Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-917
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.29/47(781) Հոդ.1087
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


Քաղ. Երևան

18 սեպտեմբերի 2010 թ.


ՔԱՂԱՔԱՑԻ ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1217-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

 մասնակցությամբ` դիմող Ս. Հարությունյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19, 25, 38 և 69-րդ հոդվածների,

 դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Սվետա Հարությունյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղ. Ս. Հարությունյանի` 23.02.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, որպես փորձագետ ներգրավված` իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Տ. Բարսեղյանի փորձագիտական եզրակացությունը, հետազոտելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.06.1998թ. ընդունված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի վիճարկվող հոդվածը` «Երկրորդ հերթի ժառանգներ» վերտառությամբ, սահմանում է.

«Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Դիմողը հանդիսանում է ժառանգատու Ա. Սողոմոնյանի չորրորդ հերթի ժառանգ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժառանգատուն առաջին հերթի ժառանգներ չունի` Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակը որպես ժառանգատուի երկրորդ հերթի ժառանգ է ճանաչել նրա համամայր քրոջը: Դիմող Ս. Հարությունյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` նոտարական գրասենյակի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրերի առոչինչ լինելը ճանաչելու և ժառանգության իրավունքի վկայագրեր տալուն պարտավորեցնելու վերաբերյալ հայցապահանջներով` այն հիմնավորմամբ, որ ժառանգատուի համամայր քույրը չի կարող հանդես գալ որպես երկրորդ հերթի ժառանգ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի իմաստով: ՀՀ վարչական դատարանն իր` 23.04.2009թ. վճռով հայցը մերժել է: Վարչական դատարանն իր վճռի պատճառաբանական մասում վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009թ. նախադեպային նշանակության որոշման մեջ առկա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի մեկնաբանությունը, ըստ որի` այդ նորմով սահմանված` երկրորդ հերթի ժառանգների մեջ մտնում են նաև ոչ հարազատ (համամայր և համահայր) եղբայրներն ու քույրերը:

3. Դիմողը, որպես օրենսգրքի վիճարկվող` 1217-րդ հոդվածի հակասահմանադրականության հիմնական փաստարկ, մատնանշում է այդ նորմի անհամապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին: Դիմողը գտնում է` սահմանելով միայն, որ «Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ եղբայրները և քույրերը»` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածով սահմանված դրույթը չի հստակեցնում նշված հարաբերությունների կիրառելիության սահմանները և իր ոչ բավարար ճշգրտության պատճառով իրավակիրառողին հնարավորություն չի ընձեռում առաջնորդվել այդ նորմի կիրառելիության իրավաչափության միանշանակ և անվիճելի չափանիշներով, ինչն էլ հիմք է ծառայել, որպեսզի դատարանը նորմի բովանդակությունը բացահայտելու համար հղում կատարի մեկ այլ իրավական ակտի` ՀՀ ընտանեկան օրենսգրքին` գույքային հարաբերությունները մեկնաբանելով ամուսնաընտանեկան հարաբերությունների սկզբունքների և անձանց ազգակցական կապի ընկալման տեսանկյունից: Ըստ դիմողի` վիճարկվող դրույթի անորոշությունը թույլ է տվել ՀՀ վճռաբեկ դատարանին տալ նշված նորմի այնպիսի մեկնաբանություն, որը հանգեցրել է իր` ժառանգություն ստանալու իրավունքի, հետևաբար` նաև ՀՀ Սահմանադրության 8 և 31-րդ հոդվածներով սահմանված սեփականության իրավունքի խախտմանը:

4. Պատասխանողը գտնում է, որ ըստ օրենքի ժառանգների հերթականությունը, ինչպես նաև կոնկրետ հերթի ժառանգների սահմանումը (այդ թվում ժառանգների շրջանակի ավելացումը կամ սահմանափակումը) որևէ պարագայում չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով նախատեսված սեփականության կամ 31-րդ հոդվածով երաշխավորված` իր սեփականությունը կտակելու իրավունքի խախտում, քանի որ օրենսդրությամբ երաշխավորված է կենդանության օրոք կտակի միջոցով իր սեփականության ճակատագիրը որոշելու քաղաքացու իրավունքը: Ներկայացված դիմումում դիմողն ըստ էության վիճարկվող դրույթի հակասահմանադրականության որևէ հիմնավորում չի ներկայացրել: Դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց` ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության և կիրառման արդյունքում ընդունված դատական ակտերի օրինականության հարց: Դիմողն ըստ էության ներկայացրել է վիճարկվող իրավադրույթի սեփական, կամայական, պաշտոնական (դատական) մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն, չի ներկայացրել ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներին դրա հակասության որևէ հիմնավորում:

Պատասխանողը նաև եզրակացնում է, որ եղբայրների ու քույրերի հարազատ կամ համահայր կամ համամայր լինելը ժառանգական իրավահարաբերություններում իրավաբանական նշանակություն չպետք է ունենա:

Պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովն իր բացատրություններում սահմանադրական դատարանին տեղեկացրել է նաև, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն` երկրորդ հերթի ժառանգներ են նախատեսվում ճանաչել «...ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը»:

5. Սահմանադրական դատարանի 22.06.2010թ. ՍԴԱՈ-69 աշխատակարգային որոշմամբ որպես փորձագետ ներգրավված` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Տարիել Բարսեղյանի ներկայացրած փորձագիտական եզրակացության համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածը չի բխում ժառանգման իրավունքի էությունից և դոկտրինայում ընդունված մոտեցումներից, ինչպես նաև հաշվի չի առնում հայ ժառանգման իրավունքի պատմությունը: Փորձագետը եզրահանգում է, որ համամայր և համահայր քույրերին ու եղբայրներին ըստ օրենքի ժառանգների շրջանակից բացառելիս միևնույն կատեգորիային պատկանող անձանց իրավունքների նկատմամբ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում:

 6. ՀՀ սահմանադրական դատարանը կարևոր է համարում վեճի առարկա օրինադրույթի սահմանադրականության հարցի լուծման շրջանակներում պարզել «հարազատ քույր և եղբայր» և «ոչ հարազատ (համահայր կամ համամայր) քույր և եղբայր» եզրույթների սահմանադրաիրավական ընդհանրություններն ու տարբերությունները:

ՀՀ գործող օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ ազգակցական հարաբերությունների համատեքստում այդ հասկացությունները ներառվում են միևնույն խմբում և դիտարկվում են որպես մերձավոր հարազատներ: Օրինակ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի բ) կետով սահմանվում է, որ արգելվում է ամուսնություն կնքել «մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների` ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև»:

Բացի դրանից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 39 և 40-րդ կետերում տրվում են հասկացութային հետևյալ կոնկրետ ձևակերպումները.

«39) ազգականներ` ազգակցական կապի մեջ գտնվող և մինչև նախապապը կամ նախատատն ընդհանուր նախնիներ ունեցող անձինք.

 40) մերձավոր ազգականներ` ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը և ամուսնու ծնողները, վերջիններիս համար` փեսան և հարսը»:

ՀՀ օրենսդրության համալիր ուսումնասիրությունը վկայում է նաև, որ ՀՀ գործող տարբեր իրավական ակտերում տեղ են գտել հետևյալ երեք տարբեր հասկացությունները. «քույրեր և եղբայրներ», «հարազատ քույրեր և եղբայրներ» և «ոչ հարազատ (համամայր կամ համահայր) քույրեր և եղբայրներ»:

Այսպես, «քույրեր և եղբայրներ» ընդհանրական հասկացությունը (որն ըստ էության ներառում է ինչպես հարազատ, այնպես էլ ոչ հարազատ (համամայր կամ համահայր) քույրերին և եղբայրներին) տեղ է գտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում (հոդվ. 1219), «Քաղաքացիական ծառայության մասին» (հոդվ. 24), «Օտարերկրացիների մասին» (հոդվածներ 8, 15), «Քաղաքացիական կացության ակտերի մասին» (հոդվ. 74.1), «Հայաստանի փրկարար ծառայության մասին» (հոդվածներ 39, 94), «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» (հոդվ. 16), «Զինապարտության մասին» (հոդվ. 11), «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» (հոդվ. 24) և ՀՀ այլ օրենքներում:

«Հարազատ քույրեր և եղբայրներ» հասկացությունը տեղ է գտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում (հոդվ. 6), ՀՀ քաղաքացիական օրենսգրքում (հոդվ. 1217), ՀՀ ընտանեկան օրենսգրքում (հոդվ. 11), «Մարդուն օրգաններ և(կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» (հոդվ. 7), «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» (հոդվ. 2), «Քաղաքացիական կացության ակտերի մասին» (հոդվ. 6), «Փախստականների և ապաստանի մասին» (հոդվ. 7), «Զինվորական ծառայություն անցնելու մասին» (հոդվածներ 16, 51), «Զինապարտության մասին» (հոդվ. 12) և ՀՀ այլ օրենքներում:

«Ոչ հարազատ (համամայր կամ համահայր) քույրեր և եղբայրներ» հասկացությունը տեղ է գտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում (հոդվ. 6), ՀՀ ընտանեկան օրենսգրքում (հոդվ. 11), ինչպես նաև «ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» (կետ 38), «ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» (կետ 58) ՀՀ կառավարության որոշումներում:

Ընդ որում, հիշյալ իրավական ակտերի մեծ մասում կիրառվում են նշված հասկացություններից առնվազն երկուսը: Օրինակ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում կիրառվում է «հարազատ» և «ոչ հարազատ (համամայր կամ համահայր) եղբայրները և քույրերը» հասկացությունները: Նույնը վերաբերում է նաև ՀՀ վարչական և վճռաբեկ դատարանների կողմից մատնանշված ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածին: Կամ` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 74.1-րդ հոդվածում կիրառվում է «եղբայրներ և քույրեր» ընդհանրական հասկացությունը, իսկ 6-րդ հոդվածում` «հարազատ եղբայր և քույր» հասկացությունը:

Նույնը կարելի է արձանագրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ըստ օրենքի ժառանգության ինստիտուտը կարգավորող` վիճարկվող 1217-րդ հոդվածի և 1219-րդ հոդվածի առնչությամբ: Այս դեպքում օրենսդիրը երկրորդ հերթի ժառանգներին սահմանելիս օգտագործում է «հարազատ եղբայրները և քույրերը» հասկացությունը, իսկ չորրորդ հերթի ժառանգներին նշելիս` «եղբայրները և քույրերը» հասկացությունը:

Գործող օրենսդրության վերլուծությունը վկայում է նաև, որ այն իրավահարաբերություններում, որում կարևորվում է գենետիկական ներդաշնակության առաջնայնությունը` օրենսդիրը տարանջատել է հարազատ եղբայրներ ու քույրեր և համահայր կամ համամայր եղբայրներ ու քույրեր հասկացությունները` դրանց հավասար իրավունքների ու պարտականությունների շեշտադրման նկատառումներով, իսկ ժառանգական իրավահարաբերություններում ընդհանրապես առանձին անդրադարձ չի եղել համահայր կամ համամայր եղբայրներին ու քույրերին:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ըստ օրենքի ժառանգության ինստիտուտին առնչվող տարբեր դեպքերի համար օրենսդիրն օգտագործում է տարբեր հասկացություններ. մի դեպքում` «հարազատ եղբայրներ և քույրեր» հասկացությունը, մյուս դեպքում` «եղբայրներ և քույրեր» հասկացությունը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 1217-րդ հոդվածում օրենսդիրը նկատի է ունեցել բացառապես հարազատ քույրերին և եղբայրներին: Ընդ որում, այդպիսի տարանջատումն սկզբունքորեն վերապահված է օրենսդրի հայեցողությանը, եթե այն իրականացվում է բավարար առարկայական հիմնավորվածությամբ և հետևողականությամբ՝ հիմնվելով համակարգային ընդհանուր սկզբունքների վրա:

7. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ժառանգության ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը, ինչպես նաև այն հարցի պարզաբանմանը, թե օրենսդրի կողմից հարազատ և համահայր կամ համամայր քույրերի և եղբայրների միջև տարանջատում կատարելու հայեցողությունն արդյո՞ք իրականացվել է բավարար առարկայական հիմնավորվածությամբ և հետևողականությամբ՝ հիմնվելով համակարգային ընդհանուր սկզբունքների վրա:

Այս նպատակով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները հաշվի առնելով` սահմանադրական դատարանը քննության առարկա հարցի վերաբերյալ հստակ իրավական դիրքորոշում կարող է արտահայտել վիճարկվող նորմը դրա հետ համակարգային փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 72-րդ գլխի` տարբեր հերթի ժառանգների շրջանակը որոշող դրույթների հետ համադրության մեջ դիտարկելով միայն:

Ժառանգության բովանդակությունը և, հետևաբար, ժառանգման իրավունքը սահմանված են օրենսգրքի 1184-րդ հոդվածով: Ըստ այդ հոդվածի 1-ին կետի` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն):

Ժառանգման իրավունքն ուղղակիորեն ամրագրված էր նաև ՀՀ Սահմանադրության նախորդ խմբագրությամբ տեքստի 28-րդ հոդվածում: Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ` «Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ»: Այսինքն` ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պետությունը ճանաչում է նաև ժառանգման իրավունքը, որը ներառում է ոչ միայն ժառանգություն տալու, այլ նաև ժառանգություն ստանալու իրավունքները:

Ժառանգական իրավունքն ապահովում է սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը նաև նրա մահից հետո` հնարավոր դարձնելով նրա սեփականատիրական իրավազորությունների հաջորդայնությունը: Միևնույն ժամանակ, այն ժառանգի համար առաջացնում է ժառանգատուի սեփականության հանդեպ իրավահաջորդության սահմանադրորեն պաշտպանված հնարավորություն: Ժառանգական սուբյեկտիվ իրավունքը, այսպիսով, պաշտպանում է թե ժառանգություն տալու, թե ժառանգություն ընդունելու (ստանալու) իրավունքները: Ըստ օրենքի` ժառանգումը հիմնված է այն ենթադրության վրա, որ ժառանգորդների շրջանակը, դրանց ժառանգության հրավիրելու հերթերը, ժառանգական գույքի չափը սահմանող օրենքը համապատասխանում են ժառանգատուի կամքին, որը չի ցանկացել կամ չի կարողացել արտահայտել իր կամքը այլ կերպ, օրինակ` կտակի միջոցով:

Սեփականությունն ըստ օրենքի ժառանգություն ընդունելու իրավունքը խարսխվում է, որպես կանոն, ժառանգատուի և ժառանգի միջև ազգակցական կապի կանխավարկածի վրա, չնայած որ ժառանգատուն ազատ է իր գույքը կտակելու ցանկացած անձի, այլ ոչ միայն իր ազգականներին: Սակայն ժառանգական իրավունքի գործառույթը կայանում է նաև նրանում, որ ապահովվի ժառանգատուի ընտանիքի անդամների տնտեսական զարգացման հնարավորությունը՝ առնվազն գոնե նրա հետ առավել սերտորեն փոխկապակցված ազգականների հարադրությամբ: Այս իմաստով ժառանգատուի ընտանիքը կազմում են ոչ միայն այն անձինք, որոնց նա իր կենդանության ժամանակ տրամադրել է ապրուստի միջոցներ, այլև այն տնտեսական միավորումը, որն ունեցել է և ունի ժառանգական գույքով պայմանավորված տնտեսական և սոցիալական համատեղ շահեր: Դրանով է կանխորոշվում ժառանգության ինստիտուտի բովանդակությունը:

Ժառանգատուի և ժառանգների միջև ազգակցական հարաբերություններում, իր հերթին, առաջանում է գենետիկ գործոններով պայմանավորված աստիճանակարգություն, որը ենթադրում է ժառանգման հարցում ժառանգատուի ուղղակի ժառանգների նախապատվությունն այլ ժառանգների համեմատ: Որքան ավելի մերձ է ժառանգատուի և ժառանգի ազգակցական կապը, այնքան ավելի մեծ է ըստ օրենքի ժառանգման առաջնահերթությունը տվյալ ժառանգի համար:

8. Օրենսգրքի վիճարկվող` 1217-րդ հոդվածով ժառանգատուի երկրորդ հերթի ժառանգներ են համարվում ժառանգատուի հարազատ քույրերը և եղբայրները: Այսինքն` օրենսդիրը երկրորդ հերթի ժառանգների թվին է դասում երկրորդ աստիճանի կողային ազգականներին: Ընդ որում, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կողային ազգակցություն է համարվում ընդհանուր նախնիից անձանց սերված լինելու արյունակցական կապը: Այս տեսակետից և՛ հարազատ, և՛ համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները ժառանգատուի հանդեպ կարող են դիտվել միևնույն` երկրորդ աստիճանի ազգակցական կապի մեջ, հետևաբար` նաև միևնույն կատեգորիայի մեջ, քանի որ նրանք ունեն ընդհանուր նախնի` հայր և/կամ մայր:

Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ ժառանգատուի համահայր կամ համամայր քույրերը և եղբայրները ժառանգատուի հարազատ քույրերի և եղբայրների համեմատությամբ ժառանգատուի նկատմամբ գտնվում են միայն մասնակի մերձավոր ազգակցական կապի մեջ, ինչը թույլ է տալիս արձանագրել, որ վերջիններս նույն կատեգորիայի շրջանակներում գտնվում են տարբեր ենթակատեգորիաների մեջ, ինչը, իր հերթին, համակարգային ընդհանուր սկզբունքների վրա հիմնված որոշակի առարկայական տարբերակման հիմք կարող է հանդիսանալ, և այդ առումով կարող է նաև ներգործել ժառանգման հերթականության վրա: Սակայն համամայր և համահայր քույրերին և եղբայրներին ժառանգման հերթից ընդհանրապես դուրս թողնելը չի կարող բավարար չափով հիմնավորվել հիշյալ օբյեկտիվ տարբերությամբ, և անհրաժեշտ ու իրավաչափ չէ ժառանգման նպատակին հասնելու համար:

Այս առումով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 72-րդ գլխում առկա է այնպիսի օրենսդրական բաց, որը չի կարող լրացվել այլ իրավական երաշխիքներով և որի պայմաններում չի ապահովվում անձի ժառանգման իրավունքի իրացման հնարավորությունը: Նման օրենսդրական բացը հանգեցնում է արյունակցական ավելի թույլ կապի պատկանող անձանց մի մասի իրավունքների արգելափակման, ինչը չի կարող օբյեկտիվորեն արդարացված նպատակ հետապնդել:

Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն իրավասու է հաշվի առնելով հարազատ և համահայր կամ համամայր քույրերի և եղբայրների միջև առկա օբյեկտիվ տարբերությունը` համահայր կամ համամայր քույրերին և եղբայրներին դասել մեկ այլ` հաջորդ հերթի ժառանգների թվին /ինչն ընդունված է մի շարք երկրների ժառանգական իրավունքում/: Սակայն օրենսդիրն իրավասու չէ այդ տարբերությունն օգտագործել համահայր կամ համամայր քույրերին և եղբայրներին ժառանգությունից օրենքի ուժով ընդհանրապես բացառելու համար: Այդչափ լայն սահմանափակումն օրենսգրքի՝ ըստ օրենքի ժառանգությանը վերաբերող գլխում բավարար չափով հիմնավորված չէ առարկայական չափանիշներով: Այն ժառանգություն ստանալու սահմանադրական իրավունքի ոչ համաչափ սահմանափակում է՝ Սահմանադրության 1-ին հոդվածից (իրավական պետության սկզբունք) բխող համաչափության սկզբունքի և իրավահավասարության սկզբունքի (Սահմանադրության 14.1-րդ հոդվ.) տեսանկյունից:

9. Տարբեր երկրների (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Վրաստան, Մոլդովա և այլն) քաղաքացիական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ ժառանգական իրավահարաբերություններում, որում իրավահաջորդության և անձի սեփականության իրավունքի հարցեր են շոշափվում, խտրականություն չի դրվում հարազատ և համահայր կամ համամայր քույրերի ու եղբայրների միջև կամ առնվազն համահայր կամ համամայր եղբայրներն ու քույրերը դուրս չեն թողնվում այդ իրավահարաբերություններից:

Հայ իրավունքում ևս, այդ թվում խորհրդային տարիների, ժառանգման իրավահարաբերություններում երբևէ տարբերակում չի դրվել հարազատ և համահայր ու համամայր քույրերի ու եղբայրների միջև: Դատական պրակտիկան նույնպես ընթացել է այս ճանապարհով: Նույնիսկ այն բանից հետո, երբ 1999թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածով ամրագրվեց «հարազատ եղբայրները և քույրերը» արտահայտությունը, դատական պրակտիկան շարունակեց ընթանալ ավանդաբար ձևավորված կարգով: Այդ մասին է վկայում նաև ՀՀ դատական դեպարտամենտի կողմից 2010թ. հուլիսի 6-ին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված տեղեկանքը:

ՀՀ վճռաբեկ դատարանի եզրահանգումն այն է, որ «... ժառանգական իրավահարաբերություններում ժառանգատուի հարազատ եղբայրներին և քույրերին հավասարեցված են նաև ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույրերը և եղբայրները»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշման մեջ հետևողականություն չի դրսևորել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների ապահովման առումով: Վերջինս, մասնավորապես, սահմանում է, որ «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով oրենքի պահանջները»:

Մյուս կողմից` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 72-րդ գլխի նորմերի համադրված վերլուծությունը վկայում է, որ ժառանգատուի համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի իրավունքների պաշտպանությունը տվյալ հարաբերություններում կարող է ապահովվել միայն ժառանգման իրավունքի իրացման հնարավորության օրենսդրական երաշխավորմամբ, և նման դիրքորոշումը բխում է իրավունքի գերակայության ապահովման անհրաժեշտությունից:

 Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 72-րդ գլուխն այն մասով, որով բացառում է համամայր և համահայր քույրերի և եղբայրների՝ ժառանգատուի հետ իրենց ազգակցական փոխկապակցվածության աստիճանին համարժեք ժառանգման իրավունքը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին և 14.1-րդ հոդվածի երկրորդ մասին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


18 սեպտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-917

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան