ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/0476/05/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան | |
Դատավորներ՝ Ռ. Հակոբյան Մ. Մկոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հունիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբեն Միրաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ռուբեն Միրաքյանի ընդդեմ Եվա Գևորգյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` Երևանի քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշումը (այսուհետ` Քաղաքապետի որոշում) և սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և տան 1/2 մասի սեփականատեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռուբեն Միրաքյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Քաղաքապետի որոշումը, Եվա Գևորգյանի սեփականության իրավունքի գրանցումը և Երևանի Լեոյի փողոց 76 տան 1/2 մասի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:
ՀՀ վարչական դատարանի 30.05.2008 թվականի վճռով Ռուբեն Միրաքյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել Քաղաքապետի որոշումը և Երևանի Լեոյի փողոցի 76 բնակելի տան նկատմամբ Եվա Գևորգյանի սեփականության իրավունքի գրանցումը, գործի վարույթը վիճելի տան 1/2 մասի նկատմամբ Ռուբեն Միրաքյանի սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասով կարճվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշմամբ Ռուբեն Միրաքյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, ՀՀ վարչական դատարանի 30.05.2008 թվականի վճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.12.2009 թվականի վճռով Ռուբեն Միրաքյանի հայցը` Քաղաքապետի որոշումը և սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջներով մերժվել է, իսկ գործի վարույթը վիճելի տան 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Միրաքյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Եվա Գևորգյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանը և Երևանի քաղաքապետարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վարչական դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ, 37-րդ և 63-րդ հոդվածները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ և 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը պարտավոր էր ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրություն և պարզեր, որ Քաղաքապետարանի կողմից անհավասար մոտեցում ցուցաբերելու հետևանքով ընդունվել է ոչ իրավաչափ ակտ, ինչի հետևանքով Ռուբեն Միրաքյանը զրկվել է Երևանի Լեոյի 76 տան 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքից: Գործում առկա Երևանի Սպանդարյան շրջանի ժողդատարանի վճիռներով հաստատվել է, որ վիճելի տունը պատկանել է Ռուբեն Միրաքյանի ծնողներին, և Ռուբեն Միրաքյանը պահպանել է բնակտարածության օգտագործման իրավունքը վիճելի տան 1/2 մասի նկատմամբ, առկա են նաև սպասարկման ու կոմունալ վարձերի հաշվարկային գրքույկները, որոնք ապացուցում են, որ Ռուբեն Միրաքյանը երբեք չի հրաժարվել Երևանի Լեոյի 76 տան 1/2 մասի նկատմամբ ունեցած բնակտարածության օգտագործման իրավունքից: Դատարանը, կիրառելով «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, առանց համապատասխան իրավական հիմքերի Եվա Գևորգյանին ճանաչել է վիճելի տան վարձակալ, մինչդեռ նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Ռուբեն Միրաքյանը՝ որպես բնակտարածության իրավունքը պահպանած անձ, ևս պետք է հանդիսանար սեփականաշնորհման սուբյեկտ:
2) Վարչական դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածը և 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
«Գործի վարույթը մասնակի կարճելով և հայցվորի՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջը քննության առարկա չդարձնելով, Դատարանն ըստ էության սխալ լուծում է տվել հայցվորի հայցի առարկան կազմող երկրորդ պահանջին», այն է՝ ճանաչել Ռուբեն Միրաքյանի սեփականության իրավունքը վիճելի տան 1/2 մասի նկատմամբ:
Մինչդեռ Ռուբեն Միրաքյանը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, քանի որ դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել ՀՀ վարչական դատարանի` 01.12.2009 թվականի վճիռը՝ հայցը բավարարել:
2.1. Եվա Գևորգյանի Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Ռուբեն Միրաքյանն ամուսնանալով տեղափոխվել է այլ բնակության վայր՝ «իրեն մեկուսացնելով վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքի տիրապետումից և օգտագործումից», իսկ Եվա Գևորգյանը, լինելով վիճելի տան վարձակալը 1978 թվականից, բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետել է Երևանի Լեոյի փողոցի 76 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ որպես սեփական գույք: Մինչդեռ Ռուբեն Միրաքյանը, վիճելի տան նկատմամբ ունենալով բնակտարածության օգտագործման իրավունք, չի բնակվել նշված տանը, այսինքն մեկուսացել է գույքի փաստացի կառավարումից:
2.2 Քաղաքապետարանի Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանը գործը քննել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, մասնավորապես այն, որ Ռուբեն Միրաքյանը «1993 թվականից չի բնակվել սեփականաշնորհման օբյեկտ հանդիսացող բնակարանում և չի համարվել վարձակալի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամ»: Ռուբեն Միրաքյանը տասը տարի բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ չի տիրապետել վիճելի տունը, հետևաբար Քաղաքապետի որոշմամբ չէր կարող ճանաչվել նրա սեփականության իրավունքը վիճելի տան 1/2 մասի նկատմամբ:
3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
1. Երևանի Լեոյի փողոցի 76 տունը պատկանել է Ռուբեն Միրաքյանի ծնողներին (1-ին հատոր գ.թ. 5և 7):
2. Ռուբեն Միրաքյանը 14.07.1971 թվականից գրանցված է Երևանի Լեոյի փողոցի 76 տանը (1-ին հատոր գ.թ.11):
3. 1978 թվականին Եվա Գևորգյանը ամուսնացել է Ռուբեն Միրաքյանի հետ և տեղափոխվել Ռուբեն Միրաքյանի ծնողների մոտ՝ Երևանի Լեոյի փողոցի 76 տուն (1-ին հատոր գ.թ. 5 և 7):
4. Երևանի Սպանդարյանի շրջանի ժողդատարանի 1994 թվականի վճռով Ռուբեն Միրաքյանը և Եվա Գևորգյանը ամուսնալուծվել են (1-ին հատոր գ.թ.83):
5. Երևանի Սպանդարյանի շրջանի ժողդատարանի 20.12.1995 թվականի վճռով Եվա Գևորգյանի հայցն ընդդեմ Ռուբեն Միրաքյանի՝ բնակտարածության օգտագործման իրավունքը կորցրած ճանաչելու պահանջի մասով մերժվել է (1-ին հատոր գ.թ. 8):
6. Երևանի Սպանդարյանի շրջանի ժողդատարանի 02.07.1997 թվականի վճռով Եվա Գևորգյանի հայցն ընդդեմ Ռուբեն Միրաքյանի՝ բնակտարածության օգտագործման իրավունքը կորցրած ճանաչելու պահանջի մասով մերժվել է (1-ին հատոր գ.թ. 6):
7. Քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշմամբ սեփականության իրավունքով Եվա Գևորգյանին «տրամադրվել» է Երևանի Լեոյի փողոցի 76 տունը (1-ին հատոր գ.թ.77, 78):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Ռուբեն Միրաքյանի վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:
Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով՝ որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն:
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է սեփականաշնորհման արդյունքում սեփականության իրավունքի ծագման իրավական հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը:
Սույն գործի փաստերի համաձայն` Ռուբեն Միրաքյանը 14.07.1971 թվականից գրանցված է Երևանի Լեոյի փողոցի 76 տանը :
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Ռուբեն Միրաքյանը «1993թ. չի բնակվել սեփականաշնորհման օբյեկտ հանդիսացող բնակարանում և չի համարվել վարձակալի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամ, ուստի չէր կարող հանդիսանալ սեփականաշնորհաման սուբյեկտ», անհիմն է, քանի որ վերը նշված փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռուբեն Միրաքյանը բնակարանի սեփականաշնորհման ժամանակ ձեռք է բերել սեփականության իրավունք դրա համար անհրաժեշտ պարտադիր վավերապայմանների առկայությամբ, այն է` ՀՀ-ում մշտապես բնակվելը և տվյալ տարածքում գրանցում ունենալը: Ինչ վերաբերում է Դատարանի վճռի հիմքում դրված այն հանգամանքին, որ Ռուբեն Միրաքյանը 1993թ. չի բնակվել սեփականաշնորհման օբյեկտ հանդիսացող բնակարանում, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ օրենքով սեփականաշնորհման սուբյեկտի համար նման պահանջ նախատեսված չէ :
Բացի այդ, Երևանի Սպանդարյանի շրջանի ժողդատարանի 20.12.1995 թվականի և 02.07.1997 թվականի վճիռներով Եվա Գևորգյանի պահանջն ընդդեմ Ռուբեն Միրաքյանի՝ բնակտարածության օգտագործման իրավունքը կորցրած ճանաչելու պահանջով մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Ռուբեն Միրաքյանի կողմից «վիճելի տանը չբնակվելը կապված է պատասխանողի հետ լարված փոխհարաբերությունների մեջ լինելու, նոր ընտանիք կազմելու, համատեղ բնակվելու անհնարինության շարժառիթների հետ»:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա հայցը պետք է քննվի այն դատարանում, որի առարկայական ընդդատությանն է ենթակա ներկայացված հիմնական պահանջը:
Սույն գործով հայցի առարկան է Քաղաքապետի որոշումը և Եվա Գևորգյանի սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելը, ինչպես նաև Երևանի Լեոյի փողոց 76 տան 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունք ճանաչելը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնական պահանջը Քաղաքապետի որոշումը մասնակի անվավեր ճանաչելն է, որի համար դատարանը պետք է քննության առարկա դարձնի վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականաշնորհման սուբյեկտ հանդիսացող (տվյալ բնակտարածությունում գրանցված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող) այլ անձանց առկայության հարցը, որին հետևում է համապատասխան անձի սեփականության իրավունքի ճանաչումը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքը ճանաչելու հարցը նույնպես պետք է քննության առարկա դարձվեր Դատարանի կողմից, հետևաբար, այդ մասով սույն գործի վարույթի կարճումը անհիմն է :
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդհոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել: Մասնակի` 1/2 մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշման հավելվածի 100-րդ կետը և Եվա Գևորգյանի անվամբ կատարված իրավունքների պետական գրանցումը:
Երևանի Լեոյի փողոցի 76 տան 1/2 մասի նկատմամբ ճանաչել Ռուբեն Միրաքյանի սեփականության իրավունքը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|