Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2012.12.28/14(22)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
11.10.2010
Ստորագրման ամսաթիվ
11.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2012

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովենիայի Հանրապետության Կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Սլովենիայի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող Կողմեր),

ձգտելով զարգացնել և ամրապնդել երկու պետությունների միջև բարյացակամ հարաբերությունները, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում,

ընդունելով Եվրոպայի Անվտանգությանը և Համագործակցությանը նվիրված Հելսինկյան եզրափակիչ որոշման համաժողովի սկզբունքները, Նոր Եվրոպայի Փարիզյան խարտիան և Եվրոպայի խորհրդի Վիեննայի հռչակագիրը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Պայմանավորվող կողմերը, հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա, կաջակցեն և կխրախուսեն փոխանակումները և համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, արվեստի, սպորտի և երիտասարդության բնագավառներում:

 

Հոդված 2

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն համագործակցությանը կրթության բնագավառում.

2.1 համալսարանների և այլ կրթական հաստատությունների անմիջական համագործակցության և շփումների հաստատմանը,

2.2 շահագրգիռ հաստատությունների անմիջական համագործակցության հիման վրա ուսանողների, դասախոսների, գիտնականների և փորձագետների փոխանակմանը,

2.3 մյուս երկրի լեզվի, գրականության, մշակույթի և պատմության ուսումնասիրության նպաստմանը:

 

Հոդված 3

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն համագործակցությանը մշակույթի և արվեստի բնագավառում.

3.1 աջակցելով ցուցահանդեսների և այլ մշակութային իրադարձությունների կազմակերպմանը,

3.2 աջակցելով գեղարվեստական և գրական ստեղծագործությունների թարգմանություններին և հրապարակումներին, գրողների, նկարիչների, երաժիշտների և այլ մշակութային գործիչների փոխադարձ այցերի կազմակերպմանը` օժանդակություն ցուցաբերելով նրանց գործունեության ծավալմանը,

3.3 փոխանցելով Կիևի նախաձեռնության Լյուբլյանյան գործընթացի փորձի մշակութային ժառանգության վերականգնմանը և նպաստելով Պայմանավորվող կողմերի միջմշակութային երկխոսությանը,

3.4 Պայմանավորվող Կողմերի միջև համաձայնեցված համագործակցության այլ ձևերի միջոցով:

 

Հոդված 4

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն ինչպես շարժական, այնպես էլ անշարժ մշակութային ժառանգության ոլորտի` հաստատությունների համագործակցությանը

Պայմանավորվող կողմերը նաև կփոխանակեն տեղեկություններ արվեստի ստեղծագործությունների արտահանման, ինչպես նաև ապօրինի փոխադրումների կանխարգելման հարցում:

 

Հոդված 5

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն համագործակցությանը հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում, կնպաստեն ռադիո և հեռուստատեսային ծրագրերի փոխանակմանը:

Պայմանավորվող կողմերը կնպաստեն նաև երկու պետությունների մամլո գործակալությունների համագործակցությանը:

 

Հոդված 6

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն համագործակցությանը սպորտի բնագավառում, ինչպես նաև երկու պետությունների երիտասարդ կազմակերպությունների համագործակցությանը:

 

Հոդված 7

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն վերոնշյալ բնագավառում երկու պետությունների կառավարական և ոչ կառավարական հաստատությունների միջև անմիջական համագործակցությանը:

 

Հոդված 8

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն գիտական և տեխնոլոգիական բնագավառում անմիջական համագործակցությանը` հավասարության և փոխադարձ համագործակցության սկզբունքով: Գիտական և տեխնոլոգիական համագործակցության իրականացման հետ կապված պարտավորությունները կհամաձայնեցվեն առանձին պարբերական ծրագրերի միջոցով:

 

Հոդված 9

 

Պայմանավորվող կողմերից մեկի նախաձեռնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին Արձանագրությամբ, ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն և կհանդիսանան դրա անբաժանելի մասը:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Այն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումն ստանալու օրվանից:

Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել սույն համաձայնագրի գործողությունը` այդպիսի մտադրության մասին մյուս Պայմանավորվող Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու միջոցով: Համաձայնագրի գործողությունը կդադարի նման ծանուցում ստանալուց վեց ամիս հետո:

Սույն Համաձայնագրի դադարեցումը չի ազդի այն ծրագրերի իրագործման վրա, որոնք չեն ավարտվել մինչև Համաձայնագրի դադարեցումը:

 

Կատարված է Երևանում, 2010 թվականի հոկտեմբերի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, սլովեներեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն լեզվով տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. փետրվարի 28-ին