Հ Ա Մ Ա Ձ Ա Յ ՆԱ Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության միջև դատական փորձաքննության բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը և Բելառուսի Հանրապետության Արդարադատության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
ձգտելով կապեր հաստատել դատական փորձաքննության գործունեության և գիտահետազոտական աշխատանքների ոլորտում,
նպատակ ունենալով բարձրացնել հանցավորության դեմ պայքարը դատական փորձաքննության և քրեագիտության ժամանակակից մեթոդների և միջոցների ակտիվ կիրառման հիման վրա,
համարելով, որ բարեկամության և փոխշահավետ համագործակցության առկա հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին,
հաստատելով իրավունքի և իրավակիրառման պրակտիկայի բնագավառում համագործակցության հետագա զարգացման պատրաստակամությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Դատական փորձաքննության բնագավառում սույն Համաձայնագրի ներքո Կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի տվյալ բնագավառի հիմնախնդիրներով համատեղ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու, գոյություն ունեցող դատական փորձաքննության մեթոդների և մեթոդիկաների կատարելագործման և նորերի ստեղծման, փորձագիտական պրակտիկայի հարցերով փորձի փոխանակման նպատակներով:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի հիման վրա Կողմերի համագործակցությունն իրականացվում է անմիջականորեն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոնի (Հայաստանի Հանրապետության պետական ոչ առևտրային կազմակերպության) և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձաքննության և քրեագիտության կենտրոնի միջոցով:
Հոդված 3
Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց իրավասությունների շրջանակներում, կզարգացնեն համագործակցությունը գործունեության հետևյալ ուղղություններով.
1. Դատական փորձաքննության և քրեագիտության բնագավառում փորձի և տեղեկատվության փոխանակում`
- գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների վերաբերյալ,
- նոր հավաքածուների, ձեռնարկների, ուսուցողական, մեթոդական և տեղեկատու հրատարակությունների վերաբերյալ,
- ծրագրվող գիտամեթոդական և գործնական միջոցառումների վերաբերյալ (գիտական խորհրդաժողովների, սեմինարների, քրեագիտության և դատական փորձաքննության բնագավառում ցուցահանդեսների),
- դատական փորձաքննության իրականացման ընթացքում օգտագործվող փորձագիտական հետազոտությունների ծրագրաապարատային միջոցների և մեթոդների կատարելագործման վերաբերյալ:
2. Դատական փորձաքննության խնդիրներով գիտական աշխատանքի համակարգում` հետևյալ կերպով.
- դատական փորձաքննության մեթոդների և մեթոդիկայի համատեղ մշակում,
- Կողմերից մեկի դիմումով` գիտական աշխատանքների իրականացում,
- հեղինակային ուղեկցման իրականացում, մշակումների ներդրում փորձագիտական պրակտիկայում:
3. Կադրերի պատրաստում և կադրերի որակավորման բարձրացում` հետևյալ կերպով.
- դատական փորձաքննության նոր մեթոդների և մեթոդիկայի յուրացման նպատակով համատեղ դպրոցների, սեմինարների, դասընթացների անցկացում,
- մասնագետների փոխադարձ փորձաշրջանների անցկացում:
4. Գիտական մշակումների և փորձագիտական եզրակացությունների գրախոսություն` երկու Կողմերի փորձագիտական հաստատությունների ղեկավարների համաձայնությամբ:
5. Կողմերի մշակած փորձագիտական հետազոտությունների և տեխնիկական միջոցների մեթոդիկաների որակական ստուգում:
6. Այլ գիտական և փորձագիտական գործունեության հարցերով միմյանց գիտամեթոդական, խորհրդատվական և տեխնիկական աջակցության տրամադրում:
Հոդված 4
Կողմերը միջոցներ կձեռնարկեն, որոնք նախատեսված չեն սույն Համաձայնագրով, սակայն բխում են դատական փորձաքննության բնագավառում Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև համագործակցության զարգացման նպատակներից` Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան և Կողմերի իրավասությունների շրջանակներում:
Հոդված 5
Սույն Համաձայնագրի գործողության հետ կապված պարտավորությունները Կողմերը պարտավորվում են կատարել անհատույց, եթե նրանք այլ բան չպայմանավորվեն:
Հոդված 6
Կողմերն ամեն տարի կհամաձայնեցնեն համագործակցության ծավալները, միջոցառումների իրականացման ֆինանսական և կազմակերպչական հարցերը:
Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները ֆինանսավորելիս Կողմերը կառաջնորդվեն այն սկզբունքով, որի համաձայն դրանց կազմակերպման և ընդունող Կողմի տարածքում Կողմերի պատվիրակությունների գտնվելու հետ կապված ծախսերը կհոգա ընդունող կողմը, իսկ միջազգային տրանսպորտային ծախսերը կկրի ուղարկող Կողմը:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի կատարման ընթացքում Կողմերը կօգտագործեն ռուսաց լեզուն։
Հոդված 8
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող առանձին արձանագրությամբ, որն ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 9
Սույն Համաձայնագրի գործողության ոլորտին առնչվող վեճերն ու տարաձայնությունները, որոնք կարող են ծագել Կողմերի միջև, կլուծվեն երկկողմ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով Կողմերի ստանալու օրվանից:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` դիվանագիտական ուղիներով այդ մասին ծանուցագիր ուղարկելով մյուս Կողմին: Համաձայնագիրը դադարում է գործելուց այդպիսի ծանուցագիրը մյուս Կողմի ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Սույն Համաձայնագիրն ստորագրված է Մինսկ քաղաքում 2012 թ. սեպտեմբերի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կառաջնորդվեն ռուսերեն տեքստով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. դեկտեմբերի 24-ին