության և գնումների գործընթացի իրականացման բաժնի.

3) ընդերքի, հողերի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչությունը վերանվանել ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչություն.

4) վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչությունը վերակազմակերպել վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի.

5) քարտուղարությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով տնտեսական բաժին.

6) նախարարության աշխատակազմում ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում` ներքին աուդիտի բաժին.

7) նախարարության աշխատակազմում ստեղծել նոր առանձնացված ստորաբաժանում` թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն:

3. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

1) 2010 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման վերաբերյալ.

2) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 3-ի N 1191-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչություն

Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչություն

Իրավաբանական վարչություն

Քարտուղարություն

Կենսաբազմազանության քաղաքականության բաժին

Ջրային ռեսուրսների քաղաքականության բաժին

Մթնոլորտային օդի քաղաքականության բաժին

Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժին

Ներքին աուդիտի բաժին

Գնումների գործընթացի իրականացման բաժին

Արտաքին կապերի բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ֆինանսահաշվապահական բաժին

Տնտեսական բաժին

Առաջին բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն

Կենսառեսուրսների կառավարման գործակալություն

Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն

Բնապահպանական պետական տեսչություն»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան