Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
գիտակցելով հիդրոօդերևութաբանական տեղեկության պարբերական ստացման և օգտագործման կարևորությունը պետությունների անվտանգության ապահովման և տնտեսական ու բնապահպանական բնույթի որոշումների ընդունման հարցում,
ընդունելով հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների գնահատման համար դիտարկումների ազգային, տարածաշրջանային և գլոբալ համակարգերի գործունեության միջպետական համաձայնեցման մեծ նշանակությունը,
արտահայտելով հիդրոօդերևութաբանական ցանցերի կազմակերպման և զարգացման բնագավառում համագործակցելու պատրաստակամություն,
ղեկավարվելով «Հիդրոօդերևութաբանության բնագավառում համագործակցության մասին» 1992 թվականի փետրվարի 8-ի՝ Համաձայնագրի դրույթներով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանց (ԱՊՀ ՄՀՕՑ)` ազգային դիտարկող կազմակերպությունների ընտրովի դիտակետերի ինտեգրացված համակարգ, որը տեղեկության առումով ապահովում է Կողմերի պահանջարկը հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների մասին,
ազգային հիդրոօդերևութաբանական ցանց` Կողմերից մեկի պետական ցանցային դիտարկող այնպիսի կազմակերպությունների ամբողջություն, որոնք իրականացնում են հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների նկատմամբ դիտարկումներ։
Հ ո դ վ ա ծ 2
ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի գործունեության ապահովման բնագավառում Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով.
ազգային հիդրոօդերևութաբանական ցանցերի, ինչպես նաև գոյություն ունեցող հաղորդակցական ենթակառույցների հիման վրա հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների դիտարկման միջպետական համակարգի ձևավորում և գործունեության ապահովում,
աջակցություն ԱՊՀ ՄՀՕՑ-ի բաղադրամասերի զարգացման ստրատեգիայի և համապատասխան համատեղ գիտատեխնիկական ծրագրերի մշակմանը և իրագործմանը,
աջակցություն ԱՊՀ ՄՀՕՑ-ի գործունեության իրավական, նորմատիվ-մեթոդական, չափաբանական, տեխնոլոգիական և ծրագրաապարատային ապահովմանը։
Հ ո դ վ ա ծ 3
ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի հիմնական խնդիրներն են.
հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների մասին ժամանակին, հավաստի և լիարժեք տեղեկություն ստանալը, այդ թվում՝ վտանգավոր հիդրոօդերևութաբանական պայմանների առաջացման և աղտոտվածության բարձր մակարդակի մասին՝ բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից տնտեսության և բնակչության պաշտպանության միջոցների ձեռնարկման նպատակով,
մակերևութային ջրերի աղտոտվածության մակարդակների մասին և անդրսահմանային ջրային օբյեկտներում ջրի ծախսերի մասին տեղեկություն ստանալը, մթնոլորտային օդով աղտոտող նյութերի անդրսահմանային տեղափոխման դիտարկումների ապահովումը,
դիտարկման մեթոդների միասնականության, չափումների պահանջվող ճշգրտության և համադրման, տեղեկատվական արտադրանքի հավաստիության ապահովումը։
Հ ո դ վ ա ծ 4
ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցը ձևավորվում է հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների դիտարկումների՝ գոյություն ունեցող ազգային ցանցերի և տվյալների հավաքման, մշակման ու տարածման տեխնոլոգիաներին տիրապետող գործող կառույցների հիմքի վրա։
Հ ո դ վ ա ծ 5
Անկախ Պետությունների Համագործակցության հիդրոօդերևութաբանության միջպետական խորհուրդը, որպես Անկախ Պետությունների Համագործակցության համակարգող ինստիտուտ, ըստ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների գործունեության հիմնական ուղղությունների`
որոշում է ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի կազմը (դիտարկման կայանների կետերի ցանկը) և տարբեր տեսակի դիտարկումների մեթոդական ապահովման իրականացման մեխանիզմները,
ԱՊՀ ՄՀՕՑ-ի գործունեության հետ կապված հարցերը լուծելիս ապահովում է ազգային հիդրոօդերևութաբանական մարմինների փոխգործակցությունը։
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերն աջակցում են ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի՝ ժամանակակից չափիչ գործիքներով և սարքավորումներով, չափումների կատարման սահմանված կարգով հավաստագրված մեթոդիկաներով, աշխատանքային չափանմուշներով, տվյալների փոխանցման համար հաղորդակցական ուղիներով, ինչպես նաև դրանց մշակման համար ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի միջոցներով ապահովմանը։
ԱՊՀ ՄՀՕՑ-ի գործունեության արդյունքում ստացված տեղեկությունը Կողմերի օգտագործման համար մատչելի է և ազատ։
Հ ո դ վ ա ծ 7
ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի ֆինանսավորումն իրականացվում է ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների՝ ներառյալ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և այլ միջազգային հիմնադրամների միջոցների հաշվին։
Կողմերը ինքնուրույն են ներգրավում ֆինանսական միջոցներ սույն Համաձայնագրով ստանձնած իրենց պարտականությունները կատարելու համար:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու ազգային հիդրոօդերևութաբանական մարմինների միջև փոխգործակցությունը կարող է իրականացվել առանձին պայմանավորվածությունների հիման վրա, որոնք չեն հակասում սույն Համաձայնագրի դրույթներին։
Կողմերը իրականացնում են իրենց գործունեությունը սույն Համաձայնագրի շրջանակներում՝ իրենց օրենսդրությանը համապատասխան։
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի՝ սույն Համաձայնագրում ընդգրկված հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերով կամ այն միջազգային պայմանագրերով ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները, որոնք կարող են կնքվել սույն Համաձայնագրի առարկային և նպատակներին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը շահագրգիռ Կողմերի միջև լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ։ Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով։
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից։
Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից։
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և այդ ժամկետը լրանալուց հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն։
Հ ո դ վ ա ծ 14
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին, կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ժամանակ առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները։
Հ ո դ վ ա ծ 15
Սույն Համաձայնագիրը բաց է դրա սկզբունքները և նպատակներն ընդունող այլ պետությունների կողմից միանալու համար՝ միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով։
Կատարված է Մոսկվա քաղաքում 2001 թվականի մարտի 16-ին՝ մեկ բնօրինակով, ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 25-ից: