Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.42
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/2890/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/2890/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.02.2010 թվականի վճռի դեմ` ըստ «Հարավէներգովերանորոգում հատուկ մասնագիտացված արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն), ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Շենգավիթի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 5.041.100 ՀՀ դրամ գերավճարը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը վերադարձնել 5.041.100 ՀՀ դրամ գերավճարը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 5-րդ պարբերությունները, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հավելվածի 5.1-րդ, 5.4-րդ կետերը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն արձանագրել է, որ Տեսչությունը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ դեռևս 1996 թվականին 5.000.000 ՀՀ դրամ հաշվանցվել է Ընկերության եկամտահարկի պարտքի հետ: Մինչդեռ Դատարանն անտեսել է այն փաստը, որ նշված գումարն Ընկերության եկամտահարկի պարտքի մարմանն ուղղվելու արդյունքում վերջինիս մոտ եկամտահարկի գծով պարտավորություններ այլևս չեն արձանագրվել, ինչն էլ վկայում է այն մասին, որ այդ գումարն իսկապես 1996 թվականին ուղղվել է Ընկերության եկամտահարկի պարտքի մարմանը: Այսպես, 1996 թվականին նշված 5.000.000 ՀՀ դրամի գործարքն իրականացնելուց հետո` 18.09.2003 թվականի դրությամբ, Ընկերության անձնական հաշվի քարտերում եկամտահարկի ապառք առկա չէր, իսկ գերավճարի գումարը կազմել է 4.952.300 ՀՀ դրամ (շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով), որն էլ ամբողջությամբ վերադարձվել է Ընկերությանը, որի արդյունքում 26.06.2008 թվականի դրությամբ Ընկերության անձնական հաշվի քարտերում որևէ հարկատեսակի գծով գերավճարներ գրանցված չէին:

Դատարանը հաստատված է համարել այն փաստական հանգամանքը, որ 2003 թվականից մինչ օրս Ընկերությունում չի իրականացվել որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) առկայության վերաբերյալ ուսումնասիրություն կամ ստուգում, և միաժամանակ արձանագրել է, որ 5.041.100 ՀՀ դրամն Ընկերության հարկային գերավճար է: Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գերավճարի հաշվանցման կամ վերադարձման համար անհրաժեշտ է երեք գործոնների առկայություն` հարկատուի դիմումը, դրա հիման վրա իրականացված ուսումնասիրությունը կամ ստուգումը և 30-օրյա ժամանակահատվածը: Այսինքն` Դատարանը հայցը բավարարելու համար հիմք է ընդունել դեռևս 2003 թվականին տեղի ունեցած ուսումնասիրությունների արդյունքները: Սակայն 2003 թվականից ի վեր Ընկերության մոտ յուրաքանչյուր ամիս կարող էին առաջանալ հարկային պարտավորություններ, և եթե նույնիսկ վերջինիս մոտ 2003 թվականին առկա լիներ 5.041.100 ՀՀ դրամի չափով գերավճար, ապա չի բացառվում, որ ներկայումս այն ամբողջությամբ մարված լինի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 10.02.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) 18.09.2003 թիվ 203504 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է առաջացած գերավճարի ուսումնասիրություն (գ.թ. 24):

2) Ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության 30.09.2003 թվականի «Որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի դեպքում ուսումնասիրության արդյունքների մասին» արձանագրության համաձայն` Ընկերության տնօրենը Ծառայության պետին հասցեագրված 26.08.2003 թվականի թիվ 5264 գրությամբ խնդրել է վերադարձնել 9.993.000 ՀՀ դրամ գերավճարի գումարը:

Վերոհիշյալ արձանագրության համաձայն` Ծառայության Շենգավիթի հարկային տեսչությունում առկա և ներկայացված փաստաթղթերի հիման վրա 24.09.2003 թվականի դրությամբ Ընկերության ընդհանուր գերավճարը կազմում է 4.952.300 ՀՀ դրամ: Արձանագրությամբ նաև նշվել է, որ Ընկերության տնօրենի նշված գրությամբ պահանջվող 9.993.000 ՀՀ դրամ գերավճարի գումարից 5.041.100 ՀՀ դրամը ենթակա է հետագա ճշտման (գ.թ. 24):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես, պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև դատարանի իրավունք է, սակայն դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տես, օրինակ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության հայցի ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի` 131.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, թիվ ՎԴ/5525/05/08 (2009թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.04.2009 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Կոմիտեն, հանդիսանալով վարչական մարմին և իրականացնելով վարչարարություն, դրսևորել է անգործություն, այն է` չի ճշտել Ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության 30.09.2003 թվականի «Որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի դեպքում ուսումնասիրության արդյունքների մասին» արձանագրությունում նշված 5.041.100 ՀՀ դրամը, ինչի արդյունքում Ընկերությանը զրկել է նշված գումարի չափով գերավճարը հետ ստանալու հնարավորությունից: Հետևաբար, Ընկերության ունեցած 5.041.100 ՀՀ դրամի չափով գերավճարը ենթակա է վերադարձման:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հաստատված համարելով, որ Կոմիտեն դրսևորել է անգործություն և չի ճշտել Ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության կողմից դեռևս 30.09.2003 թվականին կազմված «Որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի դեպքում ուսումնասիրության արդյունքների մասին» արձանագրությունում նշված 5.041.100 ՀՀ դրամը, ինչպես նաև կարևորելով այդ գումարի չափով Ընկերության ունեցած գերավճարը վերջինիս հետ վերադարձնելու հնարավորության ապահովումը, պարտավոր էր Կոմիտեից պահանջել ներկայացնելու տվյալ պահին Ընկերության ունեցած գերավճարի չափի վերաբերյալ ապացույցներ: Այսինքն` Դատարանը պարտավոր էր տվյալ պահին Ընկերության մոտ գերավճարի առկայության կամ բացակայության, ինչպես նաև դրա չափի վերաբերյալ բոլոր փաստերը պարզել ի պաշտոնե: Սակայն Դատարանը, առանց Կոմիտեից համապատասխան ապացույցներ պահանջելու և առանց գործի համապատասխան փաստերն ի պաշտոն» պարզելու, ավելին, հիմք ընդունելով 30.09.2003 թվականի արձանագրության տվյալը, որի համաձայն` 5.041.100 ՀՀ դրամը դեռևս ճշտման էր ենթակա, Ընկերության վկայակոչած գերավճարի չափը համարել է հիմնավորված և վերադարձման ենթակա, որպիսի հանգամանքն էլ դրել է հայցը բավարարելու հիմքում:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ապացույցները պահանջելու և գործի բոլոր փաստերն ի պաշտոնե պարզելու համար սույն վարչական գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.02.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան