ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1102/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1102/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան | |
Դատավորներ՝ Կ. Չիլինգարյան Ա. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հունիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նաիրա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վարդուշ և Նելլի Խաչատրյանների ընդդեմ Նաիրա, Քրիստինե, Ռիմա Պետրոսյանների, Ռիմա Ավետիսյանի` գույքն ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և բնակարանից վտարելու պահանջների մասին և ըստ Նաիրա, Քրիստինե, Ռիմա Պետրոսյանների, Ռիմա Ավետիսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Վարդուշ, Նելլի և Լիլիթ Խաչատրյանների, Նելլի Թովմասյանի, Սաշիկ և Ռազմիկ Խաչատրյանների, երրորդ անձ Արտեմ Բարխոյանի` բնակարանի առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վարդուշ և Նելլի Խաչատրյանները պահանջել են Նաիրա, Քրիստինե, Ռիմա Պետրոսյաններին և Ռիմա Ավետիսյանին վտարել Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 19 տանից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Նաիրա, Քրիստինե, Ռիմա Պետրոսյանները և Ռիմա Ավետիսյանը պահանջել են վավեր ճանաչել Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 19 տան առուվաճառքի գործարքը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.03.2010 թվականի որոշմամբ Նաիրա Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.12.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նաիրա Պետրոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 131-րդ և 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին պատշաճ չի ծանուցել Նաիրա Պետրոսյանին, և գործի դատական քննությունը կատարվել է նրա բացակայությամբ: Վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
1) Սույն քաղաքացիական գործով Դատարանում դատաքննությունը ավարտվել է 26.11.2009 թվականի դատական նիստով, որով էլ հայտարարվել է դատական ակտի հրապարակման օրը (հատոր 2, գ.թ.47):
2) Դատարանի` Սիլիկյան թաղամաս, 4-րդ փողոց, 19-րդ տուն հասցեով ուղարկված ծանուցագրում որպես հասցեատերեր նշված են Նաիրա, Քրիստինե Պետրոսյանները, Ռիմա Ավետիսյանը և Ռիմա Պետրոսյանը: Ծանուցագրի հանձնումը հավաստող փաստաթղթում առկա է միայն մեկ ստորագրություն` թվագրված 14.11.2009 թվականով (հատոր 2, գ.թ.29):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն քաղաքացիական գործով Նաիրա Պետրոսյանը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի օրվա և ժամի մասին: Գործում առկա չէ Նաիրա Պետրոսյանին գործի քննության ժամի և վայրի մասին պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց: Քաղաքացիական գործում առկա ծանուցագրում նշված է գործի համարը, ամիս-ամսաթիվը, Նաիրա, Քրիստինե, Ռիմա Պետրոսյանների և Ռիմա Ավետիսյանի անունները: Ծանուցագրի հանձնումը հավաստող փաստաթղթում առկա է միայն մեկ ստորագրություն թվագրված 14.11.2009 թվականով, սակայն ծանուցագիրը ստացողի և ստորագրողի անունը նշված չէ, և պարզ չէ, թե ով է ստորագրել ծանուցագիրը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի դատական նիստի մասին Նաիրա Պետրոսյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Դատարանի դատական նիստին պատշաճ ձևով տեղեկացված չլինելու մասին Նաիրա Պետրոսյանի վերաքննիչ բողոքի փաստարկին:
Վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՛ս` Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 11.03.2010 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը Նաիրա Պետրոսյանի մասով նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշման` Նաիրա Պետրոսյանի մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|