Գլխավոր տեղեկություն
Համար
N 1187-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.21/52(786) Հոդ.1071
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1187-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 633-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը հաստատելու մասին» N 633-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ և 3-րդ կետերը.

2) որոշմամբ հաստատված` քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգում`

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քաղաքացիական պաշտպանության պլանները դասակարգվում են`

ա) հանրապետականի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պլան.

բ) գերատեսչականի` Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլան.

գ) մարզի` Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլան.

դ) Երևան քաղաքի` Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլան.

ե) համայնքի` Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլան.

զ) կազմակերպության` անկախ կազմակերպական-իրավական ձևից, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպությունների, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների, 100 և ավելի աշխատող ունեցող կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիական պաշտպանության պլան.

է) քաղաքացիական պաշտպանության ծառայության` հանրապետական, մարզային, համայնքային և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլան:»,

բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը կազմվում է մինչև 100 աշխատող ունեցող, անկախ կազմակերպական-իրավական ձևից, կազմակերպության համար:»,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Քաղաքացիական պաշտպանության պլանները և քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը մշակվում են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից.

բ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների կողմից.

գ) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության կողմից.

դ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից.

ե) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության մեթոդական օգնությամբ.

զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` կազմակերպության կողմից.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` կազմակերպության կողմից.

ը) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլանը` քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավարության կողմից:»,

դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Քաղաքացիական պաշտպանության պլանները և քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը համաձայնեցվում են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ.

բ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.

գ) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` համապատասխան զինվորական կայազորի պետի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.

դ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի զինվորական կայազորի պետի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.

ե) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության պետի հետ, սահմանամերձ գոտում գտնվող համայնքներինը` նաև համապատասխան զինվորական կայազորի պետի հետ.

զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ, ռազմական դրության պայմաններում գործունեությունը շարունակող և սահմանամերձ գոտում գտնվող կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանը` նաև համապատասխան զինվորական կայազորի պետի հետ.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ.

ը) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլանը`

- հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայության` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ,

- մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայության` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության և վերադաս հանրապետական ծառայության պետի հետ,

- համայնքային և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության ծառայությունների` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ:»,

ե. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման աշխատանքները կազմակերպում, ղեկավարում և մշակված պլանը համաձայնեցնելուց հետո հաստատում է`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ.

բ) հանրապետական գործադիր մարմնի պլանը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.

գ) պետական մարմնի պլանը` համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից.

դ) հանրապետական գործադիր մարմնի և պետական մարմնի առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` համապատասխան վերադաս մարմնի ղեկավարի կողմից.

ե) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից.

զ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետի կողմից.

է) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարի կողմից.

ը) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` կազմակերպության ղեկավարի կողմից.

թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` կազմակերպության ղեկավարի կողմից.

ժ) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության`

- հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից,

- մարզային պլանը` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից,

- համայնքային և կազմակերպության պլանները` համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի կողմից:»,

զ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը,

է. 9-րդ կետում «լիազորված մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան