Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2000
Ստորագրման ամսաթիվ
30.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,

խորապես մտահոգված լինելով թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի (այսուհետ՝ թմրանյութեր) ապօրինի տարածման մասշտաբներով և դրանց ոչ բժշկական նպատակներով օգտագործմամբ հատկապես կանանց և անչափահասների կողմից,

գիտակցելով, որ թմրանյութերի չարաշահումն ընդունել է գլոբալ բնույթ, հսկայական վտանգ է ներկայացնում ողջ մարդկության կյանքի և առողջության համար, և որ այդ չարիքն անհնար է արմատախիլ անել առանձին պետությունների ջանքերով,

ընդունելով, որ թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության կանխումը հանդիսանում է բոլոր պետությունների ընդհանուր պարտականությունը,

անհանգստություն արտահայտելով, որ ընդլայնվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքների օգտագործումը թմրանյութերի և բաղադրիչների մաքսանենգության և ապօրինի տարանցման համար,

համարելով, որ Կողմերի համագործակցության ամրապնդումը թմրանյութերի ապօրինի շրջանառության և դրանց չարաշահման դեմ պայքարի գործում համապատասխանում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արմատական շահերին,

ուշադրության արժանացնելով 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» Միասնական Կոնվենցիան «1961 թվականի թմրամիջոցների մասին Միասնական Կոնվենցիայում ուղղումներ կատարելու մասին» 1972 թվականի Արձանագրությանը համապատասխան ուղղումներով հանդերձ, 1971 թվականի «Հոգեներգործող նյութերի մասին» Կոնվենցիան, 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության Կոնվենցիան, 1998 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 20-րդ հատուկ նստաշրջանում ընդունված Քաղաքական հռչակագիրը և որոշումները, ինչպես նաև այս հարցին առնչվող՝ Միավորված ազգերի կազմակերպության այլ որոշումները և հանձնարարականները,

ղեկավարվելով միջազգային իրավունքի սկզբունքներով և նորմերով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, կհամագործակցեն թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համաձայնեցված ռազմավարության և համատեղ միջոցառումների մշակման գործում, Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կհամակարգեն այդ ուղղությամբ իրենց գործունեությունը, կմիավորեն բոլոր պետական մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների, քաղաքացիների ջանքերը, ինչպես նաև կօգտագործեն զանգվածային լրատվության միջոցների հնարավորությունները թմրամոլությանը ու թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառությանը դիմակայելու նպատակով։

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Համագործակցության հիմնական սկզբունքները

 

Կողմերը թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառությանը, ինչպես նաև թմրանյութերի չարաշահմանը դիմակայելու գործում համագործակցելիս ղեկավարվում են հետևյալ հիմնական սկզբունքներով.

թմրանյութերի և բաղադրիչների շրջանառության նկատմամբ խիստ հսկողության սահմանում,

թմրանյութերի և բաղադրիչների շրջանառության հետ կապված գործունեության բոլոր տեսակների պետական կարգավորում,

թմրամոլության և թմրանյութերի ու բաղադրիչների ապօրինի շրջանառության հետ կապված իրավախախտումների կանխարգելման միջոցների առաջնայնություն, հակաթմրամոլային քարոզչությանը և հակաթմրամոլային դաստիարակությանն ուղղված գործունեության խթանում,

թմրանյութերի ոչ բժշկական նպատակներով օգտագործման համար պատասխանատվության սահմանում՝ որպես թմրամոլության կանխման և թմրանյութերի պահանջարկի նվազեցման կարևոր կանխարգելիչ միջոց,

թմրամոլության բուժման և թմրամոլությամբ տառապող հիվանդների սոցիալական վերականգնման նոր մեթոդների մշակման բնագավառում գիտական ուսումնասիրությունների պետական աջակցություն,

թմրամոլության տարածման դեմ պայքարի և թմրամոլությամբ տառապող հիվանդների բուժսոցիալական վերականգնման հիմնարկների ցանցի զարգացման գործում ոչ պետական կազմակերպությունների և քաղաքացիների ներգրավում,

թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառությանը դիմակայելու, թմրամոլությունը կանխարգելելու և բուժելու բնագավառում երկկողմ և բազմակողմ հիմունքներով միջազգային համագործակցության զարգացում,

թմրանյութերի ապօրինի շրջանառության և դրանց չարաշահման ոլորտում քարոզչության և գովազդի արգելում։

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Համագործակցության հիմնական ուղղությունները

 

Կողմերը, թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառությանը, ինչպես նաև թմրանյութերի չարաշահմանը դիմակայելու ոլորտում համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով.

թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության վիճակի վերլուծություն,

թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Կողմերի համագործակցության իրավական բազայի կատարելագործում, այդ բնագավառում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցում՝ հաշվի առնելով միջազգային պայմանագրերի դրույթները,

թմրամոլությանը, թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառությանը դիմակայելու համատեղ ծրագրերի մշակում,

թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված ՄԱԿ-ի կոնվենցիաների, այլ միջազգային պայմանագրերի դրույթների կատարման համար համաձայնեցված միջոցների իրականացում։

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Համագործակցության հիմնական ձևերը

 

Կողմերը թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցություն են իրականացնում հետևյալ ձևերով.

օպերատիվ, վիճակագրական, գիտամեթոդական և հանցավորության վիճակի մասին այլ տեղեկության, ապօրինի շրջանառության մեջ գտնվող առգրավված թմրանյութերի և բաղադրիչների նոր նմուշների, թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառությանը մասնակից անդրազգային հանցավոր խմբավորումների և դրանց պարագլուխների մասին տվյալների միասնական բանկի համալրման համար տեղեկության փոխանակում,

նորմատիվ ակտերի, հրատարակությունների, մեթոդական ձեռնարկների փոխանակում,

օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների անցկացման գործում փոխադարձ աջակցություն,

թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառությանը դիմակայելուն ուղղված միջազգային պայմանագրեր, այլ նորմատիվ ակտեր մշակելիս գործնական փոխգործակցության, ընդհանուր մոտեցումների և սկզբունքների համաձայնեցման հարցերով փոխադարձ խորհրդատվություններ,

թմրամոլության խնդիրներով զբաղվող հիմնարկների և կազմակերպությունների գործունեությանը ծանոթանալու, աշխատանքի փորձը փոխադարձ ուսումնասիրելու նպատակով աշխատանքային հանդիպումներ, պատվիրակությունների փոխանակում,

հավասարության սկզբունքով մասնագետների աշխատանքային խմբերի ստեղծում իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրման, միջոցառումների, այդ թվում՝ գիտագործնական կոնֆերանսների և սեմինարների նախապատրաստման և անցկացման, թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ ծրագրերի, միջազգային պայմանագրերի մշակման, այդ բնագավառում համագործակցության նորմատիվ իրավական բազայի ձևավորման ուղղությամբ առաջարկությունների մշակման համար,

թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության խնդիրներով համատեղ գիտական հետազոտությունների անցկացում,

միջազգային պայմանագրերին համապատասխան՝ իրավական օգնության ցուցաբերում,

թմրամիջոց պարունակող նյութերի հայտնաբերման տեխնիկական միջոցների մշակում և ներդնում,

թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքար վարող կադրերի պատրաստում և վերապատրաստում։

Կողմերը համագործակցում են նաև թմրամոլության բուժման, կանխարգելման, թմրամոլությամբ տառապող հիվանդների սոցիալական և բժշկական վերականգնման նոր մեթոդների մշակման եւ ներդրման գործում։

Կողմերն աջակցում են այդ բնագավառում տեղեկության փոխանակմանը, խրախուսում են այն, ինչպես նաև իրականացնում մասնագետների պատվիրակությունների փոխանակում։

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Իրավասու մարմինները

 

Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը Կողմերի իրավասու մարմինների միջև իրականացվում է ուղղակի կապերի միջոցով։

Կողմերի իրավասու մարմիններ են.

ազգային անվտանգության մարմինները և հատուկ ծառայությունները,

արդարադատության նախարարությունները,

արտաքին գործերի նախարարությունները,

առողջապահության նախարարությունները,

գլխավոր դատախազությունները (դատախազությունները),

կրթության նախարարությունները,

մաքսային գերատեսչությունները,

ներքին գործերի նախարարությունները,

սահմանապահ գերատեսչությունները

և այլ գերատեսչություններ, որոնց գործառույթների մեջ են մտնում թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, կանխարգելման և նախազգուշացման հարցերը։

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Համագործակցություն սահմանամերձ շրջանների իրավապահ մարմինների միջև

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում սահմանամերձ շրջանների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը, նրա կենտրոնական իրավասու մարմինների համաձայնությամբ, կարող է իրականացվել անմիջականորեն։

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Հարցում աջակցություն ցուցաբերելու մասին

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին Կողմերի իրավասու մարմինների հարցումների հիման վրա։

Տեղեկությունը մյուս Կողմին կարող է տրամադրվել առանց հարցման, եթե հիմքեր կան ենթադրելու, որ այն հետաքրքրություն է ներկայացնում այդ Կողմի համար։

Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումն ուղարկվում է գրավոր։ Անհետաձգելի դեպքերում հարցումները կարող են հաղորդվել կապի տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ բանավոր, սակայն դրանից հետո 72 ժամվա ընթացքում դրանք պետք է հաստատվեն գրավոր։

Աջակցություն ցուցաբերելու մասին հարցման իսկության կամ բովանդակության առումով կասկած առաջանալիս կարող է պահանջվել դրա վերահաստատում։

Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը պետք է պարունակի.

ա) հարցում անող Կողմի իրավասու մարմնի և հարցվող Կողմի իրավասու մարմնի անվանումը,

բ) գործի էության շարադրումը,

գ) հարցման նպատակի նշումը և հիմնավորումը,

դ) հարցվող աջակցության բովանդակությունը,

ե) հարցման կատարման ցանկալի ժամկետները,

զ) ցանկացած այլ տեղեկություն, որը կարող է օգտակար լինել հարցման կատարման համար՝ ներառյալ համապատասխան փաստաթղթերը։

Աջակցություն ցուցաբերելու մասին հաղորդված կամ գրավոր ձևով հաստատված հարցումը ստորագրվում է հարցում անող իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և ամրագրվում զինանշանով‚ կնիքով։

Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինները սահմանում են փոխգործակցության կարգը և այն իրականացնելու լիազորված անձանց ցանկը, ինչի մասին Կողմերը ծանուցում են միմյանց։

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Հարցման կատարումը

 

Հարցվող Կողմը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները հարցման արագ և հնարավորինս ամբողջական կատարումն ապահովելու համար։

Հարցումը, որպես կանոն, կատարվում է այն ստանալու օրվանից 30 օրը չգերազանցող ժամկետում, ընդ որում‚ հնարավորության դեպքում հաշվի է առնվում հարցում անող իրավասու մարմնի կողմից հարցման կատարման ժամկետի մասին նշված ցանկությունը։

Հարցում անող Կողմն անհապաղ տեղեկացվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումն էապես ձգձգող հանգամանքների մասին։

Եթե հարցման կատարումը չի մտնում հարցվող իրավասու մարմնի իրավասության մեջ, ապա նա հարցումը փոխանցում է իր պետության՝ հարցումը կատարելու իրավասու մարմնին և այդ մասին անհապաղ տեղեկացնում է հարցում անող իրավասու մարմնին։

Հարցվող Կողմն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հարցումը պատճաշ կերպով կատարելու համար։

Հարցումը կատարելիս կիրառվում է հարցվող Կողմի պետության օրենսդրությունը, սակայն հարցում անող իրավասու մարմնի խնդրանքով կարող է կիրառվել իր պետության օրենսդրությունը, եթե դա չի հակասում հարցվող Կողմի պետության ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին։

Եթե հարցվող Կողմը համարում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խանգարել իր պետության տարածքում իրականացվող քրեական հետապնդմանը կամ այլ վարույթի, ապա նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել անհրաժեշտ ճանաչված պայմանների պահպանման հետ՝ հարցում անող Կողմի հետ խորհրդակցելուց հետո։ Եթե հարցում անող Կողմը համաձայն է առաջարկվող պայմաններով իրեն աջակցություն ցուցաբերելուն, ապա նա պետք է պահպանի այդ պայմանները։

Հարցվող Կողմը հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնում է հարցում անող Կողմին հարցման կատարման արդյունքների մասին։

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Հարցման կատարումը մերժելը

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում հարցման կատարումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե հարցվող Կողմը համարում է, որ դրա կատարումը հակասում է իր ազգային օրենսդրությանը։

Հարցում անող Կողմը գրավոր տեղեկացվում է հարցման կատարումը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին՝ մերժման պատճառների նշումով։

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Տեղեկության գաղտնիությունը

 

Կողմերի իրավասու մարմիններից յուրաքանչյուրը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում մյուս Կողմի իրավասու մարմնից ստացված տեղեկության գաղտնիությունը ապահովելու համար, եթե դրանք տրամադրող իրավասու մարմինը անցանկալի է համարում դրանց հրապարակումը։

Իրավասու մարմինը, ազգային օրենսդրությանը համապատասխան, ապահովում է տեղեկության գաղտնիության այնպիսի աստիճան, ինչպիսին խնդրում է մյուս իրավասու մարմինը։

Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկությունը և փաստաթղթերը առանց հարցվող իրավասու մարմնի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակների համար, բացի այն, ինչ նշված է հարցման մեջ, և որոնց համաձայնություն է տվել հարցվող իրավասու մարմինը։

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Հսկվող մատակարարումներ

 

Կողմերը ազգային օրենսդրության շրջանակներում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում, որոնք նախատեսում են փոխընդունելի պայմանավորվածությունների հիման վրա թմրանյութերի և բաղադրիչների հսկվող մատակարարումների մեթոդի կիրառում՝ թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառությանը մասնակից անձանց հայտնաբերելու և նրանց քրեորեն հետապնդելու նպատակով։

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ

 

Կողմերի և դրանց իրավասու մարմինների ներկայացուցիչները անհրաժեշտության դեպքում անցկացնում են աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացման հարցերով։

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Վեճերի լուծումը

 

Կողմերը և նրանց իրավասու մարմինները սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ ծագած վիճելի հարցերը լուծում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Ծախսերը

 

Կողմերը ինքնուրույն կկրեն սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չհամաձայնեցվի։

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ

 

Կողմերը կձգտեն համաձայնեցված դիրքորոշմամբ հանդես գալ թմրանյութերի նկատմամբ հսկողության հարցերով միջազգային հավաքներում, ինչպես նաև սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները կատարելիս կփոխգործակցեն թմրանյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների հետ։

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Հարաբերությունը այլ միջազգային պայմանագրերի հետ

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի՝ այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակից են նրանց պետությունները։

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Միջգերատեսչական համաձայնագրեր

 

Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով Կողմերի շահագրգիռ իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կնքում են միջգերատեսչական բնույթի համաձայնագրեր։

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Համաձայնագրի փոփոխությունները և լրացումները

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ։

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Ուժի մեջ մտնելու կարգը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնվելու օրվանից։

Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից։

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Համաձայնագրի գործողության ժամկետը

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում։ Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի, յուրաքանչյուր անգամ՝ հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերը այլ որոշում չընդունեն։

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Համաձայնագրին միանալը

 

Սույն Համաձայնագիրը բաց է այլ պետությունների միանալու համար, որոնք ընդունում են դրա դրույթները և պատրաստ են կրելու սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները։ Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից։

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Համաձայնագրից դուրս գալը

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին։

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2000թ. նոյեմբերի 30-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի նոյեմբերի 8-ից: