ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ6/0447/05/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ալավերդյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լիզա Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 12.01.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Լիզա Ղազարյանի ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Գյուլնարա Ղազարյանի, Ռոբերտ, Նառա, Մարիամ Նալբանդյանների և Անահիտ Փանոյանի՝ Վանաձորի քաղաքապետի 26.02.1999 թվականի թիվ 146/106 և 10.07.2006 թվականի թիվ 452 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Լիզա Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձորի քաղաքապետի 26.02.1999 թվականի թիվ 146/106 և 10.07.2006 թվականի թիվ 452 որոշումները։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.01.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիզա Ղազարյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 26-րդ հոդվածի 1-3-րդ մասերի, 27-րդ հոդվածի 4-րդ մասի, 60-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 4-րդ մասի, 71-րդ, 72-րդ հոդվածների, 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, 105-րդ, 106-րդ, 107-րդ, 112-րդ, 113-րդ հոդվածների պահանջները, ՀՀ կառավարության 24.11.2005 թվականի թիվ 2138-Ն որոշման պահանջները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասի, 228-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև չի կիրառել «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը սույն գործով դատաքննությունն ավարտել է 02.12.2009 թվականին և դատաքննության ավարտից հետո հայտարարել է, որ վճիռը հրապարակվելու է 16.12.2009 թվականին՝ ժամը 17։59-ին։ Նշված օրը Դատարանը վճիռ չի հրապարակել։ Այնինչ նույն օրը ժամը 18։00-ից հետո, երբ աշխատանքային օրն ավարտվել էր, և Դատարանն այլևս իրավասու չէր դատական նիստ անցկացնել, Դատարանը վերսկսել է դատաքննությունը և ավարտելով այն՝ վճռի հրապարակման օր է հայտարարել 29.12.2009 թվականի ժամը 17։30-ը։ Նշված օրը 17։30-ին վճիռը չի հրապարակվել։ Նույն օրը կրկին Դատարանը վերսկսել է դատաքննությունը, անցկացրել է դատաքննություն և ավարտելով դատական նիստը՝ կրկին վճռի հրապարակման օր է հայտարարել, այս անգամ՝ 12.01.2010 թվականի ժամը 17։30-ը։
16.12.2009 թվականին և 29.12.2009 թվականին անցկացված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին հայցվորին կամ նրա ներկայացուցչին ծանուցագիր չի ուղարկվել։
Դատարանը, խախտելով օրենքով սահմանված հիմքերը, երկու անգամ վերսկսել է դատաքննությունը, առանց պատշաճ ծանուցման։
Դատարանը չի որոշել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, չի պարզել սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները և կողմերից չի պահանջել ներկայացնելու այդ փաստերի վերաբերյալ ապացույցներ:
Դատարանը հաշվի չի առել, որ Վանաձոր քաղաքի Մոսկովյան 1 հասցեում գտնվող գույքը ֆիննական տնակ է, որը «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների ուժով սեփականաշնորհման օբյեկտ չէր և ենթակա չէր սեփականաշնորհման, հետևաբար ոչ հայցվորը և ոչ երրորդ անձինք այդ տնակի սեփականաշնորհման սուբյեկտ չեն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 12.01.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանը 16.12.2009 թվականի ժամը 17:59-ին նշանակված վճռի հրապարակման օրը վերսկսել է գործի դատաքննությունը և դատական նիստը անցկացրել է աշխատանքային օրն ավարտվելուց հետո (գործը քննվել է Լիդա Ղազարյանի և նրա ներկայացուցչի բացակայությամբ (հ. 2-րդ, գ.թ. 30-32)։
2) Դատարանը 29.12.2009 թվականի ժամը 17:30-ին նշանակված վճռի հրապարակման ընթացքում կրկին վերսկսել է գործի դատաքննությունը կողմերի բացակայությամբ (հ. 2-րդ, գ.թ. 33)։
3) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց Լիդա Ղազարյանին և նրա ներկայացուցչին 29.12.2009 թվականին նշանակված դատական նիստի մասին պատշաճ ծանուցելու վերաբերյալ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով։ Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները։ Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները։ Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ։
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը՝ փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը՝ նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ՝ պատշաճ ձևով)։ Սա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների՝ դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե´ս «Արմենմոտոր» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի, երրորդ անձ Նախարարության՝ «Արմենմոտոր» ՓԲԸ-ի՝ Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի՝ ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը (վճարումը վերոհիշյալ որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով) ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/1043/05/09 որոշումը)։
Սույն գործի փաստերից հետևում է, որ Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ և 62-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, Լիզա Ղազարյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել սույն գործով իրականացրած դատական նիստերի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է վերջինիս բացակայությամբ։
Նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ 16.12.2009 թվականին նշանակված դատական նիստը վերսկսելով՝ Դատարանը 29.12.2009 թվականին նշանակված դատական նիստի մասին Լիզա Ղազարյանին պատշաճ ձևով չի ծանուցել:
Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ և 62-րդ հոդվածներով նախատեսված՝ դատական նիստի ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ գործի քննության ընթացքում կողմերին հավասար հնարավորության ընձեռման սկզբունքի հետ։ Նշված սկզբունքն ամբողջ ծավալով կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ վարչական դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն։ Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցներին իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։
Ինչ վերաբերում է Լիզա Ղազարյանի վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, ապա գործի քննությանը պատշաճ ծանուցված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 12.01.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի ա) կետի և 31-րդ հոդվածի գ) կետի հիմքով Լիզա Ղազարյանին ազատել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Մ. ԴՐՄԵՅԱՆ |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|