Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում՝ Մաքսային միության անդամ պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի վրա,
ելնելով Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների, ինչպես նաև Մաքսային միության որևէ անդամ պետության մաքսային մարմինների և Մաքսային միության մեկ այլ անդամ պետության այլ պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նորմատիվ-իրավական բազայի ստեղծման նպատակներից,
ելնելով Մաքսային միության մաքսային մարմինների պետական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման և Մաքսային միության անդամ պետությունների արտաքին և փոխադարձ առևտրի զարգացման ու տնտեսական շահերի պաշտպանության ապահովման նպատակներից,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինները փոխանակում են Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության համաձայն մաքսային մարմինների կողմից ստացված տեղեկատվությունը:
Մաքսային միության անդամ պետություններից մեկի մաքսային մարմինները Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության համաձայն մաքսային մարմինների կողմից ստացված տեղեկատվությունը Մաքսային միության անդամ պետության մեկ այլ մաքսային մարմնի միջոցով տրամադրում են Մաքսային միության մեկ այլ անդամ պետության մեկ այլ պետական մարմնի՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված տեղեկատվությունը ձևավորվում է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների և այլ պետական մարմինների ունեցած պաշտոնական տվյալներից և տրամադրվում է անհատույց հիմունքներով:
Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանափակ տարածման տեղեկատվություն համարվող տեղեկատվությունը (պետական, առևտրային, բանկային, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք, ինչպես նաև այլ կոնֆիդենցիալ տեղեկություններ), կարող է փոխանակվել՝ պահպանելով այդ տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության պահանջները:
Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմինները և մյուս պետական մարմինները պարտավորվում են սույն հոդվածի առաջին մասում նշված տեղեկատվությունը չտրամադրել երրորդ կողմի՝ առանց այդ տեղեկատվությունը տրամադրած պետական մարմնի գրավոր համաձայնության:
Սույն Համաձայնագրով երրորդ կողմ է համարվում այն անձը, որը սույն Համաձայնագրին համապատասխան չի մասնակցում տեղեկատվության փոխանակմանը:
Հոդված 3
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխանակվող տեղեկատվության կազմը և փոխանակման կարգը որոշվում են Մաքսային միության անդամ պետությունների կնքված միջազգային համաձայնագրերով և այլ միջազգային նորմատիվ-իրավական ակտերով:
Հոդված 4
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև՝ Մաքսային միության շրջանակներում ստեղծվող տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի օգտագործմամբ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է կենտրոնական մաքսային մարմինների մակարդակով:
Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով՝ կենտրոնական մաքսային մարմիններ են համարվում.
Բելառուսի Հանրապետության կողմից՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն,
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեն,
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայությունը:
Հոդված 5
Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված և տեղեկատվական տեխնոլոգիաների ու համակարգերի օգտագործմամբ տեղեկատվության փոխանակման կազմակերպումը նախատեսող՝ կնքված միջազգային համաձայնագրերի և այլ միջազգային նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նպատակներով, Մաքսային միության մաքսային մարմինները մշակում են Տեխնիկական պայմաններ և (կամ) Տեղեկատվական փոխազդեցության տեխնոլոգիաներ:
Տեխնիկական պայմաններով պետք է սահմանվեն տեղեկատվության կառուցվածքն ու ձևաչափերը, ինչպես նաև հաշվողական տեխնիկայի, ծրագրային միջոցների, հեռահաղորդակցման միջոցների, կապի և տեղեկատվության պաշտպանության միջոցների պահանջները և տեղեկատվության փոխանակումը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ տեխնիկական պահանջներ:
Հոդված 6
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինները և մյուս պետական մարմիններ պարտավոր են՝
ապահովել փոխանցվող տեղեկատվության արժանահավատությունը և, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կերպով դրանում փոփոխություններ կատարել,
չկանխատեսված հանգամանքների առաջացման դեպքում, ժամանակին զգուշացնել տեղեկատվության փոխանակման անհնարինության մասին:
Հոդված 7
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինները և մյուս պետական մարմինները, որոնք մտադրված են դադարեցնել տեղեկատվության փոխանակումը, պետք է առնվազն վեց ամիս առաջ գրավոր հայտնեն իրենց այդ մտադրության մասին:
Հոդված 8
1. Կողմերի միջև ծագող՝ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, բանակցություններ ու խորհրդակցություններ անցկացնելու միջոցով:
2. Եթե վեճի կողմերը բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով վեճը չեն կարգավորում դրանց անցկացման վերաբերյալ՝ վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը, եթե վեճի կարգավորման եղանակների վերաբերյալ վեճի կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
3. Մաքսային միության հանձնաժողովը Կողմերին աջակցություն է ցուցաբերում վեճի կարգավորման հարցում՝ նախքան այդ վեճը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը հանձնելը:
Հոդված 9
Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2010 թվականի մայիսի 21-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի
(ստորագրություն) |
Ղազախստանի
(ստորագրություն) |
Ռուսաստանի
(ստորագրություն) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.04.2017, | 01.01.2018, | |
10.10.2014, | 02.01.2015, |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|