Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.33
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.02.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԼԴ2/0019/01/09

ԼԴ2/0019/01/09

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան

Դատավորներ՝ Մ. Արղամանյան, 
                                Մ. Ռեհանյան

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ ամբաստանյալ

Ս. Թոմոյանի

 

 12 փետրվարի 2010 թվական

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սերյոժա Սարգսի Թոմոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Թոմոյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2009 թվականի ապրիլի 27-ին հարուցվել է թիվ 55200309 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի և 34-202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2009 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Ս.Թոմոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով:

2009 թվականի հունիսի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճռով Սերյոժա Թոմոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 /երեք/ տարի ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Ա.Աբդուրախմանովան, որի վերաբերյալ դատական ակտը չի բողոքարկվել:

3. Ամբաստանյալ Ս.Թոմոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Թոմոյանը:

2009 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ամբաստանյալ Ս.Թոմոյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ս.Թոմոյանը դատապարտվել է այն արարքի համար, որ, աշխատելով անհատ ձեռնարկատեր Անզոր Լալայանին պատկանող տաքսի ծառայությունում, 2009 թվականի մարտի 21-ի գիշերը՝ ժամը 5-ի սահմաններում, իր վարմանը հանձնված «ԳԱԶ 31105411» մակնիշի 15 ԼՍ 091 պետհամարանիշի ավտոմեքենայով Այրում կայարանից Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ է տեղափոխել գործով չպարզված չորս ուղևոր կանանց, որոնցից մեկը Այրում կայարանում որպես ուղեվարձ նրան իրացրել է մեկ հատ 10.000 դրամ անվանական արժեքով Ծ-04795926 սերիա-համարի հայկական կեղծ թղթադրամ:

Ս.Թոմոյանը, հաջորդ օրը նկատելով, որ թղթադրամը կեղծ է, 2009 թվականի մարտի 23-ին՝ ժամը 12-ի սահմաններում, նշված կեղծ թղթադրամն իրացրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Աքսանա Աբդուրախմանովային, իսկ վերջինս նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, մեկ հատ 10.000 դրամ կեղծ թղթադրամը փորձել է իրացնել Ալավերդի քաղաքի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Ռաֆայել Նիկողոսյանի բջջային հեռախոսների խանութում:

6. Առաջին ատյանի դատարանը Ս.Թոմոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, գործի հանգամանքները, անձը բնութագրող տվյալները՝ այն, որ նա նախկինում հանցագործություն չի կատարել, բնութագրվում է դրական, զղջացել է կատարածի համար:

Առաջին ատյանի դատարանը Ս.Թոմոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել:

7. Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված վերոգրյալ հանգամանքները, եկել է հետևության, որ տվյալ դեպքում ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ, և որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակները:

8. Ս.Թոմոյանը նախկինում դատապարտված չի եղել, ընդունել է հանցանքը և զղջացել կատարածի համար, բնութագրվում է դրական, կինը վատառողջ է և գտնվում է նրա խնամքին:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով դատական ակտի կայացումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, իր անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայության և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում իր նկատմամբ ակնհայտ խիստ պատիժ նշանակելով և նշանակված պատիժը պայմանական չկիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Մասնավորապես, դատարանը չի կիրառել օրենքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված և չպատճառաբանված որոշման կայացմանը:

Համաձայն բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքն ամբողջովին ընդունել է մեղքը և զղջացել կատարած արարքի համար, նախկինում երբևէ որևէ հակահասարակական արարք չի կատարել և չի դատապարտվել, զբաղվել է հանրօգուտ աշխատանքով, ընտանիքի միակ կերակրողն է, իր խնամքին է գտնվում 56-ամյա հիվանդ կինը, հանցագործություն կատարելու դիտավորություն չի ունեցել, պարզապես խաբվել է, քանի որ իր գիշերային աշխատանքի դիմաց վճարել են կեղծ թղթադրամով, բարեխղճորեն ներկայացել և երբևէ չի խոչընդոտել, չի խուսափել քննությունից: Արդյունքում Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով ամրագրված իրավանորմը, որի կիրառմամբ կարող էր հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, իր ուղղմանը և հանցագործությունների կանխմանը, ինչը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ ՎԲ-192/07, ՎԲ-01/08 որոշումները:

10. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա իր նկատմամբ նշանակված 3 /երեք/ տարի ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ է արդյոք Ս.Թոմոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

12. Պատիժ նշանակելը քրեական գործերով արդարադատության իրականացման կարևոր և պատասխանատու բաղադրամասերից է, ուստի օրենսդրի կողմից մեծապես կարևորվում է յուրաքանչյուր դեպքում անձի նկատմամբ պատիժ նշանակելիս քրեաիրավական նորմերով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանումը:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվող «պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

Շարադրված հոդվածների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակը բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի բովանդակությունից: Մասնավորապես, նշված հոդվածի այն պահանջից, ըստ որի՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 48-րդ հոդվածների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել ՎԲ-50/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ԱՎԴ2/0059/01/08 որոշումներում):

14. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով….»:

Նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին և բնույթին: Ամբաստանյալին մեղսագրվող հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արտահայտել է Գ.Մադաթյանի վերաբերյալ գործով կայացրած որոշման մեջ, որի համաձայն` «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված կոնկրետ հանցանքի առանձնահատուկ հատկանիշները, որոնք կարող են ազդել հանրության վտանգավորության վրա` հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը» (տե՛ս Գարուշ Մադաթյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

15. Պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով: Ընդ որում՝ անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս: Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ՝ գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները՝ վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն:

Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով՝ դրանք բնութագրում են ինչպես կատարած հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժ կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իր դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արտահայտել է մի շարք որոշումներում: Մասնավորապես, ԵԱՔԴ 0078/01/09, ԱՎԴ2/0059/01/08 որոշմամբ արձանագրվել է, որ «(...) պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց իրական պատիժ նշանակելու ամբաստանյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին (...)» (տե՛ս Հուսիկ Բաղդասարյանի վերաբերյալ գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/01/08 որոշումը, կետ 24): Նմանատիպ մոտեցում է արտահայտվել նաև Վճռաբեկ դատարանի ՎԲ-50/07, ՎԲ-192/07, ՎԲ-01/08 որոշումներում:

18. Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերը թվարկված դրույթներից և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից հետևում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ ինչպես պատժատեսակի և պատժաչափի, այնպես էլ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա՝ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան, նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

19. Քննության առարկա գործի նյութերով հիմնավորվել է, որ Ս.Թոմոյանը, աշխատելով տաքսի ծառայությունում որպես վարորդ, 2009 թվականի մարտի 21-ի գիշերն ուղևորներ է փոխադրել, որոնցից մեկը որպես ուղեվարձ նրան է իրացրել մեկ հատ 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Հաջորդ օրը, նկատելով, որ թղթադրամը կեղծ է, նա այն իրացրել է Ա.Աբդուրախմանովային: Ընդ որում, թղթադրամն իրացնելիս նա Ա.Աբդուրախմանովայից չի թաքցրել դրա կեղծ լինելու փաստը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Գործի նյութերից երևում է նաև, որ Ս.Թոմոյանը նախկինում դատապարտված չի եղել, անկեղծորեն խոստովանել և ընդունել է հանցանքը, զղջացել կատարածի համար, ինչպես աշխատանքային կոլեկտիվի, այնպես էլ Աքորիի գյուղապետարանի և համայնքի բնակիչների կողմից բնութագրվել է դրական, խնամքին է գտնվում վատառողջ՝ դիսպանսեր հսկողության տակ գտնվող կինը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը Ս.Թոմոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս նշել է, որ հաշվի է առնում կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, գործի հանգամանքները, անձը բնութագրող տվյալները: Առաջին ատյանի դատարանը Ս.Թոմոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել:

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորության և ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցերը, հանգել է հետևության, որ տվյալ դեպքում ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ, և որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակները (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը):

20. Փաստորեն, Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցը քննարկելիս հիմք է ընդունել Առաջին ատյանի դատարանի հետևությունները, որոնք ուղղակի վերարտադրել է իր որոշման մեջ` առանց անդրադառնալու այն հարցին, թե ամբաստանյալ Ս.Թոմոյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության մասին հետևությունը համապատասխանու՞մ է արդյոք գործի փաստական հանգամանքներին ու արդարության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքներին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախորդ կետում նշված հանգամանքները ենթակա են գնահատման արդարության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքներին համապատասխան` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորության հարցը որոշելու առումով, և դրանց գնահատված չլինելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող` չհիմնավորված որոշման կայացմանը, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

21. Բողոքարկված դատական ակտի բեկանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ս.Թոմոյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցը քննարկելիս և որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցը չի քննարկել արդարության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր, կապված պատժի նպատակների իրացվելիության հնարավորության հարցն արդարության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքին համապատասխան քննարկելու անհրաժեշտության հետ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սերյոժա Սարգսի Թոմոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան