Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2015-02.01.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.46
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2010
Ստորագրման ամսաթիվ
19.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2015

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը, Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

առաջնորդվելով «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մասին» 1999 թվականի փետրվարի 26-ի պայմանագրով,

առաջնային համարելով Կողմերի պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի ապահովման խնդիրը,

երրորդ պետություններից անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցության ոլորտում համագործակցությունը համարելով Կողմերի պետությունների տարածքում միգրացիոն գործընթացների կարգավորման կարևոր ուղղություններից մեկը,

հիմք ընդունելով միջազգային իրավունքի և Կողմերի պետությունների օրենսդրության նորմերը,

ձգտելով իրավական հիմք ստեղծել երրորդ պետություններից անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցության ոլորտում Կողմերի միջև համագործակցության համար,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրով սահմանվում է երրորդ երկրներից անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցության ոլորտում Կողմերի միջև համագործակցության ուղղությունները և ձևերը:

Սույն Համաձայնագիրը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք Կողմերի պետություններից մեկի տարածք են ժամանել երրորդ պետություններից՝ այդ Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ապաստան կամ փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի նպատակներով դրանում գործածվող եզրույթներն ունեն հետևյալ իմաստը՝

«մուտքի պետություն»՝ Կողմերից մեկի պետությունը, որի տարածք է մեկնում երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով,

«երրորդ պետություն»՝ սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետություն,

«երրորդ պետությունների քաղաքացիներ»՝ սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետությունների քաղաքացիներ,

«լիազոր մարմիններ»՝ Կողմերի պետությունների մարմիններ, որոնց իրավասության մեջ մտնում է սույն Համաձայնագրի դրույթների կատարումը,

«քաղաքացիություն չունեցող անձ»՝ անձ, որը չունի որևէ պետության քաղաքացի լինելու ապացույց և մշտապես չի բնակվում Կողմերից մեկի պետության տարածքում,

«անօրինական աշխատանքային միգրացիա»՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով երրորդ պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց՝ Կողմերից մեկի պետության տարածք մուտքը և (կամ) այնտեղ գտնվելը՝ այդ պետության օրենսդրության խախտմամբ, կամ երրորդ երկրի քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Կողմերից մեկի պետության տարածքում այդ պետության օրենսդրության խախտմամբ աշխատանքային գործունեություն իրականացնելը,

«անօրինական կարգավիճակով միգրանտ աշխատողներ»՝ երրորդ պետությունների քաղաքացիներ կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք մուտք են գործում Կողմ հանդիսացող պետություններից մեկի տարածք և (կամ) գտնվում են այնտեղ այդ պետության օրենսդրության խախտմամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, կամ Կողմ հանդիսացող պետություններից մեկի տարածքում իրականացնում են աշխատանքային գործունեություն՝ այդ պետության օրենսդրության խախտմամբ:

 

Հոդված 3

 

Կողմերը փոխգործակցում են հետևյալ հիմնական ուղղություններով՝

անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցության ոլորտում համաձայնեցված քաղաքականության մշակում և իրականացում,

անօրինական կարգավիճակով միգրանտ աշխատողների, անօրինական աշխատանքային միգրացիա կազմակերպող և (կամ) դրան նպաստող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ համաձայնեցված միջոցների իրականացում:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրի կատարման նպատակներով Կողմերը՝

համաձայնեցնում են ընդհանուր մոտեցումները և սկզբունքներն անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցության ոլորտում,

հայտնաբերում և հաշվառում են անօրինական կարգավիճակով միգրանտ աշխատողներին,

հայտնաբերում են անօրինական աշխատանքային միգրացիա կազմակերպող կամ դրան նպաստող ուղիներն ու կառույցները և կանխարգելում դրանց գործունեությունը,

իրականացնում են անօրինական աշխատանքային միգրացիայի ծավալների դիտանցում,

իրականացնում են անօրինական կարգավիճակով միգրանտ աշխատողներին իրենց տարածքից հեռացնելու (արտաքսելու, վտարելու) մեխանիզմների մշակում և կատարելագործում,

իրականացնում են այնպիսի համաձայնեցված միջոցների մշակում, որոնք սահմանափակում են նախկինում հեռացված (արտաքսված, վտարված) անձանց մուտքը Կողմերի պետությունների տարածք՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով,

ձեռնարկում են միջոցներ, որոնք ուղղված են աշխատանքային միգրացիայի ոլորտում ոչ հավաստի տեղեկությունների տարածման կանխարգելմանը:

 

Հոդված 5

 

Կողմերը համագործակցում են հետևյալ ձևերով՝

միգրացիայի և օտարերկրյա քաղաքացիների կողմից աշխատանքային գործունեություն իրականացելու հարցերի վերաբերյալ՝ Կողմերի պետությունների նորմատիվ իրավական ակտերի փոխանակում,

անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցությանն առնչվող հարցերին վերաբերող տեղեկությունների փոխանակում,

անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցության ուղղությամբ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների և հատուկ գործողությունների կազմակերպում ու իրականացում,

փորձի փոխանակում, գործուղումների, սեմինարների և ուսումնական դասընթացների իրականացում,

հետընդունման մասին համաձայնագրերի կնքում:

 

Հոդված 6

 

Անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցության նպատակներով Կողմերի պետությունների լիազոր մարմինները տեղեկություններ են փոխանակում հետևյալի մասին՝

անօրինական կարգավիճակով միգրանտ աշխատողների հայտնաբերման և նրանց նկատմամբ ձեռնարկված միջոցների մասին,

այն փաստաթղթերի օրինակելի ձևերի մասին, որոնցով հավաստվում է երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի իրավունքը Կողմերի պետությունների տարածք, այդ թվում՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով,

կեղծ և հափշտակված փաստաթղթերի մասին, որոնք օգտագործվում են երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Կողմերի պետությունների պետական սահմանը հատելու և աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով,

անօրինական աշխատանքային միգրացիայի ուղիների հայտնաբերման մասին,

Կողմերի պետությունների տարածքում անօրինական աշխատանքային միգրացիա կազմակերպելու և (կամ) դրան նպաստելու համար վարչական և քրեական պատասխանատվության ենթարկված անձանց մասին,

ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին, որոնք կազմակերպում են անօրինական աշխատանքային միգրացիա և (կամ) նպաստում են դրան:

Տեղեկությունների փոխանակումն իրականացվում է Կողմերի պետությունների լիազոր մարմինների կողմից համապատասխան հարցումների հիման վրա՝ դրանց միջև համաձայնեցված կարգով:

 

Հոդված 7

 

Կողմերից մեկի պետության լիազոր մարմինները կարող են, այդ Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան, մերժել մուտքի պետության տարածք մեկնող՝ երրորդ պետությունների քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումն այդ Կողմի պետության տարածքով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրը կատարվում է լիազոր մարմինների կողմից, որոնք փոխգործակցում են իրենց իրավասության շրջանակներում և Կողմերի պետությունների օրենսդրության պահպանմամբ:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո եռամսյա ժամկետում Կողմերը տեղեկացնում են ավանդապահին նշված լիազոր մարմինների մասին:

Լիազոր մարմնի փոփոխման դեպքում Կողմերը դրա մասին անհապաղ տեղեկացնում են միմյանց ավանդապահի միջոցով:

 

Հոդված 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

 

Հոդված 10

 

Կողմերի միջև ծագող՝ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը և այլ հարցեր կարգավորվում են Կողմերի միջև անցկացվող խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով:

Խորհրդակցություններ ու բանակցություններ անցկացնելու մասին պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում Կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճը հանձնում է Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն առնչվում Կողմերի պետությունների՝ միջազգային այն պայմանագրերից բխող պարտավորությունների վրա, որոնց մասնակիցն են դրանք:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացած ծախսերը Կողմերը կրում են ինքնուրույն, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջև համագործակցությունն իրականացվում է ռուսերենով:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից երեսուն օր հետո:

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագիրը բաց է Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ այլ պետությունների կողմից միանալու համար՝ սույն Համաձայնագրի բոլոր մասնակից պետությունների համաձայնությամբ:

Այն պետությունները, որոնք ցանկանում են միանալ սույն Համաձայնագրին, գրավոր դիմում են ավանդապահին: Ավանդապահը պետության կողմից Համաձայնագրին միանալու մասին դիմումի մասին տեղեկացնում է սույն Համաձայնագրի բոլոր մասնակից պետություններին, որոնք հաղորդումն ստանալու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում ավանդապահին ուղարկում են իրենց պատասխանը: Սույն Համաձայնագրի բոլոր մասնակից պետություններից պատասխան ստանալուց հետո ավանդապահն անհապաղ տեղեկացնում է դրա մասին սույն Համաձայնագրին միանալ ցանկացող պետությանը:

Սույն Համաձայնագրին միանալու վերաբերյալ փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:

Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու վերաբերյալ փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ դրա մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը և դրանից դուրս գալը չի առնչվում այն ծրագրերի և նախագծերի իրականացման վրա, որոնք մեկնարկել են՝ նախքան սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը կամ դրանից դուրս գալը:

 

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2010 թվականի նոյեմբերի 19-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական համայնքի ինտեգրման հարցերով կոմիտեում, որը սույն Համաձայնագրի ավանդապահն է և որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

 

Բելառուսի
Հանրապետության
 Կառավարության կողմից

 

(ստորագրություն)

Ղազախստանի
Հանրապետության
Կառավարության կողմից

 

(ստորագրություն)

Ռուսաստանի
Դաշնության
Կառավարության կողմից

 

(ստորագրություն)