Գլխավոր տեղեկություն
Համար
N 503-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.09.2010-10.03.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.11/36(626) Հոդ.575
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2008 թվականի N 503-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1460-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 21-ի ՆՀ-85-Ն հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 31
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 15-ի N 503-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն, անգլերեն և ռուսերեն իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

(5-րդ կետը լրաց. 24.12.09 N 1506-Ն)

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից, ռեֆերենտներից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններ և հիմնարկներ:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) բյուջետային գործընթացի կազմակերպումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում.

2) միջազգային ֆինանսական համագործակցության, ֆինանսատնտեսական, վարկային, հարկաբյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը.

3) կապիտալի, ֆինանսական շուկայի, այդ թվում` աուդիտորական, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, օրենքով կամ այլ իրավական ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

4) աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումը.

5) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման քաղաքականության մշակումը.

6) պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հսկողության իրականացումը.

7) ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման (աուդիտի) կազմակերպումը և իրականացումը.

8) պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության և բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների համակարգումը և ծրագրերի իրականացման ընթացիկ ֆինանսական մոնիթորինգը.

9) իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը.

10) գնումների գործընթացի պետական կարգավորումը և համակարգումը.

11) պետական պարտքի կառավարումը:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
(Բաժինը խմբ. 19.08.10 N 1146-Ն)

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) մակրոտնտեսական և միկրոտնտեսական քաղաքականության ոլորտում`

ա. պետական պարտքի գնահատումը,

բ. մակրոտնտեսական և բյուջետային ծախսային քաղաքականությունների տեսանկյունից միջազգային ֆինանսատնտեսական հաստատությունների հետ համագործակցությունը` իր իրավասությունների սահմաններում` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ որոշված գերակայությունները,

գ. մակրոտնտեսական հիմնական նպատակային ցուցանիշների որոշումն ու սահմանումը, մակրոտնտեսական ծրագրավորումը, մակրոտնտեսական ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը,

դ. Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության հետ համակարգված հարկաբյուջետային քաղաքականության մշակումը և իրականացումը,

ե. ռազմավարական ծրագրի մշակման, տարեկան միջոցառումների ծրագրի ճշգրտման և վերանայման աշխատանքներին անմիջական մասնակցությունը.

2) բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում`

ա. հարկային, մաքսային և այլ եկամուտների ընթացիկ քաղաքականության և դրա կիրարկման վերլուծությունը,

բ. միջնաժամկետ և հեռանկարային մաքսային, հարկային և այլ եկամուտների քաղաքականության մշակումը,

գ. միջազգային հարկային և մաքսային համագործակցության ուսումնասիրությունը և քաղաքականության մշակումը,

դ. հարկային և մաքսային վարչարարության մեթոդաբանության մշակումը և այդ ուղղությամբ համապատասխան պատասխանատու մարմինների հետ համագործակցությունը.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման ոլորտում`

ա. առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում` պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերն ու դրանք ներկայացնելու կարգերի մշակումը և տրամադրումը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին,

բ. պետական կառավարման մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացումը, դրանց վերլուծությունը և առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և ելքերի ֆինանսական ծրագրավորումը,

գ. առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը,

դ. առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձի մշակումը (սահմանված կարգով այլ պետական կառավարման մարմինների հետ համատեղ),

ե. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մշակումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների ծրագրավորումը,

զ. Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը,

է. առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի ծրագրավորվող նախնական ցուցանիշների ծրագրավորումը,

ը. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման ու նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,

թ. Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, այդ ծրագրերի կազմման մեթոդաբանության մշակումը,

ժ. բյուջետային հատկացումների վերաբաշխումների կատարման մեթոդաբանության մշակումը և ներդրումը,

ժա. պետական մարմինների` բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գործընթացում ներգրավված աշխատողների մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման նպատակով պարբերականորեն համապատասխան դասընթացների կազմակերպման գործընթացի համակարգումը.

4) բյուջեների կատարման ոլորտում`

ա. Հայաստանի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը,

գ. Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովումը,

դ. Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության ներքո գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը,

ե. պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը,

զ. պետական և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական և համայնքային հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը,

է. Հայաստանի Հանրապետության և համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության անունից պարտատոմսերի, մուրհակների, այլ վճարային արժեթղթերի թողարկումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` ներառյալ միջազգային ծրագրերի միջոցներից, վարկերի, փոխատվությունների, սուբսիդիաների, սուբվենցիաների, բյուջետային երաշխիքների տրամադրումը,

ը. պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը,

թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվություններ ստանալը. դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելը, ամփոփելը և դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմելն ու ներկայացնելը,

ժ. Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի կառավարումն ու սպասարկումը,

ժա. Հայաստանի Հանրապետության ներքին պետական պարտքի կառավարումն ու սպասարկումը,

ժբ. օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիթորինգ),

ժգ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը,

ժդ. բյուջեների կատարումն ապահովող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը,

ժե. օրենքով սահմանված շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախարարությանը և պետական կառավարման այլ մարմիններին, ինչպես նաև օրենքով պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված բյուջետային հատկացումների և այլ ցուցանիշների` համապատասխանաբար վերաբաշխումների ու փոփոխությունների իրականացումը և հաշվառումը,

ժզ. Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների և Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի տվյալ տարվա համար ծրագրավորված և փաստացի կատարված ամփոփ ցուցանիշների հաշվառումը,

ժէ. ներքին աուդիտորների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայության ապահովումը և ներքին աուդիտի ոլորտում մեթոդաբանության մշակումը.

5) գնումների գործընթացի կարգավորման և համակարգման ոլորտում`

ա. գնումներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումը և հաստատումը կամ դրանք հաստատման ներկայացնելը,

բ. գնումների գործընթացի մեթոդական ղեկավարման կազմակերպումը,

գ. պատվիրատուների գնումների գործի համակարգման պատասխանատուների մասնագիտական ուսուցման, որակավորման, գնահատման և վերապատրաստման համակարգի առկայության ապահովումը,

դ. պատվիրատուներին գնումների գործի կազմակերպման հարցում մեթոդական օժանդակության ցուցաբերումը,

ե. գնումների պաշտոնական տեղեկագրում տեղեկությունների հրապարակման կարգի, այդ թվում` ժամկետների հաստատումը և տեղեկագրի հրապարակման աշխատանքների կազմակերպումը,

զ. գնման գործընթացի վերաբերյալ ստացված բողոքների քննարկումը, դրանց հիման վրա ստուգումների կազմակերպումը և պատվիրատուների համար պարտադիր կատարման ենթակա որոշումների ընդունումը,

է. գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը,

ը. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգումը,

թ. պատվիրատուների կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկումը.

6) հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում`

ա. հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների մշակումը,

բ. հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների ձևերի մշակումն ու հաստատումը,

գ. հաշվապահական հաշվառումը և աուդիտորական գործունեությունը կարգավորող` ստանդարտներից բացի այլ իրավական ակտերի մշակումը և, օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում, գերատեսչական նորմատիվ ակտերի հաստատումը,

դ. հաշվապահների և աուդիտորների որակավորման կազմակերպումը և անցկացումը,

ե. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ` բանկերի հաշվապահական հաշվառման վարման կարգի սահմանումը.

7) թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում`

ա. թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների քաղաքականության մշակումը, բնագավառին վերաբերող` լիցենզավորման կամ որակավորման ենթակա գործունեության որակավորումը,

բ. թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հանքահետախուզության, արդյունահանման, արտադրության, oգտագործման և շրջանառության բնագավառում պետական ներդրումային քաղաքականության մշակմանը մասնակցությունը,

գ. թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկայի պետական կարգավորման, ինչպես նաև թանկարժեք մետաղների և քարերի պետական պահուստների արդյունավետ կառավարման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի և մեթոդական փաստաթղթերի նախագծերի մշակումը.

8) ֆինանսատնտեսական և վարկային շուկայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ֆինանսատնտեսական և վարկային միասնական պետական քաղաքականության մշակման ապահովումը, այդ թվում` ֆինանսական շուկայի վարկային և ոչ վարկային սեգմենտների զարգացման ծրագրերի մշակումը և այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը.

9) վիճակախաղերի, խաղատների, շահումով խաղերի գործունեության կարգավորման ոլորտում` վիճակախաղային, խաղատնային և շահումով խաղերի գործունեության վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, այդ թվում` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից.

10) միջազգային ֆինանսական համագործակցության ոլորտում`

ա. պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության և բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների ստացմանն ուղղված` պետական մարմինների գործողությունների (միջազգային ֆինանսական կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից վարկեր ու դրամաշնորհներ ստանալու նախաձեռնությամբ հանդես գալու, դրանց ստացման վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, խնդրանքներ ներկայացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու, համագործակցելու, բանակցելու և նման այլ նախաձեռնողական-նախապատրաստական գործողություններ) համակարգումն իր իրավասության սահմաններում` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ որոշված գերակայությունները, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական մոնիթորինգի իրականացումը,

բ. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պետության կողմից ստանձնվող ֆինանսական պարտավորությունների մասին տեղեկանքների տրամադրումը.

11) պետական սեփականության կառավարման ոլորտում`

ա. բանկերի կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, առևտրային կազմակերպություններում պետական մասնակցության դիմաց շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողությունը, 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը` բացառելով այդ նպատակով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ստուգումները,

բ. լուծարված առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում, ինչպես նաև լուծարված ոչ առևտրային կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային արժեթղթերի) կառավարումը (գանձումը, պահանջի իրավունքի վաճառքը),

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ Հայաստանի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը,

դ. պետական գույքի մասնավորեցման հայեցակարգի և ճյուղային քաղաքականության մշակմանը մասնակցությունը,

ե. պետական ոչ առևտրային կազմակերպությունների (որպես հանրային ակտիվների) կառավարման մեթոդաբանության և հաշվետվողականության մեխանիզմների մշակումը և այդ կազմակերպությունների գործունեության կենտրոնացված մոնիթորինգի իրականացումը.

12) պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում`

ա. նախարարության կողմից` իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը,

բ. պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով Հայաստանի Հանրապետությունից գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը և պետության գույքային շահերի պաշտպանությունը,

գ. պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի ապօրինի գործողություններով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջներով ընդդեմ պետությանը ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող հանդես գալը,

դ. վարչական մարմինների դեմ վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների հաշվառումը, ներկայացվող պահանջների ու վարչական մարմինների վիճարկվող վարքագծի վերլուծությունը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի և (կամ) եկամուտների վրա ազդող գործերով վարչական դատարանում որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը,

ե. պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի գործողությունների հետևանքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասը, ինչպես նաև դատական ծախսերը Հայաստանի Հանրապետության կողմից հատուցելու դեպքում պետության հետադարձ պահանջները գնահատելը և ներկայացնելը,

զ. մի կողմից` Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը:

(Բաժինը խմբ. 19.08.10 N 1146-Ն)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը`

1) նախարարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալիս Հայաստանի Հանրապետության անունից, տալիս բյուջետային երաշխիքներ, պետական թղթային պարտատոմսեր, մուրհակներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

7) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.

8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

9) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

10) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

11) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

12) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

14) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

15) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

16) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին, բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին օրենքների նախագծերը և բյուջեի կամ բյուջեի կատարման հաշվետվության հաստատման առնչությամբ կարող է դնել Հայաստանի Հանրապետության կառավարության վստահության հարցը.

17) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի թեկնածության վերաբերյալ.

18) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` նախարարի հանձնարարությամբ նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը`

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.

2) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում նրանց իրավասությանը վերաբերող հարցերով.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ:

15.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

(15.1 կետը լրաց. 25.12.08 N 1528-Ն)

16. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

17. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` դրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

18. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմը, նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կնքել գործարքներ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, հարկ վճարողի հաշվառման համար, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցված ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով: Նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում վարկային և այլ հատուցելի պայմանագրերի կնքումը չի համարվում նախարարության աշխատակազմի ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործառնություններից եկամուտներն անմիջականորեն չեն օգտագործվում նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ:

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղ. Երևան, Մելիք Ադամյան 1:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), ինչպես նաև բյուջետային ծախսային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ, նախարարության աշխատակազմի հարկ վճարողի հաշվառման համարով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

38. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

39. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և նախարարի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը՝ նախարարի հրամանով, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` նախարարության իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում քաղաքացիաիրավական գործարքներ, նախարարության լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ, տալիս լիազորագրեր դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) նախարարության իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.

7) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

8) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

9) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

10) կազմակերպում է նախարարության առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

11) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

12) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

13) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

14) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

15) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ, իսկ գլխավոր ֆինանսիստի պարտականություններն աշխատակազմի ղեկավարի վրա դրված լինելու դեպքում՝ նախարարի անմիջական ենթակայությամբ, և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

46. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

47. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

48. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

49. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 15-ի N 503-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վարչություններ

 

Անձնակազմի կառավարման վարչություն

Արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման վարչություն

Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչություն

Բյուջետային գործընթացի կառավարման վարչություն

Տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչություն

Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչություն

Գործառնական վարչություն

Գործերի կառավարչություն

Իրավաբանական վարչություն

Ծախսերի ֆինանսավորման վարչություն

Համակարգչային տեխնոլոգիայի սպասարկման վարչություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչություն

Տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչություն

Հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչություն

Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն

Միջազգային համագործակցության վարչություն

Պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչություն

Պետական կազմակերպությունների մոնիթորինգի վարչություն

Պետական պարտքի կառավարման վարչություն

Ֆինանսական շուկայի զարգացման վարչություն

Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

 

Առաջին բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Աբովյանի տեղական գանձապետական բաժին

Ալավերդու տեղական գանձապետական բաժին

Ամասիայի տեղական գանձապետական բաժին

Աշոցքի տեղական գանձապետական բաժին

Աշտարակի տեղական գանձապետական բաժին

Ապարանի տեղական գանձապետական բաժին

Արարատի տեղական գանձապետական բաժին

Արթիկի տեղական գանձապետական բաժին

Արմավիրի տեղական գանձապետական բաժին

Արտաշատի տեղական գանձապետական բաժին

Բաղրամյանի տեղական գանձապետական բաժին

Բերդի տեղական գանձապետական բաժին

Գավառի տեղական գանձապետական բաժին

Գյումրու տեղական գանձապետական բաժին

Գորիսի տեղական գանձապետական բաժին

Դիլիջանի տեղական գանձապետական բաժին

Եղեգնաձորի տեղական գանձապետական բաժին

Եղվարդի տեղական գանձապետական բաժին

Երևանի N 2 տեղական գանձապետական բաժին

Երևանի N 3 տեղական գանձապետական բաժին

Երևանի N 4 տեղական գանձապետական բաժին

Թալինի տեղական գանձապետական բաժին

Իջևանի տեղական գանձապետական բաժին

Ծաղկահովտի տեղական գանձապետական բաժին

Կապանի տեղական գանձապետական բաժին

Հրազդանի տեղական գանձապետական բաժին

Ճամբարակի տեղական գանձապետական բաժին

Մասիսի տեղական գանձապետական բաժին

Մարալիկի տեղական գանձապետական բաժին

Մարտունու տեղական գանձապետական բաժին

Մեղրու տեղական գանձապետական բաժին

Նոյեմբերյանի տեղական գանձապետական բաժին

Չարենցավանի տեղական գանձապետական բաժին

Ջերմուկի տեղական գանձապետական բաժին

Սևանի տեղական գանձապետական բաժին

Սիսիանի տեղական գանձապետական բաժին

Ստեփանավանի տեղական գանձապետական բաժին

Սպիտակի տեղական գանձապետական բաժին

Վաղարշապատի տեղական գանձապետական բաժին

Վայքի տեղական գանձապետական բաժին

Վանաձորի տեղական գանձապետական բաժին

Վարդենիսի տեղական գանձապետական բաժին

Տաշիրի տեղական գանձապետական բաժին

Ներքին աուդիտի բաժին

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

Մետաղափորձական վերահսկողության տեսչություն

«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն

Աուդիտորական գործունեության հսկողության տեսչություն

Ֆինանսական վերահսկողության տեսչություն

Լիցենզավորման գործակալություն

Լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչություն

(Հավելվածը լրաց. 04.03.10 N 268-Ն, փոփ., լրաց. 19.08.10 N 1146-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան