Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.18/51(991)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2012
Ստորագրման ամսաթիվ
26.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2013

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Լիբանանի Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումների փոխադարձաբար ճանաչման մասին

 

Լիբանանի Հանրապետության Կառավարությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր),

 

առաջնորդվելով բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումների փոխադարձաբար ճանաչման նպատակով կրթության և գիտության ոլորտում համագործակցության մակարդակը բարձրացնելու ցանկությամբ,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով հետևյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.

ա. «բարձրագույն կրթություն» – հետմիջնակարգ կրթության մակարդակի բոլոր տեսակի ուսումնական դասընթացներ կամ ուսումնական դասընթացների շարք, որոնք ճանաչվում են Կողմի իրավասու մարմնի կողմից՝ որպես տվյալ Կողմի բարձրագույն կրթության համակարգին պատկանող մաս,

բ. «հետբուհական կրթություն» - հետբարձրագույն կրթության մակարդակի բոլոր տեսակի ուսումնական դասընթացներ կամ ուսումնական դասընթացների շարք, որոնք ճանաչվում են Կողմի իրավասու մարմնի կողմից՝ որպես տվյալ Կողմի հետբուհական կրթության համակարգին պատկանող մաս,

գ. «բարձրագույն և հետբուհական կրթության որակավորում» – ցանկացած աստիճան, դիպլոմ կամ այլ վկայական` տրված բարձրագույն կամ հետբուհական կրթության ուսումնական հաստատության կողմից, որը հավաստում է բարձրագույն կամ հետբուհական կրթության ծրագրի հաջող ավարտը,

դ. «բարձրագույն կամ հետբուհական կրթության ուսումնական հաստատություն» - հանրային կամ մասնավոր հաստատություն, որը տրամադրում է բարձրագույն կամ հետբուհական կրթություն և ճանաչված է Կողմի իրավասու մարմնի կողմից՝ որպես տվյալ Կողմի բարձրագույն կամ հետբուհական կրթության համակարգին պատկանող մաս,

ե. «ճանաչում» – մյուս Կողմի տարածքում շնորհված կրթական որակավորման գնահատման պաշտոնական հաստատում մի Կողմի իրավասու մարմնի կողմից` կրթական և (կամ) աշխատանքային գործունեությունից օգտվելու նպատակով,

զ. «բարձրագույն կամ հետբուհական կրթության հասանելիություն» – բարձրագույն կամ հետբուհական կրթության ծրագրերին դիմելու և ընդունելության համար դիտարկվելու թեկնածուների իրավունք` հիմնվելով միջնակարգ և հետմիջնակարգ կրթության մակարդակին համապատասխան նրանց որակավորումների վրա,

է. «իրավասու մարմին» – Լիբանանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն կամ այլ իրավասու մարմիններ, որոնք նշանակվել են Համաձայնագրի Կողմերի կամ նրանց իրավահաջորդների կողմից:

 

Հոդված 2

 

Կողմերը փոխանակում են այնպիսի տեղեկատվության, որը վերաբերում է երկու երկրներում առկա որակավորումներին և աստիճաններին՝ հատկապես բարձրագույն կրթության համակարգում, կիրառվող կրեդիտային համակարգին, յուրաքանչյուր աստիճանի համար կրեդիտային տարիների քանակին։

 

Հոդված 3

 

Յուրաքանչյուր Կողմ, սույն Համաձայնագրի դրույթների համաձայն, ճանաչում է մյուս Կողմի բարձրագույն և հետբուհական կրթության ուսումնական հաստատությունների կողմից շնորհված՝ բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումները: Այնուամենայնիվ, անհատական որակավորումը ինքնաբերաբար ճանաչման ենթակա չէ, այն պետք է գնահատվի և համապատասխանաբար ներդրվի Կողմի կրթական համակարգում:

 

Հոդված 4

 

Որակավորումների ճանաչումը դյուրացնելու համար Կողմերը պետք է պարբերաբար փոխանակեն իրենց բարձրագույն կրթության համակարգին պատկանող՝ ճանաչված (հավատարմագրված) ուսումնական հաստատությունների թարմացված ցանկը:

 

Հոդված 5

 

Անհատական որակավորման ճանաչումը ենթակա է գնահատման իրավասու ճանաչող մարմնի կողմից։ Յուրաքանչյուր Կողմ սահմանում է գնահատման կարգ։

 

Հոդված 6

 

Կողմերը բարենպաստ պայմաններ են ստեղծում իրենց ուսանողների և ակադեմիական անձնակազմի փոխանակման համար:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ իրականացման շրջանակներում Կողմերի միջև առաջացած ցանկացած վեճ կարգավորվում է Կողմերի կողմից՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 8

 

Փոխադարձ համաձայնությամբ Կողմերը կարող են փոփոխություն կատարել սույն Համաձայնագրում։ Փոփոխությունները ձևակերպվում են առանձին արձանագրություններով՝ կազմելով Համաձայնագրի անբաժանելի մաս, և ուժի մեջ են մտնում Համաձայնագրով սահմանված կարգով:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից և վավեր է մնում մինչև Կողմերից որևէ մեկը մյուս Կողմին ծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին՝ վեց ամիս առաջ նախօրոք գրավոր ծանուցում ներկայացնելով։

 

Համաձայնագրի դրույթները վերաբերում են բոլոր նրանց, ովքեր ուսման կամ աշխատանքի հնարավորություն են փնտրում Լիբանանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև Համաձայնագրի գործողության դադարեցումը:

 

Կատարված է Բեյրութ քաղաքում, 2012 թվականի նոյեմբերի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ արաբերեն, հայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն լեզվով տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013 թ. մայիսի 21-ին: