Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր),
հիմք ընդունելով`
«Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին» ԱՊՀ՝ 1992 թ. համաձայնագիրը,
«Միջուկային անվտանգության մասին» 1994 թ. ստորագրած կոնվենցիան,
«Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» 2005 թ. միջազգային կոնվենցիան,
հաշվի առնելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության մասին 1975 թ. եզրափակիչ ակտի դրույթները.
նպատակ ունենալով ամրապնդելու միջուկային էներգիայի և ճառագայթային տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման բնագավառում հետագա միջազգային համագործակցությունը,
համոզված լինելով, որ Պայմանավորվող կողմերի պետությունների բազմակողմանի համագործակցությունը կնպաստի հնարավոր միջուկային վթարների վտանգի նվազեցմանը, որը բերում է դրանց հետևանքների նվազման և միջուկային անվտանգության ու ռադիոակտիվ պաշտպանության ենթակառուցվածքի բարելավման,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին:
Հոդված 1
Համաձայնագրի առարկան
Պայմանավորվող կողմերը միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ոլորտում իրականացնում են համագործակցություն և տեղեկատվության փոխանակում սույն Համաձայնագրին, իրենց պետությունների ներքին օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:
Հոդված 2
Իրավասու մարմիններ
Սույն Համաձայնագրի իրագործումը պետք է իրականացվի Պայմանավորվող կողմերի հետևյալ իրավասու մարմինների կողմից.
Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն.
Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմին անհապաղ տեղեկացնի իրավասու մարմինների և իրենց պաշտոնական կոնտակտային կետերի փոփոխությունների մասին:
Սույն Համաձայնագրի դրույթների հաջող իրականացման նպատակով Պայմանավորվող կողմերը կարող են ստեղծել հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, անցկացնել խորհրդակցություններ և կազմել լրացուցիչ արձանագրություններ:
Հոդված 3
Տեղեկատվության փոխանակում
Պայմանավորվող կողմերը տեղեկատվություն են փոխանակում.
Շահագործման մեջ գտնվող միջուկային տեղակայանքների, ինչպես նաև իրենց պետությունների տարածքներում նախագծված կամ կառուցման մեջ գտնվող, շահագործման հանձնվող, շահագործումից հանելու գործընթացում գտնվող կամ արդեն իսկ շահագործումից հանված միջուկային տեղակայանքների վերաբերյալ.
Ռադիոակտիվ նյութերի արտահոսքի թույլատրելի ռիսկի մակարդակը գերազանցող միջուկային տեղակայանքների և համապատասխան գործունեության ձևերի իրականացման վերաբերյալ:
Պայմանավորվող կողմերը շուտափույթ կերպով միմյանց տեղեկացնում են իրենց պետությունների տարածքներում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության տեղակայանքների կամ գործունեության հետ կապված բոլոր էական փոփոխությունների մասին:
Սույն հոդվածին համապատասխան տեղեկատվություն ստացող Պայմանավորվող կողմն իրավասու է դիմելու մյուս Պայմանավորվող կողմին` հետագա ճշգրտումների նպատակով:
Այն դեպքում, երբ փոխանցման ենթակա տեղեկատվությունը սույն հոդվածին համապատասխան, Պայմանավորվող կողմի կողմից որակվում է որպես գաղտնի տեղեկատվություն, դրա տրամադրումը մյուս Կողմին կարող է մերժվել կամ փոխանցվել սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում սահմանված կարգով:
Հոդված 4
Գիտատեխնիկական համագործակցություն
Պայմանավորվող կողմերը խրախուսում և աջակցում են Պայմանավորվող կողմերի պետական մարմինների և կազմակերպությունների միջև միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության բնագավառում գիտատեխնիկական համագործակցությունը:
Հոդված 5
Ծախսերի փոխհատուցում
Սույն Համաձայնագրի շրջանակներում Պայմանավորվող կողմերը իրավասու չեն միմյանցից պահանջել տեղեկատվության փոխանակման արդյունքում առաջացած ծախսերի փոխհատուցում:
Հոդված 6
Գաղտնի տեղեկատվության օգտագործում
Պայմանավորվող կողմերի կողմից փոխանակվող տեղեկատվությունը որակվում է որպես ոչ գաղտնի տեղեկատվություն կամ գաղտնի տեղեկատվություն:
Գաղտնի տեղեկատվություն փոխանցող Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմի համար հստակեցնում է այդպիսի տեղեկատվության օգտագործման կարգը և բնույթը: Գաղտնի տեղեկատվությունը օգտագործում են միայն Պայմանավորվող կողմերի իրավասու պետական մարմինները և այլ մարմինները` իրենց վերաբերող մասով: Առանց տեղեկատվություն տրամադրող Պայմանավորվող կողմի գրավոր համաձայնության` գաղտնի տեղեկատվությունը ենթակա չէ փոխանցման երրորդ անձանց:
Պայմանավորվող կողմերն ապահովում են սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվության պաշտպանությունը` ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 7
Հարաբերակցությունը այլ համաձայնագրերի հետ
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Պայմանավորվող կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են Պայմանավորվող կողմի` այլ միջազգային պայմանագրերի դրույթներից, ինչպես նաև՝ Պայմանավորվող կողմերի ընդունած այլ պարտավորություններից` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Հոդված 8
Փոփոխություններ և լրացումներ կատարելը
Պայմանավորվող կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն համապատասխան արձանագրություններով և կհանդիսանան սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը: Այդ արձանագրությունները ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 9
Վեճերի կարգավորումը
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված բոլոր վիճելի հարցերը լուծվում են Պայմանավորվող կողմերի միջև՝ բանակցությունների անցկացման ճանապարհով:
Հոդված 10
Եզրափակիչ դրույթներ
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցագիր ուղարկելու միջոցով: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում այդպիսի ծանուցագիր ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում:
Կատարված է Երևան քաղաքում 2013 թվականի մայիսի 13-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի տեքստի մեկնաբանության հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում որպես հիմք ընդունվում է ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. սեպտեմբերի 14-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|