Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.22/53(787) Հոդ.1084.74
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.05.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵԿԴ/0102/11/09

ԵԿԴ/0102/11/09

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

 Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

 

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

 

 

քարտուղարությամբ

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

դիմողի ներկայացուցիչ

 Է. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

 

 2010 թվականի մայիսի 4-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մամիկոն Ռուբիկի Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ դիմող Մ.Գևորգյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2009 թվականի հոկտեմբերի 26-ին Մամիկոն Գևորգյանը դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քրեական գործ հարուցելու պահանջով:

2009 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը թիվ 18-102մ/դ09 գրությամբ մերժել է դիմումատուի պահանջը:

2. ՀՀ հատուկ քննչական ծառայության թիվ 18-102մ/դ09 գրությունը դիմումատուն 2009 թվականի նոյեմբերի 4-ին բողոքարկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Մ.Գևորգյանի բողոքը մերժվել է:

3. 2009 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի գրությունը դիմումատուն բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին:

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 33-109-09 գրությամբ դիմումատուի բողոքը մերժել է:

4. Մ.Գևորգյանը, դիմելով Առաջին ատյանի դատարան, բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանի 2009 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 33-109-09 գրությունը և խնդրել է այն ճանաչել որպես անգործություն և պարտադրել ՀՀ գլխավոր դատախազությանը քննել իր կողմից ներկայացված բողոքը և կայացնել որոշում:

Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Մ.Գևորգյանի բողոքը մերժվել է:

5. Մ.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հունվարի 22-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ, իսկ վերաքննիչ բողոքը` մերժել:

Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ 2010 թվականի փետրվարի 5-ին վճռաբեկ բողոք է բերել Մ.Գևորգյանը:

6. 2010 թվականի մարտի 4-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4141-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձրել է` թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանելով 15-օրյա ժամկետ:

Մ.Գևորգյանը 2010 թվականի մարտի 17-ին կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանը 2010 թվականի մարտի 30-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Տվյալ դեպքում Մամիկոն Գևորգյանը ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանի 2009 թվականի նոյեմբերի 24-ի գործողությունը վերադաս դատախազին չի բողոքարկել: Այսինքն` դիմումատուի կողմից չի պահպանվել դատախազի գործողությունների դեմ բողոք ներկայացնելու օրենքով նախատեսված ընթացակարգը» (տե՛ս քրեական գործի նյութեր, էջ 64):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը, քրեական գործ հարուցելու վերաբերյալ իր դիմումին գրությամբ պատասխանելով, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ, 185-րդ, 290-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության 18-19-րդ հոդվածների պահանջները:

Մասնավորապես, իր դիմումին գրությունով պատասխանելու հետևանքով ինքն ըստ էության զրկված է եղել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը բողոքարկելու իրավունքից:

9. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որի արդյունքում խախտվել են նաև իր սահմանադրական իրավունքները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի որոշումը և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ՍԴՈ-844 որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված՝ նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով պարտավորեցնո՞ւմ է արդյոք Առաջին ատյանի դատարանին դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել քրեական գործ հարուցելու պահանջը մերժելու վերաբերյալ դատախազի գրության դեմ դիմող Մ.Գևորգյանի բողոքը:

11. Խնդրո առարկա հարցադրման կապակցությամբ իրավական դիրքորոշում Վճռաբեկ դատարանն արտահայտել է Արևիկ Մողրովյանի վերաբերյալ որոշմամբ, որի համաձայն՝ «(...) Մյասնիկ Հարութիկի Ավետիսյանի վերաբերյալ 2009 թվականի հունիսի 29-ի ԵԿԴ/0019/11/09 որոշմամբ ձևավորած դիրքորոշումը (…) պետք է վերանայել և համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշման հետ:

(…) Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի միասնական կիրառության հետ կապված անհրաժեշտ է համարում ձևավորել հետևյալ մոտեցումը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից` անկախ նրանից, թե բողոքարկման արդյունքում դատախազի կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն» (տե՛ս Արևիկ Մողրովյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0076/11/09 որոշման 14-րդ և 15-րդ կետերը):

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Գևորգյանը Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում խնդրել է ճանաչել ՀՀ գլխավոր դատախազության գրությունը որպես անգործություն, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը քննել իր բողոքները և իրեն պատասխանել որոշումով: Սակայն ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը Մ.Գևորգյանի բողոքները մերժել են` դիմողի կողմից դատախազի գործողությունների դեմ բողոք ներկայացնելու օրենքով նախատեսված ընթացակարգը չպահպանելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 4-րդ և 7-րդ կետերը):

13. Հիմք ընդունելով սույն որոշման 11-րդ կետում և համապատասխանաբար նաև Ա. Մողրովյանի որոշման մեջ շարադրված դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը պարտավոր է դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել քրեական գործ հարուցելու պահանջը մերժելու վերաբերյալ դատախազի գրության դեմ դիմող Մ.Գևորգյանի բողոքը:

Հետևաբար, սույն գործով դիմող Մամիկոն Ռուբիկի Գևորգյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 11-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի որոշումներն անհրաժեշտ է բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի միատեսակ կիրառության հետ կապված ձևավորվել է նոր իրավական դիրքորոշում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Մամիկոն Ռուբիկի Գևորգյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 11-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ