Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.62
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ3/0385/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ3/0385/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.02.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) ընդդեմ «Արտակ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ)` 600.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 600.000 ՀՀ դրամ` որպես շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի համար պետական տուրքի գծով տույժի գումար:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.02.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոոպերատիվը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 6.1-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի 2-րդ մասը, 6.1-րդ հոդվածի 2-րդ մասը, 19-րդ հոդվածի 14.2-րդ կետը, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 23-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 895 որոշման 1-ին մասը, ՀՀ կառավարության 24.12.2009 թվականի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» թիվ 1522-Ն որոշման 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-14-րդ կետերը, ՀՀ կառավարության 29.11.1997 թվականի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» թիվ 547 որոշման 1-ին մասի «ա» և «բ» կետերը, ՀՀ կառավարության 04.09.2008 թվականի «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 13-րդ կետի 1-ին կետի «ե» ենթակետը, 14-րդ կետի 1-ին կետի «բ» ենթակետը, ինչպես նաև խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է, որ պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա։ Տվյալ դեպքում Նախարարությունը` որպես շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման ծառայություն մատուցող մարմին, պարտավոր է (ոչ թե իրավասու է) ապահովել նաև այդ ծառայությունների դիմաց գանձվող պետական տուրքի և դրա չվճարման արդյունքում հաշվարկված տույժի գումարների գանձումը, քանի որ նշված պարտավորությունը չկատարելու հետևանքով պատասխանատվությունը կրում են Նախարարության պաշտոնատար անձինք, իսկ Դատարանի կողմից վկայակոչած իրավանորմերում ամրագրված տուրքի հաշվարկման, գանձման հսկողությունը վերաբերում է ոչ թե հարկային մարմնի կողմից պետական տուրքի ուղղակի` դատական կարգով գանձմանը, այլ համապատասխան ծառայություններ մատուցող մարմինների կողմից տուրքի հաշվարկման և գանձման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացմանը։

Շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման բնագավառում պետական տուրքի գանձման` Նախարարության պատասխատանու լինելու հանգամանքը հիմնավորվում է նաև ՀՀ կառավարության 24.12.2009 թվականի «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և ՀՀ 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» թիվ 1522-Ն որոշմամբ հաստատված եկամուտների առանձին տեսակների գծով տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնություններով (որոշման թիվ 6 հավելված), որով սահմանվում է, որ վիճակախաղերի, շահումով խաղերի բնագավառում պետական տուրքի մասով եկամտատեսակի գանձման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Նախարարությունը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 01.02.2010 թվականի վճիռը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, մաքսատուրքերի, պետական տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկման, գանձման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման նկատմամբ հսկողությունն իրականացնում են հարկային մարմինները, մինչդեռ ՀՀ կառավարության 15.05.2008 թվականի «ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակագմի կառուցվածքը հաստատելու» թիվ 503-Ն որոշմամբ հաստատված կանոնադրությամբ սահմանված է, որ Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի գործունեության կարգավորման ոլորտում շահումով խաղերի, վիճակախաղային, խաղատնային գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, այդ գործունեությունների լիցենզավորումը և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը։ Նախարարությունը որևէ իրավազորություն չունի պետական տուրքի գանձման վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ, ուստի և անհիմն են Նախարարության բոլոր այն պնդումները, որ ինքը նույնպես ունի նման իրավունք:

ՀՀ կառավարության 24.12.2009 թվականի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» թիվ 1522-Ն որոշումը որևէ կերպ չի կարող առնչվել վեճին, քանի որ այն ընդունվել է ավելի ուշ։

Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարի 26.05.2009 թվականի թիվ 474-Ա հրամանով Կոոպերատիվին 12.09.2008 թվականին տրված շահումով խաղի կազմակերպման թիվ ՇԽ-175 լիցենզիայի գործողությունը կասեցվել է, և կասեցման հիմք է դիտվել լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց կողմից ստուգումների իրականացմանը խոչընդոտելը։ ՀՀ վարչական դատարանի` 30.11.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ՀՀ ֆինանսների նախարարի թիվ 474-Ա հրամանը ճանաչվել է անվավեր, հետևաբար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով պետական տուրքի վճարման ժամկետը երկարաձգվել է մինչև 10.02.2010 թվականը (մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` ՀՀ վարչական դատարանի 30.11.2009 թվականի վճռի դեմ բերած բողոքը վերադարձնելու մասին որոշման ընդունումը), հետևաբար, եթե օրենքի ուժով արդեն իսկ երկարաձգված է պետական տուրքի վճարման ժամկետը, ուստի Նախարարությունն իրավունք չունի Կոոպերատիվից պահանջել տույժի գումարներ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում պետական տուրքի վճարումն օրենքի ուժով երկարաձգվել է։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ ֆինանսների նախարարի 12.09.2008 թվականի թիվ 787-Ա հրամանով Կոոպերատիվին թիվ ՇԽ-175 գրանցման համարով անժամկետ տրվել է շահումով խաղի կազմակերպման լիցենզիա:

2) Կոոպերատիվի նախագահը 06.10.2009 թվականին դիմել է ՀՀ ֆինանսների նախարարին` խնդրելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված թիվ ՇԽ-175 լիցենզիայի գործողության ժամկետը դադարեցնել:

3) ՀՀ ֆինանսների նախարարի 29.10.2009 թվականի ««Արտակ» ԱԿ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 12.09.2008 թվականին տրված թիվ ՇԽ-175 շահումով խաղի կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1005-Ա հրամանի համաձայն` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 12.09.2008 թվականին Կոոպերատիվին տրված թիվ ՇԽ-175 շահումով խաղի կազմակերպման լիցենզիան ճանաչվել է ուժը կորցրած:

4) Նախարարությունը դիմել է Դատարան` պահանջելով Կոոպերատիվից բռնագանձել 600.000 ՀՀ դրամ` որպես 12.09.2008 թվականի թիվ ՇԽ-175 լիցենզիայի համար պետական տուրքի գծով տույժի գումար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` լիցենզիաները տալիս են միայն նույն հոդվածով նախատեսված լիազորված պետական մարմինները: Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների և գերատեսչությունների կողմից (այսուհետ` լիցենզավորող մարմիններ) լիցենզիաները տրվում են նույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար: Լիցենզավորող մարմինների կողմից լիցենզիաները ձևակերպվում են համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումներով, ինչպես նաև նախարարի կամ գերատեսչության ղեկավարի հրամանով:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, որի 15-րդ բաժնով նախատեսվել են լիցենզավորման ենթակա գործունեության հետևյալ տեսակները` 1. վիճակախաղերի կազմակերպում, 2. շահումներով խաղերի կազմակերպում, 2.1. ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում, 3. խաղատների կազմակերպում:

ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 895 որոշման 1-ին մասի «դ» կետով սահմանվել է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` աղյուսակի 6-րդ բաժնի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 18-րդ բաժնի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով:

Վերը նշված իրավական ակտերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լիցենզավորման ենթակա գործունեություն համարվող շահումով խաղերի կազմակերպման համար լիցենզավորող մարմին է ՀՀ ֆինանսների նախարարությունը` որպես ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին, որպիսի լիցենզիան ձևակերպվում է նախարարի հրամանով:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ ֆինանսների նախարարը 12.09.2008 թվականի թիվ 787-Ա հրամանով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 43-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 895 որոշմամբ Նախարարությանը վերապահված լիազորությունների սահմաններում, Կոոպերատիվին թիվ ՇԽ-175 գրանցման համարով անժամկետ տվել է շահումով խաղի կազմակերպման լիցենզիա: Կոոպերատիվի կողմից տարեկան հերթական պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում հաշվարկած տույժերը բռնագանձելու պահանջով Նախարարությունը դիմել է Դատարան:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև պետական տուրքի հաշվարկման, գանձման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման, վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է ոչ թե Նախարարությունը, այլ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, ուստի Նախարարությունն իրավազոր չէ քննարկվող հայցապահանջով դիմել դատական պաշտպանության:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը. արդյո՞ք Նախարարությունը շահումով խաղերի կազմակերպման բնագավառում տրված լիցենզիաների համար պետական տուրք հաշվարկելու և գանձելու իրավասություն ունեցող մարմին է, թե` ոչ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժբ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է նույն օրենքի 19.1, 19.2 և 20 հոդվածներով սահմանված այլ ծառայությունների կամ գործողությունների համար: Նույն օրենքի 19-րդ հոդվածի 14.2-րդ կետի համաձայն` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 5.000-ապատիկի չափով:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի կազմակերպման համար սահմանել է պետական տուրքի դրույքաչափ` տարեկան բազային տուրքի 5.000-ապատիկի չափով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` պետական տուրքը հաշվարկում և գանձում են նույն օրենքով սահմանված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք: Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա, իսկ գումարները կանխիկ գանձված (ստացված) լինելու դեպքում` դրանք ժամանակին բյուջե փոխանցելու պատասխանատվությունը դրվում է պետական տուրք գանձող մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի վրա:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ: Նույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաև նույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին: Պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար նույն օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է դատական կարգով:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ պետական տուրքը հաշվարկում և գանձում են համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք, որոնք պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, դրանց համար սահմանված տույժերի գանձումը կատարում են դատական կարգով:

Հիմք ընդունելով վերոգյալը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախարարությունը, որպես ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին, լիցենզավորում է շահումներով խաղերի կազմակերպումը, իսկ Նախարարության պաշտոնատար անձինք հանդիսանում են համապատասխան ծառայություններ և գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք, որոնց վրա դրված է նաև պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նախարարությունն է կրում պետական տուրքը ճիշտ հաշվարկելու և ժամանակին գանձելու համար պատասխանատվությունը, ուստիև Նախարարությունը շահումով խաղերի բնագավառում պետական տուրք հաշվարկելու և գանձելու, այդ թվում նաև` դատական կարգով, իրավասություն ունեցող մարմին է:

 

Ավելին, Նախարարության համար նման պարտավորություն սահմանված լինելը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված եկամուտների առանձին տեսակների գծով մուտքերի հավաքագրման եռամսյակային համամասնությունները սահմանելիս որոշակի եկամտատեսակների գանձման համար պատասխանատվություն է դրել Նախարարության վրա:

Այսպես` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են պետական տուրքերը:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն` պետական բյուջեի կատարման կարգը սահմանում է կառավարությունը` նույն օրենքի հիման վրա: Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 24.12.2009 թվականի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» թիվ 1522-Ն որոշման 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետով սահմանել է «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների առանձին տեսակների գծով տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ դրանց գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինների` համաձայն թիվ 6 հավելվածի:

Վերոգրյալ որոշման 6-րդ հավելվածով սահմանվել են Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված եկամուտների (բացառությամբ պաշտոնական դրամաշնորհների) առանձին տեսակների գծով մուտքերի հավաքագրման եռամսյակային համամասնություններն ըստ դրանց գանձման համար պատասխանատու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմինների, որի 9.13-րդ կետով սահմանվել է, որ Նախարարությունը պատասխանատու է յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի կազմակերպման համար լիցենզիաների համար պետական տուրքի տեսքով եկամուտների գանձման համար:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.02.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Գործի նոր քննության արդյունքում անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Խունդկարյան

ՎԱբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան