Գլխավոր տեղեկություն
Համար
N 1185-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.23/46(780) Հոդ.1066
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1185-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն N 3 հավելվածի:».

2) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված «Սևան» ազգային պարկի կանոնադրության 6-րդ կետից հանել «և անհրաժեշտության դեպքում ենթակա է վերանայման» բառերը.

3) «Սևան» ազգային պարկի կանոնադրության 14-րդ կետից հանել «Արտանիշի, Սևանի, Նորատուսի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի և Արևիկի մասնաճյուղերի միջոցով» բառերը.

4) «Սևան» ազգային պարկի կանոնադրության 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով սահմանված օգտագործման ձևերը: Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անասունների արածեցումը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

10) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.

11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

12) վտանգավոր և կենցաղային կոշտ թափոնների մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը և թաղումը.

13) հանքարդյունաբերական գործունեությունը:».

5) «Սևան» ազգային պարկի կանոնադրության 26-րդ և 27-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

6) «Սևան» ազգային պարկի կանոնադրության 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «28. Պարկի տնտեսական գոտու տարածքում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված օգտագործման ձևերը: Տնտեսական գոտու տարածքներում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.

8) ընդերքի շահագործումը` պայթեցման միջոցով.

9) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

11) վտանգավոր և կենցաղային կոշտ թափոնների մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը և թաղումը:».

7) «Սևան» ազգային պարկի կանոնադրության 32-րդ և 33-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

8) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ ենթակետերը.

9) կանոնադրության 10-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «մոնիթորինգի, հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպումն ու իրականացումը, զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության և քաղաքացիների հանգստի հետ կապված վճարովի ծառայությունների մատուցում» բառերը փոխարինել «մոնիթորինգը.» բառով,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ռեկրեացիոն գոտու տարածքում` էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրումն ու հաշվառումը, մոնիթորինգը (սիրողական ձկնորսության կազմակերպում), տարածքների, շենքերի, շինությունների և շարժական գույքի` վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքների կառուցապատման թույլտվությունների տրամադրումը.»,

գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3) տնտեսական գոտու տարածքում` էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրումն ու հաշվառումը, մոնիթորինգը, պարկի արգելոցային, արգելավայրային և ռեկրեացիոն գոտիներին անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղադրումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքների կառուցապատման տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի ու կենդանիների վերարտադրությունը.».

10) կանոնադրության 14-րդ կետը «մարմինը» բառից հետո լրացնել «խորհուրդը» բառով.

11) կանոնադրության 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

1) կազմակերպության հիմնադրումը.

2) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

4) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.

5) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

6) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

7) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:».

12) ուժը կորցրած ճանաչել կանոնադրության 17-րդ կետի 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերը.

13) կանոնադրության 18-րդ կետում «որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը» բառերը փոխարինել «որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով» բառերով.

14) կանոնադրության 19-րդ կետը «լիազորված մարմնի» բառերից հետո լրացնել «ինչպես նաև խորհրդի» բառերով, իսկ «պետական մարմնի» բառերից հետո` «խորհրդի» բառով.

15) կանոնադրության 23-րդ կետը «պետական մարմնի» բառերից հետո լրացնել «խորհրդի» բառով.

16) կանոնադրության 25-րդ կետից հանել «լիազորված պետական մարմնի որոշմամբ» բառերը.

17) կանոնադրության 26-րդ կետից հանել «լիազորված պետական մարմնի համաձայնությամբ» բառերը.

18) կանոնադրության 27-րդ կետի`

ա. 2 -րդ ենթակետը «պետական մարմնի» բառերից հետո լրացնել «խորհրդի» բառով,

բ. 8-րդ և 15-րդ ենթակետերում «լիազորված պետական մարմնի» բառերը փոխարինել «խորհրդի» բառով,

գ. ուժը կորցրած ճանաչել կանոնադրության 27-րդ կետի 10-րդ և 14-րդ ենթակետերը,

դ. 17-րդ ենթակետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «խորհրդին և» բառերով.

19) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.1-27.11-րդ կետերով.

«27.1. Խորհրդի կազմում ընդգրկվում են պարկի տարածքի երկու համայնքների ղեկավարներ` ռոտացիոն սկզբունքով: Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ռոտացիայի իրականացման կարգը սահմանում է խորհուրդը:

27.2. Խորհուրդը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ղեկավարում է կազմակերպության գործունեությունը:

27.3. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) տնօրենից պահանջելու ցանկացած տվյալներ, հաշվետվություններ, փաստաթղթեր, տեղեկություններ.

2) ցանկացած ժամանակ ազատ մուտք գործելու կազմակերպության կամ ազգային պարկի տարածք կամ առանձնացված ստորաբաժանում.

3) հանդիպելու կազմակերպության աշխատողների, ինչպես նաև կազմակերպության հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ.

4) ներկա գտնվելու կազմակերպության ծրագրերի իրականացման, ինչպես նաև պահպանական ու հսկողական աշխատանքներին.

5) տնօրենից և աշխատողներից պահանջելու պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև սույն կանոնադրության, լիազորված պետական մարմնի, խորհրդի և տնօրենի կողմից սահմանված կարգերի, կանոնների ու այլ պարտադիր նորմերի պահանջները.

6) հարց բարձրացնելու խորհրդում` տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, ինչպես նաև` տնօրենի առջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության, լիազորված պետական մարմնի, խորհրդի ու տնօրենի կողմից սահմանված կարգերի, կանոնների և այլ պարտադիր նորմերի պահանջները խախտած աշխատողներին պատասխանատվության ենթարկելու մասին.

7) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող, խորհրդի իրավասությանն առնչվող կամ խորհրդի կողմից սահմանված վերահսկողական կամ այլ գործառույթներ:

27.4. Խորհուրդը`

1) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ.

2) իրականացնում է կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ ընթացիկ վերահսկողություն.

3) նշանակում է կազմակերպության գործադիր մարմին, հաստատում է նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, իրականացնում է նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, սահմանում է գործադիր մարմնի վարձատրության կարգը և պայմանները.

4) հիմնադրի կողմից սահմանված կարգով սահմանում է կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունները.

5) հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթեր.

6) հաստատում է իր աշխատակարգը.

7) սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ.

8) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերի, ներքին կարգապահական և այլ կանոնները.

9) քննարկում և հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի հաշվետվությունները.

10) քննարկում է կազմակերպության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունները.

11) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար.

12) հավանություն է տալիս ազգային պարկի հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի և հողամասի նկատմամբ կնքվող այլ պայմանագրերին ու դրանցում կատարվող փոփոխություններին.

13) հաստատում է կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների մատուցման կարգն ու վճարների չափերը.

14) հաստատում է կազմակերպության կողմից թույլտվություններ տալու կարգն ու դրանց դիմաց վճարվող վճարների չափը.

15) հաստատում է կազմակերպության կողմից վարձակալության կամ օգտագործման իրավունքով հանձնվող գույքի, այդ թվում` հողամասի վարձավճարների, ինչպես նաև հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց վճարների չափերը.

16) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոնները.

17) քննարկում է քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից իրեն ուղղված դիմումները, առաջարկությունները կամ բողոքները.

18) վերահսկողություն է իրականացնում խորհրդի որոշումների կատարման, կազմակերպության գույքի պահպանման նկատմամբ.

19) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

27.5. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են`

1) առաջադրողի նախաձեռնությամբ կամ խորհրդի առաջարկությամբ.

2) իր դիմումի համաձայն.

3) խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում ներկայացնում է նոր թեկնածություն:

 27.6. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) նախագահում է խորհրդի նիստերը.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացումը.

4) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում համակարգում է կազմակերպության գործադիր մարմնի և խորհրդի անդամների կապերը:

27.7. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:

27.8. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև` լիազորված պետական մարմնի, տնօրենի և խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով: Խորհրդի նիստերի անցկացման կարգը կամ ձևը որոշում է խորհրդի նախագահը:

27.9. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

27.10. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի որոշումների մեկ օրինակն ուղարկվում է լիազոր մարմին:

27.11. Խորհրդի անդամները խորհրդի նիստին կարող են մասնակցել ուղիղ հեռակապի միջոցով: Խորհրդի որոշումները կարող են ընդունվել նաև հարցման միջոցով` գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ, ինտերնետային կամ այլ կապի միջոցներով: Եթե խորհրդի որոշման նախագիծը խորհրդի անդամին պատշաճ ուղարկվելուց կամ փոխանցվելուց հետո 7-օրյա ժամկետում խորհրդի անդամի կողմից պատասխան չի տրվում, ապա համարվում է, որ խորհրդի անդամը կողմ է որոշման նախագծին:».

20) ուժը կորցրած ճանաչել կանոնադրության 35-րդ կետի 2-րդ ենթակետը և 43-րդ, 44-րդ, 46-րդ, 49-րդ, 50-րդ կետերը.

21) կանոնադրության 47-րդ կետում «մրցութային հանձնաժողով» բառերը փոխարինել «խորհրդի» բառով.

22) որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1185-Ն որոշման

 

«Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2002 թվականի

մայիսի 30-ի N 927-Ն որոշման

Կ Ա Զ Մ

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ փոխվարչապետ,

ՀՀ տարածքային կառավարման նախարար

  - խորհրդի նախագահ
   

ՀՀ բնապահպանության նախարար

 - խորհրդի նախագահի տեղակալ

 

 

 

 

ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի

հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ

 

ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսության և

բնապահպանության հարցերի մշտական

հանձնաժողովի նախագահ

 

ՀՀ Նախագահի օգնական

 

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

 տեղակալ

 

ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական

 կոմիտի նախագահի տեղակալ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և

 բնապահպանական վարչության պետ

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

 

Սևանի ավազանում գտնվող երկու համայնքի ղեկավար

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչ»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան