Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.66
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0051/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0051/05/10
2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.03.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արման Արզումանյանի ընդդեմ Ոստիկանության` 29.12.2009 թվականի թիվ ԱԲ 312250 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արման Արզումանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 29.12.2009 թվականի թիվ ԱԲ 312250 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.03.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ հոդվածների պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի գնահատել Ոստիկանության ներկայացուցիչների բացատրությունները և գործում առկա մյուս ապացույցները, մասնավորապես` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։

Բացի այդ, Դատարանի կողմից կանխվել են իրավախախտման փաստն ապացուցելուն ուղղված Ոստիկանության փորձերը, մասնավորապես` մերժվել է երեք վկաների հարցաքննության վերաբերյալ միջնորդությունը։

Ավելին, Դատարանը պարտավոր էր ի պաշտոնե պարզել գործի փաստերը, կողմերից պահանջել ներկայացնել ապացույցներ կամ ձեռնարկել ողջամիտ այլ միջոցներ վեճի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ու լուծման համար, ինչը չի արել։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 10.03.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության կամ վճիռը փոփոխել` հայցը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ոստիկանության 15.12.2009 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն՝ Արման Արզումանյանը ՎԱԶ 2115 մակնիշի 02ՕՍ942 պետհամարանիշի ավտոմեքենայով բնակավայրում սահմանված առավելագույն 60 կմ/ժ արագության փոխարեն երթևեկել է 88 կմ/ժ արագությամբ։ Արագությունը չափվել է «Իսկրա-1» արագաչափով (գ.թ. 24)։

2) Ոստիկանության 29.12.2009 թվականի թիվ 312250 որոշմամբ Արման Արզումանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 4-րդ մասով ենթարկվել է 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 24)։

3) 17.02.2010 թվականի հայցադիմումի պատասխանում նշվել է, որ Արման Արզումանյանի խախտումը հայտնաբերվել և արձանագրվել է ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից «Իսկրա-1» արագաչափի միջոցով, իսկ իրավախախտման փաստի տեսագրությունը ցույց է տրվել իրավախախտին տեսուչների կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժանմունքի տեսուչ Ժիրայր Կարապետյանի ներկայությամբ (գ.թ. 21)։

4) 25.02.2010 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Դատարանը մերժել է իրավախախտման փաստի հաստատման համար վկաներ կանչելու վերաբերյալ Ոստիկանության ներկայացուցչի միջնորդությունը (գ.թ. 25-27)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։

 Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը։ Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

 Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

 Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս հաստատված է համարել, որ Ոստիկանության վիճարկվող որոշումը կայացվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 43-րդ հոդվածների, 37-րդ հոդվածի 1-ին և 42-րդ հոդվածի 1-ին մասերի խախտումներով։

Մինչդեռ Դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել նշված եզրահանգումը, մասնավորապես` Դատարանը չի նշել, թե գործում առկա որ ապացույցների վրա են հիմնված Ոստիկանության վիճարկվող որոշման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հետևությունները։

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե (,,ex officio,,)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում մեկնաբանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգքրի 6-րդ հոդվածը։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու համար դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ3/0207/05/08 որոշումը)։

Մինչդեռ Դատարանն ի պաշտոնե չի ձեռնարկել որևէ գործողություն գործի փաստական հանգամանքների պարզման ուղղությամբ, մասնավորապես՝ Դատարանը չի մատնանշել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող վարչական իրավախախտման փաստը և դրա վերաբերյալ ապացույցներ չի պահանջել այն դեպքում, երբ սույն գործում առկա հայցադիմումի պատասխանի համաձայն՝ Արման Արզումանյանի խախտումը հայտնաբերվել և արձանագրվել է ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից«Իսկրա-1» արագաչափի միջոցով, իսկ իրավախախտման փաստի տեսագրությունը ցույց է տրվել իրավախախտին տեսուչների կողմից։

Ավելին, Դատարանը, մերժելով վկաներ կանչելու վերաբերյալ Ոստիկանության ներկայացուցչի միջնորդությունը, ըստ էության զրկել է պատասխանողին սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող վարչական իրավախախտման փաստի հաստատմանն ուղղված ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.03.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Մ. ԴՐՄԵՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան