ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԵԿԴ/0050/15/08 |
ԵԿԴ/0050/15/08
|
Նախագահող դատավոր՝ Հ. Ասատրյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Դանիելյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Կ. Աբրահամյանի | |
մասնակցությամբ |
| |
ներկայացուցիչներ |
Ա. Ղազարյանի | |
Ա. Զեյնալյանի |
2010 թվականի մարտի 26-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2008 թվականի հոկտեմբերի 1-ի որոշման դեմ դիմող Վարդան Առաքելի Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Ա.Զեյնալյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Վարդան Առաքելի Խաչատրյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 172-րդ հոդվածով ենթարկվել է վարչական կալանքի 3 /երեք/ օր ժամկետով:
2003 թվականի ապրիլի 16-ին Վ.Խաչատրյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի ապրիլի 7-ի որոշումը բողոքարկել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան:
2. Վ.Խաչատրյանի բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից քննության չի առնվել` այն ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանին վերանայման ենթակա լինելու պատճառաբանությամբ:
3. Վ.Խաչատրյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը 2003 թվականի մայիսի 30-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության:
4. 2008 թվականի հուլիսի 28-ին Վ.Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով նոր հանգամանքներով վերանայել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի ապրիլի 7-ի որոշումը և կայացնել արդարացման դատավճիռ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականի օգոստոսի 7-ին մերժել է Վ.Խաչատրյանի դիմումը` կայացնելով «Դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշում:
5. Վ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2008 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի օգոստոսի 7-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
6. Վերաքննիչ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի որոշման բողոքարկման արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը 2008 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ Վ.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության:
7. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4262-րդ հոդվածի 2-րդ մասի, 4264-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 4267-րդ հոդվածի սահմանադրականությունը՝ Վ.Խաչատրյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանը և Ա.Ղազարյանը դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան: ՀՀ Սահմանադրական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4267-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությամբ ամրագրված դրույթը և 4262-րդ հոդվածի 2-րդ մասի, 4264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:
Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով ՀՀ Սահմանադրական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը նոր հանգամանքներով վերանայելու համար` դիմող Վ.Խաչատրյանի ներկայացուցիչներ Ա.Ղազարյանը և Ա.Զեյնալյանը բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:
8. Վճռաբեկ դատարանը 2010 թվականի փետրվարի 22-ին կայացրել է նոր հանգամանքով վերանայելու և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում:
Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով («առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք»):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոք բերած անձինք փաստարկել են, որ ՀՀ վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 93-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածների, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները: Ըստ բողոքաբերների՝ խախտվել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ 2-րդ մասի պահանջները, այն է` սահմանափակ մեկնաբանություն է տվել օրենքի նորմի բովանդակությանը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր այն մեկնաբանել՝ հաշվի առնելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի` ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները և սկզբունքները, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նպատակը և խնդիրները:
10. Բողոքաբերները նշում են, որ Գալստյանն ընդդեմ Հայաստանի գործի քննության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, հիմնավորել է դրանց միջև հակասությունը: Արդյունքում ՄԻԵԴ-ի վճիռը, դրանում բերված հիմնավորումները և դրանում առկա ՀՀ ներպետական օրենսդրության մեկնաբանությունները պարտադիր են եղել դատարանի համար դիմումի ընդդատության հարցը լուծելիս, հետևաբար չէին կարող նաև պարտադիր չլինել վերանայման վարույթ հարուցելու հարցում:
11. Ըստ բողոքի հեղինակների` Վ.Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային, հետևաբար նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող նորմ, այսինքն՝ խախտվել են Վ.Խաչատրյանի իրավունքները, որի արդյունքում Վ.Խաչատրյանը դատապարտվել է ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջների խախտմամբ, դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 2-րդ մասը մեկնաբանելիս նույնպես հաշվի չի առել այդ սկզբունքները:
12. Վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները և ՄԻԵԴ-ի վճիռը՝ բողոքաբերները նշում են, որ նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման ինստիտուտի վերաբերյալ Սահմանադրական դատարանի վերլուծությունները և իրավական դիրքորոշումները կիրառելի են սույն գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4262-րդ հոդվածի «նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու դիմում ներկայացնելու իրավունք ունեն միայն այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգիռ անձինք» դրույթը մեկնաբանելիս, քանի որ նոր հանգամանք է ինչպես ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, այնպես էլ ՄԻԵԴ-ի վճիռը: Ուստի վերը նշված նորմը չպետք է մեկնաբանվի նեղ իմաստով: Ելնելով վերը նշվածից` բողոքաբերները գտնում են, որ Գալստյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված ՄԻԵԴ-ի վճիռը դրա հայտնի դառնալու պահից երեք ամսվա ընթացքում նոր հանգամանք է խաղաղ հավաքի մասնակցելու համար վարչական կալանքի ենթարկված Վ.Խաչատրյանի համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակները խնդրել են կայացնել նոր դատական ակտ` «Նոր հանգամանքով որոշման վերանայման վարույթ հարուցելու մասին» որոշում:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը, դիմող Վ.Խաչատրյանի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանին հնարավորություն չտալով մասնակցել դատարանում գործի քննությանը, սահմանափակե՞լ է արդյոք դիմողի` գործի արդարացի քննության սահմանադրական իրավունքը:
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4267-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Նոր հանգամանքների հիմքով շահագրգիռ անձի փոխարեն բողոք կարող է ներկայացնել նրա լիազորած անձը, որը բողոքի հետ միաժամանակ դատարան պետք է ներկայացնի նաև իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը: Շահագրգիռ անձի լիազորված անձ կարող է լինել միայն փաստաբանը»:
Վերը նշված նորմի վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը որպես դիմողի ներկայացուցիչ մասնակցելու իրավունք վերապահել է միայն փաստաբանին:
15. ՀՀ Սահմանադրական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի ՍԴՈ-833 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4267-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությամբ ամրագրված դրույթը, այն է` «Շահագրգիռ անձի լիազորված անձ կարող է լինել միայն փաստաբանը» որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների մասով ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:
ՀՀ Սահմանադրական դատարանն իր որոշման 7-րդ կետում արձանագրել է, որ «(…) նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի նպատակն անձանց խախտված իրավունքների (…) վերականգնման հնարավորության և ոչ թե քրեական մեղադրանքի հարցի լուծումն է»:
Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ «(…) վիճարկվող նորմում փաստաբանի միջոցով ներկայացուցչության վերաբերյալ պարտադիր պահանջը, փաստաբանների կողմից` դատական ակտերի վերանայման վերաբերյալ բողոք ներկայացնելու կապակցությամբ անվճար հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրման հնարավորություն չնախատեսելու պայմաններում, անհամաչափորեն սահմանափակում է անձի խախտված սահմանադրական և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու միջոցով վերականգնման հնարավորությունը` վտանգելով անձի թե սահմանադրական արդարադատության իրավունքի և թե իր խախտված իրավունքները միջազգային ատյաններում դատական կարգով պաշտպանելու սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումը:
Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ «դատավարության մասնակից ճանաչելու պահանջի իրավունքի և այն խախտվելիս դրա վերականգնման երաշխիքների (մասնավորապես` դատական կարգով) վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածում ամրագրված նորմերի ընդհանուր իրավակարգավորիչ նշանակությունն ու դրանց տրամաբանական զարգացման անհրաժեշտությունը քրեական դատավարության բոլոր, այդ թվում նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման փուլում (…)»:
Սահմանադրական դատարանն այնուհետև նշել է, որ «խնդրի լուծումը պահանջում է համալիր իրավակարգավորում՝ կապված դատավարության մյուս փուլերում երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրման` օրենքով նախատեսված հիմքերի ընդարձակման հետ: Դատարանը վերահաստատում է իր ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի «… փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պահանջը կարող է իրավաչափ համարվել, եթե բխում է ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերից` ներկայացուցչությունն իրականացնելով արհեստավարժ և փորձառու մասնագետների միջոցով … միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու ինստիտուտը` որպես այլընտրանքային տարբերակ, իրավաչափ կարող է համարվել միայն այն դեպքում, երբ օրենսդրությունը փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունը երաշխավորի յուրաքանչյուրի համար` անկախ տվյալ անձի ֆինանսական հնարավորությունից»:
Արդյունքում Սահմանադրական դատարանը եզրակացություն է արել այն մասին, որ «անձանց փաստաբանական ծառայությամբ ապահովելու իրավակարգավորման համանման սկզբունքի կիրառումն անհրաժեշտ է քրեական վարույթի բոլոր` այդ թվում նոր հանգամանքների հիմքով դատական ակտերը վերանայելու փուլում (…)»:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, քննարկման ենթարկելով Ա.Զեյնալյանին որպես դիմող Վ.Խաչատրյանի ներկայացուցիչ ընդգրկելու հարցը, որոշել է, որ նա չի կարող լինել դիմողի ներկայացուցիչ` նկատի ունենալով, որ օրենսդիրը որպես դիմողի ներկայացուցիչ նախատեսել է միայն փաստաբանի (տե´ս քրեական գործ, էջ 132):
17. Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 14-16-րդ կետերում առկա դատողությունները, գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, դիմող Վ.Խաչատրյանի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանին հնարավորություն չտալով մասնակցել դատարանում գործի քննությանը, սահմանափակել է դիմողի` գործի արդարացի քննության սահմանադրական իրավունքը:
Այսինքն, սույն գործով տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված՝ գործի արդարացի քննության սկզբունքի խախտում:
18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշումը հիմք է ՀՀ վերաքննիչ դատարանի համար Վ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը կրկին քննության առնելու համար: Հետևաբար, պետք է բեկանել ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վարդան Առաքելի Խաչատրյանի դիմումի կապակցությամբ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Ե. Դանիելյան |
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |