Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.29
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.03.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0633/06/09

ԵԿԴ/0633/06/09

 

Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

 

Հ. Ղուկասյանի

 

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

2010թ. մարտի 26-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը մեղադրյալ Աղասի Ալբերտի Հովսեփյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. դեկտեմբերի 2-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ,

 

 ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2009թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 83159109 քրեական գործը:

2. 2009թ. նոյեմբերի 25-ին Ա.Հովսեփյանը ձերբակալվել է:

3. 2009թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ Ա.Հովսեփյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով և 203-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ Ա.Հովսեփյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

5. 2009թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել է պաշտպան Ա.Ալվանդյանի միջնորդությունը` մեղադրյալ Ա.Հովսեփյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին` գրավի չափ սահմանելով 1.000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ:

6. ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով մեղադրյալ Ա.Հովսեփյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու և որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. դեկտեմբերի 2-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել վերոնշյալ որոշումը:

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. դեկտեմբերի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ դատարանը 2010թ. փետրվարի 19-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Գործի փաստական հանգամանքները.

 

8. Ա.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հաշվառված լինելով ՊԵԿ Մեղրու ՏՀՏ-ում որպես անհատ ձեռնարկատեր և իրավունք ունենալով իր անվամբ իրականացնել արտաքին տնտեսական գործունեություն, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, Կարինե Դարբինյանի անվամբ, վերջինիս համաձայնությամբ պետական ռեգիստրի գործակալությունում և ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչությունում գրանցել ու հաշվառել է անհատ ձեռնարկատեր և 2008թ. մարտի 29-ին ՀՀ տարածք է ներմուծել և իրացրել ընդամենը 12.753.700 ՀՀ դրամ մաքսային արժեքով բանջարեղեն: Ա.Հովսեփյանը Կ.Դարբինյանի օժանդակությամբ կատարված գործարքների վերաբերյալ հարկային մարմիններ հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներ և հաշվետվություններ չի ներկայացրել և այդ եղանակով չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել խոշոր չափերի հասնող 2.610.480 ՀՀ դրամ հարկերը, որոնց վրա հաշվարկվել է պետական բյուջե վճարման ենթակա 2.337.183 ՀՀ դրամ տույժ և տուգանքներ:

Բացի այդ, Ա.Հովսեփյանը հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու համար նախատեսված պատասխանատվությունից խուսափելու նպատակով համակարգչային տեխնիկայի կիրառմամբ պատրաստել է գույքային իրավունքների մասին վկայող կեղծ վճարային փաստաթղթեր` 3.967.663 ՀՀ դրամի չափով առաջադրված լրացուցիչ հարկային պարտականությունները Կ.Դարբինյանի անվամբ ՀՀ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության միջոցով պետբյուջե վճարելու վերաբերյալ և 2009թ. նոյեմբերի 18-ի ամսաթվով թվագրված խոշոր չափերով` 3.967.663 ՀՀ դրամի հ.90100092458824, հ.90100092458832 և հ.90100092458826 կեղծ վճարային անդորրագրերը ներկայացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքի հեղինակը գտնում է, որ Ա.Հովսեփյանը, գիտակցելով, որ իր կողմից հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարումներից չարամտորեն խուսափելն առաջացնում է քրեական պասասխանատվություն և պատիժ, և նպատակադրվելով տվյալ արարքի հետևանքները վերացված չլինելու հանգամանքը թաքցնելու միջոցով խուսափել դրանից, պատրաստել և քրեական վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել գույքային իրավունք վերապահող կեղծ վճարային փաստաթղթեր` իբր խոշոր չափերի վնասը պետությանը հատուցած լինելու վերաբերյալ, որով կատարել է ավելի մեծ հանրային վտանգավորություն ունեցող, ծանր հանցագործությունների թվին դասվող ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մաով նախատեսված մեկ այլ հանցավոր արարք, որի համար որպես պատիժ կարող է նշանակվել ազատազրկում մեկ տարուց ավելի ժամանակով: Ա.Հովսեփյանը դրանով իսկ անօրինական ազդեցություն է գործել օբյեկտիվ ճշմարտությունը պարզելու նպատակով գործով իրականացվող նախաքննության վրա, իսկ պետությանը պատճառված վնասը վերականգնել է միայն այն բանից հետո, երբ քրեական վարույթն իրականացնող մարմինը բացահայտել է նրա կողմից գույքային իրավունք վերապահող կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու և նախաքննության մարմնին ներկայացնելու փաստը:

Բողոքաբերը փաստարկել է, որ ազատ մնալով` Ա.Հովսեփյանը կարող է թաքնվել քննությունից և ազդել քրեական դատավարությանը մասնակցող մյուս անձանց վրա` կապված իր կողմից փաստացի տնօրինած «Ռալ Բին», «Սարավանդ», «Թոնդրակեցիներ» ՍՊԸ և այլ տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընթացքում առաջացած և պետբյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը ճշտելու հետ, որը կհակասեր գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում ապահովելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի դրույթներին:

Ելնելով վերոգրյալից՝ բողոք բերած անձը պահանջել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. դեկտեմբերի 18-ի որոշումը մեղադրյալ Ա.Հովսեփյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասով բեկանել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը՝ Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

10. Կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է: Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը: ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

12. Այս հոդվածի բովանդակությունից հետևում է, որ կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը:

Այս հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Արամ Ճուղուրյանի վերաբերյալ որոշման մեջ: Համաձայն այդ որոշման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ (տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով 2007թ. օգոստոսի 30-ի ՎԲ-132/07 որոշումը):

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին:

14. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմից բխում է, որ անձի կալանավորման հարցը լուծելիս ՀՀ իրավասու դատարանները լիազորված են քննարկել դատաքննությանը մեղադրյալի ներկայանալը երաշխավորող այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա այդպիսի միջոց է գրավը (տե´ս Վճռաբեկ դատարանի` Տարոն Ռազմիկի Հակոբյանի վերաբերյալ 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-115/07 որոշումը (կետ 3.1)/:

Այսպիսով, ՀՀ օրենսդրությամբ, Վճռաբեկ դատարանի որոշումներով, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով ամրագրված է, որ դատարանը կարող է կալանքի փոխարեն կիրառել գրավը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց:

15. Միևնույն ժամանակ, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի սահմանվում, որ դատարանը պարտավոր է յուրաքանչյուր կալանավորվածի տրամադրել որոշակի երաշխիքներով ազատ արձակվելու հնրավորություն. դատարանը միայն պարտավոր է քննարկել և լուծել այն հարցը, թե արդյոք հնարավոր է անձին ազատ արձակել այդ թվում` որոշակի այլընտրանքային երաշխիք ստանալով: Ուստի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա անձին երաշխիքով ազատ արձակելն առանձին դեպքերում կարող է ճանաչվել անթույլատրելի, երբ կոնկրետ փաստերով հիմնավորվում է, որ այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ կանխել անձի ոչ իրավաչափ վարքագիծը նրան ազատ արձակելու դեպքում (տե´ս, օրինակ` Ալեքսանդր Մակարովն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռի (Aleksandr Makarov v. Rսssia, 2009թ. մարտի 12, գանգատ թիվ 15217/07) 138-139 կետերը, Մամեդովան ընդդեմ Ռուսաստանի գործով վճռի (Mamedova v. Rսssia, 2006թ. հունիսի 1, գանգատ թիվ 7064/05) 75-77 կետերը, Սուլաոջան ընդդեմ Էստոնիայի գործով վճռի (Sulaoja v. Estonia, 2005թ. փետրվարի 15, գանգատ թիվ 55939/00) 64 կետը):

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:

17. Ասլան Ավետիսյանի վերաբերյալ 2008թ. հոկտեմբերի 31-ի ԱՎԴ/022/06/08 որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդրի օգտագործած «մասնավորապես» բառն արտահայտում է կալանքով գրավից ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքով գրավից ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն: Մեղադրյալի անձը հայտնի չլինելը, մշտական բնակության վայր չունենալը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ: Ուստի գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը (տե՛ս Ասլան Ավետիսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008թ. հոկտեմբերի 31-ի ԱՎԴ/022/06/08 որոշման 36 կետը):

18. Վերոգրյալ իրավանորմերը և իրավական դիրքորոշումները սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով գրավի կիրառման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում վերաքննիչ դատարանը հաշվի չի առել և քննության առարկա չի դարձրել էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի կողմից բազմակողմանի վերլուծության չեն ենթարկվել մեղադրյալի անձը և նրա կատարած գործողությունները, ինչը հիմք կտար եզրահանգելու, որ առկա է վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ նոր հանցանք կատարելու ողջամիտ ենթադրություն:

19. Տվյալ պարագայում կարևոր նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

ա) Ա.Հովսեփյանին նախկինում մեղադրանք էր առաջադրվել նույնաբնույթ հանցանքի համար, այն է` ՀՀ քրեական օրենսգրքի տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գլխում ներառված` 188-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար: Ընդ որում, այդ արարքի համար նա ՀՀ ԱԺ 2009թ. հունիսի 19-ի համաներման ակտի հիման վրա դատարանի որոշմամբ ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից:

բ) Առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ հետագայում Ա.Հովսեփյանը հարկային մարմիններին չի ներկայացրել հարկման համար օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ և այդ եղանակով չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել խոշոր չափերի հարկերը:

գ) Գործում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու համար նախատեսված պատասխանատվությունից խուսափելու նպատակով Ա.Հովսեփյանը համակարգչային տեխնիկայի կիրառմամբ պատրաստել է գույքային իրավունքների մասին վկայող կեղծ վճարային փաստաթղթեր և այդ անդորրագրերը ներկայացրել է նախաքննության մարմնին` ակնկալելով ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իր համար բարենպաստ հետևանքների վրա հասնելը, այն է` սույն օրենսգրքի 189-րդ, 193-րդ, 194-րդ, 205-րդ և 206-րդ հոդվածներով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Այսպիսով, կեղծ ապացույց ձևավորելով` Ա.Հովսեփյանը փորձել է ազդել գործով ճշմարտությունը պարզելու նպատակով իրականացվող նախաքննության վրա, իսկ պետությանը պատճառած վնասը վերականգնել է միայն այն բանից հետո, երբ քրեական վարույթն իրականացնող մարմինը բացահայտել է նրա կողմից գույքային իրավունք վերապահող կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու և նախաքննության մարմնին ներկայացնելու փաստը:

Փաստորեն դատարանի կողմից գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել այնպիսի անձի նկատմամբ, որը հստակ հակում ունի շարունակելու հանցավոր գործունեությունը: Դրա վկայություն է մեղադրյալի մոտ հակահասարակական կողմնորոշման առկայությունը, նախկինում կատարած հակաօրինական արարքների քանակը, իսկ նյութերից երևում է, որ նրան կարճ ժամանակահատվածում մեղսագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված երեք հանցագործություն:

20. Սույն որոշման նախորդ կետում նշված հանգամանքների հաշվառմամբ վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար այն հարցին, թե արդյոք առկա չէ ողջամիտ կասկած, որ Ա.Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը կամ կատարել նոր հանցագործություն:

21. Ելնելով մեղադրյալի դրսևորած վարքագծից` կապված կեղծ վճարային փաստաթղթերի հետ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն բանին, որ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը` գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ Ա.Հովսեփյանը կարող է ազդել քրեական դատավարությանը մասնակցող մյուս անձանց վրա` կապված իր կողմից փաստացի տնօրինած «Ռալ Բին», «Սարավանդ», «Թոնդրակեցիներ» ՍՊԸ և այլ տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընթացքում առաջացած և պետբյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը ճշտելու հետ:

22. Փաստորեն Ա.Հովսեփյանի նկատմամբ գրավի կիրառման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանը կայացրել է չպատճառաբանված որոշում: Ուստի անհրաժեշտ է բեկանել մեղադրյալ Ա.Հովսեփյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. դեկտեմբերի 2-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

23. Նոր քննությամբ անհրաժեշտ է, կալանավորման միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերից ելնելով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով դատական ստուգման ենթարկել Ա.Հովսեփյանի նկատմամբ գրավի կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունը և հանգել համապատասխան հետևության:

24. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Աղասի Ալբերտի Հովսեփյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. դեկտեմբերի 2-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան