ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/2982/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 07.09.2009 թվականի վճռի դեմ` ըստ անհատ ձեռնարկատեր Արմենակ Սիմոնյանի հայցի ընդդեմ Կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` Տեսչության 15.06.2009 թվականի թիվ 1301991 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արմենակ Սիմոնյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 15.06.2009 թվականի թիվ 1301991 ակտը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմենակ Սիմոնյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճռով պատճառաբանել է, որ ստուգող տեսուչները խախտել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որի համաձայն` կազմված ակտը ստուգում իրականացնող անձինք երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Մինչդեռ Դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում ստուգող տեսուչներն իրավախախտումը հայտնաբերելուց և վիճարկվող ակտը կազմելուց հետո այն ներկայացրել են Արմենակ Սիմոնյանին, սակայն վերջինս տեղում չի եղել և հետագայում էլ չի ներկայացել վիճարկվող ակտին ծանոթանալու և այն ստորագրելու համար: Հետևաբար ստուգող տեսուչները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով վիճարկվող ակտը և կից արձանագրություններն ուղարկել են Արմենակ Սիմոնյանին, ինչը հաստատվում է գործում առկա փոստային անդորրագրերով:
Այսպիսով, Դատարանի պատճառաբանություններն ու փաստարկները հիմնավոր չեն, քանի որ ինչպես վիճարկվող ակտի կազմումը, այնպես էլ այն Արմենակ Սիմոնյանին ներկայացնելու ամբողջ ընթացակարգը կատարվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Կոմիտեի այն փաստարկը, որ վիճարկվող ակտը և կից արձանագրություններն ուղարկվել են Արմենակ Սիմոնյանին, չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես` վիճարկվող ակտի վերջնամասում տառացի նշված է. «ա/ձ Արմենակ Սիմոնյանի մթերային խանութի վաճառող Գայանե Սիմոնյանը հրաժարվեց ակտին ծանոթանալուց, ստորագրելուց և մեկ օրինակը ստանալուց: Ակտի մեկ օրինակը փոստային ծառայության միջոցով ուղարկվել է ա/ձ Արմենակ Սիմոնյանին ս/թ հունիսի 16-ին»: Սակայն Տեսչության հայցադիմումի պատասխանին կից ներկայացված արձանագրություններում նշված է, որ Արմենակ Սիմոնյանը հրաժարվել է ստանալ ստուգման հանձնարարագիրը և վիճարկվող ակտը: Այսինքն` տվյալ դեպքում առկա են ակնհայտ հակասություններ վիճարկվող ակտում և նշված արձանագրություններում կատարված գրառումների միջև, քանի որ անհասկանալի է, թե Արմենակ Սիմոնյանը վիճարկվող ակտը ստանալուց հրաժարվել է, թե տեղում բացակայելու պատճառով ակտը չի հանձնվել վերջինիս:
Բացի այդ, գործի քննության ընթացքում Տեսչությունը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ վիճարկվող ակտի մեկ օրինակը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան հանձնվել է Արմենակ Սիմոնյանին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Կոմիտեի նախագահի 08.06.2009 թվականի թիվ 1301991 հանձնարարագրի հիման վրա Տեսչության կողմից Արմենակ Սիմոնյանի մոտ ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմիններին վերապահված իրավասության սահմաններում կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, որի արդյունքում 15.06.2009 թվականին կազմվել է թիվ 1301991 ակտը (գ.թ. 8-10):
2) Նշված ակտի` «նշում ակտը ստորագրելուց հրաժարվելու մասին» հատվածում կատարված գրառման համաձայն` «ա/ձ Արմենակ Սիմոնյանի մթերային խանութի վաճառող Գայանե Սիմոնյանը հրաժարվեց ակտին ծանոթանալուց, ստորագրելուց և մեկ օրինակը ստանալուց: Ակտի մեկ օրինակը փոստային ծառայության միջոցով ուղարկվել է ա/ձ Արմենակ Սիմոնյանին ս/թ հունիսի 16-ին» (գ.թ. 10):
3) Գայանե Սիմոնյանի կողմից վիճարկվող ակտին ծանոթանալուց և այն ստորագրելուց հրաժարվելու վերաբերյալ 15.06.2009 թվականին կազմվել է «Տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից ստուգման արդյունքներին ծանոթանալուց, ստորագրելուց հրաժարվելու կամ բացակայելու մասին» արձանագրությունը (գ.թ. 38):
4) «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի թիվ 28 փոստային բաժանմունքի թիվ 182 (գծիկավոր կոդ` RR012358055AM) և թիվ 183 (գծիկավոր կոդ` RR012358047AM) նամակներն Արմենակ Սիմոնյանին են ուղարկվել 16.06.2009 թվականին համապատասխանաբար «ՕՐԲԵԼԻ 4» և «ԴԱՐԱԲԱՂ 73» հասցեներով, որոնք վերջինս ստացել է 17.06.2009 թվականին, ինչը հաստատվում է ստացման (հանձնման) ծանուցագրերով, որոնց վրա նույնպես նշված են նույն «գծիկավոր կոդերը», իսկ որպես այդ ծանուցագրերի վերադարձի հասցե է նշված Տեսչության հասցեն (գ.թ. 29, 39-40):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմված ստուգման ակտն ստուգում իրականացնող անձինք երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված ակտն ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք և տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում կողմերի կարծիքներն արձանագրվում են ակտում: Ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում: Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսվարող սուբյեկտին:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «գ» ենթակետի համաձայն` տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն` գրավոր վարչական ակտն ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև` օրենքով սահմանված այլ եղանակներով:
Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ստուգման կազմակերպման և անցկացման վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, քանի որ դրա առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ հիշյալ օրենքը, ստուգում իրականացնող անձի վրա դնելով ստուգման ակտը երեք օրվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտին ներկայացնելու պարտականություն, չի կարգավորում ներկայացման եղանակը: Հետևաբար ստուգում իրականացնող անձը ստուգման ակտի մասին տնտեսվարող սուբյեկտին պետք է իրազեկի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Մասնավորապես` ստուգման ակտը պետք է հանձնվի ստորագրությամբ առձեռն ստանալու միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում` պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ: Ստուգման կազմակերպման և անցկացման վարույթի ընթացքում պարտականություններ են դրված ոչ միայն ստուգում իրականացնող անձի, այլ նաև` տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի վրա, քանի որ վերջինս պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգում իրականացնող անձանց համար, այդ թվում` բացակայության դեպքում ապահովել փոխարինող պաշտոնատար անձի ներկայությունը: Առանց այդ պայմանի ապահովման ստուգում իրականացնող անձը չի կարող կատարել ստուգման ակտը ստորագրությամբ առձեռն հանձնելու պարտականությունը:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Տեսչությունը որպես ապացույց այն մասին, որ վիճարկվող ակտը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, մատնանշել է վիճարկվող ակտում կատարված այն նշումը, որ Արմենակ Սիմոնյանի մթերային խանութի վաճառող Գայանե Սիմոնյանը հրաժարվել է դրան ծանոթանալուց և դրա մեկ օրինակը ստանալուց: Սակայն Տեսչությունը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ ստուգման պահին տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին փոխարինող պաշտոնատար անձը Գայանե Սիմոնյանն էր: Ուստի Տեսչությունը վիճարկվող ակտը չի հանձնել տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Արմենակ Սիմոնյանը, հանդիսանալով տնտեսվարող սուբյեկտի ղեկավար և տեղեկացված լինելով ստուգման անցկացման մասին, պարտավոր էր բացակայության ժամանակահատվածի համար ապահովել փոխարինող պաշտոնատար անձի ներկայությունը, առանց որի ստուգում իրականացնող անձինք չէին կարող կատարել վիճարկվող ակտը ստորագրությամբ առձեռն հանձնելու պարտականությունը: Իսկ տվյալ դեպքում վիճարկվող ակտով և Տեսչության 15.06.2009 թվականի արձանագրությամբ հաստատվում է այն հանգամանքը, որ Արմենակ Սիմոնյանը չի կատարել նշված պարտականությունը, քանի որ հակառակ պարագայում վիճարկվող ակտն առձեռն ստորագրությամբ հանձնելու համար չէր ներկայացվի Գայանե Սիմոնյանին:
Նշվածի արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անկախ այն հանգամանքից, թե Գայանե Սիմոնյանը ստուգման պահին հանդիսացել է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին փոխարինող պաշտոնատար անձ, թե` ոչ, Արմենակ Սիմոնյանի կողմից ստուգում իրականացնող անձանց համար չեն ստեղծվել անհրաժեշտ պայմաններ, ինչի հետևանքով անհնար է դարձել վիճարկվող ակտը ստորագրությամբ առձեռն հանձնելը, և ստուգում իրականացնող անձինք իրավացիորեն օգտագործել են վիճարկվող ակտը պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ հանձնելու եղանակը:
Հետևաբար անհիմն է Դատարանի եզրահանգումն այն մասին, որ Տեսչությունը վիճարկվող ակտը չի հանձնել Արմենակ Սիմոնյանին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն այդ պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Տեսչությունը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ վիճարկվող ակտն ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հանձնվել է Արմենակ Սիմոնյանին: Բացի այդ, Դատարանը, վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածները, նշել է նաև, որ նույն օրենքը վարչական ակտի ուժի մեջ մտնելը կապում է դրա իրազեկման հետ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունը նույնպես անհիմն է, քանի որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և գնահատման չի ենթարկել վիճարկվող ակտն Արմենակ Սիմոնյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հանձնելու փաստի հաստատման համար էական նշանակություն ունեցող գործում առկա փոստային անդորրագրերը և ստացման (հանձնման) ծանուցագրերը:
Այսպես, նշված ապացույցներով հաստատվում է այն հանգամանքը, որ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի թիվ 28 փոստային բաժանմունքի թիվ 182 և թիվ 183 նամակներն Արմենակ Սիմոնյանին են ուղարկվել 16.06.2009 թվականին, որոնք վերջինս ստացել է 17.06.2009 թվականին: Վիճարկվող ակտն Արմենակ Սիմոնյանի կողմից սահմանված ժամկետում ստանալու փաստը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ այն կայացվել է 15.06.2009 թվականին, իսկ Արմենակ Սիմոնյանի հայցադիմումը, որին կից ներկայացվել է նաև վիճարկվող ակտը, ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել 23.06.2009 թվականին, ինչն անհնար էր իրականացնել առանց վիճարկվող ակտը ստանալու:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ անձի` վարչական ակտին տեղեկանալու իրավունքը պաշտպանվում (երաշխավորվում) է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքային նորմերով: Դրանց համաձայն` այդ իրավունքի խախտման հետևանք է վարչական ակտն այն ստանալու հաջորդող օրն ուժի մեջ մտնելը (տե´ս «Իզի Ստարտ» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2238(ՏԴ) (Հարկային տեսչության 20.07.2006 թվականի թիվ 2302600 ակտն անվավեր ճանաչելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 366-371):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտն ուշացումով հասցեատիրոջը հասցնելը չի կարող հանգեցնել տվյալ ակտի անվավերության: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտն ուշացումով հանձնելու իրավական հետևանք է տվյալ ակտը հասցեատիրոջ կողմից ստանալու օրվան հաջորդող օրն ուժի մեջ մտնելը:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ և 118-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 07.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. Արմենակ Սիմոնյանի հայցը մերժել:
2. Անհատ ձեռնարկատեր Արմենակ Սիմոնյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ե. Խունդկարյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|