Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2015
Ստորագրման ամսաթիվ
16.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2017

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի ձևավորման մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետև՝ Կողմեր,

հաշվի առնելով Կողմերի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անդրազգային կազմակերպված հանցավորության միջազգային բնույթն ու ներկայիս ծավալները,

առանձնակի կարևորելով համագործակցության զարգացումը և ձգտելով քրեակատարողական քաղաքականության իրականացման ոլորտում փոխգործակցության համակարգմանը,

գիտակցելով, որ այդպիսի համագործակցության զարգացումը համապատասխանում է իրենց շահերին,

ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության նպատակներից և խնդիրներից,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակներով «քրեակատարողական ծառայություն» նշանակում է` Կողմի իրավասու մարմին, որը պատասխանատու է իրավակիրառ գործառույթների, դատապարտյալների նկատմամբ քրեական պատիժների և քրեաիրավական ներգործության այլ հարկադրական միջոցների կատարման գործառույթի, հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց և արգելանքի տակ գտնվող ամբաստանյալներին պահելու, նրանց հսկելու և ուղեկցելու գործառույթի, ինչպես նաև պայմանականորեն դատապարտված անձանց, պատիժը կրելուց պայմանականորեն վաղաժամկետ ազատված անձանց և դատարանի որոշմամբ պատիժը կրելու հետաձգման հնարավորություն ստացած դատապարտյալների վարքագծի նկատմամբ վերահսկողության և հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց՝ տնային կալանքի ձևով խափանման միջոցի կատարման վայրերում գտնվելու և նրանց կողմից դատարանի նշանակած արգելքների և (կամ) սահմանափակումների պահպանման վերահսկողության գործառույթն իրականացնելու համար:

 

Հոդված 2

 

Կողմերը ձևավորում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհուրդ (այսուհետև` Խորհուրդ):

 

Հոդված 3

 

Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է սույն Համաձայնագրի անբաժանելի մաս համարվող՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի մասին» Կանոնակարգի հիման վրա:

 

Հոդված 4

 

Կողմերից յուրաքանչյուրը սահմանում է իրավասու մարմին, որը պատասխանատու է սույն Համաձայնագրի իրագործման համար, և այդ մասին տեղեկացնում է ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման հետ միաժամանակ:

Սույն Համաձայնագրի իրագործման համար պատասխանատու իրավասու մարմնի փոփոխության դեպքում Կողմերն այդ մասին տեղեկացնում են ավանդապահին:

 

Հոդված 5

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել դրա անբաժանելի մաս համարվող փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով։

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագիրը չի առնչվում Կողմերից յուրաքանչյուրի այն իրավունքներին ու պարտավորություններին, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից է այդ Կողմը։

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման առնչությամբ Կողմերի միջև ծագող վիճելի հարցերը կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի կողմից համաձայնեցված այլ ընթացակարգով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր լրանալուց հետո։

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը բաց է Համաձայնագրի նպատակներն ու սկզբունքներն ընդունող՝ Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով միանալու համար:

Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում՝

ա) միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո՝ այն դեպքում, երբ միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին տրամադրելու պահի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել.

բ) Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից՝ այն դեպքում, երբ միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին տրամադրելու պահի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով։ Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից` ոչ ուշ, քան դուրս գալու օրվանից 6 ամիս առաջ իր մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին և կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական ու մյուս պարտավորությունները:

Կատարված է Բուրաբայ (Ղազախստանի Հանրապետություն) քաղաքում 2015 թվականի հոկտեմբերի 16-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերենով։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Ադրբեջանի Հանրապետության
կողմից
-------------------------
 

Ռուսաստանի Դաշնության
կողմից
/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/
 

Տաջիկստանի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/

Բելառուսի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/
 

Թուրքմենստանի կողմից
---------------------------

Ղազախստանի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/
 

Ուզբեկստանի Հանրապետության
կողմից
------------------------------

Ղրղզստանի Հանրապետության
կողմից
/ստորագրություն/
 

Ուկրաինայի կողմից
------------------------------

Մոլդովայի Հանրապետության
կողմից
------------------------------

 

Հավելված

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի ձևավորման մասին»

2015 թվականի հոկտեմբերի

16-ի համաձայնագրին կից

 

Կանոնակարգ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմին է և նախատեսված է քրեակատարողական ոլորտում քրեակատարողական ծառայությունների փոխգործակցության համակարգումն ապահովելու համար:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրությամբ, միջազգային պայմանագրերով և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ընդունված որոշումներով, ինչպես նաև սույն Կանոնակարգով:

3. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պետական իշխանության մարմինների հետ փոխգործակցությամբ:

4. Խորհուրդն իր գործունեության համար հաշվետու է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդին:

5. Խորհուրդն իր աշխատանքը կազմակերպում է իր մշակած և հաստատած ծրագրերի հիման վրա:

Խորհուրդը յուրաքանչյուր տարի Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեին տեղեկություններ է տրամադրում իր գործունեության վերաբերյալ:

 

II. Խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները

 

6. Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն են՝

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ոլորտում փոխգործակցության գերակա ուղղությունների որոշումը.

Խորհրդի գործառույթների իրականացման ընթացքում քրեակատարողական ոլորտի հիմնական ասպեկտների մասով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական և այլ շահագրգիռ ազգային ծառայությունների ու գերատեսչությունների գործնական փոխգործակցության համակարգումը.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ոլորտում ընդունված միջպետական և միջկառավարական որոշումների իրագործմանն օժանդակումը:

Խորհրդի հիմնական գործառույթներն են`

ըստ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համատեղ գործունեության գերակա ուղղությունների՝ նպատակային ծրագրերի մշակումը.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների մշակումը.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համապատասխան մարմինների, Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների, ինչպես նաև միջազգային ու ոչ կառավարական կազմակերպությունների և հասարակական միավորումների հետ Խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի շուրջ փոխգործակցության իրականացումը.

քրեակատարողական ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընդունած փաստաթղթերի իրագործման վերաբերյալ Խորհրդի նիստերի ընթացքում տեղեկությունների փոխանակման կազմակերպումը.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների՝ Խորհրդի որոշումներին համապատասխան ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի ուսումնասիրումը.

Խորհրդի իրավասությանը վերապահված այլ հարցերի ուսումնասիրումը:

 

III. Խորհրդի իրավունքները

 

7. Խորհուրդն իրավունք ունի՝

իր իրավասության սահմաններում ընդունելու Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համագործակցության ու փոխգործակցության զարգացմանն ուղղված որոշումներ և առաջարկություններ.

սահմանված կարգով առաջարկներ ներկայացնելու Անկախ Պետությունների Համագործակցության Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, Տնտեսական խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ուսումնասիրմանը.

սահմանված կարգով ստեղծելու աշխատանքային մարմիններ (կոմիտեներ, հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր)՝ ըստ Խորհրդի գործունեության ուղղությունների, և անհրաժեշտության դեպքում հաստատելու դրանց մասին կանոնակարգերը.

Խորհրդի առանձին գործառույթների իրագործման համար սահմանված կարգով ներգրավելու գիտնականների ու մասնագետների.

լուծելու Խորհրդի իրավասությանը վերապահված այլ հարցեր:

 

IV. Խորհրդի գործունեության կազմակերպումը

 

8. Խորհրդի կազմի մեջ մտնում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարները (այսուհետև` Խորհրդի անդամներ):

Յուրաքանչյուր պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:

Սույն Համաձայնագրի մասնակից պետության քրեակատարողական ծառայության ղեկավարն իրավասու է որոշելու Խորհրդի նիստում որոշում ընդունելու համապատասխան լիազորություններ ունեցող իր մշտական ներկայացուցչին:

Նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող Խորհրդի անդամն իրավասու է ուղարկելու Խորհրդի նիստին որոշումներ ընդունելու լիազորություններ ունեցող իր ներկայացուցչին:

Խորհրդակցական ձայնի իրավունքով Խորհրդի կազմի մեջ են մտնում Խորհրդի քարտուղարության ղեկավարը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

9. Խորհրդում նախագահությունը հաջորդաբար կիրականացվի Խորհրդի յուրաքանչյուր անդամի կողմից՝ ռոտացիայի սկզբունքով, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների անվանումների ռուսերեն այբբենական կարգով, որպես կանոն, մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան չսահմանվի Խորհրդի որոշմամբ: Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները դրա համանախագահներն են:

Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականություններն ստանձնում է համանախագահներից մեկը:

10. Խորհրդի նախագահը՝

իրականացնում է Խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը և պատասխանատվություն է կրում դրան վերապահված խնդիրների կատարման համար.

անցկացնում է Խորհրդի նիստերը.

Խորհրդի անունից ստորագրում և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայություններ է ուղարկում փաստաթղթեր.

սահմանված կարգով ներկայացնում է Խորհուրդը Համագործակցության մարմիններում, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ պետական իշխանության մարմիններում.

իր իրավասության սահմաններում պահպանում և զարգացնում է այլ կազմակերպությունների հետ կապերը՝ նրանց աշխատանքային (գործադիր) մարմինների մակարդակում.

օժանդակում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների միջև փոխգործակցության ապահովմանը.

իրականացնում է Խորհրդի գործունեության ապահովման հետ կապված այլ գործողություններ:

11. Խորհուրդը հաստատում է իր աշխատանքի կանոնակարգը:

12. Խորհրդի նիստը, որպես կանոն, անցկացվում է սույն Համաձայնագրի մասնակից պետություններում` հաջորդաբար, ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

13. Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է Խորհրդի անդամների կամ նրանց ներկայացուցիչների առնվազն կեսը:

14. Խորհուրդն իր իրավասության սահմաններում որոշումներ է ընդունում ձայների որակյալ մեծամասնությամբ (քվեարկության մասնակիցների թվի երեք քառորդով), իսկ ընթացակարգային բնույթի որոշումներն ընդունվում են պարզ մեծամասնությամբ:

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայություններն անհրաժեշտության դեպքում իրենց իրավասության սահմաններում ընդունում են Խորհրդի ընդունած որոշումների կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:

Ընդունված որոշումներին չհամաձայնող Խորհրդի անդամները կարող են հատուկ կարծիք հայտնել կամ հայտարարել, որ իրենց պետության քրեակատարողական ծառայությունը տվյալ հարցում շահագրգռվածություն չունի, և դա չպետք է դիտվի որպես որոշումն ընդունելու համար խոչընդոտ:

15. Խորհրդի որոշմամբ Խորհրդի աշխատանքներին որպես դիտորդ կարող են մասնակցել այլ շահագրգիռ պետությունների ներկայացուցիչներ:

16. Ըստ անհրաժեշտության՝ կարող են հրավիրվել Խորհրդի արտահերթ նիստեր:

Խորհրդի արտահերթ նիստը հրավիրվում է նախագահի կողմից՝ նրա նախաձեռնությամբ կամ Խորհրդի առնվազն երեք անդամի առաջարկով:

17. Խորհրդի նիստին կարող են հրավիրվել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնագետներ ու փորձագետներ, ինչպես նաև աշխատանքային մարմինների ներկայացուցիչներ:

 

V. Խորհրդի քարտուղարությունը

 

18. Խորհրդի գործունեության կազմակերպատեխնիկական և տեղեկատվական ապահովումն իրականացնում է քարտուղարությունը:

Խորհրդի որոշմամբ քարտուղարության գործառույթները, այդ թվում՝ մշտական հիմունքներով, իրականացնում է սույն Համաձայնագրի մասնակից պետության քրեակատարողական ծառայության ստորաբաժանումներից մեկը: Տվյալ գործառույթները քրեակատարողական ծառայության ստորաբաժանման կողմից իրականացվում են Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ համատեղ:

Քարտուղարության ղեկավար (Խորհրդի քարտուղար) է համարվում քրեակատարողական ծառայության այն ստորաբաժանման ներկայացուցիչը, որին վերապահված է Քարտուղարության գործառույթների իրականացումը, իսկ քարտուղարության ղեկավարի տեղակալ է համարվում Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

19. Քարտուղարությունը՝

կազմակերպում և ապահովում է սույն Կանոնակարգով նախատեսված կարգով Խորհրդի նիստերի անցկացումը: Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում արտագնա նիստերի անցկացման դեպքում նշված աշխատանքներն իրականացվում են ընդունող պետությունների քրեակատարողական ծառայությունների հետ համատեղ.

նախապատրաստում է Խորհրդի նիստում քննարկման ներկայացված նյութերը.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայություններին սահմանված կարգով ուղարկում է Խորհրդի հաջորդ նիստում քննարկման ներկայացվող նախնական օրակարգը և փաստաթղթերի նախագծերը.

ապահովում է Խորհրդի շրջանակներում ընդունված որոշումներն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայություններին ժամանակին ուղարկելը.

կազմակերպում է փորձագետների խորհրդակցություն, Խորհրդի որոշումներին համապատասխան, Խորհրդի նիստերում ուսումնասիրվող փաստաթղթերի նախագծերի պատրաստման հարցերի վերաբերյալ.

վարում է Խորհրդի փորձագիտական խմբերի նիստերի արձանագրությունները.

փոխգործակցում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների հետ՝ Խորհրդի նիստի և դրան նախորդող՝ Խորհրդի հերթական նիստի օրակարգում ներառվող հարցերի քննարկման համար փորձագետների խորհրդակցության մասնակիցներին ժամանակին որոշելու համար.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների հետ իրականացնում է Խորհրդի ընդունած որոշումների կատարման նկատմամբ վերահսկողություն և դրա արդյունքների մասին տեղեկացնում է Խորհրդի նախագահին ու անդամներին.

իր իրավասության սահմաններում փոխգործակցում է Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության այլ մարմինների, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ Խորհրդի նիստերի ընթացքում քննարկված և ուսումնասիրման ներկայացվող փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման ու պատրաստման մասով:

Իր գործառույթների իրականացման նպատակով Խորհրդի քարտուղարությունն իրավասու է, Կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգով, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայություններին անհրաժեշտ տեղեկությունների համար ներկայացնելու հարցում:

20. Խորհրդի քարտուղարը նշանակվում է Խորհրդի որոշմամբ:

Խորհրդի քարտուղարը՝

ղեկավարում է քարտուղարության գործունեությունը.

կազմակերպում է Խորհրդի աշխատանքը նիստերի միջև ընկած ժամանակահատվածում.

իրականացնում է Խորհրդի գործունեության կազմակերպական և տեղեկատվական ապահովումը Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի հետ փոխգործակցությամբ:

Խորհրդի քարտուղարը կարող է ազատվել պարտականությունների կատարումից իր անձնական ցանկությամբ կամ Խորհրդի որոշմամբ:

21. Խորհրդի փաստաթղթերի հաշվառումը և պահպանումն իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի ներկայացուցիչը մտնում է քարտուղարության կազմի մեջ:

 

VI. Ֆինանսավորումը

 

22. Խորհրդի նիստի անցկացումը ֆինանսավորելու հետ կապված ծախսերը կատարվում են սույն Համաձայնագրի՝ ընդունող մասնակից պետության քրեակատարողական ծառայության միջոցների հաշվին:

23. Խորհրդի անդամների և նիստի մասնակիցների գործուղման ծախսերը կատարում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պետական իշխանության գործուղող մարմինները կամ կազմակերպությունները:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. մայիսի 3-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան