Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2013.10.16/9(56)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2013
Ստորագրման ամսաթիվ
10.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2013

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Սլովակիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Սլովակիայի Հանրապետության առողջապահության նախարարությունը, այսուհետ` «Կողմեր»,

 

Ցանկանալով զարգացնել և ամրապնդել առողջապահության բնագավառում երկու պետությունների միջև համագործակցությունը,

 

համաձայնեցին հետևյալի մասին`

 

Հոդված 1

 

Կողմերը, երկու պետությունների ներպետական օրենսդրությունների և միջազգային իրավունքի նորմերի համաձայն, առողջապահության բնագավառում կամրապնդեն և կզարգացնեն համագործակցություն հետևյալ ոլորտներում`

- հեմատոլոգիա,

- սրտաբանություն,

- ուռուցքաբանություն,

- էնդովասկուլյար բուժում,

- առողջարանային բուժում,

- շրջակա միջավայր և առողջություն,

- պալիատիվ խնամք:

 

Հոդված 2

 

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ հանդիպումից 30 (երեսուն) օր առաջ միմյանց կտեղեկացնեն իրենց փորձագետների անունները, կոչումները, մասնագիտությունները և փորձի փոխանակման համար առաջարկված թեմաները:

 

Հոդված 3

 

Կողմերը կխրախուսեն իրենց պետությունների` սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ոլորտներում գործող բժշկական և հետազոտական հաստատությունների միջև անմիջական համագործակցությունը:

Հաստատությունների միջև անմիջական համագործակցությունը կիրականացվի գիտական նյութերի և տեխնիկական փաստաթղթերի փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ համատեղ հետազոտական ծրագրերի մշակման միջոցով:

 

Հոդված 4

 

Կողմերը փոխադարձաբար կխրախուսեն`

- բժշկական ամսագրերի, առողջապահության ոլորտում ուսումնական նյութերի և պաստառների փոխանակումը,

- բժշկական հրատարակչությունների միջև համագործակցությունը,

- առողջապահության ոլորտի օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը,

- առողջության վիճակագրության և վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հաշվետվությունների փոխանցումը,

- արտակարգ իրավիճակներում տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցությունը` շտապ կանխարգելիչ և հակահամաճարակային գործողությունների կազմակերպման և իրականացման նպատակով:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրի կիրարկումից բխող բոլոր ծախսերը միշտ կհոգա ուղարկող կողմը:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոխոխություններն ու լրացումները կձևակերպվեն առանձին արձանագրություններում, որոնք կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման ընթացքում առաջացած բոլոր վեճերը կլուծվեն Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ամսաթվին, երբ Կողմերը միմյանց ծանուցում են, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտված են և գործում է անորոշ ժամկետով:

 

Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել Կողմերից մեկի` մյուս Կողմին Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով ծանուցելուց 6 (վեց) ամիս հետո:

 

Սույն Համաձայնագրի դադարեցումը որևէ կերպ չի ազդի այն ծրագրերի իրականացման վրա, որոնք ընթացքի մեջ են, և դրանք կիրականացվեն մինչև իրենց ավարտը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2013թ. ապրիլի 10-ին երկու բնօրինակից, յուրաքանչյուրը` հայերեն, սլովակերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. հուլիսի 1-ին: