Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.28
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.02.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի

ԵԿԴ/0547/06/09 որոշում

ԵԿԴ/0547/06/09

 

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

 

Հ. Ղուկասյանի

 

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

2010 թվականի փետրվարի 12-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. նոյեմբերի 2-ի որոշման դեմ մեղադրյալ Համազասպ Ոսկանի Հովսեփյանի պաշտպան Ն.Բաղդասարյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2009թ. հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Համազասպ Ոսկանի Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը քննարկելու ընթացքում Հ.Հովսեփյանի պաշտպան Ն.Բաղդասարյանը դատավոր Գ.Խանդանյանին ինքնաբացարկ հայտնելու երեք միջնորդություններ է ներկայացրել, որոնք դատարանի նույն օրվա որոշումներով մերժվել են:

2. Դատարանի վերոհիշյալ որոշումները պաշտպան Ն.Բաղդասարյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

2009թ. նոյեմբերի 2-ին կայացված դատական ակտով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հոկտեմբերի 19-ի որոշման դեմ պաշտպան Ն.Բաղդասարյանի բերած վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոհիշյալ որոշման դեմ մեղադրյալ Հ.Հովսեփյանի պաշտպան Ն.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք:

2009թ. դեկտեմբերի 21-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Հ.Հովսեփյանի պաշտպան Ն.Բաղդասարյանի կողմից ներկայացված երեք միջնորդությունները մերժելու վերաբերյալ 2009թ. հոկտեմբերի 19-ին կայացրել է երեք որոշում:

5. 2009թ. նոյեմբերի 2-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հոկտեմբերի 19-ի երեք որոշումների դեմ բերված երեք բողոքներից միայն մեկի վերաբերյալ է որոշում կայացրել:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

6. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ իր վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. նոյեմբերի 2-ի որոշումն անօրինական է, քանի որ ինքնաբացարկի մասին դատարանի կայացրած ցանկացած որոշում, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներից ելնելով, ենթակա է բողոքարկման:

7. Բողոքաբերը նշում է նաև, որ առաջին ատյանի դատարանի երեք տարբեր որոշումների դեմ ներկայացրել է երեք տարբեր բողոքներ, իսկ վերաքննիչ դատարանը մերժել է միայն մեկ բողոքը, հետևաբար անհասկանալի են մնացած երկու բողոքների ճակատագրերը:

Ելնելով վերոգրյալից՝ բողոքի հեղինակը խնդրում է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. նոյեմբերի 2-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. ինքնաբացարկի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թո՞ւյլ է տվել արդյոք օրենքի խախտում:

9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

1) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը.

2) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը.

2.1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով.

3) առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները.

4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները.

5) առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները.

6) հանձնման մասին դատարանի որոշումները.

7) սույն օրենսգրքի 49 գլխով նախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները.

8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում բացակայում է որևէ իրավանորմ, որը կսահմաներ ինքնաբացարկի մասին որոշումը բողոքարկելու իրավունքը:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ինքնաբացարկի մասին որոշումը կարող է բողոքարկվել»:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 8-րդ կետը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգում վերլուծելու արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ինքնաբացարկի մասին որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում: Կիրառելով մեկնաբանման expressio unius հանրաճանաչ կանոնը, համաձայն որի` սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ ինքնաբացարկի մասին որոշումները վերաքննիչ բողոքարկման ենթակա չեն: Մինչդեռ ՀՀ դատական օրենսգիրքը սահմանում է ինքնաբացարկի մասին որոշման վերաքննիչ բողոքարկման հնարավորություն:

Այսպիսով, քննարկվող հարցում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ դատական օրենսգրքի միջև առկա է հակասություն:

11. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, բացառությամբ սույն օրենքի 94-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` «Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը միևնույն մարմնի ընդունած և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 2002 թվականին (24-րդ հոդվածը լրացվել է 2003թ. մարտի 31-ին), ՀՀ դատական օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2007 թվականին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը` 1999 թվականին:

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կիրառման է ենթակա «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում, այլ ոչ թե 94-րդ հոդվածում ամրագրված կանոնը, քանի որ հակասություն պարունակող օրենսգրքերից միայն մեկն է ուժի մեջ մտել մինչև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը:

Այսպիսով, ինքնաբացարկի մասին որոշման բողոքարկման իրավունքի առկայության կամ բացակայության հարցում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ դատական օրենսգրքի միջև առկա հակասությունը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ, պետք է լուծել հօգուտ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` որպես առավել վաղ ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող ակտի:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը (…) բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման (…), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:

Վերոշարադրյալ նորմի վերլուծության, ինչպես նաև սույն որոշման 10-12-րդ կետերում շարադրված դատողությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնաբացարկի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օրենքի խախտում թույլ չի տվել, նրա կայացրած դատական ակտն այդ առումով օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, քանի որ ինքնաբացարկի մասին որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. բողոքաբերի կողմից ներկայացված երեք բողոքներից միայն մեկի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում կայացնելը չի՞ վկայում արդյոք այն մասին, որ վերջինս մնացած երկու բողոքների կապակցությամբ հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է»:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ պաշտպանի կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երեք բողոքներից միայն մեկն է քննվել ու դրա վերաբերյալ որոշում կայացվել (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից ներկայացված մյուս երկու բողոքների կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փաստացի հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց: Այս առումով ՀՀ վճռաբեկ դատարանը համակարծիք է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության որոշման մեջ արտահայտված դիրքորոշմանն այն մասին, որ «(…) Այն սկզբունքը, ըստ որի ցանկացած «քաղաքացիաիրավական վեճի» կամ «քրեական մեղադրանքի» դեպքում պետք է ապահովվի դատարանի կողմից գործի քննության հնարավորությունը, հանդիսանում է իրավունքի` համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունքներից մեկը, (…) որն արգելում է արդարադատության իրականացումից հրաժարվելը: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը պետք է մեկնաբանվի այդ սկզբունքի լույսի ներքո» (տե´ս Golder v. tհe United Kingdom գործով 1975թ. փետրվարի 21-ի որոշումը, կետ 35):

Հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն գործով թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է և կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ այն հիմք է դատական ակտը բեկանելու և գործը վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Համազասպ Ոսկանի Հովսեփյանի պաշտպան Ն.Բաղդասարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. նոյեմբերի 2-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան