Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2016
Ստորագրման ամսաթիվ
03.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2016

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՈՅԻ ՀԱՏՈՒԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՄԻՋԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԸ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ժողովրդական կառավարության կողմից պատշաճ կերպով լիազորված լինելով կնքելու սույն Համաձայնագիրը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

Ցանկանալով զարգացնել բարեկամական հարաբերությունները, խրախուսել տնտեսական և առևտրային կապերը և դյուրացնել մարդկանց տեղաշարժը երկու Պայմանավորվող կողմերի միջև,

համաձայնեցին հետևյալի շուրջ.

 

Հոդված 1

 

1. Հայաստանի Հանրապետության վավեր անձնագիր (դիվանագիտական կամ սովորական) ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատված են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի` մուտքի, ելքի կամ տարանցման արտոնագրային պահանջներից: Յուրաքանչյուր այցի ժամանակ Մակաոյի հատուկ վարչական տարածքում գտնվելու տևողությունը 365 օր ժամանակաշրջանում չպետք է գերազանցի իննսուն (90) օրը:

 

2. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վավեր անձնագիր կամ ճամփորդելու թույլտվություն ունեցողները ազատված են Հայաստանի Հանրապետության` մուտքի, ելքի կամ տարանցման արտոնագրային պահանջներից: Յուրաքանչյուր այցի ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու տևողությունը 365 օր ժամանակաշրջանում չպետք է գերազանցի իննսուն (90) օրը:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձանց մուտքի արտոնագրից ազատումը չի ընձեռում աշխատելու իրավունք: Մյուս Պայմանավորվող կողմի տարածք աշխատելու, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու, սովորելու կամ այնտեղ ավելի քան իննսուն (90) օր գտնվելու նպատակով մուտք գործած անձինք պարտավոր են նախապես ստանալ անհրաժեշտ թույլտվություններ:

 

Հոդված 3

 

Մուտքի արտոնագրային պահանջի վերացումը Պայմանավորվող կողմերի կողմից տրամադրված վավեր անձնագիր կամ ճամփորդելու թույլտվություն ունեցողներին չի ազատում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող, մասնավորապես, մուտքի, գտնվելու և ելքի հետ կապված օրենքներին ենթարկվելու պարտավորությունից:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագիրը չի ազդի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների՝ մյուս Պայմանավորվող կողմի անցանկալի համարվող անձանց մուտքը իր տարածք կամ իր տարածքում նրանց գտնվելը մերժելու իրավունքի վրա:

 

Հոդված 5

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները ցանկացած պահի պետք է հետ ընդունեն իրենց տարածք սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված` իրենց սեփական անձնագրեր կամ ճամփորդական փաստաթղթեր ունեցող ցանկացած անձի:

2. Սույն Համաձայնագրի համաձայն հետ ընդունելու հետ կապված բոլոր տրանսպորտային ծախսերը կհոգա այն Պայմանավորվող կողմը, որի տարածքից անձը ուղարկվում է:

 

Հոդված 6

 

1. Պայմանավորվող կողմերը իրենց իրավասու մարմինների միջոցով պետք է փոխանակեն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված վավեր անձնագրերի և ճամփորդական փաստաթղթերի նմուշները սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ:

 

2. եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո փոփոխում է սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձնագրերը կամ ճամփորդական փաստաթղթերը կամ ներդնում է նոր անձնագրեր կամ ճամփորդական փաստաթղթեր, նա պետք է իր իրավասու մարմինների միջոցով մյուս Պայմանավորվող կողմին տրամադրի այդպիսի փաստաթղթերի նմուշներ դրանք գործածության մեջ դնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագիրը չի ազդի միջազգային իրավունքի ներքո Պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների վրա:

 

Հոդված 8

 

Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Այդ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և կկազմեն դրա անբաժանելի մասը:

 

Հոդված 9

 

1. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կուղարկեն գրավոր ծանուցագիր՝ հաստատելով, որ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներպետական ընթացակարգերը կատարվել են: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից և ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:

 

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է կասեցնել կամ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը հասարակական կարգի պահպանման, անվտանգության, առողջության կամ այլ արդարացված պատճառներով` մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:

 

3. Դադարեցումն ուժի մեջ կմտնի ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

4. Կասեցումն ուժի մեջ կմտնի անմիջապես այդ մասին պաշտոնական ծանուցման օրը` առանց խոչընդոտելու սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի իրականացմանը:

 

Կատարված է Մակաո քաղաքում 2016 թվականի փետրվարի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 19-ին: