ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշումգործ թիվ ՏԴ/0100/01/09 |
ՏԴ/0100/01/09 |
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան | |
Դատավորներ՝ Ս. Համբարձումյան, |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2010թ. փետրվարի 12-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննելով ամբաստանյալ Գագիկ Հակոբի Մելքոնյանի վճռաբեկ բողոքը Գագիկ Հակոբի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 361-րդ հոդվածի 5-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 5-ի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը
1. 2009թ. մարտի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է թիվ 56101109 քրեական գործը:
2009թ. մարտի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90400709 քրեական գործը:
2009թ. մարտի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90752109 քրեական գործը:
2009թ. մարտի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90400809 քրեական գործը:
2009թ. մարտի 21-ի որոշմամբ թիվ 90752109, 90400709 և 90400809 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և քննությունը շարունակվել է թիվ 90752109 համարով:
2009թ. մարտի 26-ի որոշմամբ թիվ 90752109 և 56101109 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և քննությունը շարունակվել է թիվ 90752109 համարով:
2009թ. մարտի 30-ին Գագիկ Մելքոնյանը ձերբակալվել է:
2. 2009թ. ապրիլի 1-ի որոշմամբ Գ.Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 361-րդ հոդվածի 5-րդ մասով:
2009թ. հուլիսի 18-ի որոշմամբ Գ.Մելքոնյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 361-րդ հոդվածի 5-րդ մասով:
3. 2009թ. հուլիսի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
4. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 18-ի դատավճռով Գ.Մելքոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 361-րդ հոդվածի 5-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով նա դատապարտվել է ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասով` ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Գ.Մելքոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 /չորս/ տարի ժամկետով:
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Վլադիմիր Դադյանը, որի մասով դատավճիռը չի բողոքարկվել:
5. Գ.Մելքոնյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. նոյեմբերի 5-ի որոշմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 18-ի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. նոյեմբերի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Գ.Մելքոնյանը:
6. Վճռաբեկ դատարանը 2010թ. հունվարի 15-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով («վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ»):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:
Գործի փաստական հանգամանքները
7. Գ.Մելքոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 361-րդ հոդվածի 5-րդ մասով դատապարտվել է հետևյալ հանցանքների համար.
Հանդիսանալով ՀՀ ՊՆ 21127 զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, նախապես հանցավոր համաձայնության գալով համածառայողի` շարքային Վլադիմիր Դադյանի հետ, 2009 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 0300-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել իրենց զորամասի հարակից տարածքում գտնվող խանութ և գողացել 115.000 ՀՀ դրամ, 10.000 ՀՀ դրամ արժողությամբ «Նոկիա-1208» տեսակի բջջային հեռախոս և 135.250 ՀՀ դրամի տարբեր տեսակի ապրանքներ` խանութի տիրոջը` Արմեն Չոբանյանին պատճառելով զգալի չափի (ընդհանուր` 260.250 ՀՀ դրամի) նյութական վնաս: Գողացված ապրանքները լցնելով պոլիէթիլենային պարկերի մեջ՝ թաքցրել են մոտակա անտառում և տնօրինել:
Այնուհետև, 2009 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 1330-ի սահմաններում, շարքային Վ.Դադյանի հետ նախնական համաձայնությամբ ինքնակամ թողել են զորամասի տարածքը և մեկ օր անց՝ 2009թ. փետրվարի 22-ին՝ ժամը 1800-ին, հայտնաբերվել և վերադարձվել են զորամաս:
2009թ. փետրվարի 28-ին՝ ժամը 2030-ի սահմաններում, շարքային Վ.Դադյանի հետ նախնական համաձայնությամբ կրկին ինքնակամ թողել են զորամասի տարածքը և գնացել Տավուշի մարզի Թովուզ գյուղ: Հանցավոր համաձայնության գալով` 2009թ. մարտի 3-ին՝ ժամը 0300-ի սահմաններում, նրանք կոտրել են Զոյա Դարբինյանին պատկանող խանութի պատուհաններից մեկի ճաղավանդակն ու ապակին, մուտք են գործել խանութ, գողացել են 44.000 ՀՀ դրամ և 219.850 ՀՀ դրամի տարբեր տեսակի ապրանքներ` վերջինիս պատճառելով զգալի չափի (ընդհանուր` 263.850 ՀՀ դրամի) նյութական վնաս: Գողացված ապրանքները լցնելով պոլիէթիլենային պարկերի մեջ՝ տեղափոխել են ք. Երևան, գումարը և ապրանքների մի մասը օգտագործել են իրենց անձնական կարիքների համար, մի մասն էլ վաճառել և գոյացած գումարը տնօրինել են իրենց հայեցողությամբ:
Այնուհետև, 2009թ. մարտի 6-ին՝ ժամը 0600-ի սահմաններում, նորից շարքային Վ.Դադյանի հետ հանցավոր համաձայնությամբ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող ավտոկայանատեղից կատարել են խոշոր չափի գողություն` գողացել են ՎԱԶ-21065 մակնիշի ավտոմեքենա, որի արժեքն էր 1.100.000 ՀՀ դրամ: Նույն օրը՝ ժամը 0830-ի սահմաններում` Սևան-Գավառ ավտոճանապարհին վթարի ենթարկվելուց հետո` ժամը 1130-ի սահմաններում, Գ.Մելքոնյանն ու Վ.Դադյանը հայտնաբերվել և բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության Սևանի կայազորի ՌՈ բաժին:
Գ.Մելքոնյանը ծառայությունից բացակայել է 2009թ. փետրվարի 28-ից մարտի 6-ը, այսինքն` 3 օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի ժամանակով:
8. ՀՀ ՊՆ 21127 զորամասի հրամանատարի 2009թ. մարտի 1-ի թիվ 60 հրամանով զինծառայողներ Գագիկ Մելքոնյանը և Վլադիմիր Դադյանը համարվել են զորամասն ինքնակամ թողած 2009թ. փետրվարի 28-ից և հանվել են համապատասխան ստորաբաժանումների պարենավորումից (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջ 88):
9. 2009թ. մարտի 6-ին Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժին բերման է ենթարկվել Գ.Մելքոնյանը, որը հայտարարել է, որ ինքը 2009թ. փետրվարի 28-ին՝ ժամը 20 անց 30-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասը (տե՛ս քրեական գործ, հատոր 1, 51-52 էջեր):
Սևանի կայազորի զինվորական պարետատանը 2009թ. մարտի 6-ին լրացված կալանավորման գրության համաձայն՝ Գ.Մելքոնյանը զորամասն ինքնագլուխ լքելու համար զինվորական պարետի կողմից ենթարկվել է կարգապահական կալանքի 5 օր ժամկետով: Ըստ կալանատան նշումների՝ Գ.Մելքոնյանն ընդունվել է 2009թ. մարտի 6-ին և ենթակա է ազատման 2009թ. մարտի 11-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջ 55): Սակայն մարտի 11-ին Գ.Մելքոնյանին կալանքից ազատելու վերաբերյալ գործի նյութերում որևէ փաստական տվյալ չկա:
10. 2009թ. մարտի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ շարքային Գ.Մելքոնյանի կողմից ծառայության վայրը 3 օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ թողնելու փաստի առթիվ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջ 104):
11. 2009թ. հոկտեմբերի 23-ին կազմվել է տեղեկանք այն մասին, որ 2009թ. մարտի 11-ին Սևանի կայազորի ՌՈ բաժնի պետի գրության համաձայն՝ ընդունիչ-բաշխիչ է ընդունվել շարքային Գ.Մելքոնյանը` մարտի 6-ին զորամասն ինքնակամ թողնելու համար: Այնուհետև 2009թ. մարտի 13-ին ՌՈ վարչության գրության համաձայն` Գ.Մելքոնյանը 2009թ. մարտի 19-ին էտապավորվել է Իջևանի ՌՈ բաժին (տե՛ս քրեական գործ, հատոր 3, էջ 316):
12. 2009թ. մարտի 20-ին Իջևանի ՌՈ բաժնի մեկուսարանի պետը զեկուցագիր է ներկայացրել Իջևանի ՌՈ բաժնի պետին, որով հայտնել է, որ «Իջևանի ՌՈ բաժնի մեկուսարանում էտապավորման կարգով բերված 21127 զորամասի ժամկետային զինծառայող Գագիկ Հակոբի Մելքոնյանը «քուն» հրամանը ժամանակին չի կատարել»: Բաժնի պետի կողմից հայտարարվել է կալանք 7 օր ժամկետով (տե՛ս քրեական գործ, հատոր 3, էջ 317):
Մեկուսացման գրությունից երևում է, որ նա 7 օրով մեկուսացվել է ու պահվել թիվ 4 խցում՝ օրվա կարգացուցակի խախտման համար և ենթակա է ազատման 2009թ. մարտի 27-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 3, էջ 318):
13. 2009թ. մարտի 27-ին նույն մեկուսարանի պետը զեկուցագիր է ներկայացրել ՌՈ բաժնի պետին այն մասին, որ Իջևանի ՌՈ բաժնի մեկուսարանում կարգապահական կալանք կրող Գագիկ Մելքոնյանը թերացել է շարային պարապմունքների ժամանակ: Բաժնի պետի կողմից հայտարարվել է կալանք 3 օր ժամկետով (տե՛ս քրեական գործ, հատոր 3, էջ 319):
Մեկուսացման գրությունից երևում է, որ նա 3 օրով մեկուսացվել և պահվել է թիվ 4 խցում՝ օրվա կարգացուցակի խախտման համար և ենթակա է ազատման 2009թ. մարտի 30-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 3, էջ 320):
14. 2009թ. մարտի 26-ի որոշմամբ զորամասն ինքնակամ թողնելու, ավտոմեքենա փախցնելու և գողություն կատարելու վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում (տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջ 65): Իսկ 2009թ. մարտի 30-ին Գ.Մելքոնյանը ձերբակալվել է զորամասն ինքնակամ թողնելու և գողության կասկածանքով և ուղարկվել է պահվելու ՀՀ ՊՆ ՌՈՎ Իջևանի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարանում (տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջ 118):
15. 2009թ. ապրիլի 1-ի որոշմամբ Գ.Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով (տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջ 148):
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2009թ. ապրիլի 2-ի որոշմամբ մեղադրյալ Գ.Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 ամիս ժամկետով (տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջ 167):
16. Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 18-ի դատավճռով Գ.Մելքոնյանն ազատազրկման է դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների համար, իսկ կալանքի սկիզբը հաշվվել է նրան ձերբակալելու օրվանից՝ 2009թ. մարտի 30-ից:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
17. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոք բերած անձը գտնում է, որ դատարանը պատիժ նշանակելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ ինքը ԲՈՒՀ-ի ուսանող է, դատապարտվում է առաջին անգամ, ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիններին, ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, ցանկանում է շարունակել ինչպես ծառայությունը, այնպես էլ ուսումը: Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ ինքը փաստացի ձերբակալվել է 2009թ. մարտի 6-ին, սակայն նախնական կալանքի սկիզբը հաշվվել է 2009թ. մարտի 30-ից:
Ելնելով վերոգրյալից՝ բողոք բերած անձը խնդրել է հաշվի առնել նշված հանգամանքները և իր նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
18. Սույն որոշման 8-9-րդ կետերում շարադրված փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Գ.Մելքոնյանը 2009թ. փետրվարի 28-ից ինքնակամ թողել է զորամասը և բերման է ենթարկվել 2009թ. մարտի 6-ին:
Փաստորեն նա զորամասն ինքնակամ թողել է երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, այսինքն՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն: Այդ արարքի՝ զորամասն ինքնակամ թողնելու համար Գ.Մելքոնյանը Սևանի կայազորի զինվորական պարետի որոշմամբ ենթարկվել է կարգապահական կալանքի 5 օր ժամկետով և պետք է ազատվեր 2009թ. մարտի 11-ին:
Նշված օրը Գ.Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասն ինքնակամ թողնելու համար) հարուցվել է քրեական գործ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Այսինքն՝ զորամասն ինքնակամ թողնելու առթիվ քրեական գործ է հարուցվել մի անձի նկատմամբ, որը նույն արարքի համար կալանքի տակ էր:
19. Չնայած այն բանին, որ Գ.Մելքոնյանի կարգապահական կալանքի ժամկետը լրանում էր 2009թ. մարտի 11-ին, նա կալանքից չի ազատվել և 2009թ. մարտի 19-ին էտապավորման միջոցով հայտնվել է Իջևանի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարանում և առանց որևէ իրավական հիմքի շարունակել է մնալ կալանքի տակ (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):
20. Իջևանի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարանում օրվա կարգացուցակը խախտելու համար Գ.Մելքոնյանը երկու անգամ՝ 7 և 3 օր ժամկետներով ենթարկվել է կարգապահական տույժի՝ կալանքի և պահվել է խցում (տե՛ս սույն որոշման 12-13-րդ կետերը):
Չնայած նա պետք է ազատվեր 2009թ. մարտի 30-ին, սակայն այդ օրը նա ձերբակալվել է զորամասն ինքնակամ թողնելու և գողության կասկածանքով և ուղարկվել է պահվելու Իջևանի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարանում, թեև մարտի 19-ից փաստացի պահվում էր այնտեղ (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):
Եվ վերջապես, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Գ.Մելքոնյանը դատապարտվել է նաև զորամասն ինքնակամ թողնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասով): Այսինքն՝ նա դատապարտվել է ազատազրկման այն արարքի համար, որի համար ենթարկվել էր կարգապահական կալանքի (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը):
21. Փաստորեն քրեորեն հետապնդելի արարքի՝ զորամասն ինքնակամ թողնելու համար 2009թ. մարտի 6-ից կալանավորված Գ.Մելքոնյանը 24 օր՝ մարտի 6-ից 30-ը, գտնվել է մեկուսարանում: Ընդ որում, միայն այն հանգամանքը, որ արդեն իսկ կալանավորված Գ.Մելքոնյանը երկու անգամ 10 օր ընդհանուր ժամկետով ենթարկվել է կարգապահական կալանքի, չի կարող հանգեցնել նրա կալանքի ժամկետի երկարացման:
22. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ի մասի` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, (...) իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ի մասի` «Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, (...), իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից»:
23. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի վերը նշված փաստական հանգամանքները վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման չեն ենթարկվել, որի արդյունքում չի լուծվել զորամասն ինքնակամ թողնելու համար 2009թ. մարտի 6-ից մինչև մարտի 30-ը կարգապահական կալանքի տակ գտնված և հետագայում այդ հանցագործության համար ազատազրկման դատապարտված Գ.Մելքոնյանի՝ 24 օր անազատության մեջ գտնվելն ազատազրկման ձևով պատժին հաշվակցելու հարցը:
Այսպիսով՝ վերաքննիչ դատարանը, խախտելով գործի արդարացի քննության սկզբունքը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդված) և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի հիման վրա գործով ապացույցները պատշաճորեն չգնահատելով, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հանգեցրել է պատժի մասով ոչ ճիշտ որոշում կայացնելուն:
Սույն գործով թույլ տրված դատավարական իրավունքի խախտումները հանգեցրել են դատական սխալի, որն ամբաստանյալ Գ.Մելքոնյանի համար առաջացրել է ծանր հետևանք:
24. Սույն որոշման նախորդ կետում շարադրված հանգամանքների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. նոյեմբերի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Նոր դատական քննությամբ անհրաժեշտ է վերը շարադրված հարցերի շուրջ կատարել արդարացի քննություն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներից ելնելով` պատշաճ գնահատման ենթարկել գործում եղած ապացույցները և հանգել համապատասխան հետևության:
25. Ինչ վերաբերում է Գ.Մելքոնյանի նկատմամբ ավելի մեղմ պատիժ նշանակելու վերաբերյալ բողոք բերած անձի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հետազոտելով գործում եղած տվյալները, հանգել է ճիշտ եզրակացության, որ սույն գործով Գ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված՝ օրինականության, արդարության և պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև 61-րդ հոդվածով սահմանված՝ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից: Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ` հաշվի առնելով ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ նա անկեղծորեն զղջացել է կատարածի համար, երիտասարդ է, նախկինում արատավորված չի եղել:
26. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գագիկ Հակոբի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 361-րդ հոդվածի 5-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. նոյեմբերի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|