Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.10.01/22(374) Հոդ.1084.18
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1400/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1400/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Է. հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե և Աիդա Եփրեմյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տուֆարիկ Եփրեմյանի ընդդեմ Աիդա, Գայանե և Սամվել Եփրեմյանների` ժառանգական գույքով ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և Աիդա, Գայանե Եփրեմյանների հակընդդեմ հայցի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգական զանգվածի մեջ մտնող ընդհանուր գույքից ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

 1. Գործի դատավարական նախապատմությունը

 Դիմելով դատարան` Տուֆարիկ Եփրեմյանը պահանջել է ժառանգական գույքով հատուցել ժառանգության հետ կապված ծախսերը և մնացյալ ժառանգության նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

 Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Աիդա և Գայանե Եփրեմյանները պահանջել են ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ և հատուցել ժառանգական զանգվածի մեջ մտնող ընդհանուր գույքից ժառանգության հետ կապված ծախսերը:

 Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակի. վճռվել է Տուֆարիկ և Ռոման Եփրեմյանների կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված 28.870.000 (քսանութ միլիոն ութ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ արժողությամբ գույքի 1/2 մասը` 14.435.000 (տասնչորս միլիոն չորս հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամի արժողությամբ գույքը հատկացնել Տուֆարիկ Եփրեմյանին, մնացած 14.435.000 (տասնչորս միլիոն չորս հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամի արժողությամբ ժառանգական զանգվածից 10.056.600 (տասը միլիոն հիսունվեց հազար վեց հարյուր) դրամի արժողությամբ գույքը հատկացնել Տուֆարիկ Եփրեմյանին` որպես հայցվոր Տուֆարիկ Եփրեմյանի կողմից կատարված ծախսերի փոխհատուցում, իսկ ժառանգական զանգվածի մնացած 4.378.400 (չորս միլիոն երեք հարյուր յոթանասունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ արժողությամբ գույքի նկատմամբ Ռոման Եփրեմյանի առաջին հերթի չորս ժառանգներ Տուֆարիկ Եփրեմյանին և Աիդա, Գայանե և Սամվել Եփրեմյաններին 1/4 մասերով ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, հակընդդեմ հայցի մնացած մասը մերժվել է:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.10.2009 թվականի որոշմամբ Դատարանի 27.05.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

 Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գայանե և Աիդա Եփրեմյանները:

 Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին մասը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածը:

 Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Տուֆարիկ Եփրեմյանը չի ապացուցել իր վկայակոչած փաստերը, մասնավորապես, Ռիմա Մինասյանին 7300 ԱՄՆ դոլար պարտքի մասին հայտարարությունը հիմք չէ կատարված ծախսը ապացուցված համարելու համար, քանի որ այն կազմվել է 02.10.2008 թվականին՝ ժառանգատուի մահից հետո:

 Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տուֆարիկ Եփրեմյանը Ռոման Եփրեմյանի դին և մեքենան տեղափոխելու համար ծախսել է 1.488.000 ռուսական ռուբլի, մինչդեռ դատարանը հիմք է ընդունել 1.488.000 ՀՀ դրամը: Կողմերն ընդունել են հողարկավորության համար կատարաված 666.400 ՀՀ դրամ ծախսը, սակայն չեն ընդունել Տուֆարիկ Եփրեմյանի ներկայացված ծախսը կապված բեռնատար մեքենայի տեխնիկական զննության և կոտրված ապակու, 03.09.2007 թվականի թիվ 8Ա վարկային պայմանագրով սահմանված և բանկին չվճարված գումարի չափերը, մեքենայի վերանորոգման համար ծախսված գումարը:

Վերաքննիչ դատարանը չի հաշվարկել սոցիալական ապահովության տրամադրված միանվագ 170.000 ՀՀ դրամ գումարը: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը սխալ է հաշվարկել ժառանգության հետ կապված ծախսերը:

Մասնավորապես, կատարված ծախսերի ընդհանուր հանրագումարը կազմում է 3.432.491 ՀՀ դրամ, այլ ոչ՝ թե 10.056.600 ՀՀ դրամ: Հետևաբար, հաշվի առնելով, որ ժառանգական գույքի արժեքը կազմում է 28.870.000 ՀՀ դրամ, որի կեսը՝ 14.435.000 ՀՀ դրամը, Տուֆարիկ Եփրեմյանին է, ապա մյուս կեսից եթե հանվի 3.432.491 ՀՀ դրամը, մնացած գումարին ավելանա 170.000 դրամը, ապա կստացվի 11.172.509 ՀՀ դրամ, որը պետք է բաժանվի չորս ժառանգների միջև, յուրաքանչյուրին՝ 2.793.127 ՀՀ դրամ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կատարված բոլոր ծախսերը պետք է բաժանել չորս ժառանգների միջև:

Ավելին, Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչու չի ընդունում բողոք բերած անձանց ներկայացված ապացույցները, չի հիմնավորել դրանց մերժման պատճառը, ինչպես նաև անտեսել է ներկայացված բազմաթիվ միջնորդությունները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 02.10.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` յուրաքանչյուր ժառանգին հատկացնել 2.273.127 ՀՀ դրամ գումար:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերող անձինք վճռաբեկ բողոքում պատճառաբանել են, որ սկզբնական հայցում ներկայացվել է 8.521.600 ՀՀ դրամ ծախսի գումար, սակայն դատական ակտում նշվել է 10.056.600 ՀՀ դրամ, մինչդեռ դա արդյունք է ԱՄՆ դոլարի և ՀՀ դրամի փոխանակվող կուրսի փոփոխության: Պատճառաբանելով, որ Դատարանի կողմից հաշվարկված գումարների մեջ ներառված են փաստացի կատարված բոլոր ծախսերը, գտնում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը չեն խախտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների պահանջները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

 1. «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 23.03.2009 թվականի թիվ 04430910 եզրակացության համաձայն` Ռոման Եփրեմյանին պատկանող Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի 1-ին շենքի թիվ 20 հասցեում գտնվող գնահատման ենթակա բնակարանի շուկայական արժեքը փորձաքննության կատարման ժամանակաշրջանում և առկա ապրանքային վիճակով գնահատվում է 20.270.000 (քսան միլիոն երկու հարյուր յոթանասուն հազար) դրամ:

«MERSEDES BENZ 1844 LS» մակնիշի 10 UO 638 պետհամարանիշով ավտոմեքենան փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գործող շուկայական գներով կարող է կազմել 7.000.000 (յոթ միլիոն) դրամ:

«MERSEDES BENZ 190 E 2.0» մակնիշի 03 LU 578 պետհամարանիշով ավտոմեքենան փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գործող շուկայական գներով կարող է կազմել 1.050.000 (մեկ միլիոն հիսուն հազար) դրամ:

«ԳԱԶ-24» մակնիշի 62 LO 049 պետհամարանիշով ավտոմեքենան փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գործող շուկայական գներով կարող է կազմել 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) դրամ (հ. 1-ին գ. թ. 156-162):

2. 20.04.1988 թվականին տրված թիվ 383 ամուսնության վկայականի համաձայն՝ Ռոման Եփրեմյանի և Տուֆարիկ Եփրեմյանի ամուսնությունը 20.04.1985 թվականին ստացել է պետական գրանցում (հ. 1-ին գ.թ. 14):

3. Ռոման Եփրեմյանը մահացել է 05.08.2008 թվականին (հ. 1-ին գ. թ. 16):

4. Տուֆարիկ, Աիդա, Գայանե և Սամվել Եփրեմյանները Ռոման Եփրեմյանի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգներն են:

5. 03.09.2007 թվականի թիվ 8Ա վարկային պայմանագրով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն Հակոբ և Ռոման Եփրեմյաններին տրամադրել է 3.300.000 ՀՀ դրամ սպառողական վարկ, իսկ Հակոբ և Ռոման Եփրեմյանները պարտավորվել են վերադարձնել ստացված վարկը 03.09.2009 թվականին և վարկի օգտագործման համար վճարել տարեկան 24% գումար (հ. 1-ին գ.թ. 31):

6. Տուֆարիկ Եփրեմյանին տրված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի 25.11.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Ռոման Եփրեմյանի կողմից անշարժ գույքի վարկի մարումը կատարված է նոյեմբեր ամիսը ներառյալ (հ. 1-ին գ.թ. 43):

7. Սույն գործով կողմերն ընդունել են, որ հուղարկավորության համար ծախսված գումարը 666.400 ՀՀ դրամ է (հ. 1-ին գ.թ. 36):

8. Ռիմա Մինասյանի 02.10.2008 թվականի հայտարարության համաձայն` Տուֆարիկ Եփրեմյանը պարտք է 7300 ԱՄՆ դոլար, որը վերցրել է բեռնատար ավտոմեքենա ձեռք բերելու համար (հ. 1-ին գ.թ. 37):

9. Հարություն Ավետիսյանի 02.10.2008 թվականի հայտարարության համաձայն` Տուֆարիկ Եփրեմյանը պարտք է 7800 ԱՄՆ դոլար Ռոման Եփրեմյանի դիակը Ռուսաստանի Դաշնությունից բերելու համար և վթարի ենթարկված ավտոմեքենան վերանորոգելու համար (հ. 1-ին գ.թ. 40):

10. Ըստ ուղեկցական անդորրագրի՝ Ոոման Եփրեմյանի դին տեղափոխելու համար վճարվել է 1.488.000 ռուսական ռուբլի (հ. 1-ին գ.թ. 30):

11. Ըստ մեքենայի տեղափոխման հաշիվ-ապրանքագրի՝ «MERSEDES BENZ 1844 LS» մակնիշի 10 UO 638 ավտոմեքենան տեղափոխելու համար վճարվել է 1840 եվրո (հ. 1-ին գ.թ. 29):

 

  4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ`

 առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը.

 երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը.

 երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները.

 չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները.

 հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:

 Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ժառանգները իրենց անցած գույքի արժեքի սահմաններում, ի թիվս այլ ծախսերի, համապարտ պատասխանատվություն են կրում ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը հատուցելու և ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները բավարարելու հարցում:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հաստատված է համարել, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է նշված ծավալով ժառանգության հաշվին հատուցման ենթակա ծախսերի առկայությունը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը դատական ակտն ուժի մեջ թողնելով, հիմք է ընդունել նաև Ռիմա Մինասյանի 02.10.2008 թվականի և Հարություն Ավետիսյանի 02.10.2008 թվականի հայտարարությունները:

 Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Արտակ Մուրադյանի, Հովհաննես Դերձակյանի, Սրբուհի Հարությունյանի, Սուրեն Թադևոսյանի, Եվգենիա Մանուկյանի հայցն ընդդեմ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի` հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ԵԿԴ/3613/02/08 որոշումը, Սամվել Հարությունյանի, ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Նինա Փանոյանի հայցն ընդդեմ Վահագն Սաքանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի թիվ ՀՅՔԴ2/0106/02/08 որոշումը):

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Տուֆարիկ Եփրեմյանի կողմից Ռոման Եփրեմյանի հուղարկավորության և պարտքերը հատուցելու 10.056.600 ՀՀ դրամ գումարի չափով ծախսերի կատարած լինելու պահանջը բխում է գործում առկա ապացույցներից, չի նշել, թե հատկապես, որ ապացույցների հիման վրա է հանգել նման եզրահանգման:

Ինչ վերաբերում է գործում առկա Ռիմա Մինասյանի 02.10.2008 թվականի և Հարություն Ավետիսյանի 02.10.2008 թվականի հայտարարություններին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 51-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դրանք բավարար ապացույցներ չեն Տուֆարիկ Եփրեմյանի կողմից Ռոման Եփրեմյանի պարտքերը հատուցած համարելու համար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Ռոման Եփրեմյանը վարկ է վերցրել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից և այն չի վերադարձրել, նրա մահից հետո վճարումները կատարել է Տուֆարիկ Եփրեմյանը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ 03.09.2007 թվականի թիվ 8Ա վարկային պայմանագրով համավարկառու է նաև Հակոբ Եփրեմյանը, ինչպես նաև «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի 25.11.2008 թվականին տրված տեղեկանքը, որի համաձայն` Ռոման Եփրեմյանի կողմից անշարժ գույքի վարկի մարումը կատարված է նոյեմբեր ամիսը ներառյալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2009 թվականի որոշման՝ 14.435.000 (տասնչորս միլիոն չորս հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամի արժողությամբ ժառանգական զանգվածից 10.056.600 (տասը միլիոն հիսունվեց հազար վեց հարյուր) ՀՀ դրամ արժողությամբ գույքը Տուֆարիկ Եփրեմյանին հատկացնելու, 4.378.400 (չորս միլիոն երեք հարյուր յոթանասունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ արժողությամբ գույքի նկատմամբ Տուֆարիկ Եփրեմյանին, Աիդա, Գայանե և Սամվել Եփրեմյաններին 1/4 մասերով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Մ. ԴՐՄԵՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ