Գլխավոր տեղեկություն
Համար
N 358-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.10.2010-08.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.01/3(243) Հոդ.24
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.12.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2022

 «Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 358-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 2-ի «Ցածր լարման սպառողների (բացառությամբ բնակչության) մոտ բազմասակագնային հաշվառքի սարքեր տեղադրելու և գիշերային զեղչ սակագնից օգտվելու կարգի մասին» N 7 որոշումը,

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչության սպառած էլեկտրական էներգիայի հաշվառման բազմասակագնային համակարգի անցման կարգը» հաստատելու մասին» N 26 որոշումը,

գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 28-ի N 26 որոշմամբ հաստատված կարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 23 որոշումը,

դ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» 22 որոշումը,

ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 22 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 76-Ն որոշումը,

զ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի N 22 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 2-Ն որոշումը,

է) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի N 22 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 125-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի դեկտեմբերի 27-ի
N 358-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

Էլեկտրական էներգիայի մատակարարման ԵՎ օգտագործման

Գ Լ ՈՒ Խ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները կանոնակարգում են էլեկտրամատակարարող ընկերության (այսուհետև` մատակարար) և սպառողի փոխհարաբերությունները:

2. Մատակարարը պարտավոր է էլեկտրական էներգիա մատակարարել յուրաքանչյուր սպառողի` սույն կանոնների համաձայն, էլեկտրամատակարարման պայմանագրի (այսուհետև` Պայմանագիր) հիման վրա` մատակարարի կողմից կնքված (կապարակնիքով կամ հոլոգրաֆիկ կնիքով) հաշվառքի սարքի առկայության դեպքում։

3. Սույն կանոններում օգտագործված հիմնական հասկացություններն են`

էլեկտրամատակարարող 
ընկերություն
(մատակարար)՝
էլեկտրական էներգիայի (այսուհետև՝ էլեկտրաէներգիա)
բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

սպառող (բաժանորդ)՝

էլեկտրաէներգիայի (հզորության) սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, որը Պայմանագիր է կնքել  մատակարարի հետ.

ենթասպառող
(ենթաբաժանորդ)՝

սպառող, որի էլեկտրամատակարարումն իրականացվում է այլ սպառողի ցանցերից (էլեկտրատեղակայանքներից), և որն ունի կնքված երկկողմ կամ եռակողմ Պայմանագիր.

տեխնիկական
պայմաններ՝

սպառողի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միանալու պայմաններ, որոնք անհրաժեշտ են սպառողի դիմումում նշված տեխնիկական հարաչափերով էլեկտրամատակարարումը և առևտրային հաշվառումը ապահովելու համար.

պայմանագրային
էլեկտրական հզորություն
(պայմանագրային
հզորություն)՝

էլեկտրական ակտիվ հզորության կեսժամյա միջին առավելագույն  մեծությունը, որն ամրագրվում է Պայմանագրով.

ամրագրված
տեխնոլոգիական
հզորություն՝

Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը Պայմանագրով սահմանված ժամկետում պարտավոր է ապահովել մատակարարը` արտադրության մեջ գտնվող հումքի վերամշակումը մինչև վերջ հասցնելու կամ առանց արտադրական սարքավորումների վնասման հումքն արտադրությունից առանց խոտանի հանելու համար.

ամրագրված վթարային
հզորություն՝

Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը վթարային ռեժիմներում Պայմանագրով սահմանված ժամկետում պարտավոր է ապահովել մատակարարը` մարդկանց կյանքը և անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող էլեկտրասարքավորումների աշխատանքն ապահովելու համար.

օպերատիվ
անձնակազմ`

էլեկտրաէներգետիկական համակարգի, ինչպես նաև սպառողի 6 (10) կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների տեխնոլոգիական կարգավարման գործընթացում ներգրավված մասնագիտացված անձնակազմ` կարգավարներ, հերթապահներ.

օպերատիվ
փաստաթղթեր`

հատուկ հաշվառման մատյաններ, որոնցում օպերատիվ անձնակազմի կողմից ժամանակագրական կարգով կատարվում են գրանցումներ` հաստատված սխեմաներից շեղումների, էլեկտրատեղակայանքների աշխատանքի ռեժիմների, օպերատիվ անձնակազմի կողմից կատարված գործողությունների և այլնի վերաբերյալ.

սպառողի (բաժանորդի)
սպասարկման օրեր
(սպասարկման օրեր)`

տարվա բոլոր օրերը, բացառությամբ կիրակի օրերի, ժամը 09:00-ից մինչև 17:00-ն.

սահմանազատման կետ`

էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.

էլեկտրամատակարարման
պլանավորված
ընդհատում (պլանային
ընդհատում)`

էլեկտրատեղակայանքների վրա պլանային-նախազգուշական աշխատանքներ կատարելու նպատակով սպառողի  հոսանքազրկում.

էլեկտրամատակարարման
չպլանավորված
ընդհատում
(արտապլանային
ընդհատում)`

էլեկտրատեղակայանքների (այդ թվում՝ առևտրային հաշվառքի սարքի) խափանվելու արդյունքում, ռելեական պաշտպանության կամ ավտոմատիկայի սարքերի գործողության հետևանքով սպառողի հոսանքազրկում.

հաշվառքի սարք`

էլեկտրաէներգիայի հաշվիչ, կամ էլեկտրաէներգիայի հաշվիչի, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների համախումբ.

հաշվառքի սարքի
միտումնավոր խախտում`

հաշվառքի սարքի միացման սխեմայի կամ հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների հարաչափերի փոփոխում, հաշվիչի սկավառակի արհեստական արգելափակում կամ այլ գործողություններ, որոնք համաձայն հավատարմագրված անձի կողմից տրված եզրակացության, կատարվել են միտումնավոր, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի քանակության փոփոխմանը` ի վնաս պայմանագրային մյուս կողմի.

սպառման համակարգ`

սպառողի կամ նոր սպառողի էլեկտրատեղակայանքների համախումբ:

(3-րդ կետը խմբ. 21.12.07 N 658-Ն)

4. Սպառողի, բացառությամբ բնակչության, Պայմանագրին կցվում են էլեկտրական ցանցի և սպառման համակարգի սահմանազատման կետի և էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման վերաբերյալ ակտերը, մատակարարի հետ համաձայնեցված նախագծի հիման վրա կազմված սպառողի էլեկտրամատակարարման միագիծ սխեման, իսկ տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում նաև մատակարարի և սպառողի միջև` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) 2003 թվականի փետրվարի 21-ին N 9-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի  լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգի» պահաջների համաձայն կազմված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման վերաբերյալ ակտը:

Սպառողի (բացառությամբ բնակչության) և մատակարարի միջև կնքված Պայմանագրում նշվում են նաև տեղեկություններ սպառողի էլեկտրատեղակայանքներին միացված ենթասպառողի վերաբերյալ (անվանումը, հասցեն, առևտրային հաշվառքի սարքի տվյալները):

5. Սպառողի շահագործման մեջ գտնվող, նոր միացվող, վերակառուցվող էլեկտրատեղակայանքները  պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

6. Սպառողին վերաբերող սույն կանոնների բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաև  ենթասպառողի վրա:

7. Սպառողը պարտավոր է ենթասպառողի կամ մատակարարի այլ ցանցերի էլեկտրամատակարարումն ապահովելու համար իր էլեկտրատեղակայանքներով հաղորդել մատակարարի էլեկտրաէներգիան:

8. Սույն կանոնների 32-րդ կետի ա) ենթակետով և 33-րդ կետով սահմանված դեպքերում մատակարարը պարտավոր է սպառողի էլեկտրաընդունիչների էլեկտրամատակարարումը դադարեցնելիս, ապահովել այդ ժամանակահատվածում ենթասպառողի կամ իր այլ ցանցերի էլեկտամատակարարումը: Այդ ժամանակահատվածում սպառողի էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրաէներգիայի կորուստները հաշվառվում են մատակարարի հաշվին: Սպառողը պարտավոր է ապահովել մատակարարի անձնակազմի անարգել մուտքը իր էլեկտրատեղակայանքներ` դրանց միացված ենթասպառողի կամ իր այլ ցանցերի էլեկտամատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումներ (փոխանջատումներ, լրացուցիչ սարքավորումների տեղադրում և այլն) իրականացնելու համար: Մատակարարի անձնակազմին սպառողի կողմից մուտք չտրամադրելու արդյունքում մատակարարի կողմից իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով վերջինիս կրած վնասը փոխհատուցում է սպառողը:

9. Մատակարարը պարտավոր է փոխհատուցման պայմանագրով սահմանված կարգով վճարել հանձնաժողովի սահմանած մեթոդիկայով հաշվարկված սպառողի մատուցած ծառայության վճարը` սպառողի կողմից հաշիվը ներկայացնելուց հետո 7 օրվա ընթացքում, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

10. Այն դեպքում, երբ սպառողի էլեկտրատեղակայանքների վնասման կամ հրաժարման պատճառով ընդհատվել է ենթասպառողի էլեկտրամատակարարումը կամ մատակարարի այլ ցանցերին էլեկտրաէներգիայի հաղորդումը, մատակարարը իրավունք ունի, սպառողի հետ համաձայնեցնելով կատարվելիք աշխատանքների արժեքը, սեփական միջոցներով փոխարինել կամ վերանորոգել վերջինիս այն էլեկտրատեղակայանքները, որոնք անհրաժեշտ են մատակարարի էլեկտրաէներգիան հաղորդելու համար: Նման դեպքում սպառողը պարտավոր է փոխհատուցել մատակարարի կատարած ծախսերը:

11. Մատակարարի և սպառողի (բացառությամբ՝ բնակչության) օպերատիվ անձնակազմի փոխհարաբերությունները կանոնակարգվում են մատակարարի և սպառողի (բացառությամբ՝ բնակչության) օպերատիվ փոխհարաբերությունների կարգով՝ համաձայն N 1 հավելվածի:

(11-րդ կետը խմբ. 06.04.07 N 155-Ն, փոփ. 21.12.07 N 658-Ն)

12. Մատակարարի և սպառողի միջև ծագած վեճերը լուծվում են Հանձնաժողովի միջոցով կամ դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու պայմանները

 

13. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ծախսերը (ներառյալ նախագծանախահաշվային, շինհավաքակցման, կարգաբերման-թողարկման աշխատանքները), այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման աշխատանքների ֆինանսավորումը, կատարում է մատակարարը:

13.1 Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին իրականացվում է նոր սպառողի կամ կառուցապատողի, կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) գրավոր դիմումի հիման վրա: Դիմող անձը դիմումին կից ներկայացնում է միացվող սպառման համակարգի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

1) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), տեղակայման տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը, միացման ակնկալվող ամսաթիվը, ինչպես նաև էլեկտրամատակարարման հուսալիությանը վերաբերող լրացուցիչ պահանջները,

2) շինության էսքիզը կամ կառուցապատվող տարածքի հատակագիծը` նշելով սպառման համակարգի միացման կետը կամ էլեկտրական բեռների տեղաբաշխումը:

3) 0.4 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցին միանալու դեպքում սպառման համակարգի տեխնիկական բնութագրերը (ակտիվ և ռեակտիվ բեռի գրաֆիկը, մուտքային անջատիչի պարամետրերը և այլն):

13.2 Դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում մատակարարը մշակում է Դիմող անձի սպառման համակարգը էլեկտրական ցանցին նվազագույն ծախսումներով միացման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) և համաձայնեցնում Դիմող անձի հետ:

13.3 Մատակարարը համաձայնեցված տեխնիկական պայմանների հիման վրա 60 օրվա ընթացքում մշակում է Դիմող անձի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը, կատարում բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները (պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ անձանց հետ), տեխնիկատնտեսական հիմնավորման և Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշմամբ հաստատված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարների (այսուհետ` միացման վճար) հիման վրա կատարում է Դիմող անձի միացման վճարի հաշվարկ և տեխնիկատնտեսական հիմնավորման հետ ներկայացնում Դիմող անձին:

13.4 Դիմող անձը և մատակարարը տեխնիկատնտեսական հիմնավորման և միացման վճարի հաշվարկի ներկայացումից հետո 15 օրվա ընթացքում համատեղ քննարկում են դրանք և կնքում նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագիր (հավելված N 2), որով սահմանվում է միացման աշխատանքների ավարտի ժամկետը, միացման վճարի չափը և վճարման կարգը:

13.5. Հայաստանի Հանրապետության այն տարածքներում, որոնց կառուցապատումը նախատեսվում է իրականացնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հաստատած հեռանկարային զարգացման ծրագրերով, նոր սպառողների միացումը էլեկտրական ցանցին իրականացվում է` ելնելով տվյալ տարածքի հեռանկարային զարգացման ծրագրի իրականացման ժամկետներից:

 (13.5 կետը խմբ. 11.03.09 N 93-Ն)

13.6 Սույն կանոնների 13.2, 13.3 և 13.4 կետերով սահմանված ժամկետները չեն տարածվում 0.22 կՎ լարման առևտրային սպառողների և 0.22 կՎ լարման բնակիչ-բաժանորդների սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման դեպքերի վրա: 0.22 կՎ լարման առևտրային սպառողների և 0.22 կՎ լարման բնակիչ-բաժանորդների նոր կամ վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի կնքման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը` սկսած դիմողի կողմից էլեկտրական ցանցին միացման դիմումը մատակարարին ներկայացնելու օրվանից:

 (13.6 կետը խմբ. 11.03.09 N 93-Ն)

13.7. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման աշխատանքների ավարտի և էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու առավելագույն ժամկետները չեն կարող գերազանցել.

1) 0,22 կՎ լարման առևտրային սպառողների և 0.22 կՎ լարման բնակիչ- բաժանորդների համար միացման (ուժեղացման) դեպքում` 60 օր, եթե սպառողն ավելի երկար ժամկետ չի առաջարկում:

2) 0.4 կՎ և բարձր լարման սպառողների մինչև 400 կՎԱ-ն ներառյալ պահանջվող հզորության դեպքում` 6 ամիս, եթե սպառողն ավելի երկար ժամկետ չի առաջարկում:

3) 0.4 կՎ և բարձր լարման սպառողների 401 կՎԱ-ից մինչև 1000 կՎԱ-ն ներառյալ պահանջվող հզորության դեպքում` 12 ամիս, եթե սպառողն ավելի երկար ժամկետ չի առաջարկում:

4) 0.4 կՎ և բարձր լարման սպառողների 1001 կՎԱ-ից բարձր հզորության պահանջարկի դեպքում` 24 ամիս, եթե սպառողն ավելի երկար ժամկետ չի առաջարկում:

 (13.7 կետը խմբ. 11.03.09 N 93-Ն)

14. Դիմող անձն իր սպառման համակարգը լարման տակ դնելու համար մատակարարին է ներկայացնում`

1) 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում` պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը),

2) 0,4 կՎ լարման ցանցին միանալու դեպքում` էլեկտրատեղակայանքի տեղակայման տարածքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշմամբ հաստատված «էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգով սահմանված դեպքերում` համապատասխան որակավորում ունեցող էլեկտրատնտեսության պատասխանատու անձ նշանակելու մասին հրամանի պատճենը:

14.1 Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում, առաջադրանք տվող իրավասու մարմինը էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմում է մատակարարին՝ կից ներկայացնելով սույն կանոնների 13.1 կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։

 (14.1 կետը լրաց. 03.06.09 N 258-Ն)

14.2 ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու իրավասու մարմնի դիմումը ստանալուց հետո մատակարարը 10 օրվա ընթացքում մշակում և ներկայացնում է տեխնիկական պայմաններ։

 (14.2 կետը լրաց. 03.06.09 N 258-Ն)

14.3 Մատակարարը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստացած կառուցապատողի դիմումի հիման վրա (դիմումի հետ ներկայացվում են ճարտարապետահատակագծային առաջադրանքին կից տեխնիկական պայմանները), 60 օրվա ընթացքում մշակում է նոր կառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը, կատարում բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները (պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ անձանց հետ), տեխնիկատնտեսական հիմնավորման և Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշմամբ հաստատված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարների հիման վրա կատարում է միացման վճարի հաշվարկ և տեխնիկատնտեսական հիմնավորման հետ ներկայացնում դիմող կառուցապատողին։

 (14.3 կետը լրաց. 03.06.09 N 258-Ն)

(Գլուխը խմբ. 21.12.07 N 658-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3


Մատակարարի ԵՎ սպառողի պատասխանատվությունը էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացքում

 

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված էլեկտրաէներգիայի որակը խախտելու դեպքում պատճառները և որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են մատակարարի կամ սպառողի չափիչ սարքերի գրանցումներով, իսկ այդ սարքերի բացակայության դեպքում՝ համապատասխան հաշվարկներով, մատակարարի և սպառողի օպերատիվ փաստաթղթերի գրառումների հիման վրա: Այդ մասին մատակարարը և սպառողը կազմում են երկկողմանի ակտ:

16. Որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար մատակարարը փոխհատուցում է սպառողի կրած վնասը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

17. Մատակարարը որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար պատասխանատվություն չի կրում այն ժամանակահատվածում, որի ընթացքում սպառողը գերազանցել է պայմանագրային հզորությունը:

18. Բազմաբնակարան շենքերի 0.4 կՎ լարման մալուխային կամ օդային սնող գծերի, էլեկտրաէներգիայի բաշխման սարքավորումների, ինչպես նաև 0.22 կՎ լարման հաղորդալարերի` մինչև բնակարանները, իսկ առանձնատան (ամառանոցի), կրպակի, ավտոտնակի, օժանդակ շինության դեպքում` մինչև կանգնակը, պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը կրում է մատակարարը:

19. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրատեղակայանքների (լուսավորություն, վերելակներ, պոմպեր և  այլն) պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգության համար պատասխանատվությունը  կրում է դրանց սեփականատերը կամ այն ընկերությունը, որի սպասարկման ոլորտում են գտնվում տվյալ էլեկտրատեղակայանքները (համատիրություն, սպասարկման պայմանագիր կնքած մասնագիտացված կազմակերպություն և այլն):

20. Այն դեպքերում, երբ առանձնատան (ամառանոցի), կրպակի, ավտոտնակի, օժանդակ շինության էլեկտրամատակարարումն իրականացված է 0,4 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներով, դրանց սեփականատերը պարտավոր է իր էլեկտրատեղակայանքների սպասարկումը և անվտանգ շահագործումը ապահովել սեփական միջոցներով` սպասարկման պայմանագիր կնքելով մատակարարի կամ այլ մասնագիտացված կազմակերպության հետ: Նշված պայմանագրի առկայությունը պարտադիր է նաև այն բնակչի համար, որի էլեկտրամատակարարումն իրականացված է 0,22 կՎ լարման գծերով` երկու սնման աղբյուրից:

21. Սպառողին պատկանող կամ նրա կողմից տիրապետվող տարածքում գտնվող էլեկտրատեղակայանքների պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգության համար պատասխանատվությունը կրում է սպառողը, եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

Սպառողի էլեկտրամատակարարման ընդհատման ԵՎ վերականգնման պայմանները

 

22. Մատակարարը պարտավոր է սպառողին տեղեկացնել էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին սույն կանոնների համապատասխանաբար 24-րդ և 26-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն:

23. Մատակարարը պարտավոր է վարել սպառողների էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների հաշվառման առանձին գրանցամատյաններ, որոնցում նվազագույնը պետք է նշվեն.

ա) ընդհատման ամսաթիվը, ժամը և պատճառը,

բ) էլեկտրամատակարարման վերականգնման ամսաթիվը և ժամը,

գ) բաշխիչ ցանցի էլեկտրատեղակայանքի անվանումը, որի պատճառով տեղի է ունեցել ընդհատումը:

24. Էլեկտրամատակարարման պլանային ընդհատման և վերականգնման ժամկետների մասին մատակարարը պարտավոր է սպառողին տեղեկացնել ընդհատմանը նախորդող օրվա ընթացքում` վերջինիս հասու հեռուստաալիքով` 2 անգամ. առաջինը` 18:00-ից 20:00-ն, իսկ երկրորդը` 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում:

25. Սպառողը (բացառությամբ բնակչության) իրավունք ունի, մատակարարի հետ համաձայնեցնելով, Պայմանագրում ամրագրել էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին տեղեկացման այլ կարգ և ժամկետներ: Նման դեպքում էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին մատակարարը սպառողին պարտավոր է տեղեկացնել Պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:

26. Էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման և վերականգնման ժամկետների մասին տեղեկատվությունը մատակարարը պարտավոր է սպառողին տրամադրել սույն կանոնների 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով:

27. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքի բազմաբնակարան շենքերի և այն սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատում, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 (10) կՎ և բարձր լարման 1-ից ավելի առանձին օդային կամ մալուխային գծերով կայանի կամ ենթակայանի երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից: Մյուս բոլոր դեպքերում մատակարարը սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին` ժամը 9:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում:

28. Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան`

ա) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` 2 ժամում, եթե սպառողի էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 (10) կՎ և բարձր լարման 1-ից ավելի առանձին օդային կամ մալուխային գծերով էլեկտրակայանի կամ ենթակայանի երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից, և 16 ժամում, եթե սպառողի էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 (10) կՎ և բարձր լարման մեկ օդային (մալուխային) գծով,

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների` բազմաբնակարան շենքերի սպառողների համար` 2 ժամում, իսկ 0,4 կՎ և ցածր լարման այլ սպառողների համար` 8 ժամում,

գ)  Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների` բազմաբնակարան շենքերի սպառողների համար` 8 ժամում, իսկ 0,4 կՎ և ցածր լարման այլ սպառողների համար` 16 ժամում:

Եթե սպառողի էլեկտրամատակարարման սխեման ապահովում է էլեկտրամատակարարման վերականգնման ավելի կարճ ժամանակահատված, ապա մատակարարը և սպառողը պարտավոր են պայմանագրով սահմանել այդ ժամանակահատվածը:

29. Եթե էլեկտրամատակարարման ընդհատումը տեղի է ունեցել առևտրային հաշվիչից անմիջապես հետո տեղադրված ավտոմատի անջատման արդյունքում, ապա մատակարարը սպառողի  էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել վերջինիս կողմից տեղեկացվելուց հետո ոչ ուշ, քան`

ա) 2 ժամում` Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներում, եթե անջատումը տեղի է ունեցել սպասարկման օրվա ընթացքում.

բ) 4 ժամում` Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում, եթե անջատումը տեղի է ունեցել սպասարկման օրվա ընթացքում.

գ) 16 ժամում` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, եթե անջատումը տեղի է ունեցել սպասարկման օրերից դուրս:

Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը վերականգնելուց հետո պարտավոր է նրա հետ կազմել ակտ` էլեկտրամատակարարման ընդհատման և վերականգնելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ: Ակտը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է սպառողին, իսկ մյուսը պահվում է մատակարարի մոտ:

Մատակարարը պարտավոր է վարել այդ ակտերի հաշվառման առանձին գրանցամատյան, որում առնվազն պետք է նշվեն`

ա) հոսանքազրկված սպառողի բնակության վայրը, հասցեն և հեռախոսահամարը,

բ) ընդհատման մասին տեղեկանալու ամսաթիվը և ժամը,

գ) էլեկտրամատակարարման վերականգնման ամսաթիվը և ժամը,

դ) կազմված ակտի հերթական համարը, կազմման ամսաթիվը և ժամը:

Մատակարարը պարտավոր է գործադրել բոլոր հնարավոր միջոցները սույն գլխում նկարագրված դեպքերում սպառողի էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

Սպառողի էլեկտրամատակարարման սահմանափակման ԵՎ վերականգնման պայմանները

 

30. Էլեկտրամատակարարման սահմանափակումները և վերականգնումն իրականացվում են Հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ին N 9-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի  լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգի» պահանջների համաձայն կազմված ծրագրերով:

31. Էլեկտրամատակարարման  սահմանափակումների ծրագրերը կիրառվում են էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած այնպիսի իրավիճակներում, երբ սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը կամ էլեկտրատեղակայանքների ամբողջականությունն ապահովելու համար էլեկտրամատակարարման սահմանափակումներն  անխուսափելի են: Էլեկտրամատակարարման  սահմանափակումների ծրագրերը կազմում են ելնելով համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշներից, ինչպես նաև որոշակի սպառողների էլեկտրամատակարարման առաջնահերթության պայմաններից։ Այդ սպառողների ցանկը ամեն տարի սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

Սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման ԵՎ վերականգնման պայմանները

 

32. Մատակարարը պարտավոր է դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը հետևյալ դեպքերում.

ա) սպառողի պահանջով և առաջարկված ժամկետում` վերջինիս կողմից մատակարարին գրավոր տեղեկացնելու դեպքում.

բ) մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունն ապահովելու համար` տեխնիկական կանոնակարգերով սահմանված դեպքերում:

Սույն կետով սահմանված դեպքերում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո մատակարարը պարտավոր է հնարավորինս կարճ ժամկետում այդ մասին տեղեկացնել սպառողին:

33. Մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը`

ա) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սույն կանոններով և Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարումներ չկատարելու դեպքում.

բ) եթե մատակարարի անձնակազմին համապատասխան վկայականը ներկայացնելու դեպքում թույլ չի տրվել սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով կամ պայմանագրով սահմանված կարգով սպասարկել սպառողի տնօրինվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում`  էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը` անկախ դրանց պատկանելությունից.

գ) եթե սպառողը էլեկտրաէներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առանց առևտրային հաշվառքի սարքի, կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով։

Մատակարարը պարտավոր է վարել սպառողների էլեկտրամատակարարման դադարեցումների հաշվառման առանձին գրանցամատյան, որում նվազագույնը պետք է նշվեն սույն կանոնների 23-րդ կետում նշված տվյալները:

34. Մատակարարը էլեկտրամատակարարումը վերականգնում է առանց սպառողին նախազգուշացնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դա սահմանված է Պայմանագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

Էլեկտրաէներգիայի առԵՎտրային հաշվառքի սարքերը ԵՎ դրանց տեղակայման պայմանները

 

35. Առևտրային է համարվում Պայմանագրում նշված հաշվառքի սարքը։ Պայմանագրում պարտադիր նշվում են հաշվիչի, ինչպես նաև հոսանքի և լարման տրանսֆորմատորների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը։ Բնակչության առեւտրային հաշվառքի uարքերը (նաև բազմաuակագնային հաշվիչները) ձեռք է բերում և տեղադրում է մատակարարը` սույն կանոնների 68-րդ կետով սահմանված կարգով, ինչպես նաև իրականացնում է դրանց սպասարկումն ու շահագործումը` իր միջոցներով:

36. Սպառողը պատասխանատվություն է կրում միայն այն առևտրային հաշվառքի սարքերի ամբողջականության և պահպանման համար, որոնք տեղակայված են իր սեփականությունը հանդիսացող կամ իր կողմից տնօրինվող տարածքներում և այդ մասին նշված է պայմանագրում: Սպառողի սեփականությունը հանդիսացող, բայց իր սեփական կամ իր կողմից տնօրինվող տարածքներից դուրս տեղադրված հաշվառքի սարքերի ամբողջականության և պահպանման համար պատասխանատվությունը կրում է մատակարարը:

37. Սպառողն իրավունք ունի լրացուցիչ կնքել առևտրային հաշվառքի սարքը։

38. Եթե սպառողը (բացառությամբ բնակչության) տեղադրել է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա դրա վերաբերյալ տվյալները նշվում են Պայմանագրում: Մատակարարն իրավունք  ունի կնքել վերստուգիչ հաշվառքի սարքը: Վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման և էլեկտրաէներգիայի հաշվարկներում կիրառման կարգը սահմանում են կողմերը` Պայմանագրով:

39. Առևտրային հաշվառքի սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ.

ա) բացառվի նրանց մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի  անթույլատրելի ազդեցության  հնարավորությունը,

բ) բացառվի կողմնակի անձանց միջամտությունը հաշվառքի սարքերի միացման սխեմային և նրանց աշխատանքին,

գ) ապահովվի սպառողի և մատակարարի ներկայացուցչի համար հաշվիչի ցուցմունքի տեսանելիությունը,

դ) ապահովվի հաշվառքի սարքերի պահպանումը,

ե) վտանգ  չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը։

40. Բնակչության առևտրային հաշվիչները տեղակայվում են ընդհանուր կամ անհատական արկղերում: Բազմաբնակարան շենքերում առևտրային հաշվիչները տեղակայվում են յուրաքանչյուր մուտքի ընդհանուր արկղերում:

Արկղերի տեղակայման վայրը ընտրվում է այնպես, որ ապահովվի էլեկտրական լարման սահմանված մեծությունը սպառողի ընդունման վահանակի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

Սպառած էլեկտրաէներգիայի քանակության հաշվարկման կարգը

 

41. Սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային ամսում սպառողի առևտրային հաշվիչի գրանցած ցուցմունքների տարբերությամբ կամ այդ տարբերությունը հաշվիչի գործակցով (հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գարծակիցների արտադրյալ) բազմապատկելու միջոցով: Եթե առևտրային հաշվիչն ամիջապես գրանցում է էլեկտրաէներգիայի քանակը, որպես հաշվարկային ամսվա ընթացքում սպառված` ընդունվում է էլեկտրաէներգիայի այդ քանակը: Եթե առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է սահմանազատման կետից դուրս, ապա առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում կամ այդ քանակից հանվում է առևտրային հաշվառքի սարքի տեղադրման և սահմանազատման կետերի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունը, որը հաշվարկվում է Պայմանագրով սահմանված կարգով: Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է  հաշվարկային եղանակով, համաձայն սույն կանոնների 12-րդ գլխի պահանջների:

(41-րդ կետը լրաց. 16.10.07 N 421-Ն)

42. 6 (10) կՎ և բարձր լարման սպառողների համար, երբ նվազագույն բեռնվածքի ռեժիմներում տեխնիկապես անհնար է առևտրային հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը, սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկվում է նվազագույն բեռնվածքի ամբողջ ժամանակահատվածում փաստացի միացված էլեկտրական ընդունիչների հզորության հիման վրա և ավելացվում առևտրային հաշվիչի ցուցմունքով հաշվարկված էլկտրաէներգիայի քանակությանը: Նվազագույն բեռնվածքի ժամանակահատվածի տևողությունը և այդ ժամանակահատվածում միացված գումարային բեռնվածքի մեծությունները, դրանց հաշվարկի կարգի հետ միասին,  հավելվում են Պայմանագրին և վերանայվում յուրաքանչյուր տարի կամ կողմերից մեկի գրավոր պահանջով տարվա ընթացքում` նվազագույն բեռնվածքի փոփոխման դեպքում:

43. Առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին և հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում:

Մատակարարը պարտավոր է սպառողի (բացառությամբ բնակչության) առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցել նրա ներկայությամբ, եթե վերջինս ներկայացրել է նման գրավոր պահանջ, կամ այդ պարտավորությունը ամրագրված է պայմանագրում: Նման դեպքում մատակարարը պարտավոր է սպառողին նախապես` առնվազն երեք օր առաջ, գրավոր տեղեկացնել առևտրային հաշվիչի ցուցմունքի գրանցման օրվա և ժամի մասին: Բաժանորդի չներկայանալու դեպքում մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցել առանց սպառողի:

44. Բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման էլեկտրատեղակայանքների էլեկտրամատակարարման համար որպես պայմանագրային կողմ հանդես է գալիս բազմաբնակարան շենքի կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ սեփականատերերի կողմից լիազորված անձը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

Սպառված էլեկտրաէներգիայի արժեքի հաշվարկը, դրա վճարման կարգը ԵՎ սահմանված ժամկետի խախտման դեպքում մատակարարի ԵՎ սպառողի փոխհարաբերությունները

 

45. Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրաէներգիայի քանակությունների արտադրյալների գումարով:

46. Մատակարարը պարտավոր է.

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին, եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը հանրապետական նշանակության մետրային հեռարձակում ունեցող 2 հեռուստաալիքով 2-ական անգամ` ժամը 18:00-ից  20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը.

գ)  սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը` սույն կետի ա) ենթակետում նշված կետերում, ինչպես նաև սույն կանոնների 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով.

դ) նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բնակչությանը ներկայացվող վճարման փաստաթղթում ապահովել հետևյալ տեղեկատվության առկայությունը. սպառողի անունը, ազգանունը, հասցեն, քարտի համարը, հաշվարկային ամիսը, առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքները (իսկ բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով էլեկտրաէներգիայի սպառման ցուցմունքը), առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, հաշվարկային ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ բազմասակագնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով սպառված էլեկտրաէներգիայի քանակը) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), պարտքի մնացորդը հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը: Մնացած բոլոր սպառողներին` նրանց գրավոր պահանջի դեպքում, մատակարարը պարտավոր է յուրաքանչյուր ամիս ծանուցել ինչպես բնակչության վճարման փաստաթղթերում` սույն ենթակետով ամրագրված տեղեկատվության, այնպես էլ տվյալ սպառողի կողմից հաշվարկային ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործվող այլ ցուցանիշների մասին: Ընդ որում, այդ սպառողները մատակարարից կարող են պահանջել ծանուցումը ներկայացնելու գրավոր կամ էլեկտրոնային փոստով: Ծանուցումը փոստով առաքելու պահանջի դեպքում մատուցված ծառայության համար վճարում է սպառողը, իսկ էլեկտրոնային փոստով ծանուցումն իրականացվում է անվճար:

Նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի վճարման հաշիվը փոստով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելու` սպառողի գրավոր պահանջի կամ այդ պարտավորությունը Պայմանագրով սահմանված լինելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել այդ պահանջը` սույն կետով սահմանված ժամկետում: Վճարման հաշիվը փոստով առաքելու պահանջի դեպքում այդ ծառայության համար վճարում է սպառողը: Վճարման հաշվի ներկայացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար:

(46-րդ կետը լրաց. 04.08.10 N 406-Ն)

47. Սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի արժեքը պարտավոր է վճարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին սույն կանոնների 46-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացված լինելուց հետո 7 օրվա ընթացքում:

48. Վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ սպառողին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո: Զգուշացումը հեռուստատեսությամբ պետք է կատարվի հանրապետական նշանակության մետրային հեռարձակում ունեցող 2 հեռուստաալիքով 2-ական անգամ` 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում:  Ընդ որում, եթե սպառողը սույն կանոնների 46-րդ կետի համաձայն պահանջել է վճարման հաշիվը իրեն ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային փոստով, ապա վերջինս պետք է զգուշացվի գրավոր կամ էլեկտրոնային փոստով: Զգուշացման վերաբերյալ գրությունը փոստով առաքելու պահանջի դեպքում` այդ ծառայության համար վճարում է սպառողը: Զգուշացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար:

49. Պայմանագրում ամրագրված  վթարային  կամ  տեխնոլոգիական հզորություն ունեցող սպառողի կողմից սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարը իրավունք ունի.

ա) սահմանափակել սպառողի էլեկտրամատակարարումը մինչև պայմանագրում ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորությունը` առնվազն 3 սպասարկման օր առաջ Պայմանագրով սահմանված կարգով նրան զգուշացնելուց հետո.

բ) վթարային կամ տեխնոլոգիական հզորությունների ապահովման վերաբերյալ Պայմանագրում նշված ժամկետներում չվճարելու դեպքում դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` ժամկետների լրանալուց հետո, առնվազն 3 սպասարկման օր առաջ Պայմանագրով սահմանված կարգով նրան կրկին զգուշացնելուց հետո:

50. Մատակարարը սպառողի (բացառությամբ բնակչության) կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում իրավունք ունի նաև.

ա) ուշացրած յուրաքանչյուր օրվա համար պայմանագրով սահմանված չափով հաշվարկել տույժ, բայց ոչ ավելի, քան օրական չվճարված գումարի 0,1 %-ը։ Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել պարտքի ընդհանուր գումարի 10 %-ը։ Մատակարարը կարող է նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի արժեքի չվճարված գումարի նկատմամբ  սկսել տույժի հաշվարկը հաջորդող ամսվա 20-ից, եթե  դրանից առնվազն 7 օր առաջ սույն կանոնների 46-րդ կետով սահմանված կարգով տեղեկացրել է սպառողին նրա կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին: Հակառակ դեպքում տույժը հաշվարկվում է վճարման համար հատկացված ժամկետի ավարտից հետո.

բ) խախտմանը հաջորդող օրացուցային տարում 3 անգամ խախտումը կրկնելու դեպքում, վերջին խախտմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում պահանջել կանխավճար կամ իր համար ընդունելի վճարման այլ երաշխիքներ, որի մեծությունը չպետք է գերազանցի սպառողի վերջին տարում օգտագործած էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքը։

Եթե սպառողը նման դեպքում հրաժարվում է կանխավճար տալուց կամ մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիքներ ներկայացնելուց, ապա մատակարարն իրավունք ունի նաև սպառողին առնվազն 3 սպասարկման օր առաջ գրավոր կամ հեռախոսագրով զգուշացնելուց հետո դադարեցնել նրա էլեկտրամատակարարումը, եթե նա չունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն: Եթե սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա մատակարարը նրա էլեկտրամատակարարումը կարող է դադարեցնել միայն սույն կանոնների 49-րդ կետով նախատեսված ընթացակարգերն ապահովելուց հետո:

51. Պարտքի առկայության դեպքում մատակարարը կարող է չդադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը, եթե սպառողը ներկայացրել է մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց։ Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու համար` ապահովելով սույն գլխով սահմանված` տվյալ սպառողի էլեկտամատակարարման դադարեցման ընթացակարգերը:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

Բաժանորդի էլեկտրամատակարարման վերականգնման ընթացակարգը

 

52. Մատակարարը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո սպասարկման օրերին պարտավոր է այն վերականգնել ոչ ուշ, քան`

ա) նույն օրը` մինչև ժամը 17:30-ը, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել մինչև տվյալ օրվա ժամը 14։00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը.

բ) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել տվյալ օրվա ժամը 14։00-ից մինչև 17:30-ը, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

Վճարման փաստաթղթում կամ հաշվում սխալի ուղղման ընթացակարգը

 

53. Սպառողը վճարման փաստաթղթում կամ հաշվում գրառումների սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր դիմում է մատակարարին սխալն ուղղելու պահանջով: Մատակարարը սպառողի դիմումն ստանալու օրվանից` 5, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության դեպքում` 15 սպասարկման օրվա ընթացքում պարտավոր է ստուգել իր գրառումները և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել սպառողին:

54. Մատակարարը վճարման փաստաթղթում կամ հաշվում գրառումների սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում է սպառողին և առաջնորդվում սույն կանոնների 53-րդ կետով սահմանված ընթացակարգով:

55. Եթե մատակարարը հաստատում է վճարման փաստաթղթում կամ հաշվում սխալի փաստը կամ սխալը հայտնաբերվում է իր կողմից, ապա ուղղումը հաշվի է առնվում  ընթացիկ ամսվա համար ներկայացվելիք վճարման հաշվում:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԱռԵՎտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սպառված էլեկտրաէներգիայի վերահաշվարկման կարգը

 

56. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա է սպառված էլեկտրաէներգիայի քանակության սխալ գրանցում, մատակարարը կատարում է սպառված էլեկտրաէներգիայի քանակության և արժեքի վերահաշվարկ: Վերահաշվարկը կատարվում է սխալ գրանցման պատճառը վերացնելու պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի վերջին գրանցման օրն ընկած` բայց  31 օրից ոչ ավելի ժամանակահատվածի համար։

Սույն կետը չի սահմանափակում մատակարարի կամ սպառողի իրավունքը` առևտրային հաշվառքի սարքի խախտման արդյունքում սպառված էլեկտրաէներգիայի քանակության սխալ գրանցման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջնելու հասցված վնասի փոխհատուցում:

57. Եթե առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված չէ սպառողի կամ մատակարարի գործողություններով, ապա սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող մեկ տարվա տվյալ եռամսյակի ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսի և նույն ժամանակահատվածի համար ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով։ Եթե այդ ժամանակահատվածում սպառողը ծախս չի ունեցել, ապա մատակարարը սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը յուրաքանչյուր օրվա համար հաշվարկում է առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա միջին օրական ծախսի և նույն ժամանակահատվածի համար ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով։ Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակությունը համաձայնեցվում է սպառողի հետ և հաշվի է առնվում առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար տրվելիք էլեկտրաէներգիայի քանակության արժեքի վճարման փաստաթղթում։

Նման դեպքում առևտրային հաշվառքի սարքը վերականգնվում է մատակարարի հաշվին: Առևտրային հաշվառքի սարքի վերականգնման նպատակով մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը.

ա) բնակչության դեպքում` մինչև 1 ժամ.

բ) ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն չունեցող այլ սպառողների դեպքում` մինչև 3 ժամ:

Եթե սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա մատակարարն առևտրային հաշվառքի սարքը վերականգնելու նպատակով պարտավոր է դադարեցման և վերականգնման ժամկետները համաձայնեցնել սպառողի հետ կամ հաշվառքի սարքը փոխարինել առանց էլեկտրամատակարարման դադարեցման:

58. Եթե առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումը պայմանավորված է սպառողի գործողություններով, ապա մատակարարը սպառողի հետ կազմում է առևտրային հաշվառքի սարքի խախտման ակտ և կարող է դադարեցնել նրա էլեկտրամատակարարումը, բացառությամբ սույն կետի վերջին պարբերությամբ նախատեսված դեպքի:

Նման դեպքում սպառողի կողմից տվյալ ամսում ծախսված էլեկտրաէներգիայի  արժեքը յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է խախտմանը նախորդող մեկ տարվա տվյալ եռամսյակի ծախս ունեցած ամիսների, իսկ այդ ժամանակահատվածում ծախսի բացակայության դեպքում առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա, միջին օրական ծախսի հնգապատիկի չափով:

Սպառողը պարտավոր է վճարել առևտրային հաշվառքի սարքի խախտման ակտի հիման վրա հաշվարկված գումարը: Եթե մատակարարը դադարեցրել է սպառողի էլեկտրամատակարարումը,  ապա  այն պարտավոր է վերականգնել սույն կանոնների 52-րդ կետով սահմանված ժամկետներում և կարգով: Առևտրային հաշվառքի սարքը վերականգնում է մատակարարը՝  խախտման հայտնաբերման պահից առավելագույնը 3 սպասարկման օրվա ընթացքում: Առևտրային հաշվառքի սարքը վերականգնելու համար սպառողը պարտավոր է հատուցել մատակարարի կրած վնասը` հետևյալ չափերով.

ա) եթե հաշվառքի սարքերը` համաձայն հավատարմագրված անձի կողմից տրված եզրակացության, ենթակա են վերականգնման`

2000 դրամ` 0,22 կՎ լարման սպառողների դեպքում,

5000 դրամ` 0,4 կՎ և բարձր լարման սպառողների դեպքում.

բ) եթե հաշվառքի սարքերը` համաձայն հավատարմագրված անձի կողմից տրված եզրակացության, ենթակա չեն վերականգնման`

10000 դրամ` 0,22 կՎ լարման ինդուկցիոն հաշվիչներ ունեցող սպառողների դեպքում,

20000 դրամ` 0,22 կՎ ստատիկ կամ 0,4 կՎ ինդուկցիոն հաշվիչներ ունեցող սպառողների դեպքում,

120000 դրամ` 6 (10) կՎ և բարձր լարման սպառողների դեպքում:

Առևտրային հաշվառքի սարքի խախտման ակտին չհամաձայնելու դեպքում սպառողն իրավունք ունի 3 աշխատանքային օրվա ընթացքում այն բողոքարկել Հանձնաժողովում` այդ մասին գրավոր տեղեկացնելով մատակարարին: Մատակարարն իրավունք չունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը, եթե Հանձնաժողովը, ստանալով սպառողի դիմումը, գրավոր միջնորդում է չդադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` մինչև բողոքարկված ակտի վերաբերյալ որոշում կայացնելը: Վեճի լուծման նշված ընթացակարգը չի սահմանափակում սպառողի իրավունքը` ակտը բողոքարկել դատական կարգով: Միևնույն ժամանակ սպառողը սույն կանոնների 47-րդ կետով սահմանված ժամկետներում և կարգով պարտավոր է վճարել սպառած էլեկտրաէներգիայի` իր կողմից չվիճարկվող մասի համար:

59. Եթե առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումը պայմանավորված է մատակարարի գործողություններով, ապա մատակարարը`

ա) վերահաշվարկում է սպառողի կողմից ծախսված էլեկտրաէներգիայի քանակությունը և վերահաշվարկի արդյուքները հաշվի է առնում սպառողին ընթացիկ ամսվա համար ներկայացվելիք վճարման հաշվում,

բ) որպես տույժ սպառողին ընթացիկ ամսվա համար ներկայացվելիք վճարման հաշվում ձևակերպում է կանխավճար` վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի 100 %-ի չափով, սակայն ոչ ավելի, քան 10000 դրամ` բնակչության և 50000 դրամ` մյուս բոլոր դեպքերում:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԱռԵՎտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման ընթացակարգը

 

60. Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը կարող է  իրականացվել ինչպես սպառողի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ:

61. Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են մատակարարի կողմից, այդ թվում՝ սպառողի գրավոր  դիմումի հիման վրա, բացառությամբ սույն կանոնների 64-րդ կետով նախատեսված դեպքի:

Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունը որոշվում է ստուգաչափման մասին իրավասու կազմակերպության գրավոր  եզրակացության հիման վրա։

Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը մատակարարի նախաձեռնությամբ իրականացվելու դեպքում, վերջինս պարտավոր է այդ մասին առնվազն 1 օր առաջ գրավոր զգուշացնել սպառողին և նրա հետ պայմանավորվել ստուգման ժամկետների մասին: Սպառողը կարող է պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքերի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ դրանց ստուգաչափումը, կատարի իր ներկայությամբ: Մատակարարը պարտավոր է կատարել  սպառողի պահանջը: Ստուգաչափմանը սպառողի չներկայանալը հիմք չէ այն չիրականացնելու համար:

62. Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունը սպառողի պահանջով իրականացվում է նրա գրավոր դիմումի համաձայն: Սպառողի դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 10 սպասարկման օրվա ընթացքում մատակարարը պարտավոր է ստուգել սպառողի առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունը և նրան ներկայացնել դրանց աշխատանքի ճշտության մասին գրավոր եզրակացություն:

63. Ստուգման արդյունքներով առևտրային հաշվառքի սարքերի խախտում փաստելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել սպառողի սպառած էլեկտրաէներգիայի քանակության վերահաշվարկ: Վերահաշվարկը կատարվում է սույն կանոնների 58-րդ և 59-րդ կետերով սահմանված կարգով:

64. Սպառողը, իրար հաջորդող երկու տարիների ընթացքում մատակարարին երկրորդ անգամ առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում, պարտավոր է վճարել մատակարարին կանխավճար`

ա) միաֆազ հաշվիչների համար` 750 դրամ,

բ) եռաֆազ հաշվիչների համար` 1500 դրամ:

Եթե ստուգման արդյունքներով արձանագրվում է առևտրային հաշվառքի սարքերի խախտում, ապա մատակարարը կանխավճարը հաշվի է առնում սպառողին ընթացիկ ամսվա համար ներկայացվելիք վճարման հաշվում: Առևտրային հաշվառքի սարքերի ճշգրիտ աշխատանքի դեպքում կանխավճարը դիտարկվում է որպես առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման համար մատակարարին վճարված ծառայության վճար և սպառողին չի վերադարձվում:

65. Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում սպառողի իրավունքը իր առևտրային հաշվառքի սարքերի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրել նման իրավասություն ունեցող այլ կազմակերպությունների: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված սպառողի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

ա) մատակարարը պարտավոր է գրավոր դիմումը ստանալուց 5 սպասարկման օրվա ընթացքում սպառողի հետ պայմանավորվել առևտրային հաշվառքի սարքերի ապամոնտաժման ժամկետների մասին և նրան փաթեթավորված ու կնքված տեսքով հանձնել այդ սարքերը` դրանք ժամանակավորապես փոխարինելով համանման այլ առևտրային հաշվառքի սարքերով,

բ) սպառողը պարտավոր է ոչ ուշ, քան 10 սպասարկման օրվա ընթացքում մատակարարին վերադարձնել առևտրային հաշվառքի սարքերը և ներկայացնել դրանց ստուգման արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը: Այն դեպքում, երբ ներկայացված եզրակացությամբ արձանագրված է առևտրային հաշվառքի սարքի խախտում, մատակարարը  պարտավոր է առաջնորդվել սույն կանոնների 12-րդ գլխով սահմանված կարգով:

Սույն կետով նախատեսված դեպքում մատակարարն իրավունք ունի ներկա գտնվել առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման աշխատանքներին: Մատակարարի նման ցանկության դեպքում սպառողը պարտավոր է առնվազն 1 օր առաջ նրան պատշաճ կարգով տեղյակ պահել ստուգաչափման ժամկետների և վայրի մասին: Ստուգաչափմանը մատակարարի չներկայանալը հիմք չէ այն չիրականացնելու համար: Առևտրային հաշվառքի սարքի փոխարինման նպատակով մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը սույն կանոնների 57-րդ կետով սահմանված տևողությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԱռԵՎտրային հաշվառքի սարքերի փոխարինման ընթացակարգը

 

66. Առևտրային հաշվառքի սարքերը կարող են փոխարինվել ինչպես սպառողի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ:

67. Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը մատակարարի նախաձեռնությամբ իրականացվում է նրա միջոցների հաշվին: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն կանոնների 57-րդ կետով ամրագրված ժամկետները:

68. Սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը  իրականացնում է մատակարարը` սպառողի գրավոր դիմումի հիման վրա: Նման դեպքում սպառողը պարտավոր է մատակարարին վճարել կանխավճար սույն կանոնների 69-րդ կետում սահմանված չափով, որի մարումը սկսվում է առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից մեկ տարի հետո` սպառած էլեկտրաէներգիայի արժեքից այն նվազեցնելու միջոցով:

69. Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը սպառողի պահանջով իրականացվում է կանխավճարի հետևյալ չափերի վճարման պայմանով.

ա) միաֆազ ինդուկցիոն հաշվիչների դեպքում` 10000 դրամ,

բ) միաֆազ բազմասակագնային էլեկտրոնային և եռաֆազ ինդուկցիոն հաշվիչների դեպքում` 20000 դրամ,

գ) եռաֆազ բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչների դեպքում` 120000 դրամ:

70. Մատակարարը սպառողի  դիմումը և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո 10 սպասարկման օրվա ընթացքում պարտավոր է փոխարինել նրա առևտրային հաշվառքի սարքերը:

71. Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից հետո մատակարարը պարտավոր է համապատասխան փոփոխություն կատարել Պայմանագրում և սպառված էլեկտրաէներգիայի արժեքը ընթացիկ ամսվան հաջորդող ամսվանից հաշվարկել սույն կանոնների 45-րդ կետի համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

Սպառողների դիմում-բողոքների քննարկման կարգը

 

72. Սպառողը մատակարարին կարող է դիմում-բողոք ներկայացնել գրավոր, բանավոր (հեռախոսազանգի միջոցով) և էլեկտրոնային փոստի միջոցով, եթե առանձին դեպքերի համար այլ բան սահմանված չէ սույն կանոններով:

73. Սպառողի բանավոր դիմում-բողոքին տրվում է բանավոր պատասխան, գրավոր դիմում-բողոքին` գրավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմում-բողոքին պատասխանը տրվում է էլեկտրոնային փոստի միջոցով:

74. Մատակարարը պարտավոր է ապահովել շուրջօրյա հեռախոսակապ, որպեսզի սպառողները կարողանան նրան տեղեկատվություն հաղորդել իրենց դիմում-բողոքների և հարցադրումների` ներառյալ էլեկտրամատակարարման դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների, սպառած էլեկտրաէներգիայի արժեքի և քանակությունների, վճարման ժամկետների, մատակարարի և սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ, ստանալ պարզաբանում:

75. Մատակարարը սպառողի դիմում-բողոքին պարտավոր է պատասխանել այն ստանալու պահից առնվազն 15 սպասարկման օրվա ընթացքում, եթե առանձին դեպքերի համար սույն կանոններով այլ ժամկետ սահմանված չէ:

76. Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխան տալ սպառողի դիմում-բողոքին` հանգամանորեն ներկայացնելով սպառողի դիմում-բողոքի առնչությամբ գործող օրենսդրական դաշտը, նրա իրավունքներն ու պարտականությունները և այն բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ կլինեն սպառողին ամբողջական պատկերացում կազմելու ներկայացված դիմում-բողոքի վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

Մատակարարի նկատմամբ կիրառվող տույժերը սույն կանոնների պահանջները խախտելու համար

 

77. Մատակարարը պարտավոր է սպառողին, նրա գրավոր դիմումի հիման վրա, վճարել տույժ` ծախսված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 % -ի չափով, բայց ոչ ավելի, քան 1500 դրամը, այն դեպքերում, երբ խախտել է`

ա) սույն կանոնների 27-րդ կետում էլեկտրամատակարարման պլանային  ընդհատման համար սահմանված ժամկետը,

բ) էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումից հետո սույն կանոնների 28-րդ կետում սահմանված ժամկետում սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետը,

գ) առևտրային հաշվիչից անմիջապես հետո տեղադրված ավտոմատի անջատման դեպքում սույն կանոնների 29-րդ կետում սահմանված ժամկետում սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետը,

դ) վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մինչև սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելը սույն կանոնների 48-րդ և 49-րդ կետերում սահմանված ընթացակարգերը,

ե) վճարման համար հատկացված ժամկետի խախտման համար սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու սույն կանոնների 50-րդ կետում սահմանված ժամկետում,

զ) սպառողի կողմից վճարման փաստաթղթում կամ հաշվում գրառումների սխալ հայտնաբերելու դեպքում սույն կանոնների 52-րդ և 54-րդ կետերում սահմանված ընթացակարգերը,

է) սպառողի կողմից առևտրային հաշվիչի սխալ աշխատանքի հայտնաբերման դեպքում  սպառված  էլեկտրաէներգիայի  վերահաշվարկման սույն կանոնների 12-րդ գլխում սահմանված ընթացակարգերը,

ը) սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման համար սույն կանոնների 13-րդ գլխում սահմանված ընթացակարգերը,

թ) սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման համար սույն կանոնների 14-րդ գլխում սահմանված ընթացակարգերը,

ժ) սպառողի դիմում-բողոքին պատասխանելու համար սույն կանոնների 75-րդ կետում սահմանված ժամկետը:

78. Սպառողի կողմից ծախսված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է տվյալ տարում սպառողի ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի և տվյալ տարում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին հավասար:

79. Հաշվարկված տույժը մատակարարը հաշվի է առնում սպառողին ընթացիկ ամսում ծախսած էլեկտրաէներգիայի համար ներկայացվելիք վճարման հաշվում: Հաշվարկված տույժը վճարման հաշվում նշվում է առանձին տողով և նվազեցվում է ծախսված էլեկտրաէներգիայի արժեքից:

80. Մատակարարը սույն կանոնների 77-րդ կետում նշված խախտումների համար տույժի չի ենթարկվում, եթե դա հետևանք է արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են մատակարարի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը), սաբոտաժային գործողությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հասարակական անկարգությունները, գործադուլները, որոնք խոչընդոտում են մատակարարի գործունեությունը կամ հանգեցնում են նրա ստանձնած պարտավորության կատարման ձգձգմանը կամ դադարեցմանը` անկախ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

Անցումային դրույթներ

 

81. Սույն կանոնների  28-րդ  կետի  բ) ենթակետը  կիրառվում է  2008 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան` Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բազմաբնակարան շենքերի սպառողների համար` 4 ժամում, իսկ 0,4 կՎ և ցածր լարման այլ սպառողների համար` 12 ժամում:

82. Սույն կանոնների 27-րդ կետը կիրառվում է 2008 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը մատակարարը սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին` ժամը 9:00-ֆից 17:00-ն ընկած ժամանակահատվածում:

83. Մինչև 40 կՎԱ հզորությամբ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը 6(10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում, բացառությամբ Երևան քաղաքի, սույն կանոնների 2-րդ գլխի դրույթները կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը տեխնիկական պայմաններն առաջադրում է մատակարարը, իսկ լրացուցիչ պայմանները` այն անձը, որի էլեկտրատեղակայանքներին միացվում է սպառման համակարգը: Տեխնիկական պայմանների կատարման առավելագույն ժամկետը սահմանվում է 2 տարի, եթե տրված տեխնիկական պայմաններում այլ ժամկետ չի նախատեսված: Տեխնիկական պայմաններով երկրորդ անկախ սնում կարող է տրվել միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է Դիմող անձի սպառման համակարգի նախագծով: Տեխնիկական պայմանները տրամադրելու համար մատակարարը Դիմող անձից գանձում է ծառայության վճար. մինչև 35 կՎ լարման բաշխիչ ցանցին միանալու համար` 5000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ 35 կՎ և 110 կՎ լարման բաշխիչ ցանցին միանալու համար` 10000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Տեխնիկական պայմաններ տալու համար մատակարարի կողմից գանձված ծառայության վճարը վերադարձման ենթակա չէ: Նոր միացվող կամ վերակառուցվող սպառման համակարգը լարման տակ դնելու համար Դիմող անձը մատակարարին է ներկայացնում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը): Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններով սահմանված դեպքերում Դիմող անձը մատակարարին ներկայացնում է նաև համապատասխան որակավորում ունեցող, էլեկտրատնտեսության պատասխանատու անձ նշանակելու մասին հրամանի պատճենը:

(83-րդ կետը լրաց. 25.04.08 N 209-Ն, փոփ. 24.12.08 N 711-Ն)

84. Սույն կանոնների 2-րդ գլխի դրույթները կիրառվում են էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց վրա` 2011 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց սպառման համակարգի` էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանների տրամադրումն իրականացվում է սույն կանոնների 83-րդ կետի համաձայն:

(84-րդ կետը լրաց. 27.05.09 N 256-Ն)

Հավելված N 1
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի դեկտեմբերի 27-ի
N 358-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ) ՕՊԵՐԱՏԻՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Սույն կարգով կանոնակարգվում են սպառողի (բացառությամբ բնակչության) (այսուհետ՝ Սպառող) սարքավորումների և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքների (այսուհետ՝ սարքավորումների ու ՌՊԱ սարքվածքների) մատակարարի օպերատիվ կառավարման և (կամ) վարույթի ներքո (այսուհետ՝ օպերատիվ ենթակայությանը) հանձնելու ընթացակարգն ու դրանց կարգավարման ընթացքում մատակարարի և Սպառողի
օպերատիվ փոխհարաբերությունները:

(Նախաբանը լրաց. 06.04.07 N 155-Ն)

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն կարգը տարածվում է այն Սպառողների վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգով սահմանված է օպերատիվ անձնակազմ (էլեկտրատնտեսության պատասխանատու) ունենալու պահանջը:

(1.1 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

1.2. Մատակարարի օպերատիվ ենթակայությանը հանձնելու ենթակա սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների ցանկը սահմանում է մատակարարը՝ քննարկելով այն սպառողի հետ: Այդ ցանկում ներառվում են Սպառողի այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնց կարգավարումը մատակարարի կողմից անհրաժեշտ է սպառողների էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը և բաշխման ցանցի անվտանգ շահագործումն ապահովելու համար: Ցանկում ներառվում են նաև Սպառողի այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնց օպերատիվ ենթակայությունը մատակարարի կարգավարին անհրաժեշտ է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

(1.2 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)


2. Մատակարարի պարտականությունները

 

2.1. Մատակարարը պարտավոր է՝

1) իրականացնել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Սպառողի սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների օպերատիվ կարգավարումը՝ հիմք ընդունելով այդ սարքավորումների և սարքվածքների տեխնիկական անձնագրերով սահմանված հարաչափերը.

2) տեղեկացնել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիազորված մարմնին իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ՌՊԱ սարքվածքներում տեղի ունեցած վթարների մասին՝ դրանց քննությունը կազմակերպելու համար.

3) առնվազն երեք տարի պահպանել օպերատիվ գրանցամատյանները և գրանցող սարքերի տեխնիկական հնարավորությունների սահմաններում օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները.

4) Սպառողի օպերատիվ անձնակազմի պահանջով տրամադրել տեղեկություններ իր էլեկտրամատակարարման արտաքին սխեմայի և սնող գծերի էլեկտրական հարաչափերի (բեռ, լարում և այլն) վերաբերյալ.

5) Սպառողի տնօրինության տակ գտնվող տարածքներ մուտք գործելիս պահպանել դրանցում գործող կանոնակարգը:

(2.1 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

3. Սպառողի պարտականությունները

 

3.1. Սպառողը պարտավոր է՝

1) հանձնել մատակարարի օպերատիվ ենթակայությանն այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնք ընդգրկված են վերջինիս սահմանած ցանկում.

2) կատարել մատակարարի՝ իր իրավասությունների սահմաններում տրված օպերատիվ հրահանգներն ու կարգադրությունները՝ բացառությամբ սույն կարգի 7.4 կետով սահմանված դեպքերի.

3) ապահովել փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող մատակարարի օպերատիվ անձնակազմի շուրջօրյա անարգել մուտքը իր տնօրինության տակ գտնվող տարածքները՝ իրենց իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով.

4) անհապաղ հայտնել մատակարարին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ՌՊԱ սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին.

5) փոխհամաձայնեցնել մատակարարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող իր սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների վերանորոգման կամ դրանք այլ նպատակներով աշխատանքից դուրսբերման տարեկան պլանները:

(3.1 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

4. Օպերատիվ աշխատանքի կազմակերպումը

 

4.1. Մատակարարը և Սպառողը պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 20-ը միմյանց ներկայացնել մատակարարի և Սպառողի իրավասու անձանց կողմից հաստատված՝

1) օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը,

2) օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող օպերատիվ անձնակազմի ցուցակը:

(4.1 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

4.2. Սպառողի կողմից մատակարարի օպերատիվ ենթակայությանը սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հանձնումը կատարվում է հետևյալ ընթացակարգով.

1) ամեն տարի մինչև նոյեմբերի 1-ը մատակարարը Սպառողին է ներկայացնում իր օպերատիվ ենթակայությանը հանձնման ենթակա սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների ցանկը.

2) ամեն տարի մինչև դեկտեմբերի 1-ը Սպառողը մատակարարին է ներկայացնում վերջինիս ներկայացրած ցանկում ընդգրկված սարքավորումների միացման սխեմաները՝ նշելով սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հարաչափերը:

(4.2 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

4.3. Սպառողի սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հանձնումը մատակարարի օպերատիվ ենթակայությանը մինչև դեկտեմբերի 25-ը ձևակերպվում է Սպառողի իրավասու անձի և մատակարարի տեխնիկական ղեկավարի միջև կնքված համաձայնագրով, որը կցվում է Պայմանագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

(4.3 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

5. Օպերատիվ ենթակայությունը

 

5.1. Մատակարարի կարգավարները հերթապահության ընթացքում հանդիսանում են Սպառողի օպերատիվ անձնակազմի ղեկավարները՝ սույն կարգի 1.2 կետով սահմանված գործառույթների շրջանակներում:

(5.1 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

5.2. Սպառողի սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները օպերատիվ ենթակայության տեսակետից կարող են գտնվել՝

1) մատակարարի կարգավարի օպերատիվ կառավարման և վարույթի ներքո,

2) մատակարարի կարգավարի օպերատիվ վարույթի և Սպառողի օպերատիվ կառավարման ներքո:

(5.2 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

5.3. Մատակարարի կարգավարի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հետ գործողությունները կատարում է Սպառողի օպերատիվ անձնակազմը՝ մատակարարի կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:

(5.3 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

5.4. Մատակարարի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Սպառողի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հետ գործողություններ կատարում է Սպառողի օպերատիվ անձնակազմը՝ մատակարարի կարգավարի թույլտվությամբ: Գործողությունները կատարվում են Սպառողի ներքին հրահանգների համաձայն:

(5.4 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

6. Հայտերի ընդունման, դրանց թույլտվության, սարքավորումները նորոգման դնելու եվ նորոգումից դուրս բերելու կարգը

 

6.1. Մատակարարի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների ու ՌՊԱ սարքվածքների նորոգումները կատարվում են Սպառողի կողմից տրված հայտերի համաձայն:

(6.1 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.2. Հայտերի մեջ նշվում են սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի կարգավարական անվանումը, աշխատանքների բովանդակությունն ու ժամկետը, անհրաժեշտության դեպքում սարքավորումը կամ ՌՊԱ սարքվածքը նորոգումից դուրս բերելու և աշխատանքի մեջ դնելու (վթարային պատրաստականություն) ժամկետը: Տվյալների անբավարարության դեպքում հայտերը չեն ընդունվում:

(6.2 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.3. Պլանային նորոգումների համար մատակարարի կարգավարին հայտերը տրվում են առնվազն երկու սպասարկման օր առաջ՝ սպասարկման օրվա ժամը 11.00-15.00-ն:

(6.3 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.4. Սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի անհապաղ անջատելու անհրաժեշտության դեպքում Սպառողը, թույլտվություն ստանալով մատակարարի կարգավարից, անջատում է այն, այնուհետև տալիս է շտապ հայտ: Շտապ հայտերը կարող են տրվել շաբաթվա ցանկացած օրը և օրվա ցանկացած ժամին:

(6.4 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.5. Տարբեր միացությունների վրա հերթականությամբ նույնատիպ աշխատանքներ կատարելու դեպքում յուրաքանչյուր միացության համար ձևակերպվում է առանձին հայտ:

(6.5 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.6. Սարքավորման և ՌՊԱ սարքվածքի նորոգման ժամկետը երկարացնելու վերաբերյալ հայտերը հաղորդվում են դրանց վերջնաժամկետը լրանալուց մեկ օր առաջ: Հայտում նշվում են երկարացման պատճառը և ժամկետը:

(6.6 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.7. Հայտերի պատասխանները մատակարարի կարգավարը հայտնում է Սպառողին հայտով նախատեսված նորոգումը սկսելուց մեկ սպասարկման օր առաջ՝ մինչև ժամը 1400-ն:

(6.7 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.8. Թույլատրված հայտով աշխատանքներն սկսելուց առաջ Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է մատակարարի կարգավարից թույլտվություն ստանալ սարքավորումը նորոգման դուրս բերելու համար: Մատակարարի կարգավարը կարող է արգելել կամ հետաձգել թույլատրված հայտը, եթե հայտով նախատեսված աշխատանքների կատարումը խաթարում է սպառողների էլեկտրամատակարարումը:

(6.8 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.9. Եթե Սպառողը թույլատրված հայտով աշխատանքը չի կատարում, ապա մատակարարի կարգավարը նշում է աշխատանքը չկատարելու պատճառը: Այդ մասին մատակարարի կարգավարը համապատասխան գրանցում է կատարում օպերատիվ մատյանում:

(6.9 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

6.10. Մատակարարի կարգավարը իրավունք ունի թույլատրել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի վրա աշխատանքների կատարումը օպերատիվ կարգով, եթե դրանց տևողությունը սահմանափակվում է իր հերթափոխով:

(6.10 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

7. Մատակարարի օպերատիվ կարգադրությունները եվ դրանց կատարման ընթացակարգը

 

7.1. Մատակարարի կարգավարն իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների վերաբերյալ տալ հետևյալ կարգադրությունները.

1) նորոգման դնելու կամ նորոգումից դուրս բերելու,

2) լարման տակ դնելու կամ հոսանքազրկելու,

3) գործողության մեջ դնելու կամ գործողությունից հանելու,

4) միացման կամ անջատման,

5) սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների զննումներ կատարելու:

(7.1 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

7.2. Մատակարարի կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին Սպառողի օպերատիվ անձնակազմի հաղորդագրություն գրանցվում են մատակարարի կարգավարի և Սպառողի օպերատիվ մատյաններում:

(7.2 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

7.3. Ստանալով մատակարարի կարգավարի կարգադրությունը, Սպառողի հերթապահը պարտավոր է կրկնել այն, ստանալ հաստատումը և գրանցել օպերատիվ մատյանում, իսկ կարգադրությունը կատարելուց հետո գրանցել օպերատիվ մատյանում և հայտնել մատակարարի կարգավարին: Եթե Սպառողի օպերատիվ հերթապահությունը իրականացվում է մեկ հերթապահի կողմից, ապա աշխատատեղից բացակայելու համար վերջինս պարտավոր է թույլտվություն ստանալ մատակարարի կարգավարից:

(7.3 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

7.4. Մատակարարի կարգավարների կարգադրությունները Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է կատարել առանց վերապահումների, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կարգադրության կատարումը Սպառողի օպերատիվ անձնակազմի գնահատմամբ կարող է սպառնալ մարդկանց անվտանգությանը և էլեկտրատեղակայանքների ամբողջականությանը, ինչի մասին Սպառողի հերթապահը տեղեկացնում է կարգադրություն տվող կարգավարին, ինչպես նաև իր ղեկավարին՝ օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

(7.4 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

7.5. Այն դեպքում, երբ կարգադրություն ընդունողը համարում է այն սխալ, պետք է ներկայացնի հիմնավորված առարկություն: Կարգադրությունը կրկնվելու դեպքում Սպառողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է այն կատարել:

(7.5 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

7.6. Մատակարարի կարգավարն իրավունք ունի Սպառողի իրավասու անձից պահանջել փոխարինել իրեն օպերատիվ կարգով ենթակա հերթապահին՝ վերջինիս կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում:

(7.6 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

7.7. Հերթապահը համարվում է փոխարինված, երբ նոր հերթապահը ընդունում է հերթափոխը՝ օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

(7.7 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

8. Օպերատիվ խոսակցությունների վարումը

 

8.1. Օպերատիվ խոսակցությունները ներառում են.

1) Մատակարարի կարգավարի կարգադրությունները Սպառողի օպերատիվ անձնակազմին և վերջինիս կողմից դրանց կատարման մասին զեկույցը.

2) Սպառողի օպերատիվ անձնակազմի հաղորդագրությունները սարքավորման վիճակի փոփոխությունների, խախտումների և ռեժիմային հարաչափերի մասին:

(8.1 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

8.2. Օպերատիվ խոսակցությունների ժամանակ կարգավարները պարտավոր են միմյանց դիմել միայն պաշտոնապես՝ ազգանունով:

(8.2 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

8.3. Օպերատիվ կարգադրությունները պետք է տրվեն հստակ, առանց ավելորդ արտահայտությունների և որոշակի կրճատումներով, համաձայն մատակարարի կենտրոնական կարգավարական ծառայությունում գործող կարգավարական անվանումների և հապավումների ցուցակի, որը վերջինս պարտավոր է տրամադրել Սպառողին:

(8.3 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

8.4. Կարգադրությունն ընդունող անձը պարտավոր է այն կրկնել, իսկ տվողը՝ հաստատել:

(8.4 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

9. Ռելեական պաշտպանության եվ ավտոմատիկայի սարքվածքների կարգավարումը

 

9.1. Մատակարարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Սպառողի ՌՊԱ սարքվածքների նախադրվածքները հաշվարկում և կատարման համար Սպառողին է առաջադրում մատակարարը:

(9.1 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.2. Մատակարարը և Սպառողը ՌՊԱ սարքվածքների վերաբերյալ առաջադրանքները և տեղեկատվությունը պարտավոր են միմյանց ներկայացնել գրավոր: Առանձին դեպքերում, ելնելով հրատապությունից, դրանք կարող են ներկայացվել հեռախոսագրի տեսքով:

(9.2 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.3. Մատակարարից ՌՊԱ սարքվածքների դրվածքների փոփոխության վերաբերյալ առաջադրանք ստանալու դեպքում Սպառողը պարտավոր է այդ առաջադրանքները կատարել նշված ժամկետում և անմիջապես հայտնել կատարման մասին:

(9.3 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.4. Վթարային անջատումների դեպքում, մատակարարի պահանջով, Սպառողը պարտավոր է 2 օրվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն իր տարածքում տեղի ունեցած կարճ միացման տեղի և տեսակի վերաբերյալ, ինչպես նաև վթարի վերաբերյալ գրանցող սարքերից ստացված տեղեկատվությունը:

(9.4 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.5. Վթարային անջատումների դեպքում, եթե առկա է ՌՊԱ սարքվածքների սխալ աշխատանքը, մատակարարի պահանջով Սպառողը կատարում է հետվթարային ստուգումներ և ստացված արդյունքները գրավոր ներկայացնում մատակարարին:

(9.5 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.6. Սպառողը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել ՌՊԱ սարքվածքների անսարքությունները և այդ մասին հայտնել մատակարարին:

(9.6 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.7. Սպառողը պարտավոր է մատակարարի հիմնավորված պահանջով կատարել ՌՊԱ սարքվածքների արտահերթ ստուգում:

(9.7 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

9.8. Սպառողը պարտավոր է պլանային և արտապլանային ստուգումներից անմիջապես հետո արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնել մատակարարին:

(9.8 կետը լրաց. 06.04.07 N 155-Ն)

(Կարգը լրաց. 06.04.07 N 155-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի դեկտեմբերի 27-ի
N 358-Ն որոշման

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N ___

 

________________
(կնքման վայրը)

«___»_________200  թվական

 

Նոր սպառողը կամ կառուցապատողը կամ սպառման համակարգը վերակառուցող սպառողը,

 

այսուհետև՝ Պատվիրատու_________________________________________________,

(անունը, ազգանունը, հայրանունը կամ ընկերության անվանումը)

 

ի դեմս _________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է _________________________________________________հիման վրա,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մի կողմից, և Մատակարարը՝ _______________________________________________,

(ընկերության անվանումը)

 

__________________________________________________________________

(մասնաճյուղի անվանումը)

 

ի դեմս _________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է__________________________________________________հիման վրա,

 (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի համաձայն Մատակարարն իրականացնում է Պատվիրատուի սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել իր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար:

 

2. Կողմերի պարտավորությունները

 

2.1. Մատակարարը պարտավոր է.

1) Պատվիրատուի դիմումի հիման վրա իրականացնել նրա սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին` Կողմերի միջև համաձայնեցված տեխնիկատնտեսական հիմնավորմանը համապատասխան.

2) Պատվիրատուի սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին ավարտել

_________________________.

(օրը, ամիսը, տարին)

 

2.2. Պատվիրատուն պարտավոր է.

1) իր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու համար վճարել միացման վճարը_________դրամ՝ սույն պայմանագրի 3-րդ գլխում սահմանված կարգով.

2) Մատակարարին գրավոր տեղեկացնել ցանկացած փոփոխության մասին, որը կարող է ազդեցություն ունենալ միացման կամ միացման վճարի կատարման ժամկետների վրա:

 

3. Վճարման կարգը

 

3.1. Պատվիրատուն ամբողջությամբ վճարում է իր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարը՝ սույն պայմանագրի 2.1 կետի 2‑րդ ենթակետով սահմանված ժամկետից առնվազն 1 աշխատանքային օր առաջ:

3.2.  (3.2 կետն ուժը կորցրել է 11.03.09 N 93-Ն)

3.3.  (3.3 կետն ուժը կորցրել է 11.03.09 N 93-Ն)

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

4.2. Սույն պայմանագրի 2.1 կետի 2-րդ ենթակետի խախտման դեպքում Մատակարարը Պատվիրատուին վճարում է տույժ, որի չափը սահմանում են Կողմերը` սույն պայմանագրի 6‑րդ գլխում:

4.3. Սույն պայմանագրի 3.1 կետի խախտման դեպքում Պատվիրատուն Մատակարարին վճարում է տույժ, որի չափը սահմանում են Կողմերը` սույն պայմանագրի 6‑րդ

գլխում:

 

5. Լրացուցիչ պայմաններ

 

5.1. Կողմերի միջև համաձայնեցված տեխնիկատնտեսական հիմնավորումը և միացման վճարի հաշվարկը կցվում են սույն պայմանագրին:

6. Այլ պայմաններ (լրացնում են Կողմերը)

6.1._____________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________

 

7. Վեճերի լուծումը

 

7.1.   Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջնորդությամբ:

7.2. Սույն պայմանագրի 7.1 կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

8. Պայմանագրի գործողության ժամկետը և փոփոխման կարգը

 

8.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրի 2.1 կետի 2-րդ ենթակետով սահմանված պարտավորության իրականացման փաստացի ժամկետը:

8.2. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար:

8.3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Կողմերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

8.4. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Կատարող ` 

գտնվելու վայրը _____________

Հ/Հ _____________________

հեռախոս __________________

էլ. փոստի հասցեն _____________

ֆաքս_____________________
գործունեության լիցենզիա N 

ղեկավար

__________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

Պատվիրատու՝ 

բնակության վայրը (գտնվելու վայրը)

_______________________

հեռախոս _________________

էլ. փոստի հասցեն ____________

ֆաքս ____________________

ղեկավար

__________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

(N 2 հավելվածը լրաց. 21.12.07 N 658-Ն)