Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.31
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.02.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0031/01/09

ԵՇԴ/0031/01/09

 

Նախագահող դատավոր՝ Մ. Արղամանյան

Դատավորներ՝ Ա. Դանիելյան 

               Մ. Ռեհանյան


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

 

Հ. Ղուկասյանի

 

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ պաշտպան

Ա. Քարամյանի

2010 թվականի փետրվարի 12-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքն ամբաստանյալ Էդգար Սասունիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և ամբաստանյալ Վարազդատ Սամվելի Էլոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

1. 2008 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է թիվ 11121808 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով` անհայտ տղամարդկանց կողմից Էդիտա Գալստյանին բռնաբարելու և նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստի առթիվ:

Նախաքննության մարմնի 2009 թվականի փետրվարի 22-ի որոշումներով Է.Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վ.Էլոյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի փետրվարի 23-ի որոշումներով Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն որոշումներով Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով:

Դատախազի վերաքննիչ բողոքների հիման վրա դատական ստուգման ենթարկելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը` Վերաքննիչ դատարանը 2009 թվականի մարտի 19-ին որոշում է կայացրել բողոքները բավարարելու, Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի նկատմամբ գրավի կիրառումը վերացնելու մասին:

2009 թվականի ապրիլի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 1-ի դատավճռով Է.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: Վ.Էլոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժների ժամկետների մեջ հաշվակցվել է Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի` 2009 թվականի փետրվարի 23-ից մինչև փետրվարի 24-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը, և նրանց թողնվել է կրելու ազատազրկում 3 տարի 11 ամիս 28 օր ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվվել է 2009 թվականի մարտի 19-ից:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 12-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 1-ի դատավճիռը պատժի մասով փոփոխելու մասին:

Է.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով: Վ.Էլոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով:

«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Է.Պետրոսյանը և Վ.Էլոյանը ազատվել են նշանակված պատժի կրումից:

Ամբաստանյալներ Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նրանք ազատվել են կալանքից դատական նիստի դահլիճում:

4. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Ամբաստանյալներ Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի պաշտպան Ա.Քարամյանի կողմից 2009 թվականի նոյեմբերի 27-ին և տուժող Է.Գալստյանի կողմից 2009 թվականի նոյեմբերի 30-ին ներկայացվել են վճռաբեկ բողոքի պատասխաններ:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

 

5. Է.Պետրոսյանը և Վ.Էլոյանը դատապարտվել են հետևյալ արարքների համար.

2008 թվականի սեպտեմբերի 10-ին` ժամը 23-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց պողոտայի սկզբնամասում` Երևանյան լճի մոտ, Է.Պետրոսյանը և Վ.Էլոյանը զբաղվել են ձմերուկի առևտրով: Այդ ընթացքում նրանց է մոտեցել 1989 թվականին ծնված, մտավոր հետամնաց Է.Գալստյանը` ոգելից խմիչք օգտագործած վիճակում և պատմելով, որ քիչ առաջ երեք անծանոթ երիտասարդներ լճից ներքև` Հրազդան գետի ափի շրջակայքի հողամասերից մեկում գտնվող տնակի մեջ, իր նկատմամբ բռնի կերպով կատարել են սեքսուալ բնույթի գործողություններ, խնդրել է օգնել իրեն, սակայն Է.Պետրոսյանը, Է.Գալստյանին խաբեությամբ տանելով Երևանյան լճի հարավ-արևմտյան ափի տարածք, օգտագործելով վերջինիս մտավոր հետամնաց լինելու հանգամանքը և անօգնական վիճակը, նույն վայրում բռնաբարել է նրան, որից հետո Վ.Էլոյանը, իր հերթին օգտագործելով Է.Գալստյանի մտավոր հետամնաց լինելու հանգամանքն ու անօգնական վիճակը, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

6. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է` «Ղեկավարվելով ՀՀ քր. օր. 10, 48 և 61 հոդվածների դրույթներով, (…) հաշվի առնելով նաև, որ ամբաստանյալներ Պետրոսյանն ու Էլոյանը աշխատել են և հանդիսացել իրենց ընտանիքների միակ կերակրողը, վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում նրանք տուժող Էդիտա Գալստյանից ներողություն խնդրեցին, վերջինս էլ գրավոր դիմում ներկայացրեց` հայտնելով, որ իրենք հաշտվել են, ինքը նրանց ներում է և միջնորդում մեղմ պատիժ նշանակել, նկատի ունենալով նաև արարքի բնույթն ու գործի կոնկրետ հանգամանքները, ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերոնշյալ հանգամանքները, դրանք ծանրացնող հանգամանքների բացակայությունը, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է մասնակիորեն բավարարվի, (…) ամբաստանյալների նկատմամբ նշանակվի ՀՀ քր. օր. 138 հոդ. 1-ին և 139 հոդ. 1-ին մասերով նախատեսված ազատազրկման ձևով նվազագույն պատիժ» (տե´ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 84):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մեղմացման առումով փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության ու պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, ինչի արդյունքում Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի նկատմամբ նշանակվել են ակնհայտ մեղմ պատիժներ, որոնք չեն կարող նպաստել քրեական օրենքով ամրագրված պատժի նպատակների իրագործմանը:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքի հեղինակը նշում է, որ Վերաքննիչ դատարանը Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չի առել նրանց կատարած հանցագործությունների՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, անտեսել է այն հանգամանքը, որ ամբաստանյալներն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում չեն ընդունել իրենց մեղսագրվող արարքները, ինչպես նաև հաշվի չի առել հանցագործության կատարման եղանակը, այն, որ վերջիններս օգտվել են տուժողի մտավոր հետամնաց լինելու հանգամանքից:

Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է անում այն մասին, որ Վերաքննիչ դատարանի մատնանշած հանգամանքները (Է.Պետրոսյանը և Վ.Էլոյանը աշխատում են, հանդիսանում են իրենց ընտանիքների միակ կերակրողները, Վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում տուժողից ներողություն են խնդրել, տուժողը հայտնել է, որ հաշտվել է ամբաստանյալների հետ և խնդրել է մեղմ պատիժ նշանակել) չեն կարող նվազեցնել նրանց կատարած արարքների՝ հանրության համար վտանգավորության աստիճանը:

8. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրում է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 1-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալներ Է.Պետրոսյանին և Վ.Էլոյանին մեղսագրվող հոդվածների (համապատասխանաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածների 1-ին մասերի) սանկցիաների շրջանակներում նվազագույն պատժաչափ ընտրելիս Վերաքննիչ դատարանը գործե՞լ է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության ու պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների պահպանմամբ:

10. ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բռնաբարությունը (…) պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(…) սեքսուալ բնույթի այլ [բռնի] գործողությունները (…) պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»:

11. ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածների սանկցիաների վերլուծությունից երևում է, որ դրանք հարաբերականորեն որոշակի են` պատժի նվազագույն և առավելագույն չափերի սահմանմամբ, ինչը դատարանին հնարավորություն է տալիս, ելնելով կատարված կոնկրետ արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանից և բնույթից, հանցավորի անձը բնութագրող տվյալներից, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներից, հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակել համապատասխան պատիժ:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

Նախորդ կետում շարադրված իրավադրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակը բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի բովանդակությունից (ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 48-րդ հոդվածների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԱՎԴ2/0059/01/08 որոշումներում):

13. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

14. Ամբաստանյալին մեղսագրվող հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արտահայտել է Գ.Մադաթյանի վերաբերյալ գործով կայացրած որոշման մեջ:

Համաձայն այդ որոշման` «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը (տե´ս Գ.Մադաթյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

15. Դատարանների կողմից պատիժ նշանակելիս հաշվի առնվող մեղմացնող հանգամանքների չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Պ.Բայրամյանի վերաբերյալ գործով կայացրած որոշման մեջ, որի համաձայն` «(…) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,

(…)» (տե՛ս Պ.Բայրամյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի ՎԲ-84/07 որոշումը):

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Է.Գալստյանը, մոտենալով Է.Պետրոսյանին ու Վ.Էլոյանին և հայտնելով, որ անծանոթ երիտասարդներ իր նկատմամբ բռնի կերպով կատարել են սեքսուալ բնույթի գործողություններ, նրանցից օգնություն է խնդրել: Սակայն Է.Պետրոսյանը նրան խաբեությամբ տարել է Երևանյան լճի հարավարևմտյան ափի տարածք, որտեղ, օգտվելով նրա մտավոր հետամնաց լինելու և անօգնական վիճակում գտնվելու հանգամանքից, բռնաբարել է: Դրանից հետո Է.Պետրոսյանը կանչել է Վ.Էլոյանին, որը նույնպես օգտվելով Է.Գալստյանի մտավոր հետամնաց լինելու և անօգնական վիճակում գտնվելու հանգամանքից, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնված հանգամանքները, այն է՝ ամբաստանյալներն աշխատել են և հանդիսացել իրենց ընտանիքների միակ կերակրողը, տուժող Է.Գալստյանից ներողություն են խնդրել, ինչպես նաև տուժողի դիրքորոշումը (տե´ս սույն որոշման 6-րդ կետը), չէին կարող ողջամտորեն նվազեցնել նրանց կատարած արարքների հանրության համար վտանգավորության աստիճանը, ուստի չեն համապատասխանում Պ.Բայրամյանի վերաբերյալ նախադեպային որոշմամբ սահմանված չափանիշներին:

18. Քրեական գործի նյութերը վկայում են այն մասին, որ ամբաստանյալներ Է.Պետրոսյանն ու Վ. Էլոյանը տուժող Է.Գալստյանի սեռական անձեռնմխելիության ու ազատության դեմ ոտնձգել են` օգտվելով նրա սակավամտությունից, անծանոթ վայրում գտնվելու, հոգնածության և ապակողմնորոշման արդյունքում դիմադրություն ցույց տալու անընդունակության հանգամանքից, ինչն էականորեն բարձրացնում է նրանց կատարած հանցագործությունների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի կատարած արարքների հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը գնահատելիս Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հաշվի առնել վերը նշված հանգամանքները, ինչը չի արել:

19. Հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով ճիշտ չի գնահատել Է.Պետրոսյանի և Վ.Էլոյանի արարքների` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչն էլ հանգեցրել է նրանց նկատմամբ ակնհայտ մեղմ լինելու պատճառով անարդարացի պատժի նշանակման, այսինքն` թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության ու պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում:

Վերոնշյալ հանգամանքները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս բեկանել ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Էդգար Սասունիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և ամբաստանյալ Վարազդատ Սամվելի Էլոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան