Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2014.10.15/3(29)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2013
Ստորագրման ամսաթիվ
20.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2014

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարությունը (այսուհետ՝ «Պայմանավորվող կողմեր»),

 

հաշվի առնելով, որ մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումները վնասում են երկու երկրների տնտեսական, առևտրային, ֆինանսական, սոցիալական և մշակութային շահերին,

 

հաշվի առնելով ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի և ցանկացած այլ վճարների ճշգրիտ գնահատումը և հավաքագրումը ապահովելու, ինչպես նաև արգելքի, սահմանափակման և հսկողության վերաբերյալ դրույթների իրականացման կարևորությունը,

 

համոզված լինելով, որ մաքսային իրավախախտումների դեմ ուղղված գործողությունները կարող են առավել արդյունավետ լինել իրենց մաքսային ծառայությունների միջև սերտ համագործակցության միջոցով,

 

մտահոգված լինելով թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության ծավալների աճի միտումներով և հաշվի առնելով, որ այն վտանգ է ներկայացնում հանրային առողջության և հասարակության համար, և

 

հաշվի առնելով փոխադարձ օգնությունը խրախուսող՝ Պայմանավորվող կողմերի համար գործող համապատասխան միջազգային կոնվենցիաները, ինչպես նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության առաջարկությունները,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Սահմանումները

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակներով՝

ա) «մաքսային ծառայություն»՝ Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Արաբական Միացյալ Էմիրությունների համար՝ Դաշնային մաքսային ծառայություն,

բ) «մաքսային օրենսդրություն»՝ դրույթներ, որոնք սահմանված են օրենսդրությամբ և կանոններով, որոնք վերաբերում են ապրանքների ներմուծմանը, արտահանմանը, տարանցմանը կամ ցանկացած այլ մաքսային ընթացակարգի՝ անկախ այն հանգամանքից՝ դրանք առնչվում են մաքսային ծառայությունների կողմից հավաքվող մաքսատուրքերին, հարկերին կամ ցանկացած այլ գանձման, թե մաքսային ծառայությունների կողմից իրականացվող արգելքի, սահմանափակման կամ հսկողության միջոցներին,

գ) «մաքսային պահանջ»՝ մաքսատուրքի ցանկացած գումար, որը Պայմանավորվող կողմի տարածքում ենթակա է վճարման անձի (ֆիզիկական կամ իրավաբանական) կողմից, և որը որևէ պատճառով ամբողջությամբ կամ մասամբ չի կարող վերականգնվել,

դ) «մաքսատուրքեր»՝ բոլոր տուրքերը, հարկերը, վճարները կամ ցանկացած այլ գանձումներ, որոնք ներմուծման պահին գանձվում են մաքսային ծառայության կողմից Պայմանավորվող կողմերի տարածքներում՝ մաքսային օրենսդրությունը կիրառելիս,

ե) «մաքսային իրավախախտում»՝ մաքսային օրենսդրության ցանկացած խախտում կամ խախտման փորձ,

զ) «հարցում ներկայացրած Կողմ»՝ օգնության համար հարցում ներկայացրած մաքսային ծառայություն,

է) «հարցում ստացած Կողմ»՝ օգնության համար հարցում ստացած մաքսային ծառայություն,

ը) «թմրամիջոց»՝ ցանկացած բնական կամ արհեստական նյութ, որ թվարկված է «Թմրամիջոցների մասին» 1961 թվականի միասնական կոնվենցիայի I և II ցանկերում (համապատասխան փոփոխություններով),

թ) «հոգեներգործուն նյութեր»՝ ցանկացած բնական կամ արհեստական նյութ, որ թվարկված է «Հոգեներգործուն նյութերի մասին» Միավորված ազգերի կազմակերպության 1971 թվականի կոնվենցիայի I, II, III և IV ցանկերում, և

ժ) «պրեկուրսոր»՝ հսկողության ներքո գտնվող քիմիական նյութ, որն օգտագործվում է թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի արտադրության մեջ, որոնք թվարկված են «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության 1988 թվականի կոնվենցիայի I և II ցանկերում,

ժա) «հատուկ ուշադրություն պահանջող ապրանքներ»՝ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված նյութեր,

ժբ) «տեղեկատվություն»՝ ցանկացած վերամշակված կամ վերլուծված տվյալ, փաստաթղթային հաշվետվություններ և որևէ ձևաչափով այլ հաղորդագրություններ՝ ներառյալ էլեկտրոնային կամ դրանց նույնական պատճենները,

ժգ) «անձ»՝ ֆիզիկական և իրավաբանական անձ,

ժդ) «անձնական տվյալներ»՝ ինքնությունը հաստատված կամ հաստատման ենթակա՝ ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տվյալ:

 

Համաձայնագրի գործողության ոլորտը

 

Հոդված 2

 

1. Սույն Համաձայնագիրը կիրառելի է Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներում:

2. Սույն Համաձայնագրի համաձայն՝ փոխադարձ օգնությունը տրամադրվում է հարցում ստացած Կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան և մաքսային ծառայության իրավասության և ռեսուրսների շրջանակներում:

3. Պայմանավորվող կողմերը մաքսային օրենսդրությունը կիրառելու և սույն Համաձայնագրի դրույթները իրականացնելու նպատակներով ձգտում են՝

ա) դյուրացնել և արագացնել դեպի իրենց տարածքներ և այդ տարածքներից ուղևորների տեղաշարժը և ապրանքների հոսքը,

բ) համագործակցել և միմյանց աջակցել մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումների կանխման և հետաքննության գործում,

գ) հարցման դեպքում տրամադրել այլ տեղեկատվություն, որը պետք է օգտագործվի մաքսային օրենսդրությունն իրականացնելիս,

դ) համագործակցել նոր մաքսային ընթացակարգերի ուսումնասիրության, մշակման և կիրառման, աշխատակիցների վերապատրաստման և փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերում:

 

Անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների վերահսկողությունը

 

Հոդված 3

 

1. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում իրականացնում են հսկողություն՝

ա) ֆիզիկական կամ իրավաբանական այն անձի նկատմամբ, որը հայտնի է կամ կասկածվում է մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումներ կատարելու համար կամ ներգրավված է թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության մեջ,

բ) այն ապրանքների նկատմամբ, որոնք հայտնի են կամ կասկածվում են, որ օգտագործվել են մաքսային իրավախախտումներ կատարելու համար կամ օգտագործվել են թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների անօրինական շրջանառության նպատակներով,

գ) ցանկացած տրանսպորտային միջոցի նկատմամբ, որը հայտնի է կամ կասկածվում է, որ օգտագործվել է մաքսային իրավախախտումներ կատարելու նպատակով կամ օգտագործվել է թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների անօրինական փոխադրումների նպատակներով,

դ) փոստային և սուրհանդակային փաթեթների նկատմամբ, որոնք կասկածվում են, որ օգտագործվել են անօրինական նպատակներով:

2. Մաքսային ծառայությունները կարող են թույլատրել, իրենց համապատասխան պետությունների ազգային օրենսդրության համաձայն, փոխադարձ համաձայնությամբ և պայմանավորվածությամբ ու իրենց հսկողության ներքո, անօրինական շրջանառության մեջ ներգրավված ապրանքների՝ իրենց համապատասխան պետության մաքսային տարածքներով ներմուծումը, արտահանումը կամ տարանցումը՝ նշված անօրինական փոխադրումը կանխելու նպատակով: Եթե այդպիսի թույլտվության տրամադրումը հարցում ստացած մաքսային ծառայության իրավասության շրջանակներում չէ, ապա այդ ծառայությունը ձգտում է համագործակցություն սկսել այդպիսի իրավասություն ունեցող ազգային մարմինների հետ կամ գործը փոխանցել այդպիսի մարմնի:

 

Հատուկ ուշադրություն պահանջող ապրանքների անօրինական շրջանառության դեմ ուղղված գործողությունները

 

Հոդված 4

 

Մաքսային ծառայությունները հարցման դեպքում ձգտում են միմյանց տրամադրել համապատասխան տեղեկատվություն ցանկացած կազմակերպված գործողության մասին՝ նախատեսված կամ կատարված, որը հանդիսանում է կամ կարող է հանդիսանալ Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային օրենսդրության դեմ իրավախախտում, որը կապված է՝

ա) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների փոխադրման հետ,

բ) զենքի, զինամթերքի, պայթուցիկ և միջուկային նյութերի, ինչպես նաև այլ նյութերի փոխադրման հետ, որոնք վտանգավոր են շրջակա միջավայրի և հանրային առողջության համար,

գ) պատմական, մշակութային և հնագիտական արժեք ունեցող արվեստի գործերի փոխադրման հետ,

դ) մաքսատուրքերի և հարկերի բարձր դրույքաչափով հարկման ենթակա ապրանքների փոխադրման հետ,

ե) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից ստացված արտադրանքի փոխադրման հետ,

զ) թղթադրամների, մետաղադրամների և համապատասխան սարքավորումների փոխադրման հետ,

է) հակակրոնական, անպարկեշտ կամ քայքայիչ բնույթի գրականության փոխադրման հետ,

ը) կեղծ և նմանակված կամ կոնտրաֆակտ ապրանքների փոխադրման հետ, որոնք մտավոր սեփականության իրավունքների առարկա են, և

թ) կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների, ինչպես նաև դրանցից ստացված արտադրանքի հետ:

 

Տեղեկատվության փոխանակումը

 

Հոդված 5

 

1. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց տրամադրում են ցանկացած տեղեկատվություն կամ համապատասխան փաստաթղթերի պատճեններ, ինչը կարող է օգնել ընթացակարգերի առավել արդյունավետ իրականացմանը, որը կապված է՝

ա) մաքսային արժեքի որոշման հետ,

բ) իրենց մաքսային սակագների համաձայն ապրանքների դասակարգման հետ, և

գ) ապրանքների ծագումը որոշելու հետ:

2. Սույն Համաձայնագրի համաձայն փոխանակված տեղեկատվությունը կզուգակցվի դրա մեկնաբանման և օգտագործման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությամբ:

 

Հոդված 6

 

Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց տրամադրում են հետևյալ տեղեկատվությունը՝

ա) արդյոք մի Պայմանավորվող կողմի պետության տարածք ներմուծված ապրանքներն օրինական են արտահանված մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքից, և

բ) արդյոք մի Պայմանավորվող կողմի պետության տարածքից արտահանված ապրանքներն օրինական են ներմուծվել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք,

գ) տեղեկատվություն՝ կապված այն դեպքերի հետ, երբ հարցում ներկայացրած Կողմը կասկածներ ունի մաքսային հարցերով իրավասու անձի կողմից տրամադրված տեղեկատվության վերաբերյալ:

 

Հոդված 7

 

Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց տրամադրում են երկու պետությունների տարածքներում գործող մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն և, մասնավորապես, տեղեկատվություն, որը կապված է՝

ա) այն անձանց հետ, որոնք հայտնի է, որ կատարել են մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումներ, կամ կասկածվում է, որ կատարել են այդ իրավախախտումները, կամ էլ ներգրավված են թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության մեջ,

բ) այն ապրանքների հետ, որոնք հայտնի է կամ կասկածվում է, որ հանդիսանում են մաքսային իրավախախտումների կամ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության առարկա, և

գ) այն փոխադրամիջոցների հետ, որոնք հայտնի է կամ կասկածվում է, որ օգտագործվել են մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումներ կատարելու համար կամ էլ ներգրավված են եղել թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության մեջ:

 

Հոդված 8

 

Եթե հարցում ստացած Կողմի մաքսային ծառայությունը չունի հարցվող տեղեկատվությունը, նա ձգտում է միջոցներ ձեռնարկել այդ տեղեկատվությունը ձեռք բերելու համար՝ այնպես, ինչպես նա դա կաներ իր անունից և իր պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 9

 

1. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը հարցման դեպքում մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը տրամադրում է այն մաքսային փաստաթղթերը, փոխադրման փաստաթղթերը, ներկայացված ապացույցների արձանագրային գրառումները կամ դրանց հաստատված պատճենները, որոնք պարունակում են կատարված կամ նախատեսվող գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն, որոնք հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ մյուս պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտում:

2. Մյուս Պայմանավորվող կողմին տրամադրվող տեղեկատվությունը սույն Համաձայնագրում նշված փաստաթղթերի փոխարեն կարող է փոխանցվել ցանկացած էլեկտրոնային միջոցով: Այն պարունակում է պարզաբանումներ, որոնք անհրաժեշտ են այդ տեղեկատվությունը մեկնաբանելու և օգտագործելու համար:

 

Մաքսային իրավախախտումների հետ կապված տեղեկատվությունը

 

Հոդված 10

 

1. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում կամ իրենց նախաձեռնությամբ միմյանց տրամադրում են տեղեկատվություն նախատեսված, ընթացիկ կամ ավարտված գործողությունների մասին, որոնք հանդիսանում են կամ ենթադրվում է, որ հանդիսանում են մաքսային իրավախախտում:

2. Այն դեպքերում, երբ կարող է էական վնաս հասցվել Պայմանավորվող կողմերից մեկի պետության տնտեսությանը, հանրային առողջապահությանը, հանրային անվտանգությանը կամ ցանկացած այլ կենսական շահին, մյուս Պայմանավորվող կողմը հնարավորության դեպքում տրամադրում է այդ տեղեկատվությունը իր նախաձեռնությամբ՝ առանց ուշացման:

 

Օգնության համար հարցումների ձևը և բովանդակությունը

 

Հոդված 11

 

1. Հարցումները, սույն Համաձայնագրի համաձայն, կատարվում են գրավոր: Հարցումները ներառում են կից ներկայացվող փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են դրանց կատարման համար: Բացառիկ դեպքերում հարցումները կարող են արվել բանավոր, սակայն անմիջապես պիտի հաստատվեն գրավոր ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ հարցումները պարունակում են՝

ա) հարցում կատարող մաքսային ծառայության անվանումը,

բ) հարցվող միջոցառումները,

գ) հարցման առարկան և պատճառները,

դ) օրենսդրությունը և այլ իրավական ակտերը, որոնք հղում են կատարում հարցման առարկային,

ե) հետաքննության մեջ ներգրավված անձանց վերաբերյալ առավել հստակ և մանրամասն տվյալներ, և

զ) հարցման առարկայի վերաբերյալ համապատասխան փաստերի հակիրճ նկարագրությունը,

է) ցանկացած այլ փաստ, որը կարող է օգնել հարցման կատարմանը:

3. Հարցումները և պատասխանները ներկայացվում են գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, անգլերենով:

4. Եթե հարցումը չի բավարարում սույն հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունների պահանջները, ապա կարող է հարցում կատարվել դրանում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

 

Մաքսային պահանջները հատուցելու հարցում աջակցությունը

 

Հոդված 12

 

Հարցման դեպքում մաքսային ծառայությունները ձգտում են միմյանց աջակցել մաքսային պահանջները հատուցելու հարցում՝ պայմանով, որ դա հարցման պահին թույլատրելի է երկու Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ:

 

Մաքսային հետաքննությունները

 

Հոդված 13

 

1. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցման դեպքում մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը նախաձեռնում է հետաքննություններ այն գործողությունների հետ կապված, որոնք խախտում են կամ կարող են խախտել հարցում ներկայացրած Կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրությունը: Նա հետաքննության արդյունքները ներկայացնում է հարցում ներկայացրած Կողմի ուշադրությանը:

2. Նշված հետաքննություններն իրականացվում են հարցում ստացած Կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան: Հարցում ստացած Կողմը գործողություններն իրականացնում է այնպես, ինչպես նա կգործեր իր անունից:

3. Հարցում ներկայացրած Կողմի մաքսային ծառայության աշխատակիցները առանձին դեպքերում կարող են, հարցում ստացած Կողմի մաքսային ծառայության համաձայնությամբ, ներկա լինել վերջինիս տարածքում կատարվող՝ համապատասխան պետության մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումների հետաքննությունների ժամանակ: Իրենք պետք է ապացուցեն իրենց պաշտոնական դիրքը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հարցում ստացած Կողմի տարածքում ներկա գտնվող՝ հարցում ներկայացրած Կողմի մաքսային ծառայության աշխատակիցը գործում է միայն որպես խորհրդատու և ոչ մի հանգամանքում ակտիվորեն չի մասնակցում գործի հետաքննությանը և ոչ էլ հանդիպում է հարցաքննվող անձանց հետ կամ մասնակցում հետաքննության հետ կապված որևէ գործողության:

 

Տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործումը

 

Հոդված 14

 

1. Թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների անօրինական շրջանառության հետ կապված տեղեկատվությունը և փաստաթղթերը կարող են փոխանցվել նաև Պայմանավորվող կողմերի այլ պետական և իրավասու մարմինների, որոնց վերապահված է թմրամիջոցների չարաշահման և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների անօրինական շրջանառության նկատմամբ հսկողությունը՝ համաձայն 15-րդ հոդվածի դրույթների:

2. Այն մաքսային ծառայությունը, որն ստացել է տեղեկատվությունը և փաստաթղթերը՝ սույն Համաձայնագրի համաձայն, կարող է, կախված նպատակներից և ծավալից, դրանք օգտագործել որպես ապացույցներ վարչական և դատական վարույթներում և հայցային պահանջների ժամանակ:

3. Նշված փաստաթղթերը և տեղեկատվությունը կարող են օգտագործվել դատարանում ապացույցներ ներկայացնելու համար, իսկ դրանց իրավական կարգավիճակը որոշվում է դրանք ստացող մաքսային ծառայության պետության օրենսդրությանը համապատասխան:

4. Ցանկացած տեղեկատվություն կամ հետախուզական տեղեկություն, որոնք ստացվել են վարչական օգնության շրջանակներում՝ սույն Համաձայնագրի համաձայն, օգտագործվում են միայն սույն Համաձայնագրի նպատակներով և մաքսային ծառայության կողմից՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ տեղեկատվությունը տրամադրած մաքսային ծառայությունը գրավոր հստակ կերպով հաստատել է դրա օգտագործումը այլ նպատակներով կամ օգտագործումը Պայմանավորվող կողմերի այլ պետական մարմինների կողմից: Այնուամենայնիվ, դրանք չպետք է փոխանցվեն երրորդ երկրներ:

 

Տեղեկատվության գաղտնիությունը

 

Հոդված 15

 

Հաշվի առնելով 13-րդ հոդվածի 2-րդ պարբերության դրույթները՝ սույն Համաձայնագրի համաձայն ստացված ցանկացած տեղեկատվություն կամ հետախուզական տեղեկություն համարվում է գաղտնի և առնվազն ենթակա է նույն պաշտպանության և գաղտնիության ռեժիմին, որին ենթակա են նմանատիպ տեղեկատվությունը կամ հետախուզական տեղեկությունները այն Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրության համաձայն, որտեղ դրանք ստացվել են:

 

Տվյալների պաշտպանությունը

 

Հոդված 16

 

Այն դեպքում, երբ անձնական տվյալները փոխանակվում են սույն Համաձայնագրի համաձայն, Պայմանավորվող կողմերը ապահովում են տվյալների պաշտպանության չափանիշը՝ համաձայն ազգային օրենքների:

 

Փորձագետները և վկաները

 

Հոդված 17

 

1. Հարցման դեպքում հարցում ստացած Կողմի մաքսային ծառայությունը կարող է լիազորել իր աշխատակիցներին, իրենց համաձայնությամբ, հարցում ներկայացրած Կողմի իրավական կամ վարչական մարմիններում հանդես գալու համար որպես փորձագետներ կամ վկաներ: Այդ աշխատակիցները ներկայացնում են այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել իրենց պարտականությունների կատարման ընթացքում:

2. Հարցում ներկայացրած Կողմի մաքսային ծառայությունը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իր պետության տարածքում գտնվելու ընթացքում աշխատակիցների անձնական անվտանգությունը պաշտպանելու համար՝ սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն: Նշված աշխատակիցների փոխադրման և ամենօրյա ծախսերը կատարվում են հարցում ներկայացրած Կողմի մաքսային ծառայության կողմից:

3. Որպես փորձագետ կամ վկա հանդես գալու հարցման մեջ պետք է հստակ նշված լինի, թե որ գործում, վարույթում և ինչ որակավորմամբ է աշխատակիցը հանդես գալու:

4. Մաքսային ծառայության աշխատակիցների՝ որպես փորձագետներ կամ վկաներ հանդես գալու հարցումը ներկայացվում է Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության համապատասխան:

 

Օգնություն տրամադրելու պարտավորությունից բացառությունները

 

Հոդված 18

 

1. Եթե հարցում ստացած Կողմը գտնում է, որ հարցման կատարումը կվնասի իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ որևէ այլ կարևոր շահի, նա կարող է մերժել սույն Համաձայնագրի համաձայն հարցվող օգնության տրամադրումը ամբողջությամբ կամ մասամբ կամ էլ պայմանավորել հարցվող օգնության տրամադրումը կոնկրետ պայմաններով:

2. Եթե հարցում ներկայացրած Կողմը դիմում է այնպիսի օգնության համար, որն ինքը չի կարող տրամադրել մյուս Պայմանավորվող կողմին, նա պետք է այդ փաստը հարցման մեջ նշի: Այդ հարցման կատարումն իրականացվում է հարցում ստացած Կողմի հայեցողությամբ:

3. Եթե օգնությունը մերժվում է, այդ մասին հնարավորինս սեղմ ժամկետներում գրավոր ծանուցվում է հարցում ներկայացրած Կողմը:

 

Մաքսային ընթացակարգերի դյուրացումը

 

Հոդված 19

 

Մաքսային ծառայությունները փոխադարձ համաձայնությամբ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ մաքսային ընթացակարգերը դյուրացնելու համար՝ Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքների միջև ապրանքների փոխադրումը դյուրացնելու և արագացնելու նպատակով:

 

Տեխնիկական օգնությունը

 

Հոդված 20

 

Մաքսային ծառայությունները կարող են մաքսային հարցերում միմյանց տրամադրել տեխնիկական օգնություն, ինչպիսիք են՝

ա) մաքսային ծառայողների փոխանակումը՝ կիրառվող մաքսային հսկողության կատարելագործված միջոցները ներկայացնելու համար,

բ) հսկողության համար տեխնիկական սարքավորումների օգտագործման հարցում տեղեկատվությունը և փորձառությունը,

գ) մաքսային ծառայողների պատրաստումը և վերապատրաստումը,

դ) մաքսային հարցերում փորձագետների փոխանակումը, և

ե) մաքսային դրույթների կիրառման հետ կապված՝ որոշակի, գիտական և տեխնիկական տվյալների փոխանակումը:

 

Ծախսերը

 

Հոդված 21

 

Պայմանավորվող կողմերը չեն պահանջում սույն Համաձայնագրի համաձայն առաջացած ծախսերի հատուցում՝ բացառությամբ պետական ծառայությունների հետ կապ չունեցող փորձագետներին, վկաներին, բանավոր և գրավոր թարգմանիչներին կամ այլ ծառայություններ մատուցողներին վճարվող գումարների, ինչպես հայտնի է կամ սահմանված է Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ:

 

Համաձայնագրի իրականացումը

 

Հոդված 22

 

1. Սույն Համաձայնագրում նշված համագործակցությունն ու փոխադարձ օգնությունն իրականացվում են Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների կողմից: Նշված ծառայությունները փոխադարձ համաձայնություն են ձեռք բերում այդ նպատակով փաստաթղթերի վերաբերյալ:

2. Մաքսային ծառայությունները ձգտում են տեղեկատվություն տրամադրել սույն Համաձայնագրի համաձայն՝ իրենց նախաձեռնությամբ կամ ձեռք բերելով այն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմում իրենց համապատասխան մարմիններից:

3. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների ներկայացուցիչները հանդիպում են անհրաժեշտության դեպքում առնվազն տարին մեկ անգամ՝ հաջորդաբար մեկ կամ այլ պետության տարածքում՝ սույն Համաձայնագրի դրույթների իրականացումը վերլուծելու և Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների համագործակցության և փոխադարձ օգնության հետ կապված այլ գործնական հարցեր կարգավորելու նպատակով:

4. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները համատեղ որոշում են սույն Համաձայնագրի գործնական կիրառման մեթոդները:

5. Սույն Համաձայնագրի նպատակներով Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները նշանակում են պաշտոնյաների, որոնք պատասխանատու կլինեն հաղորդակցման համար, և փոխանակում են ցուցակ, որտեղ նշված են այդ պաշտոնյաների անունները, պաշտոնները, հասցեները, հեռախոսի, ֆաքսի համարները, էլեկտրոնային հասցեն կամ նրանց հետ հաղորդակցվելու այլ միջոցները: Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները միմյանց ծանուցում են վերոնշյալ ցանկի ցանկացած փոփոխության մասին:

 

Վեճերի կարգավորումը

 

Հոդված 23

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված բոլոր վեճերը կարգավորվում են Պայմանավորվող կողմերի միջև՝ բանակցությունների միջոցով:

2. Չկարգավորված վեճերը կամ տարաձայնությունները կկարգավորվեն դիվանագիտական ուղիներով:

 

Փոփոխությունները և լրացումները

 

Հոդված 24

 

Փոխադարձ համաձայնությամբ՝ Պայմանավորվող կողմերը Համաձայնագրում կարող են փոփոխություններ կամ լրացումներ կատարել՝ առանձին արձանագրություններ կազմելով: Դրանք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 25-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և կազմում են դրա անբաժանելի մասը:

 

Համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դադարեցումը

 

Հոդված 25

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար Պայմանավորվող կողմերի կողմից բոլոր անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալուց հետո՝ երեսուներորդ օրը:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից մեկը գրավոր չի ծանուցում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին Համաձայնագրի գործողության ավարտից առնվազն երեք ամիս առաջ:

3. Սույն Համաձայնագիրը վերանայելու համար Պայմանավորվող կողմերը հանդիպում են հարցման դեպքում կամ այն ուժի մեջ մտնելու ամսաթվից հինգ տարի հետո, եթե գրավոր միմյանց չեն ծանուցում, որ վերանայման անհրաժեշտություն չկա:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, լիազորված լինելով համապատասխան Կառավարության կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Աբու Դաբի քաղաքում 2013 թվականի նոյեմբերի 20-ին, երկու բնօրինակով` հայերենով, արաբերենով և անգլերենով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. հունիսի 14-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան