Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2011
Ստորագրման ամսաթիվ
19.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2017

Հ Ա  Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը, այսուհետև` Կողմեր, առաջնորդվելով` ՄԱԿ-ի կանոնադրության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) համաժողովի եզրափակիչ ակտի և Վիեննայի 1999թ. փաստաթղթի, ինչպես նաև ԵԱՀԿ այլ համապատասխան փաստաթղթերի դրույթներով և ցանկանալով հետագայում զարգացնել արդեն իսկ առկա ռազմական համագործակցությունը,

համաձայնվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը համագործակցում են ռազմական ոլորտում հավասարության և փոխշահավետության սկզբունքներից ելնելով: Համագործակցությունը ներառում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների, գլխավոր շտաբերի և զինված ուժերի միջև իրենց իրավասությունների շրջանակում իրականացվող միջոցառումներ:

 

Հոդված 2

 

Համագործակցությունը կընդգրկի հետևյալ հիմնական հարցերը և ուղղությունները.

- պաշտպանական պլանավորում,

- միջազգային կայունացման գործողություններ, միջազգային անվտանգության պարտավորություններ, բազմակողմ և երկկողմ պայմանագրեր,

- պետության պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխհարաբերությունների իրավական կարգավորում,

- զինված ուժերում ծառայության իրավական կարգավորում,

- զինված ուժերում անձնակազմի կառավարում և սոցիալական ապահովության համակարգ,

- պաշտպանական արդյունաբերություն և սպառազինությունների ծրագրեր,

- ռազմական հետազոտություններ և զարգացում, ռազմավարական և տարածաշրջանային ուսումնասիրություններ,

- ռազմական կրթություն և վարժանք,

- թիկունքային ապահովում և ռազմական բժշկություն,

- հատուկ նշանակության զորքերի վարժանք,

- ռազմական տեղագրություն,

- հրետանի և հակաօդային պաշտպանություն,

- ինժեներական ծառայություն,

- ռադիո-էլեկտրոնային պայքար,

- մշակութային և սպորտային միջոցառումներ,

- շրջակա միջավայրի պահպանություն և բնական, էկոլոգիական ու արդյունաբերական աղետների վթարների և դրանց հետևանքների վերացման կառավարում:

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են համագործակցել նաև այլ բնագավառներում:

 

Հոդված 3

 

Ռազմական կրթության բնագավառում համագործակցությունը կիրականացվի հատկապես հետևյալ ուղղություններով.

- Ռազմական ակադեմիայում կամ ռազմական ուսուցման այլ բարձրագույն հաստատություններում ռազմական կրթության և սերժանտական կազմի զինծառայողների ռազմական ուսուցման համար կրթաթոշակներ` հայկական Կողմի ցանկության համաձայն:

- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների համար վարժանք բոլոր մակարդակներում,

- վարժանք հատուկ նշանակության զորքերի համար,

- վարժանք խաղաղապահ անձնակազմի համար:

 

Հոդված 4

 

Համագործակցությունը կընդգրկի հետևյալ միջոցառումները.

- պաշտոնական այցեր և պարբերական հանդիպումներ պաշտպանության նախարարների, զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի և պաշտպանության նախարարությունների և զինված ուժերի այլ ներկայացուցիչների մակարդակով,

- փոխադարձ մասնակցություն սպառազինությունների, հանդերձանքի ցուցահանդեսներին և զորավարժություններին,

- մասնակցություն պաշտպանության նախարարությունների կամ այլ ռազմական կառույցների կազմակերպվող պաշտոնական մշակութային և այլ կարգի միջոցառումներին:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրի դրույթներն իրագործելու նպատակով Կողմերը տարեկան հիմունքով կմշակեն հաջորդ տարվա համագործակցության պլանը: Պլանը սահմանելու նպատակով Կողմերը կփոխանակեն առաջարկություններ: Առաջարկությունները կուղարկվեն Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը:

Համագործակցության պլանը ներառում է միջոցառումների նկարագրությունը, մասնակիցների թիվը, միջոցառումների անցկացման վայրը և ժամանակը, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

Համագործակցության պլանը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կստորագրվի Հունաստանի Հանրապետության Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պետի և Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետի կամ նրանց ներկայացուցիչների կողմից` յուրաքանչյուր Կողմի երկրում հերթականության սկզբունքով:

 

Հոդված 6

 

Ռազմական համագործակցության պլանի կատարելագործման և իրականացման հսկողության նպատակով Կողմերը կստեղծեն փորձագետներից և բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած մշտական գործող աշխատանքային խմբեր:

Սույն Համաձայնագրով սահմանված ուղղություններով համագործակցության որոշ խնդիրներ կարող են արտացոլվել Կողմերի կողմից ստորագրված երկկողմ արձանագրություններում: Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են ստեղծել փորձագետների մասնագիտացված խմբեր:

 

Հոդված 7

 

Կողմերը փոխադարձության սկզբունքով կհոգան ռազմական համագործակցության պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերը:

Այցելող Կողմը կհոգա.

- պատվիրակության ճանապարհածախսը մեկնման կետից մինչև Ընդունող Կողմի պետություն և հակառակ ուղղությամբ,

- պատվիրակությանը տեղափոխող ռազմական օդանավի վայրէջքի, կայանման, անվտանգության, շահագործման և վերալիցքավորման հետ կապված ծախսերը,

- օրապահիկ պատվիրակության/առաքելության անդամների համար,

- ապահովագրություն` իր անձնակազմի հիվանդության և դժբախտ պատահարների համար, եթե Ընդունող Կողմի պետության ազգային օրենսդրությունը դա չի ապահովում,

- պատվիրակության որևէ հիվանդ անդամի` իր պետություն տեղափոխման հետ կապված ծախսերը:

Ընդունող Կողմը կհոգա.

- ժամանման կետից մինչև միջոցառումների անցկացման վայր պատվիրակությունների տեղական տրանսպորտային փոխադրման, ինչպես նաև կեցության, սննդի և կազմակերպվելիք մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերը,

- ռազմական վարժանքի կենտրոններում և հաստատություններում ուսուցման հետ կապված ծախսերը,

- հատուկ պարագաներով վարժանքի հետ կապված ծախսերը կիրականացվեն երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա:

 

Հոդված 8

 

Կողմերը կապահովեն երկկողմ շփումների ընթացքում ձեռքբերված տեղեկատվության և տվյալների անվտանգությունը` ներառյալ գաղտնի տեղեկատվությունը, և պարտավորվում են չօգտագործել, ինչպես նաև չփոխանցել այն երրորդ կողմին առանց դա տրամադրող Կողմի նախնական գրավոր համաձայնության:

Երկկողմ շփումների ընթացքում ձեռք բերված բանավոր, գրավոր տեղեկատվությունը և տվյալները պահպանվում են յուրաքանչյուր Կողմի պետության ազգային օրենսդրության համաձայն և չեն տպագրվի զանգվածային լրատվամիջոցներում:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` յուրաքանչյուր Կողմի պետության ազգային օրենսդրությամբ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին Կողմերի պետությունների դիվանագիտական ծանուցումների փոխանակման օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ այն լուծել այդ մասին 90 օր առաջ մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամանակ չլուծված ֆինանսական հարցերի կամ հայցապահանջների դեպքում այդ հարցերին կամ հայցապահանջներին առնչվող սույն Համաձայնագրի դրույթներն ուժի մեջ կմնան մինչև դրանց վերջնական լուծումը:

Սույն Համաձայնագիրը լուծելիս Կողմերը պարտավորվում են գործել դրա 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

Սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

Կատարված է ք. Աթենքում 2011թ. հունվարի 19-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, հունարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տեքստերի մեկնաբանությունների միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. ապրիլի 5-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան