Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-919
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
СДЗ РА 1999 г. том 3 Հոդ.1132
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


Քաղ. Երևան

5 հոկտեմբերի 2010 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԻԳՈՐ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ`

դիմող Ի. Հակոբջանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Իգոր Հակոբջանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

 Գործի քննության առիթը Ի. Հակոբջանյանի` 07.04.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

 Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ ընտանեկան օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ ընտանեկան օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի դեկտեմբերի 8-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի ապրիլի 19-ին:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)»:

 2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ ըստ հայցի Կարինե Հակոբջանյանի ընդդեմ Իգոր Հակոբջանյանի և երրորդ անձ` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխաների բնակության վայրը որոշելու պահանջի մասին և ըստ հայցի Իգոր Հակոբջանյանի ընդդեմ Կարինե Հակոբջանյանի և երրորդ անձ` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխաների խնամքն ու դաստիարակությունը հորը հանձնելու, հոր հետ համատեղ բնակության իրավունք ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԱՆԴ 0589/02/09 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 14-ին վճռել է երկու հայցերն էլ բավարարել մասնակիորեն. երեք երեխաներից մեկի խնամքն ու դաստիարակությունը հանձնել մորը, իսկ մյուս երկուսի խնամքն ու դաստիարակությունը հանձնել հորը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 24.12.2009թ. որոշմամբ մասնակիորեն բեկանել և փոփոխել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ԵԱՆԴ 0589/02/09 վճիռը: Նշված որոշմամբ դատարանը վերահաստատել է ստորադաս դատարանի եզրահանգումները` կապված ստորադաս դատարանի կողմից ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերի կիրառման, նաև 12 տարեկան Վիկտորյա Հակոբջանյանի կարծիքը և 4 տարեկան Մարիա Հակոբջանյանի տարիքը հաշվի առնելու իրավաչափության հետ: Ինչ վերաբերում է Կամո Հակոբջանյանի խնամքի և դաստիարակության հարցին, ապա վերաքննիչ դատարանը, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, Կամո Հակոբջանյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնել է մորը` հղում կատարելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերին և երեխայի «լավագույն շահերից ելնելով»:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 24.02.2010 թվականի որոշմամբ Իգոր Հակոբջանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձրել է` վերահաստատելով վերաքննիչ դատարանի եզրահանգումները:

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված` «երեխաների շահերից» բառակապակցությունն առանձին վերցրած, ինչպես նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի ամբողջ 3-րդ մասը` նման ձևակերպմամբ հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված իրավական պետության սկզբունքին, 14.1-րդ հոդվածին, 18 և 19-րդ հոդվածների 1-ին մասերին, 35 և 36-րդ հոդվածների 1-ին մասերին:

Ըստ դիմողի` օրենսդիրը, հաշվի առնելով ընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունները, պետք է օրենսդրությամբ հստակ կանոնակարգեր երեխայի խնամքի ու դաստիարակության հարցի լուծման հետ կապված հարաբերությունները: Մինչդեռ, ըստ դիմողի, վիճարկվող նորմերը չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջին, քանի որ դրանցում բացահայտված չէ «երեխաների շահերից» հասկացությունը, որը միայն տվյալ պարագայում կարող է ընկած լինել ծնողական իրավունքների սահմանափակման հիմքում:

Դիմողը գտնում է նաև, որ վիճարկվող նորմերը նման ձևակերպմամբ չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջին, քանի որ, ըստ նրա, պարզ չէ, թե վիճարկվող նորմերում «ընդ որում» բառակապակցությունից հետո ամրագրված դրույթները որքանով են տրամաբանորեն փոխկապակցված նույն բառակապակցությունից առաջ ընկած նախադասության դրույթների հետ: Վիճարկվող նորմերի նման ձևակերպման դեպքում, ըստ դիմողի` «երեխաների շահերից» բառակապակցության առկայությունը խոչընդոտում է իրավահարաբերության արդյունավետ կանոնակարգմանը:

ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների 1-ին մասերի առնչությամբ դիմողը կարծիք է հայտնում, որ ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված` համապատասխանաբար` դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության դատավարական իրավունքներն իրենց հիմքում ունեն ոչ միայն տվյալ դատավարական իրավունքների համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր, այլև կարևորվում է նյութական իրավունքի դատական կարգով իրացվելիության հանգամանքը: Ըստ այդմ էլ դիմողը գտնում է, որ եթե տվյալ նյութական իրավունքի վերաբերյալ նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին, կամ թեկուզև համապատասխանում է այդ պահանջներին, սակայն օրենսդրությամբ տվյալ նյութական իրավունքի իրացման համար սահմանված են այնպիսի պայմաններ, որոնք արգելափակում են այդ նյութական իրավունքի` դատական կարգով իրացվելու հնարավորությունը, ապա այդ պայմանը չի կարող համարվել դատական պաշտպանության արդյունավետ միջոց կամ արդար դատաքննության տարր:

ՀՀ Սահմանադրության 35 և 36-րդ հոդվածների 1-ին մասերի առնչությամբ ներկայացնելով նշված հոդվածների վերաբերյալ իր մեկնաբանությունները` դիմողը կարծիք է հայտնում, որ սահմանադրական պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար անձին պատասխանատվության չենթարկելու համար պետությունը, իր հերթին, պարտավոր է վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք կդժվարացնեն կամ անհնարին կդարձնեն անձի կողմից իր սահմանադրական պարտականության կատարումը: Ըստ այդմ էլ դիմողը գտնում է, որ տվյալ դեպքում այդ միջոցներից մեկն էլ այն է, որ պետությունը պարտավոր է այնպես կարգավորել ընտանեկան հարաբերությունները, որ դրանք իսկապես բխեն երեխաների լավագույն շահերից, քանի որ, ըստ դիմողի, միայն այդ պայմաններում է, որ ծնողը կկարողանա կատարել իր երեխայի լիարժեք ու ներդաշնակ զարգացմանը հոգ տանելու իր սահմանադրական պարտականությունը:

4. Պատասխանողը գտնում է, որ դիմողը ձևականորեն վիճարկելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցը` իրականում առաջ է քաշում միայն այդ հոդվածի` իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանության հարցը:

Պատասխանողը, հղում կատարելով, մասնավորապես, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, Երեխայի իրավունքների կոմիտեի իրավական փաստաթղթերին, գտնում է, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, քանի որ երեխայի շահերին վերաբերող միջազգային իրավական փաստաթղթերում «երեխայի լավագույն շահերի պաշտպանությունը» բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի:

Իր վերոհիշյալ դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը նաև վկայակոչում է արտասահմանյան մի շարք երկրների օրենսդրությունները և ձևավորված իրավաբանական դոկտրինան` փաստելով, որ վերջիններս ևս «երեխայի լավագույն շահերի պաշտպանություն» սկզբունքը դիտում են որպես ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք: Շեշտվում է, որ երեխայի շահերի պաշտպանությունը նախ և առաջ ենթադրում է երեխայի սուբյեկտիվ իրավունքների և ծնողների պարտականությունների օրենսդրական ամրագրում: Նման կարգավորում է ընկած նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքի հիմքում: Վկայակոչելով, որ «երեխայի շահերի պաշտպանության» սկզբունքը ոչ թե կարգավորվում է առանձին իրավանորմով, այլ «...կարմիր թելի պես անցնում է ողջ օրենսգրքով», պատասխանող կողմը գտնում է, որ վիճարկվող դրույթը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:

5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողն իր իրավունքների խախտումը պայմանավորում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված` «երեխաների շահերից» հասկացության, ինչպես նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի ողջ իրավակարգավորման իրավական անորոշությամբ և դրա հետևանքով, իր կարծիքով, հակասական իրավակիրառ պրակտիկայի առկայությամբ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված` «երեխաների շահեր» հասկացության, «հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը» բառակապակցության, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման սահմանադրաիրավական իմաստի բացահայտման, ինչպես նաև կիրառման պրակտիկայում դրսևորված մոտեցումների գնահատման անհրաժեշտությունը:

6. ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի համաձայն երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար հոգ տանելը ծնողների իրավունքն ու պարտականությունն է: Սահմանադրաիրավական այս պահանջի իրացմանն է ուղղված ՀՀ ընտանեկան օրենսգրքի` սույն գործով վիճարկվող նորմը: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների վերլուծությունից ելնելով, մասնավորապես, հիմք ընդունելով վիճարկվող դրույթներում «ընդ որում» և «և այլն» բառակապակցությունների առկայությունը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթներում «ընդ որում» բառակապակցությունից հետո ամրագրված պայմանները, այն է` «երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունն)» այն նվազագույն պայմաններն են, որոնք ճշգրտում և բացահայտում են վիճարկվող դրույթներում «երեխաների շահերից» հասկացության բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը: Ընդ որում, վերը նշված պայմանները սպառիչ չեն, և երեխայի շահը գնահատելիս օրենսդիրը դատարանների հայեցողությանն է վերապահում նաև այլ պայմաններ հաշվի առնելը:

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր ՍԴՈ-7473 և ՍԴՈ-7804 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, սույն գործով ևս ընդգծում է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված` «երեխաների շահեր» հասկացությանը և դրա բնորոշ հատկանիշների բովանդակության բացահայտմանը: Ընդ որում, նշված հասկացությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:

Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդ որում» բառակապակցությունից հետո թվարկված պայմանները պարտավորեցնում են դատարաններին երեխայի շահը գնահատելիս հիմք ընդունել այդ պայմանները, ինչպես նաև, առաջնորդվելով իրենց հայեցողական լիազորությամբ, հիմք ընդունել նաև այլ պայմաններ, եթե դատարանի գնահատմամբ այդպիսիք կան: Դատարանների այդպիսի պարտականության մասին իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 30.03.2007թ. թիվ 3-432 (ՏԴ) որոշման մեջ: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման պարտականությունը միաժամանակ ապահովում է դատական ակտի պատճառաբանվածությունը, որի վերաբերյալ սահմանադրական դատարանն իր, մասնավորապես, 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-6905, 2007 թվականի ապրիլի 11-ի ՍԴՈ-6916 և մի շարք այլ որոշումներում բազմիցս արտահայտել է համապատասխան իրավական դիրքորոշումներ:

Անդրադառնալով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված` «հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը» բառակապակցության սահմանադրաիրավական բովանդակության պարզաբանմանը` սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված բառակապակցությունը վերաբերում է տասը տարին լրացած երեխայի` դատարանում լսվելու իրավունքին և դատարանի համապատասխան պարտականությանը` լսելու երեխայի կարծիքը: Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, այնուամենայնիվ, տվյալ իրավակարգավորման համատեքստում երեխայի կարծիքը դատարանի համար պարտադիր չէ: Նման եզրահանգման համար հիմք է երեխայի շահը, որն առաջնային է ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրը որոշելիս: Բացի դրանից, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում երեխայի շահը գնահատելիս օրենսդիրն օգտագործում է «ելնելով» բառը, մինչդեռ տասը տարին լրացած երեխայի կարծիքի կապակցությամբ օրենսդիրն օգտագործում է «հաշվի առնելով» բառակապակցությունը: Այսինքն` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդ որում» բառակապակցությունից հետո շարադրված դրույթները փոխկապակցված են նշված բառակապակցությունից առաջ շարադրված դրույթների հետ, բացահայտում են «երեխայի շահեր» հասկացության բովանդակությունը, իսկ եթե դատարանի գնահատմամբ երեխայի կարծիքը չի համընկնում երեխայի շահերի հետ, ապա դատարանը պարտավոր է առաջնորդվել երեխայի շահերով, այն է` երեխայի կարծիքը գնահատել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդ որում» բառակապակցությունից հետո շարադրված պայմանների համատեքստում:

7. Արտասահմանյան մի շարք երկրների օրենսդրական փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրի, խնամքն ու դաստիարակությունը ծնողներից որևէ մեկին հանձնելու հետ կապված վեճի լուծման իրավասությունը բոլոր դեպքերում վերապահվում է դատարանին` վերջինիս վերապահելով հայեցողական ազատություն: Ընդ որում, հիմնականում օրենսդիրը չի օգտագործում «երեխաների շահեր» հասկացությունը, իսկ այդ հասկացությունն օգտագործելու դեպքում, այնուամենայնիվ, չի սահմանում նշված հասկացության նվազագույն չափորոշիչները, և երեխաների շահերի գնահատման իրավասությունը վերապահում է դատարանների հայեցողությանը:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ վերջինս նույնպես օգտագործում է «երեխայի լավագույն շահ» հասկացությունը` առանց սահմանելու նշված հասկացության նվազագույն չափորոշիչները:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից քննարկվող հարցին է բազմիցս անդրադարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճը լուծելիս դատարանները պետք է առաջնորդվեն երեխայի լավագույն շահերով (C. v. Finland գործով 2006թ. մայիսի 9-ի վճիռը, Olsson v. Sweden գործով 1988թ. մարտի 24-ի վճիռը):

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն առավել մանրակրկիտ է կարգավորում ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի խնամքն ու դաստիարակությունը ծնողներից որևէ մեկին հանձնելու հետ կապված հարաբերությունները` օգտագործելով «երեխաների շահեր» հասկացությունը և սահմանելով նշված հասկացության նվազագույն չափորոշիչները:

 Վերոգրյալի, ինչպես նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների տրամաբանության հիման վրա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտանեկան իրավահարաբերություններում «երեխայի շահ» հասկացությունը բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և հանդիսանում է ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների` դիմողի կարծիքով իրավական անորոշությամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


5 հոկտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-919