Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2016
Ստորագրման ամսաթիվ
06.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2016

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամների ընտանիքների անդամների վարձատրվող աշխատանքի մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

 

ցանկանալով բարելավել դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամների ընտանիքների անդամների վարձատրվող աշխատանքի հնարավորությունները,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

 

1. «Դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամներ» նշանակում է` ուղարկող պետության ցանկացած աշխատող, ով նշանակվել է ընդունող պետությունում գործող դիվանագիտական ներկայացուցչությունում, հյուպատոսական հիմնարկում կամ միջազգային կազմակերպությանը կից մշտական ներկայացուցչությունում աշխատանքի:

2. «Ընտանիքի անդամներ» նշանակում է`

ա) ամուսին,

բ) մինչև 25 տարեկան` չամուսնացած և տնտեսապես կախվածություն ունեցող երեխա, ինչպես նաև`

գ) ցանկացած այլ անձ, ով ուղարկող պետության կողմից ծանուցվել է որպես ընտանիքի անդամ և ընդունվել է որպես այդպիսին ընդունող պետության կողմից,

ովքեր ընդունող երկրում դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամի ընտանիքի մաս են կազմում մշտապես:

3. «Վարձատրվող աշխատանք» նշանակում է` վարձատրվող աշխատանքի ցանկացած ձև, որպես ինքնազբաղ անձ կամ աշխատող, ներառյալ մասնագիտական վերապատրաստումը:

 

Հոդված 2

Վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն

 

1. Ընտանիքի անդամներին թույլատրվում է, փոխադարձության հիման վրա,

ընդունող պետությունում կատարել վարձատրվող աշխատանք: Անկախ սույն Համաձայնագրին համապատասխան տրված աշխատանքի թույլտվությունից` ընդունող պետությունում կկիրառվեն հատուկ մասնագիտությունների համար անհրաժեշտ կանոնները: Հիշյալ անհատները վարձատրվող աշխատանքի անցնելու կապակցությամբ պետք է ազատվեն կացության կարգավիճակ ստանալու պարտականությունից:

2. Ընդունող պետությունում դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամի նշանակման ժամկետի ավարտի դեպքում պետք է դադարի ընտանիքի անդամի` վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվությունը:

 

Հոդված 3

Ընթացակարգեր

 

1. Եթե ընտանիքի անդամը ցանկանում է վարձատրվող աշխատանք կատարել, ուղարկող պետության դիվանագիտական ներկայացուցչությունը այդ մասին հայտագրով տեղեկացնում է ընդունող պետության արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայությանը: Պետք է նշվեն ընտանիքի անդամի անունը, գործատուի անունը և հասցեն, ինչպես նաև ցանկալի զբաղմունքի անվանումը:

2. Ընդունող պետության արտաքին գործերի նախարարությունը, սույն Համաձայնագրի դրույթների՝ ընտանիքի անդամի նկատմամբ կիրառելիությունը որոշելուն պես, անհապաղ գրավոր տեղեկացնում է ուղարկող պետության դիվանագիտական ներկայացուցչությանը, որ ընտանիքի անդամը վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն է ստանում:

3. Ուղարկող պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կծանուցի ընդունող պետության արտաքին գործերի նախարարությանը ընտանիքի անդամի՝ վարձատրվող աշխատանքի սկզբի և ավարտի մասին:

 

Հոդված 4

Անձեռնմխելիություն քաղաքացիական և վարչական իրավազորությունից

 

Եթե ընտանիքի անդամներն օգտվում են ընդունող պետության քաղաքացիական և վարչական իրավազորության անձեռնմխելիությունից՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայի կամ այլ կիրառելի միջազգային փաստաթղթի համաձայն, ապա այդ անձեռնմխելիությունը չի կիրառվում վարձատրվող աշխատանքի հետ կապված որևէ գործողության կամ անգործության նկատմամբ:

 

Հոդված 5

Անձեռնմխելիություն քրեական իրավազորությունից

 

1. Ընտանիքի այն անդամների դեպքում, ովքեր ընդունող պետությունում օգտվում են քրեական իրավազորության անձեռնմխելիությունից` «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայի կամ այլ կիրառելի միջազգային փաստաթղթի համաձայն, ապա ընդունող պետության քրեական իրավազորությունից անձեռնմխելիության վերաբերյալ դրույթները կիրառվում են նաև վարձատրվող աշխատանքի առնչությամբ կատարած ցանկացած արարքի նկատմամբ: Այնուամենայնիվ, քրեական արարք կատարելու դեպքում ուղարկող պետությունը լրջորեն դիտարկում է ընտանիքի համապատասխան անդամի՝ ընդունող պետության քրեական իրավազորության անձեռնմխելիությունից հրաժարվելու հարցը:

2. Եթե ուղարկող պետությունը չի հրաժարվում ընտանիքի համապատասխան անդամի անձեռնմխելիությունից, ապա նա այդ անձի կատարած ցանկացած քրեական արարքի մասին տեղեկացնում է քրեական հետապնդում իրականացնող իր մարմիններին: Ընդունող պետությունը պետք է ծանուցվի քրեական վարույթի արդյունքների մասին:

3. Ընտանիքի անդամը կարող է որպես վկա հարցաքննվել վարձատրվող աշխատանքի առնչությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ուղարկող պետությունը գտնում է, որ դա կհակասի իր շահերին:

 

Հոդված 6

Հարկային և սոցիալական ապահովության ռեժիմներ

 

Ընտանիքի անդամները ենթարկվում են ընդունող պետության հարկային և սոցիալական ապահովության ռեժիմներին այդ պետությունում իրենց վարձատրվող աշխատանքի առնչությամբ՝ այնքանով, որքանով դա չի հակասում այլ կիրառելի միջազգային փաստաթղթերին:

 

Հոդված 7

Փոփոխություններ և լրացումներ

 

Սույն Համաձայնագրում Կողմերի գրավոր համաձայնությամբ ցանկացած ժամանակ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Ցանկացած նման համաձայնություն ուժի մեջ կմտնի ներքոնշյալ 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 8

Վեճերի լուծման կարգը

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված բոլոր վեճերը կլուծվեն Կողմերի միջև` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 9

Ուժի մեջ մտնելը և տևողությունը

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ Կողմերը միմյանց դիվանագիտական ուղիներով գրավոր կծանուցեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Համապատասխան օրը կլինի վերջին ծանուցագրի ստացման օրը:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա 5 (հինգ) տարի և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով մինչև յուրաքանչյուր Կողմ ցանկացած նման ժամանակաշրջանի լրանալուց 6 (վեց) ամիս առաջ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Բեռլինում 2016թ. ապրիլի 6-ին, երկու հավասարազոր բնօրինակով` հայերեն, գերմաներեն և անգլերեն: Հայերեն և գերմաներեն տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 29-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան