Գլխավոր տեղեկություն
Համար
N 1007-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.25/41(775) Հոդ.944
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2010 թվականի N 1007-Ն

 

ՀԱՐԿԵՐԻ, ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ պարզաբանումների տրամադրման ընթացակարգերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 29-ի N 1007-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԵՐԻ, ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկ վճարողների դիմումների հիման վրա հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրամադրման գործընթացը:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են հետևյալ իրավական ակտերի (այսուհետ` իրավական ակտեր) դրույթների կիրառման վերաբերյալ պարզաբանումների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա`

1) Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև կնքված` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրեր.

2) Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված այլ միջազգային պայմանագրեր` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունների մասով.

3) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրք.

4) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

5) առանձին հարկատեսակների` ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շահութահարկի, եկամտահարկի, հողի հարկի, գույքահարկի, ինչպես նաև դրանց փոխարինող վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներ.

6) «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

7) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

8) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

9) «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

10) հարկային և պարտադիր այլ վճարների գծով արտոնություններ սահմանելու վերաբերյալ իրավական ակտեր.

11) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

12) «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

13) «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

14) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` հարկային և (կամ) մաքսային մարմինների հսկողությանը վերապահված դրույթների մասով.

15) սույն կետի 1-14-րդ ենթակետերում նշված իրավական ակտերից բխող այլ իրավական ակտեր:

3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում սույն կարգի 2-րդ կետի 1-14-րդ ենթակետերում նշված իրավական ակտերի դրույթների վերաբերյալ հարկ վճարողների իրազեկման հետ կապված հարաբերությունների վրա:

4. Սույն կարգի իմաստով հարկ վճարողներին իրազեկում է համարվում իրավական ակտերի դրույթների մասին հարկ վճարողներին տեղեկատվության տրամադրումը, որը չի պարունակում իրավական ակտի կիրառման վերաբերյալ որևէ կարծիք կամ պարզաբանում կամ մեկնաբանություն:

5. Սույն կարգով սահմանված իրավական ակտերի վերաբերյալ պարզաբանումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` պարզաբանող մարմին) կողմից` դրանք սույն կարգին համապատասխան համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

 

II. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

6. Սույն կարգին համապատասխան` պարզաբանումներ տրամադրվում են հետևյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում`

1) պաշտոնական պարզաբանում ստանալու համար հարկ վճարողը պարզաբանող մարմին է ներկայացնում դիմում, որը պաշտոնական պարզաբանումներ տրամադրելու առումով համապատասխանում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, այսինքն` նշված է իրավական ակտում առկա հակասությունների, երկիմաստությունների, տարաբնույթ ընկալումների կամ տարընթերցումների մասին` հղում կատարելով առաջադրված հարցերի իրավական հիմքերին, կամ`

2) հարկ վճարողի կողմից պարզաբանող մարմին ներկայացված դիմումը ձևական կամ բովանդակային առումով չի համապատասխանում պաշտոնական պարզաբանում տրամադրելու համար «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին, սակայն դիմումում բարձրացված պարզաբանման ենթակա հարցը, ըստ էության, պարունակում է հակասություն, երկիմաստություն, տարաբնույթ ընկալման կամ տարընթերցման հնարավորություն, կամ`

3) իրավական ակտով չկարգավորված ցանկացած հարց, որը կիրառման տեսանկյունից կարիք ունի պարզաբանման:

 

III. ՊԱՐԶԱԲԱՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում պարզաբանող մարմինը հարկ վճարողի դիմումն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում պարզաբանման ենթակա հարցը և դրա վերաբերյալ իր դիրքորոշումը (պարզաբանման նախագիծը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` համաձայնեցման: Ընդ որում, պարզաբանման ենթակա բոլոր հարցերը և դրանց վերաբերյալ պարզաբանող մարմնի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնեցմանն են ներկայացվում` առանց դիմումատուի մասին տվյալները նշելու:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սույն կարգի 7-րդ կետում նշված դիրքորոշումն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում`

1) համաձայնեցնում է պարզաբանող մարմնի դիրքորոշումը, կամ`

2) պարզաբանող մարմնի դիրքորոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է հարցի պարզաբանման վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջինիս հիմնավորումը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության դիրքորոշման հետ համաձայն չլինելու դեպքում պարզաբանող մարմինը դրա մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ներկայացնելով սեփական դիրքորոշումը հիմնավորող փաստարկներ:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պարզաբանող մարմնի դիրքորոշման հետ կրկին համաձայն չլինելու դեպքում պարզաբանող մարմնի մասնագետների հետ կազմակերպում է քննարկումներ:

10. Քննարկումների արդյունքներով միասնական դիրքորոշում ձևավորվելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պարզաբանող մարմին ներկայացնում է միասնական դիրքորոշումը, որն էլ պարզաբանող մարմնի կողմից տրամադրվում է դիմումատուին:

11. Քննարկումների արդյունքներով միասնական դիրքորոշում չձևավորվելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն իր և պարզաբանող մարմնի դիրքորոշումները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տրամադրում է պարզաբանող մարմնին, որն էլ այն տրամադրում է դիմումատուին:

13. Պարզաբանումը պետք է ուղղակիորեն բխի իրավական ակտի պահանջներից, չպետք է փոփոխի դրա իմաստը և պետք է պարզաբանվի օրենքի պահանջների պահպանմամբ:

14. Եթե պարզաբանման համար անհրաժեշտություն է առաջանում ստանալ նաև այլ իրավասու մարմինների դիրքորոշումը, ապա սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված ժամկետները հետաձգվում են մինչև այդ մարմինների կարծիքների ստացումը` դրա մասին գրավոր տեղեկացնելով դիմումատուին:

 

IV. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

15. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքով պարզաբանումները տրամադրվում են պաշտոնական պարզաբանումների համար «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոններով և ժամկետներում:

16. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հիմքով պարզաբանումները պարզաբանող մարմնի կողմից դիմումատուին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից համաձայնեցումից կամ վերջինիս դիրքորոշումն ստանալուց 2 օրվա ընթացքում:

17. Սույն կարգին համապատասխան տրամադրվող բոլոր պարզաբանումների վրա «Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ» գրառման առկայությունը պարտադիր է:

18. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքով տրված պարզաբանումները հրապարակվում են պաշտոնական պարզաբանումների տրամադրման համար սահմանված կարգով, ինչպես նաև տեղադրվում են պարզաբանում տրամադրող մարմնի ինտերնետային կայքում:

19. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հիմքով տրված պարզաբանումները ոչ ուշ, քան դրա տրամադրմանը հաջորդող երկրորդ աշխատանքային օրը տեղադրվում են պարզաբանում տրամադրող մարմնի ինտերնետային կայքում:

20. Եթե տվյալ հարցի վերաբերյալ պարզաբանող մարմինը նախկինում տվել է պաշտոնական պարզաբանում և վերջինս սահմանված կարգով հրապարակվել է կամ տեղակայվել է պարզաբանող մարմնի ինտերնետային կայքում, ապա այդ հարցի վերաբերյալ պարզաբանող մարմինը պարզաբանում չի տրամադրում, այլ եռօրյա ժամկետում պատասխանում է դիմողին` հղում կատարելով այն տեղեկագրին, որում հրապարակվել է այդ պարզաբանումը` նշելով տեղեկագրի հրապարակման օրը և համարը, կամ այն պաշտոնական ինտերնետային կայքին, որում տեղադրված է պարզաբանումը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան