Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.4
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0871/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0871/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ՝ Ս. Միքայելյան

               Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում քննելով գործի քննությանը մասնակից չդարձված անձ Իրինա Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Տիգրան Կիրակոսյանի հայցի ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի` նոտարական վավերացում չստացած անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու և գնած անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Տիգրան Կիրակոսյանը պահանջել է վավեր ճանաչել Երևանի Էրեբունի փողոցի 31 շենքի թիվ 3 բնակարանի նոտարական վավերացում չստացած առուվաճառքի պայմանագիրը և ճանաչել սեփականության իրավունքը գնած անշարժ գույքի նկատմամբ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 16.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.12.2009 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Իրինա Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իրինա Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տիգրան Կիրակոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին կետը, 105-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Դատարանը պատշաճ չի գնահատել վկա Ալինա Մանուչարյանի բացատրությունը, որով վերջինս հայտնել է, որ 2009 թվականի մարտին Վիկտոր Խոլոդնին մահացել է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վիկտոր Խոլոդնիյի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի հիմքով գործի վարույթը պետք է կասեցվեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.12.2009 թվականի որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Իրինա Հարությունյանը որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել Վերաքննիչ դատարան, որ նա Վիկտոր Խոլոդնիյի իրավահաջորդն է, իսկ Երևանի Էրեբունի նոտարական գրասենյակ ներկայացրած հայտարարությունը բավարար հիմք չէ ժառանգությունն ընդունելու համար և այդ հայտարարությամբ չի հաստատվում իրավահաջորդ լինելու հանգամանքը, այսինքն` վճռաբեկ բողոք է ներկայացրել այն անձը, որը չուներ այդ իրավունքը, քանի որ Դատարանի 19.09.2009 թվականի վճիռը չի վերաբերվում Իրինա Հարությունյանի իրավունքներին և չի կարող վերջինիս համար առաջացնել պարտականություններ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Տիգրան Կիրակոսյանի և Վիկտոր Խոլոդնիյի միջև 20.01.2009 թվականին կնքվել է Երևանի Էրեբունի 31 շենքի թիվ 3 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, որը նոտարական վավերացում չի ստացել (գ.թ. 8):

2) Վիկտոր Խոլոդնիյը մահացել է 08.04.2009 թվականին (գ.թ. 53):

3) Վկա Ալինա Մանուչարյանը Դատարանին տված ցուցմունքով հայտնել է, որ 2009 թվականի մարտի 7-ին, թե 8-ին Վիկտոր Խոլոդնիյը մահացել է (գ.թ. 42, 47):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ եթե գործին մասնակցող քաղաքացին մահացել է, և վերջինիս մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, ապա դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանում գործի քննության ընթացքում վկա Ալինա Մանուչարյանի ցուցմունքով պարզվել է, որ 2009 թվականին Վիկտոր Խոլոդնին մահացել է: Մինչդեռ Դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը մահացել է, սույն քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի հիմքով չի կասեցրել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վերը նշված հոդվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին:

Վերաքննիչ դատարանը Իրինա Հարությունյանի բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ Իրինա Հարությունյանը չի ներկայացրել Վիկտոր Խոլոդնիյի հետ ազգակցակամ կապի մեջ գտնվելու և վիճելի բնակարանի նկատմամբ գույքային կամ ոչ գույքային իրավունքներ ունենալու վերաբերյալ ապացույցներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը չի վերանայել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, մասնավորապես` չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի` Դատարանի կողմից չկիրառելու հիմքերին և հիմնավորումներին:

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 08.12.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան