Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2010 թվականի N 897-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածներով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 171/1 հասցեում գտնվող` 2043,76 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0,49 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) համաձայն սույն որոշման 3-րդ կետի, գնահատել և գնահատված արժեքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի բռնցքամարտի ֆեդերացիային (այսուհետ` ֆեդերացիա):
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատումը.
2) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ համատեղ` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ֆեդերացիայի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ֆեդերացիայի միջոցների հաշվին, ինչպես նաև պայմանագրում նախատեսելով, որ ֆեդերացիան պարտավորվում է`
ա. մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ստեղծել բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց,
բ. այլ մարզաձևերով զբաղվող պետական կազմակերպությունների կամ պետական հանրակրթական դպրոցների հետ փոխադարձ համաձայնության դեպքում կամ պայմանագրում որպես փոխատու նշված պետական մարմնի առաջարկությամբ գույքը տրամադրել սպորտային պարապմունքներ կազմակերպելու համար,
գ. գույքը պահպանել սարքին վիճակում, իր հաշվին և ժամանակին իրականացնել գույքի ընթացիկ, հիմնական վերանորոգումը և պահպանման բոլոր ծախսերը` առանց լրացուցիչ միջոցներ պահանջելու պայմանագրով փոխատու հանդիսացող պետական մարմնից:
4. Ընդունել ի գիտություն, որ ֆեդերացիայի կողմից սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պարտավորությունները չկատարելը հիմք է պայմանագրի դադարեցման համար:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հուլիսի 26 Երևան |