Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.41
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/2523/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/2523/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վոլոդյա Այվազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.02.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Վոլոդյա Այվազյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Կոմիտեի հետաքննության վարչության պետի 14.04.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վոլոդյա Այվազյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հետաքննության վարչության պետի 14.04.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.02.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վոլոդյա Այվազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել նույն օրենքի 35-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վոլոդյա Այվազյանը վարչական մարմնի կողմից 14.04.2009 թվականի վարչական վարույթի մասին իրեն ոչ պատշաճ ծանուցելու փաստի կապակցությամբ Դատարանին ներկայացրել է համապատասխան ապացույց` փոստային բաժանմունքում պահվող պատվիրված նամակները հասցեատիրոջ կողմից ստանալու գրառում պարունակող մատյանի համապատասխան էջի պատճենը, որով հաստատվում է, որ Վոլոդյա Այվազյանը վարչական մարմնի կողմից ուղարկած ծանուցումը ստացել է 14.04.2009 թվականին։ Մինչդեռ Դատարանը որևէ դիրքորոշում չի հայտնել գործի համար կարևոր նշանակություն ունեցող այդ ապացույցի վերաբերյալ և չի պարզել, թե արդյո՞ք վարչական պատասխանատվության ենթարկվող անձը պատշաճ կարգով ծանուցված է եղել մաքսային իրավախախտման մասին գործի քննության մասին։

Վոլոդյա Այվազյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթում առկա է ապացույց` փորձագետի եզրակացություն, որի գոյության մասին Վոլոդյա Այվազյանը տեղեկացել է վարչական տուգանք նշանակելու որոշումից։ Այսինքն` որպես վարչական վարույթի մասնակից` Վոլոդյա Այվազյանը պատշաճ ծանուցվելու և վարչական վարույթին մասնակցելու հնարավորություն ունենալու դեպքում կծանոթանար փորձագետի եզրակացությանը, կներկայացներ իր ունեցած առարկությունները։

Վոլոդյա Այվազյանը Կոմիտեի ծանուցումը ստացել է 14.04.2009 թվականին։ Նույն օրը ժամը 10:00-ին նշանակված վարչական գործի քննության արդյունքում Կոմիտեի հետաքննության վարչության պետը կայացրել է Վոլոդյա Այվազյանի նկատմամբ վարչական տուգանք նշանակելու որոշումը։ Հաշվի առնելով, որ փոստային բաժանմունքի աշխատանքը սկսվում է ժամը 09:00-ին, ուստի ծանուցագիրը Վոլոդյա Այվագյանին չէր կարող հասնել նույն օրվա ժամը 10:00-ից շուտ, որպեսզի նա էլ հնարավորություն և բավարար ժամանակ ունենար ներկայանալու վարչական վարույթն իրականացնելու վայրը։ Վոլոդյա Այվազյանը ծանուցագիրը ստացել է 14.04.2009 թվականին` օրվա վերջում, փոստի բաժանմունքում` ստորագրելով փոստային բաժանմունքում պահվող մատյանում։ Նշված փաստերով հաստատվում է, որ Կոմիտեն ծանուցելու իր հայեցողական իրավունքն իրականացրել է ոչ պատշաճ, քանի որ այդ պայմաններում Վոլոդյա Այվազյանը վարչական վարույթին ուղղակի չէր կարող ներկա գտնվել, հետևաբար Կոմիտեի կողմից չի ապահովվել Վոլոդյա Այվազյանի լսված լինելու իրավունքը` զրկելով նրան լիարժեք իրականացնելու իր իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը:

Դատարանի վճիռն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ/0016/05/08 որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.02.2010 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Կոմիտեի հետաքննության վարչության 2-րդ բաժնի ավագ հետաքննիչ Ա. Խոնդկարյանի 08.04.2009 թվականի թիվ 165-ՀԲ ծանուցագրի համաձայն` ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով սկսված վարչական գործի վարույթին և քննությանը մասնակցելու համար «Էյ Դաբլյու Այ» ՍՊ ընկերության փոխտնօրեն Վոլոդյա Այվազյանը 14.04.2009 թվականին` ժամը 10:00-ին, հրավիրվել է Կոմիտեի հետաքննության վարչության 2-րդ բաժին` ՀՀ, ք. Երևան, Խորենացի 3 հասցեով (գ.թ. 74):

2. Կոմիտեի հետաքննության վարչության 2-րդ բաժնի ավագ հետաքննիչ Ա. Խոնդկարյանի 14.04.2009 թվականի ժամը 10:00-ին նշանակված վարչական գործի վարույթին և քննությանը մասնակցելու մասին ծանուցումը` առաքված փոստային եղանակով, Վոլոդյա Այվազյանը ստացել է 14.04.2009 թվականին (գ.թ. 122):

Նշված հանգամանքները հաստատվում են նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ա. Խաչատրյանի 30.04.2010 թվականի թիվ 2/3-1304 գրությամբ, թիվ 15 փոստային բաժանմունքի պետ Դավթյանի տեղեկանքով, թիվ 33 փոստային բաժանմունքի պետ Տ. Յուզբաշյանի 29.04.2010 թվականի տեղեկանքով (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից): Նշված փաստաթղթերի համաձայն` Վոլոդյա Այվազյանին ք. Երևան, Էմինի փողոց 2/1 շենք, բնակարան 41 հասցեով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից առաքված թիվ 12462380 պատվիրված նամակը Երևանի թիվ 33 փոստային բաժանմունքի փոստատարի կողմից ստորագրությամբ հանձնվել է Վոլոդյա Այվազյանին 14.04.2010 թվականին:

3. Կոմիտեի հետաքննության վարչության պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 14.04.2009 թվականի որոշմամբ «Էյ Դաբլյու Այ» ՍՊ ընկերության փոխտնօրեն Վոլոդյա Այվազյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և տուգանվել ոչ իրենց անվանմամբ հայտարարագրված 550 հատ մեխանիկական ու 200 հատ էլեկտրամեխանիկական ժամացույցի մեխանիզմների, 351 հատ ժամացույցի սիլիկոնե գոտիների, չհայտարարագրված 18 հատ ժամացույցի պողպատե շրջանակի, 18 հատ ժամացույցի պողպատե կափարիչի, 27 հատ ժամացույցի պողպատե թվացույցի և 2 հատ արհեստական կաշվից գոտու մաքսային արժեքի չափով, այն է` 7.410.113 ՀՀ դրամի չափով (գ.թ. 26-27):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով։

Մաքսային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է ՀՀ մաքսային օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով։

ՀՀ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է նույն գլխով (գլուխ 38) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի սույն գլխին չհակասող մասով:

ՀՀ մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ։ Գործը կարող է քննվել նաև տվյալ անձի բացակայության դեպքում, եթե քննության տեղի ու ժամանակի մասին սահմանված կարգով նրան տեղյակ է պահվել, սակայն վերջինիս կողմից որևէ միջնորդություն չի հարուցվել, կամ եթե անձը բացակայում է, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կամ եթե նա գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

Նույնաբովանդակ դրույթ է պարունակում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածը, համաձայն որի` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։ Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ սահմանում է պարտադիր կանոն, այն է` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության իրականացում վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Նշված կանոնից բացառություն է կազմում միայն այն դեպքը, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ:

Այսպիսով, ՀՀ մաքսային օրենսգիրքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության իրականացման պարտադիր պահանջ, միաժամանակ սահմանել է պետական մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը` վարչական իրավախախտման գործը քննության նախապատրաստելու ընթացքում լուծելու գործի քննության ժամանակի և տեղի մասին քննությանը մասնակցող անձին պատշաճ ծանուցելու հարցը:

Հետևաբար, սույն վարչական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք բողոք բերած անձը պատշաճ կարգով ծանուցվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությանը, և դրա հետ կապված արդյո՞ք տեղի է ունեցել վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների խախտում:

Ինչպես ՀՀ մաքսային օրենսգրքով, այնպես էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված չէ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգը, հետևաբար սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։

Տվյալ դեպքում վարչական մարմինը (պետական եկամուտների կոմիտեն) ունի պատշաճ ծանուցման ձևի ընտրության հայեցողություն։

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Կոմիտեի հայեցողությունը` ընտրելու ծանուցման ձևը, պետք է համապատասխանի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որի համաձայն` հայեցողական լիազորություններ իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովել պատասխանատվության ենթարկվող անձին լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը: Հետևաբար, ընտրվող պատշաճ ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռի ապահովել վերոհիշյալ պահանջները (Տես նաև` ՀՀ աշխատանքի պետական տեսչություն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի` պատասխանողին գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և պարտավոր անձի նկատմամբ տուգանք նշանակելու, և ըստ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի և նույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի հակընդդեմ հայցի ընդդեմ տեսչության` տեսչության 15.10.2007 թվականի թիվ 15–Ա որոշումն անվավեր ճանաչելու և այն վերացնելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ/0016/05/08 որոշումը):

Սույն գործի փաստերից հետևում է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով սկսված վարչական գործի վարույթին և քննությանը մասնակցելու համար Վոլոդյա Այվազյանը Կոմիտեի հետաքննության վարչության 2-րդ բաժնի ավագ հետաքննիչ Ա. Խոնդկարյանի 08.04.2009 թվականի թիվ 165-ՀԲ ծանուցմամբ հրավիրվել է Կոմիտեի հետաքննության վարչության 2-րդ բաժին 14.04.2009 թվականին` ժամը 10:00-ին, որը Վոլոդյա Այվազյանը ստացել է հենց 14.04.2009 թվականին: Նշված օրը նշանակված վարչական գործի քննության արդյունքում Կոմիտեի հետաքննության վարչության պետը կայացրել է «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը, որով Վոլոդյա Այվազյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և տուգանվել 7.410.113 ՀՀ դրամի չափով:

Վերը նշված փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած Կոմիտեի հետաքննության վարչության 2-րդ բաժնի ավագ հետաքննիչը ծանուցել է Վոլոդյա Այվազյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով սկսված վարչական գործի վարույթին և քննությանը մասնակցելու մասին, սակայն ծանուցելու օրենքով սահմանված իր հայեցողությունն իրականացրել է ոչ պատշաճ, քանի որ Վոլոդյա Այվազյանը 14.04.2009 թվականին` ժամը 10:00-ին, նշանակված վարչական վարույթի մասին ծանուցումը ստանալով նույն օրը` 14.04.2009 թվականին, չէր կարող ողջամտորեն ներկա գտնվել նշանակված վարչական վարույթին, ինչի արդյունքում չի ապահովել նրա` լսված լինելու իրավունքը` զրկելով վարչական վարույթի մասնակցին լիարժեք իրականացնելու իր իրավունքերի ու ազատությունների արդյունավետ պաշտպանությունը, դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածով երաշխավորված` պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Կոնվեցիայի 13-րդ հոդվածով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե՛ գործնական և թե՛ իրավական առումներով, մասնավորապես այն առումով, որ պաշտպանության միջոցներից օգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարնինների գործողություններով կամ անգործությամբ (տես` Իվանովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 24.11.2006 թվականի որոշումը):

Հետևաբար, վարչական մարմնի` ծանուցման ձևն ընտրելու հայեցողությունը պետք է իրականացվի այնպես, որ իրագործվի ՀՀ մաքսային օրենսգրքի 226-րդ հոդվածով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 267-րդ հոդվածով հետապնդված նպատակը, այն է` անձի վերաբերյալ հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը նրան պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Դատարանի այն հետևությունը, որ Վոլոդյա Այվազյանը պատշաճ կերպով ծանուցվել է վարչական վարույթի իրականացման տեղի և ժամանակի մասին, և նա զրկված չի եղել իր` վարչական վարույթի քննությանը չներկայանալու պատճառների մասին վարչական մարմնին հայտնելու հնարավորությունից:

Սույն գործի փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի հետաքննության վարչության պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 14.04.2009 թվականի որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, քանի որ այն կայացնելիս չի ապահովվել Վոլոդյա Այվազյանի մասնակցությունը վարչական վարույթին, որի պայմաններում խախտվել է նրա` լսված լինելու իրավունքը և պետական մարմնի` Կոմիտեի հետաքննության վարչության առջև իր իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության միջոցների լիարժեք իրականացման իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 227-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.02.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Գործի նոր քննության արդյունքում անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Խունդկարյան

ՎԱբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ