Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության միջԵՎ ներդրումների խրախուսման ԵՎ փոխադարձ պաշտպանության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իրաքի Հանրապետության Կառավարությունը (այսուհետև` Պայմանավորվող կողմեր),
ցանկանալով բարենպաստ պայմաններ ստեղծել երկու պետությունների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու, մասնավորապես մի Պայմանավորվող կողմի պետության ներդրողների ներդրումների համար մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում,
ընդունելով, որ ներդրումների խրախուսումը և փոխադարձ պաշտպանությունը կնպաստեն Պայմանավորվող կողմերի պետություններում բիզնես նախաձեռնողականության խթանմանը և բարգավաճմանը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սահմանումները
Սույն Համաձայնագրի իմաստով.
1. «Ներդրումներ» տերմինը նշանակում է ակտիվի ցանկացած տեսակ մի Պայմանավորվող կողմի պետության տարածքում, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ վերահսկվում է մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողի կողմից` ստեղծելով ավելացված արժեք տնտեսության համար, և ներառում է, բայց չի սահմանափակվում ակտիվներով կամ իրավունքներով, որոնք բաղկացած են կամ արտահայտված են հետևյալ ձևերով`
ա) բաժնետոմսեր, բաժնեմասեր և բաժնեմասնակցության այլ ձևեր, և պարտատոմսեր, չապահովված պարտատոմսեր, ինչպես նաև ընկերությունում տոկոսային պարտավորությունների այլ ձևեր, ինչպես նաև այլ պարտավորություններ, փոխառություններ ու արժեթղթեր՝ թողարկված Պայմանավորվող կողմի պետության որևէ ներդրողի կողմից,
բ) դրամական պահանջներ և ցանկացած այլ ակտիվների կամ գործողություն կատարելու մասով պահանջներ, որոնք, համաձայն պայմանագրերի, ունեն տնտեսական արժեք,
գ) մտավոր սեփականության իրավունքներ՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով հեղինակային իրավունքներով, ապրանքային նշաններով, արտոնագրերով, արդյունաբերական նմուշներով և մոդելներով, տեխնիկական գործընթացներով, նոու-հաուներով, առևտրային գաղտնիքներով, առևտրային անվանումներով և գուդվիլով,
դ) օրենքով, պայմանագրով կամ օրենքի համաձայն տրամադրված ցանկացած լիցենզիայով կամ թույլտվությամբ սահմանված ցանկացած իրավունք՝ ներառյալ բնական պաշարների հետախուզման, ուսումնասիրության, արդյունահանման կամ օգտագործման իրավունքները և ներդրումների հետ կապված այլ տնտեսական կամ առևտրային գործունեություն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու իրավունքները,
ե) ցանկացած այլ նյութական և ոչ նյութական, շարժական և անշարժ գույք և հարակից գույքային իրավունքներ, ինչպես օրինակ՝ վարձակալությունը, հիփոթեքը, պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքը և գրավը:
«Ներդրում» տերմինը վերաբերում է նաև վերաներդրման նպատակով պահպանված «հասույթին» և «լուծարումից» ստացված միջոցներին, ինչպես որ այդ տերմինները գործածվում են ստորև:
Ակտիվների և իրավունքների ներդրման կամ վերաներդրման ձևում որևէ փոփոխություն չի ազդում դրանց՝ որպես ներդրումներ բնույթին:
2. Պայմանավորվող կողմի համար «ներդրող» նշանակում է.
ա) ֆիզիկական անձ, որն ունի Պայմանավորվող կողմի ազգություն կամ քաղաքացիություն՝ այդ Կողմի կիրառելի օրենքներին համապատասխան,
բ) ցանկացած իրավաբանական անձ, որը ստեղծվել կամ հիմնադրվել է այդ Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, ինչպիսիք են՝ հաստատությունները, զարգացման ֆոնդերը, գործակալությունները, հիմնադրամները և օրենքով ստեղծված այլ հիմնարկներն ու մարմինները, և ընկերությունները:
3. «Ընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած իրավաբանական անձ, շահույթ հետապնդող կամ չհետապնդող, մասնավոր կամ պետական սեփականություն հանդիսացող կամ վերահսկողության ներքո գտնվող, որը ձևավորվել է մի Պայմանավորվող կողմի պետության օրենքներին համապատասխան կամ պատկանում կամ արդյունավետորեն վերահսկվում է Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից և ներառում է կորպորացիաները, հավատարմագրային կառավարմամբ ընկերությունները, գործընկերությունները, մասնաճյուղերը, համատեղ ձեռնարկությունները, ընկերակցությունները կամ այլ նմանատիպ կազմակերպություններ:
4. «Հասույթ» տերմինը նշանակում է ներդրումներից ստացված գումարները՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ տեսքով են դրանք վճարվել և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է շահույթը, տոկոսները, կապիտալի աճը, շահաբաժինները, ռոյալթիները և կառավարման վճարները, տեխնիկական աջակցությունը կամ այլ վճարումներ կամ վճարներ, բնեղենով վճարումները` անկախ դրանց տեսակից:
5. «Լուծարում» տերմինը նշանակում է ցանկացած օտարում, որն իրականացվում է ներդրման ամբողջական կամ մասնակի զիջման նպատակով:
6. «Տարածք» տերմինը նշանակում է`
ա) Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության հողային տարածքը, ներքին ջրերը և օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավազորություն՝ իր գործող ազգային օրենքներին և միջազգային իրավունքին համապատասխան,
բ) Իրաքի Հանրապետության համար` Իրաքի Հանրապետության տարածքը, ներառյալ հողային տարածքը, ներքին ջրերը, ինչպես նաև նրա տարածքային ջրերի սահմաններից դուրս ցանկացած տարածք, որը միջազգային իրավունքի համաձայն Պայմանավորվող կողմի օրենքներով սահմանվել կամ կարող է հետագայում սահմանվել որպես մի տարածք, որի նկատմամբ Պայմանավորվող կողմը կարող է իրականացնել ինքնիշխան իրավունքներ և իրավազորություն՝ իր գործող ազգային օրենքներին և միջազգային իրավունքին համապատասխան:
7. «Ազատ փոխարկելի արժույթ» նշանակում է ցանկացած արժույթ, որը Արժույթի միջազգային հիմնադրամը սահմանում է, ժամանակ առ ժամանակ, որպես ազատ փոխարկելի արժույթ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հիմնադիր փաստաթղթի համաձայն:
8. «Առանց հետաձգման» նշանակում է այնպիսի ժամանակահատված, որը սովորաբար պահանջվում է վճարումների փոխանցում իրականացնելու նպատակով անհրաժեշտ ձևակերպումները ավարտելու համար: Այս ժամանակահատվածը սկսվում է փոխանցման համար դիմումը ստանալու օրվանից և ոչ մի պարագայում չի կարող գերազանցել մեկ ամիսը:
Հոդված 2
Ներդրումների պաշտպանությունը և խրախուսումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խրախուսում և ստեղծում է բարենպաստ պայմաններ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների համար և, իր ազգային օրենսդրությամբ վերապահված իրավասությունների իրականացման իրավունքի պահպանմամբ, ընդունում նման ներդրումները:
2. Պայմանավորվող կողմն իր պետության տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ ապահովում է արդար և հավասար ռեժիմ և լիակատար պաշտպանություն ու անվտանգություն` համաձայն ազգային օրենսդրության հանրաճանաչ սկզբունքների և սույն Համաձայնագրի դրույթների: Պայմանավորվող կողմերից ոչ մեկը անհիմն կամ խտրական միջոցներով չի վնասում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, դրանցից օգտվելուն կամ տնօրինմանը:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իրականացված ներդրումները ենթակա չեն լրացուցիչ պահանջների, որոնք կարող են վնաս հասցնել դրանց եկամտաբերությանը կամ բացասաբար ազդել դրանց օգտագործման, կառավարման, իրականացման, գործարկման, ընդլայնման, վաճառքի կամ այլ տնօրինման վրա՝ համաձայն ազգային օրենսդրության:
Հոդված 3
Ներդրումների նկատմամբ ռեժիմը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, իր պետության տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին` կապված նրանց ներդրումների օգտագործման, կառավարման, ընդլայնման և վաճառքի կամ այլ տնօրինման հետ, տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը նա նմանատիպ պայմաններում տրամադրում է իր սեփական կամ ցանկացած երրորդ կողմի ներդրողների ներդրումներին, որն ամենաբարենպաստն է այդ ներդրումների համար:
2. Այնուամենայնիվ, սույն հոդվածի դրույթները չեն մեկնաբանվում որպես պարտավորեցնող Պայմանավորվող կողմերից մեկին տրամադրելու մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին որևէ բարենպաստ ռեժիմ, առավելություն կամ արտոնություն, որ բխում է՝
ա) մաքսային, տնտեսական, արժութային որևէ միությունից, ազատ առևտրի գոտուց կամ այլ տնտեսական համաձայնությունից կամ նմանատիպ միջազգային համաձայնագրից, որին Պայմանավորվող կողմերից որևէ մեկը հանդիսանում է կամ կարող է Կողմ հանդիսանալ,
բ) ցանկացած միջազգային, տարածաշրջանային կամ երկկողմ համաձայնագրից կամ այլ նմանատիպ համաձայնությունից կամ որևէ ազգային օրենսդրությունից, որը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերաբերում է հարկային հարաբերություններին:
Հոդված 4
Վնասների փոխհատուցումը
1. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում է 6-րդ հոդվածը, Պայմանավորվող կողմի ներդրողին, որը վնասներ է կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի կամ այլ զինված հակամարտության, արտակարգ իրավիճակի, ապստամբության, քաղաքացիական խռովությունների, ընդվզման, զանգվածային անկարգության կամ այլ նման իրավիճակների հետևանքով, մյուս Պայմանավորվող կողմը տրամադրում է այնպիսի ռեժիմ՝ ռեստիտուցիայի, հատուցման, փոխհատուցման կամ այլ վճարման մասով, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն, որը այս Պայմանավորվող կողմը տրամադրում է իր կամ որևէ երրորդ կողմի ներդրողներին, որն ամենաբարենպաստն է ներդրողի համար:
2. Չխախտելով 1-ին պարբերության դրույթները՝ մի Պայմանավորվող կողմի ներդրողները, որոնք մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում այդ պարբերությունում նշված իրավիճակներում վնասներ են կրում՝
ա) այդ Կողմի ուժային կառույցների կամ իշխանությունների կողմից նրանց ներդրումների կամ դրանց մի մասի բռնագրավման,
բ) ուժային կառույցների կամ իշխանությունների կողմից, ռազմական գործողություններով չպայմանավորված կամ իրադրության անհրաժեշտությունից չբխող, նրանց ներդրումների կամ դրանց մի մասի ոչնչացման հետևանքով, օգտվում են ռեստիտուցիայից կամ փոխհատուցումից, որոնք տրամադրվում են նախապես, համարժեք են և արդյունավետ այն վնասների և կորուստների մասով, որոնք նրանք կրել են:
Հոդված 5
Առգրավումը կամ օտարումը
1. ա) Մի Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումները մյուս Պայմանավորվող Կողմի պետության տարածքում չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազգայնացվեն, առգրավվեն, օտարվեն կամ սեփականազրկվեն, կամ ազգայնացմանը, առգրավմանը, օտարմանը կամ սեփականազրկմանը հավասարազոր հետևանքներ ունեցող այլ միջոցների ենթարկվեն (այսուհետ` առգրավում կամ օտարում) մյուս Պայմանավորվող կողմի կողմից՝ բացառությամբ Պայմանավորվող կողմի ներքին կարիքներին վերաբերող հանրային նպատակով՝ նախնական, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ և պայմանով, որ այդ միջոցները ձեռնարկվել են ոչ խտրական հիմքերով և ընդհանուր կիրառման ազգային օրենսդրության պատշաճ ընթացակարգով:
բ) Այդպիսի փոխհատուցումը համարժեք է առգրավված կամ օտարված ներդրումների իրական արժեքին, և պետք է որոշվի ու հաշվարկվի միջազգայնորեն ճանաչված գնահատման սկզբունքներին համապատասխան՝ առգրավված կամ օտարված ներդրումի իրական շուկայական արժեքի հիման վրա՝ անմիջապես նախքան առգրավման գործողությունն իրականացնելը կամ նախատեսված առգրավումը կամ օտարումը հանրորեն հայտնի դառնալը՝ որն ավելի վաղ տեղի ունենա (այսուհետ՝ գնահատման ամսաթիվ): Այդպիսի փոխհատուցումը հաշվարկվում է ներդրողի կողմից ընտրված ազատ փոխարկելի արժույթով` գնահատման ամսաթվին այդ արժույթի փոխանակման համար գործող շուկայական տոկոսադրույքի հիման վրա, և ներառում է շուկայում ձևավորված առևտրային տոկոսադրույքը, որը ամեն դեպքում չպետք է պակաս լինի «LIBՕR»-ի գործող տոկոսադրույքից կամ համարժեքից՝ առգրավման ամսաթվից մինչև վճարման ամսաթիվը:
2. Հետագա որոշակիության համար, առգրավումը կամ օտարումը ներառում է այնպիսի իրավիճակներ, երբ մի Պայմանավորվող կողմը առգրավում կամ օտարում է իր պետության տարածքում գործող՝ ազգային օրենսդրությանը համապատասխան գրանցված կամ հիմնադրված ընկերության կամ ձեռնարկության ակտիվները, որում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողը ներդրում ունի՝ ներառյալ բաժնետոմսերի, բաժնեմասերի, պարտատոմսերի կամ այլ իրավունքների կամ տոկոսների սեփականության միջոցով:
3. Սույն Համաձայնագրի իմաստով՝ «առգրավում կամ օտարում» տերմինը ներառում է նաև Պայմանավորվող կողմի միջամտությունները կամ փաստացի առգրավման բնույթ ունեցող կարգավորիչ միջոցառումները, որոնց հետևանքով ներդրողը փաստացի զրկվում է իր ներդրումների նկատմամբ սեփականությունից, վերահսկումից կամ էական շահույթներից կամ որոնք կարող են հանգեցնել ներդրումների տնտեսական արժեքի կորստի կամ վնասի, ինչպես օրինակ՝ ներդրումների սառեցումը կամ արգելափակումը, ներդրումների մասով կամայական կամ չափից շատ հարկերի սահմանումը, ներդրման ամբողջական կամ մասնակի վաճառքի հարկադրումը և այլ նման միջոցառումներ:
Հոդված 6
Ներդրումների հետ կապված վճարումների փոխանցումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ երաշխավորում է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին իր պետության տարածք և իր պետության տարածքից կատարվող՝ այդ ներդրողներին վերաբերող ներդրումների և վճարումների ազատ փոխանցումը՝ իր ազգային օրենսդրությանը համապատասխանը:
2. 1-ին պարբերությունում նշված վճարումների փոխանցումները իրականացվում են առանց հետաձգման կամ սահմանափակումների և, բացառությամբ բնեղենով վճարումների, ազատ փոխարկերի արժույթով: Պահանջվող փոխանցումներն իրականացնելու ժամանակ այդպիսի հետաձգման դեպքում, ներդրողը, որին վերաբերում է հետաձգումը, իրավունք ունի ստանալու փոխհատուցում հետաձգված ժամանակահատվածի համար:
Հոդված 7
Սուբրոգացիան
1. Եթե մի Պայմանավորվող կողմը կամ իր նշանակած մարմինը («Փոխհատուցող կողմ») վճարում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի (հյուրընկալող կողմ) տարածքում իրականացված ներդրումի համար` փոխհատուցման կամ երաշխավորագրի կամ առևտրային ռիսկի բացակայության հիման վրա, ապա հյուրընկալող կողմը ճանաչում է՝
ա) Փոխհատուցող կողմին, օրենքով կամ իրավական գործարքով, այդպիսի ներդրումից առաջացած ցանկացած իրավունքի կամ պահանջի փոխանցումը,
բ) Փոխհատուցող կողմի իրավունքը՝ սուբրոգացիայի ուժով իրականացնելու բոլոր այդպիսի իրավունքները և ներկայացնելու այդպիսի պահանջները և ստանձնելու բոլոր պարտավորությունները այդ ներդրումի մասով:
2. Փոխհատուցող կողմը ցանկացած հանգամանքներում ստանում է նմանատիպ վերաբերմունք` կապված
ա) 1–ին պարբերությունում նշված փոխանցման շրջանակներում իր ձեռք բերած իրավունքների և պահանջների ու ստանձնած պարտավորությունների հետ,
բ) այդպիսի իրավունքների և պահանջների հետ կապված որևէ վճարման հետ,
որը իրական ներդրողն իրավունք ուներ ստանալու սույն Համաձայնագրի ուժով` համապատասխան ներդրումի մասով:
Հոդված 8
Վեճերի կարգավորումը Պայմանավորվող կողմի և ներդրողի միջև
1. Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ծագած վեճը կարգավորվում է բարեկամաբար՝ բանակցության և հաշտեցման միջոցով։
2. Եթե վեճը չի կարգավորվում բարեկամաբար, ներքին ոչ դատական պաշտպանության միջոցներն օգտագործելուց հետո, վեճի կողմերից որևէ մեկի գրավոր հարցումը ներկայացնելու ամսաթվից (180) հարյուր ութսուն օրվա ընթացքում, վեճը պետք է կարգավորվի հետևյալ միջոցներից որևէ մեկով՝
ա) հյուրընկալող կողմի ազգային դատարանի միջոցով, կամ
բ) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ՆՎԿՄԿ) միջոցով, որն ստեղծվել է «Կողմերի և մյուս Կողմերի քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին» կոնվենցիայի համաձայն, որը բաց է ստորագրման համար Վաշինգտոնում 1965 թվականի մարտի 18–ից (Վաշինգտոնի կոնվենցիա)՝ համաձայն համաձայնագրի հավելվածում նշված դյուրացումների, եթե Կողմերից որևէ մեկը այդ Կոնվենցիայի կողմ չի հանդիսանում, կամ
գ) արբիտրաժային տրիբունալի միջոցով։
Վեճի յուրաքանչյուր Կողմ նշանակում է մեկ արբիտր, և այդկերպ նշանակված երկու արբիտրները փոխադարձ համաձայնությամբ ընտրում են երրորդ արբիտրին, ով պետք է երրորդ երկրի քաղաքացի լինի, և այդ երկրի հետ Կողմերը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենան, և երկու Կողմերը այդ երրորդ երկրի քաղաքացուն նշանակում են տրիբունալի նախագահ։ Բոլոր արբիտրները նշանակվում են երկու ամսվա ընթացքում այն ամսաթվից հետո, երբ վեճի Կողմերից մեկը տեղեկացնում է մյուս Կողմին, որ ինքը մտադիր է վեճը ներկայացնել արբիտրաժ։
Եթե արբիտրները համաձայնություն ձեռք չեն բերում արբիտրաժի նախագահ նշանակելու հարցում, ապա վեճի Կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հաագայում գտնվող Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարին՝ կատարելու անհրաժեշտ նշանակումները՝ պայմանով, որ գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի չլինի, իսկ եթե Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի է, ապա առաջարկը ներկայացվում է նրա տեղակալին, եթե նա Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի չէ:
3. Արբիտրաժային տրիբունալը իր որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ, և դրա որոշումները պարտադիր են։ Երկու Կողմերը կրում են իրենց կողմից նշանակված արբիտրի հետ կապված ծախսերը, իսկ արբիտրաժի նախագահի և մյուս ծախսերը Կողմերը կրում են հավասար մասնաբաժիններով։
4. Արբիտրաժի որոշումը վերջնական է, և յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ընդունում և կատարում է այն՝ իր գործող օրենքներին և կանոնակարգերին համապատասխան։
5. Որևէ ներդրող իրավունք չունի հայց հարուցելու հյուրընկալող երկրի դեմ, երբ կայացվում է դատարանի կամ արբիտրաժի՝ վեճին առնչվող վերջնական որոշում։
6. Որևէ ներդրող իրավունք չունի հայց հարուցելու ազգային դատարանում կամ որևէ այլ տրիբունալում վեճի առարկայի մասին իրազեկ լինելու կամ ենթադրաբար իրազեկ լինելու ամսաթվից երեք (3) տարի հետո։
7. Հայաստանի Հանրապետության դեպքում. սույն հոդվածի դրույթները կիրառելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օտարերկրյա ներդրողը դիտարկվում է որպես այդ երկրի քաղաքացի:
8. Իրաքի Հանրապետության դեպքում. սույն հոդվածի դրույթները կիրառելու նպատակով՝ Իրաքի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օտարերկրյա ներդրողը դիտարկվում է որպես Իրաքի Հանրապետության քաղաքացի:
Հոդված 9
Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորումը
1. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ հնարավորության սահմաններում կարգավորում են խորհրդակցությունների միջոցով կամ այլ դիվանագիտական ուղիներով:
2. Եթե վեճը չի կարգավորվել վեց ամսվա ընթացքում այն ամսաթվից հետո, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից այդպիսի խորհրդակցությունների անցկացման կամ այլ դիվանագիտական ուղիներով վեճը կարգավորելու վերաբերյալ հարցում է ներկայացվել, և եթե Պայմանավորվող կողմերի միջև գրավոր այլ համաձայնություն ձեռք չի բերվել, ապա Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է, մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելով, վեճը ներկայացնել հատուկ ստեղծված արբիտրաժային տրիբունալ՝ համաձայն սույն հոդվածի հետևյալ դրույթների:
3. Արբիտրաժային տրիբունալի կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկ անդամ, և այս երկու անդամները համաձայնություն են ձեռք բերում որևէ երրորդ Կողմի քաղաքացու՝ Պայմանավորվող կողմերի կողմից արբիտրաժային տրիբունալի նախագահ նշանակելու հարցում։ Այդպիսի անդամները նշանակվում են երկու ամսվա, իսկ արբիտրաժի նախագահը՝ չորս ամսվա ընթացքում այն ամսաթվից հետո, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմին, որ ինքը մտադիր է վեճը ներկայացնել արբիտրաժային տրիբունալ։
4. Եթե 3-րդ պարբերությունում նշված ժամանակահատվածներում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվել, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է, եթե չկան այլ պայմանավորվածություններ, առաջարկել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին կատարելու անհրաժեշտ նշանակումները։ Եթե Արդարադատության միջազգային դատարանի նախագահը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է, կամ եթե նա չի կարող կատարել նշված գործառույթը, ապա Արդարադատության միջազգային դատարանի նախագահի տեղակալին է առաջարկվում կատարել անհրաժեշտ նշանակումները։ Եթե Արդարադատության միջազգային դատարանի նախագահի տեղակալը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է, կամ եթե նա նույնպես չի կարող կատարել նշված գործառույթը, ապա Արդարադատության միջազգային դատարանի անդամին, ով հաջորդն է ավագության սկզբունքով և Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի չէ, առաջարկվում է կատարել անհրաժեշտ նշանակումները:
5. Արբիտրաժային տրիբունալն իր որոշումն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Այդպիսի որոշումն ընդունվում է սույն Համաձայնագրին համապատասխան, այն վերջնական է և պարտադիր Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կրում է արբիտրաժային տրիբունալի իր նշանակած անդամի, ինչպես նաև արբիտրաժային վարույթում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Արբիտրաժի նախագահի և արբիտրաժային վարույթի հետ կապված ծախսերը երկու Պայմանավորվող կողմերը կրում են հավասար մասնաբաժիններով: Այնուամենայնիվ, արբիտրաժային տրիբունալը, իր հայեցողությամբ, կարող է սահմանել, որ այդպիսի ծախսերի առավել մեծ մասը պետք է իրականացվի մեկ Պայմանավորվող կողմի կողմից: Բոլոր մյուս դեպքերում, արբիտրաժային տրիբունալն է որոշում իր աշխատակարգը:
Հոդված 10
Կանխարգելող միջոցառումներ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ անվտանգությանն առնչվող իր շահերը պաշտպանելու համար՝ ներառյալ
- անհրաժեշտ միջոցները՝ հանցագործությունը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու համար,
- անհրաժեշտ միջոցները՝ կանխարգելելու զենքի ու զինամթերքի և մարտական սարքավորումների և գործողությունների, նյութերի և ծառայությունների մաքսանենգ առևտուրը, որը նախատեսված է ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ ռազմական, կիսառազմական և անվտանգության կազմակերպության մատակարարելու համար,
- միջուկային զենքի, միջուկային և ոչ միջուկային պայթուցիկ սարքավորումների կանխարգելման վերաբերյալ ազգային քաղաքականության կամ միջազգային համաձայնագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները,
- Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ներքո իր պարտավորությունների կատարումը՝ ուղղված միջազգային խաղաղության և անվտանգության ապահովմանը,
- մեկ Պայմանավորվող կողմի կողմից պատերազմի կամ արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկվող միջոցները,
- շրջակա միջավայրը աղտոտումից պաշտպանելուն ուղղված անհրաժեշտ միջոցները:
Հոդված 11
Դրամական միջոցներին առնչվող ներպետական օրենսդրությունը
Սույն Համաձայնագրի դրույթների կիրառումը չի սահմանափակում հյուրընկալող կողմի` կոռուպցիայի, փողերի լվացման և ներդրումային պայմանագրից բխող պարտավորությունների խախտման դեմ պայքարին ուղղված ազգային օրենսդրության վավերությունը:
Հոդված 12
Այլ կանոնների կիրառումը
Եթե միջազգային իրավունքի ներքո Պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունները, որոնք առկա են կամ սահմանվում են այսուհետ նրանց միջև՝ ի լրումն սույն Համաձայնագրի, պարունակում են կանոններ` ընդհանուր կամ հատուկ, որոնք յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումների մասով տրամադրում են ավելի բարենպաստ ռեժիմ, քան նախատեսվում է սույն Համաձայնագրով, ապա այդպիսի կանոնները այնքանով, որքանով դրանք ավելի բարենպաստ են ներդրողի համար, գերակայում են սույն Համաձայնագրի նկատմամբ:
Հոդված 13
Համաձայնագրի գործողության ոլորտը
Սույն Համաձայնագիրը կիրառվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի ներդրողների կողմից կատարված բոլոր ներդրումների նկատմամբ՝ ինչպես մինչև, այնպես էլ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո։
Հոդված 14
Ուժի մեջ մտնելը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ գրավոր ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ սահմանադրական պահանջները կատարելու մասին, և Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու ամսաթվից հետո երեսուներորդ օրը:
Հոդված 15
Տևողությունը, փոփոխությունները և դադարեցումը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է տասը (10) տարի ժամկետով և շարունակում է ուժի մեջ մնալ դրանից հետո հինգ (5) տարի, եթե նախնական կամ հետագա ժամանակահատվածից առնվազն մեկ տարի առաջ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը գրավոր չի ծանուցում մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողության դադարեցնելու իր մտադրության մասին:
2. Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ։ Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի համաձայն:
3. Այն ներդրումների համար, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ ծանուցման ուժի մեջ մտնելը, սույն Համաձայնագրի դրույթները շարունակում են գործել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու ամսաթվից հետո հինգ (5) տարի ժամկետով:
Ի հաստատումն որի` Պայմանավորվող կողմերի համապատասխան լիազորված ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Բաղդադ քաղաքում 2012 թվականի նոյեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերենով, արաբերենով և անգլերենով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնության դեպքում, գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսի 28-ին