ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2010 թվականի N 1190-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 649-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 649-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրության 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) ջրավազանային կառավարման պլանների մշակման և դրանց իրականացման ապահովում.
բ) ջրօգտագործման թույլտվությունների տրամադրում.
գ) ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` այլ անձանց փոխանցման ձևակերպում.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողին ջրօգտագործման թույլտվության ստացման պահանջից ազատում.
ե) ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացման առաջադրանքի ձևավորում և դրանց մասին հաշվետվությունների գրանցում.
զ) պետական ջրային կադաստրում փաստաթղթերի գրանցում և տեղեկատվության տրամադրում.
է) ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում ջրի կորուստների չափաքանակների՝ սահմանված կարգով համաձայնեցում.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից մշակված փաստաթղթերի մասին հասարակությանը ծանուցման կազմակերպում.
թ) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակման պատվերների տեղադրում.
ժ) ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների սարքերի, ինչպես նաև ջրային ռեսուրսների փաստացի պահպանության նկատմամբ հսկողության իրականացում.
ժա) ջրավազաններ թափվող կեղտաջրերի քանակական և որակական ցուցանիշների հսկիչ անալիզների կատարման՝ մասնագիտացված լաբորատորիաների միջոցով պարբերաբար կազմակերպում.
ժբ) ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում` ջրօգտագործման թույլտվության կասեցում, փոփոխում կամ չեղյալ համարում.
ժգ) ջրային ռեսուրսների մոնիթորինգի պատվերի տեղադրում:»:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրային ռեսուրսների քաղաքականության և վերլուծության բաժինը լուծարել:
3. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի 1-ին կետից հանել «Ջրային ռեսուրսների քաղաքականության և վերլուծության բաժին» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. սեպտեմբերի 18 Երևան |