Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-906
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1002
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.09.2010
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


Քաղ. Երևան

7 սեպտեմբերի 2010 թ.

 

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՏԻ` «ԽԱԽՏՎԵԼ» ԲԱՌԻՑ ՀԵՏՈ «ՆՐԱ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ Կ. Թումանյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի` «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության` 19.03.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Վարչական դատարան դիմելու իրավունքը» վերտառությամբ 3-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետը սահմանում է. «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով»:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքի ավագանին իր` 23.04.2009թ. թիվ 29 որոշմամբ որոշել է տալ համաձայնություն Վանաձորի համայնքի սեփականություն հանդիսացող Տարոն-3, ՔՇՀ-11 հասցեում գտնվող կիսակառույց ենթակայանը, համաձայն հավելվածի, անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանի էլեկտրական ցանցերին այն ավարտին հասցնելու, կահավորելու և նորաստեղծ թաղամասի անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով: Նույն որոշմամբ Վանաձորի համայնքի ավագանին որոշել է առաջարկել Վանաձորի համայնքի ղեկավարին կնքել համապատասխան նվիրատվության պայմանագիր:

Գտնելով, որ Վանաձորի համայնքի ավագանին իրավասու չէր կայացնելու նման որոշում, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը դիմել է դատարան` Վանաձորի համայնքի ավագանու 2009 թվականի ապրիլի 23-ի թիվ 29 որոշումն առոչինչ ճանաչելու պահանջով:

ՀՀ վարչական դատարանի` 30.06.2009 թվականի թիվ ՎԴ 6/0250/05/09 որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է: Մերժելով հայցադիմումի ընդունումը` ՀՀ վարչական դատարանը հղում կատարելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասին, գտել է, որ «ներկայացված հայցադիմումում վեճի առարկա` Վանաձոր համայնքի ավագանու` 23.04.2009թ. թիվ 29 որոշումը որևէ ձևով չի առնչվում Կազմակերպության իրավունքներին կամ պարտականություններին, հետևաբար վերջինս, Օրենսգրքի 3-րդ հոդվածի կարգով պատշաճ հայցվոր չի հանդիսանում և Վարչական դատարանին նման հայց ներկայացնելու իրավունք չունի»:

ՀՀ վարչական դատարանի` 30.06.2009 թվականի թիվ ՎԴ 6/0250/05/09 որոշման դեմ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը բողոք է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարանի` 20.07.2009 թվականի թիվ ՎԴ 6-0250/05/09 որոշմամբ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության բողոքը մերժվել է, իսկ ՀՀ վարչական դատարանի` 30.06.2009 թվականի թիվ ՎԴ 6/0250/05/09 որոշումը թողնվել է ուժի մեջ: ՀՀ վարչական դատարանը մերժելով բողոքը` ըստ էության արտահայտել է այն նույն իրավական դիրքորոշումը, ինչն արտահայտված էր ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի թիվ ՎԴ 6/0250/05/09 որոշման մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ՀՀ վարչական դատարանի` 20.07.2009 թվականի թիվ ՎԴ 6-0250/05/09 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումը, իր` 23.09.2009 թվականի որոշմամբ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

 

3. Դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի` «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին: Իր տեսակետը հիմնավորելու համար դիմողը ներկայացնում է հետևյալ հիմնական փաստարկները.

- ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` «իր խախտված իրավունքները» արտահայտությունը ենթադրում է դատարան դիմելու համար ավելի լայն հնարավորություն յուրաքանչյուր անձի համար, որի դրսևորման օրինակ է հանդիսանում այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը դատարան դիմելու իրավունք է վերապահում շահագրգիռ անձանց,

- ի տարբերություն քաղաքացիական գործեր քննող դատարանների, որտեղ գործում է դատավարության կողմերի մրցակցության սկզբունքը, վարչական դատարանը գործը քննում է ի պաշտոնե, ինչը ենթադրում է, որ վարչական դատարան դիմելու իրավունքը պետք է վերապահված լինի անձանց ավելի լայն շրջանակի` ապահովելու համար վարչական մարմնի գործողությունների նկատմամբ դատական վերահսկողության արդյունավետությունը,

- «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության կանոնադրության 2.1 կետի ուժով կազմակերպության նպատակներից են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Իսկ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար դատարան դիմելը միջազգային փաստաթղթերով ընդունված լավագույն իրավական մեխանիզմներից է,

- տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ընդունված որոշումների վիճարկումը պետք է վերապահված լինի տվյալ համայնքի բնակիչներին և իրավաբանական անձանց` տվյալ համայնքում բնակվող բնակիչների շահերից ելնելով:

 

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողների փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները երաշխավորում են անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը: Որպես սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության երաշխիք` այն իրավական նախադրյալ է ստեղծում սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ և դատավարական կառուցակարգերի ստեղծման համար: Այն, որպես դատական պաշտպանության մեխանիզմների ձևավորման և գործունեության անկյունաքար, երաշխավորում է իրական, խախտված սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությունը` յուրաքանչյուրին իրավունք վերապահելով դատարանում հայցելու իր և ոչ թե այլ անձանց, կամ իր համոզմամբ խախտված իրական, այլ ոչ թե «վերացական» իրավունքի պաշտպանություն:

Քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն առաջին հերթին հնարավորություն է ընձեռում հայց ներկայացնելու միայն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց իրավունքները և շահերը խախտվել են, և նման հնարավորություն չի ընձեռում յուրաքանչյուր անձի` հանրության շահերը պաշտպանելու համար, այսինքն` չի թույլատրում իրականացնել իրավաչափության լոկ օբյեկտիվ վերահսկողություն, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայց ներկայացնելու համար պետք է առկա լինի ոչ միայն վարչական մարմինների ոչ իրավաչափ որոշում, գործողություն կամ անգործություն, այլ նաև անձանց իրավունքների խախտում:

Պատասխանողը, հղում կատարելով «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) դիրքորոշումներին, նշել է, որ վերջինս խնդրո առարկայի վերաբերյալ ունի հետևյալ դիրքորոշումը. «Առաջնային է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունենա վիճարկելու որոշումն այն հիմքով, որ այն խախտում է իր իրավունքները: Սակայն, եթե որոշումն անմիջականորեն չի խախտել անձի իրավունքները, ապա վիճարկման հնարավորության ընձեռումը ներպետական օրենսդրության կարգավորման խնդիր է»:

 

5. Դիմումի ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը բարձրացնում է համայնքի բնակչի կողմից համայնքին պատկանող սեփականության իրավունքի պաշտպանության, ինչպես նաև ուրիշի խախտված իրավունքների պաշտպանության նկատառումներով դատարանի մատչելիության իրավունքի հարցերը: Այս առումով հարկ է օրենսգրքի վիճարկվող արտահայտության սահմանադրականության հարցը դիտարկել օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթների համատեքստում` դատական պաշտպանության արդյունավետության տեսանկյունից:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին»։

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն իր` 04.04.2008 թվականի ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետում անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին պարբերության դրույթների մեկնաբանությանը` ամրագրել է հետևյալը. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի՝ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները: Սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգռվածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են»:

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված դրույթների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի` 04.04.2008 թվականի ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համահունչ ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլոց, ներառում է անմիջականորեն դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են: Այս առումով սահմանադրական դատարանն անհիմն է համարում դիմողի դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը նախատեսում է դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ավելի լայն շրջանակ:

 

6. Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածները, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը չեն բացառում այլ անձանց կողմից ուրիշի խախտված իրավունքների պաշտպանության նկատառումներով դատարան դիմելու հնարավորությունը: Ընդ որում, ՀՀ օրենսդրությունը սահմանում է այդ հնարավորության դրսևորման տարբեր ձևեր: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի չորրորդ մասի 3-րդ կետի համաձայն` դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատարանում պաշտպանում է մեղադրանքը: Տվյալ դեպքում վկայակոչված գործառույթի միջոցով դատախազը ոչ միայն հանդես է գալիս հանրային շահերի, այլ նաև հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանության նկատառումներով:

Նմանատիպ մոտեցում է ցուցաբերված նաև սահմանադրական արդարադատության բնագավառում, որտեղ, կոնկրետ վերահսկողությունից զատ, նախատեսված է նաև վերացական վերահսկողության ինստիտուտը, որի շրջանակներում ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, առավել ևս` առաջին մասի 8-րդ կետերում նշված սուբյեկտները, իրավական նորմերի սահմանադրականության հարցով սահմանադրական դատարան դիմելիս հանդես են գալիս ոչ միայն հանրային շահերի, այլ նաև տվյալ իրավանորմի կիրառման արդյունքում տուժած անձանց շահերի պաշտպանության նկատառումներով: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը սահմանում է, որ սահմանադրական դատարան կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանը` «Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով»: Միաժամանակ, սահմանադրական արդարադատության բնագավառում գործում է նաև կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության նկատառումներով այլ սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, որն իրացվում է ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան:

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը դատարան դիմելու իրավունք է վերապահում շահագրգիռ անձանց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերլուծությունը ցույց է տալիս, որ շահագրգիռ անձանց ներքո հանդես են գալիս նախ և առաջ այն անձինք, որոնց իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել: Միևնույն ժամանակ, մի շարք դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է նաև ուրիշի խախտված իրավունքների պաշտպանության նկատառումներով դատարան դիմելու իրավունքը` որպես շահագրգիռ անձի իրավունք: Մասնավորապես, վերջինս վերաբերում է օրինական ներկայացուցչին:

Վերը նշված դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ուրիշի փոխարեն դատարան դիմելու իրավունքը գործում է սահմանափակ դեպքերում, նախատեսված է այն իրավիճակների համար, երբ այն անձը, որի իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել, օբյեկտիվ պատճառներով չի կարող անմիջականորեն դիմել դատարան (օրինակ` անգործունակ կամ սահմանափակ գործունակ լինելը), կամ օրենսդիրը, հետապնդելով իրավաչափ նպատակ, այլ անձի կամ անձանց, հանրության խախտված իրավունքների պաշտպանությունը կանոնակարգում է հանրային գործառույթի և հանրային շահերի համատեքստում (օրինակ` հանցագործությունների կամ համայնքի սեփականության իրավունքի խախտման դեպքում): Բոլոր դեպքերում, ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Բացառիկ կանոն է ուրիշի խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքը, որի իրացման դեպքերի և կարգի սահմանումը բացառապես օրենսդիր մարմնի իրավասության հարց է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջինս և, մասնավորապես, դրա 3-րդ հոդվածը շահագրգիռ հասարակական կազմակերպությունների առնչությամբ չի սահմանել ուրիշի խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը:

 

7. Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը, չսահմանափակվելով դիմողի դիրքորոշումներով` սահմանադրական դատարանը հարկ է համարում օրենսգրքի վիճարկվող դրույթը դիտարկել նաև ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացման համատեքստում` հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և հասարակության կյանքում:

Քաղաքացիական հասարակությունն ինքնուրույն և պետությունից անկախ հասարակական մեխանիզմների և հարաբերությունների համակարգ է, որը պայմաններ է ապահովում կոլեկտիվների և անհատների մասնավոր շահերի և պահանջմունքների բավարարման համար: Քաղաքացիական հասարակության բաղադրատարր հանդիսացող սոցիալական կառուցակարգերի շրջանակում ուրույն տեղ են զբաղեցնում հասարակական կազմակերպությունները: Վերջիններիս դերն ինքնանպատակ չէ, քանի որ, նախ` միավորումների գործունեությունը նախատեսված է Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, երկրորդ` հասարակական կազմակերպություններն ունեն կոլեկտիվների և անհատների մասնավոր շահերի և պահանջմունքների իրացմանը, այդ թվում` հանրային կառավարմանը մասնակցելու գործառույթ, երրորդ` հասարակական կազմակերպությունների միջոցով է, որ հասարակությունը հնարավորություն է ստանում հասարակական հսկողություն և վերահսկողություն սահմանել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նկատմամբ: Այս հանգամանքը հատկապես կարևորվում է այն պարագայում, երբ առկա է ոչ թե անհատի, այլ իրավունքի կոլեկտիվ սուբյեկտի սուբյեկտիվ իրավունքների կամ օրինական շահերի խախտում:

Հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և քաղաքացիական հասարակության կյանքում, առաջնորդվելով վերջիններիս գործունեության արդյունավետության բարձրացման նկատառումներով` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը շահագրգիռ (կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված) հասարակական կազմակերպությունների համար, որպես իրավաբանական անձ, կարող է սահմանել տվյալ ոլորտում անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը` հաշվի առնելով actio popularis բողոքների ինստիտուտի առնչությամբ եվրոպական ներկա զարգացումների միտումները: Նման իրավակարգավորումը կնպաստեր ոչ միայն խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, այդ թվում դատական պաշտպանության արդյունավետությանը, այլև կբարձրացներ քաղաքացիական հասարակության բաղադրատարր հանդիսացող` հասարակական կազմակերպությունների դերը: Ընդ որում, ուրիշի խախտված իրավունքների համար դատարան կամ այլ մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը սահմանելիս հարկ կլինի հաշվի առնել միայն այն հասարակական կազմակերպություններին, որոնց նպատակներից են կոլեկտիվ կամ համայնքային կոնկրետ շահերի պաշտպանությունը: Այս դիրքորոշումը համահունչ է նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, որի համաձայն` կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն իրականացնելու համար իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքները և օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:

 

8. Վարչական դատավարությունում այլոց իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավունքի („Actio popularis") առնչությամբ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ, որպես կանոն, եվրոպական երկրներում այս ինստիտուտն իր դասական իմաստով և լրիվ ծավալով կիրառում չունի: Միաժամանակ, սահմանադրական դատարանը նման ուսումնասիրության արդյունքներով արձանագրում է, որ մի շարք երկրներում վարչական գործերով հայց ներկայացնելու իրավասության հիմնական չափանիշ է հանդիսանում «իրավական շահագրգռվածությունը»: Վերջինս դատաիրավական պրակտիկայում ստացել է այնքան լայն մեկնաբանություն, որ հասարակական կազմակերպություններին կամ քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկող և օրենքով սահմանված կարգով գործունեություն իրականացնող այլ միավորումների հնարավորություն է ընձեռվում հանդես գալ որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքի պաշտպանությամբ, եթե այդ պաշտպանությունը տվյալ միավորման կոնկրետ նպատակների շրջանակում է: Այսպիսի դիրքորոշում է ըստ էության արտահայտված նաև Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկայում: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 30.10.2009թ. թիվ ՎԴ/3275/05/08 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սույն գործով «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունն Օրհուսի կոնվենցիայի իմաստով «շահագրգիռ» կազմակերպություն է, հետևաբար, օգտվում է այդ կազմակերպության կանոնադրական նպատակներից բխող, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցով դատական պաշտպանության իրավունքից»:

Հասարակական կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կոլեկտիվ իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության հարցերին է անդրադարձել նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն: Ըստ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2004 թվականի դեկտեմբերի 15-ի` «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության մասին» (2004)20 հանձնարարականի` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները խրախուսում են քննության առնել այն հարցը, թե արդյո՞ք դատական վերահսկողության մատչելիությունը պետք է երաշխավորվի նաև այն միավորումների կամ այլ անձանց կամ մարմինների համար, որոնք իրավասու են պաշտպանել կոլեկտիվ կամ համայնքային շահեր:

Բոլոր դեպքերում հիմնական մոտեցումն այն է, որ առանց իրավական շահի actio popularis-ը պետք է բացառվի:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական հասարակությունում հասարակական կազմակերպությունների գործառույթների իրականացման, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների միջոցով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նկատմամբ հասարակական վերահսկողության արդյունավետության բարձրացման նկատառումներով հետագա օրենսդրական զարգացումները պետք է ընթանան վերոհիշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի` «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


7 սեպտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-906