Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.26
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.02.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0076/11/09

ԵԿԴ/0076/11/09

 

Նախագահող դատավոր՝ Ժ. Հովսեփյան


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

 

Հ. Ղուկասյանի

 

 

Ա. Պողոսյանի

  Ս. Օհանյանի

 

 

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ դիմող Ա. Մողրովյանի

12 փետրվարի 2010 թվական

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դիմող Արևիկ Մողրովյանի ներկայացուցիչ Սրբուհի Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ Ա.Մողրովյանի ներկայացուցիչ Ս.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

 ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2009 թվականի մարտի 31-ին հարուցվել է թիվ 69102309 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Խ.Հայրապետյանի 2009 թվականի հունիսի 22-ի որոշմամբ նշված քրեական գործով Արևիկ Մողրովյանից խաբեությամբ զգալի չափերի հասնող գումար հափշտակելու փաստի առթիվ Աշոտ Գրիգորի Թադևոսյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է և նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով:

2009 թվականի օգոստոսի 21-ին ստանալով քննիչի որոշման պատճենը՝ Ա.Մողրովյանը 2009 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այն բողոքարկել է վերադաս դատախազին:

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Մ.Մինասյանի 2009 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 11-596-09 գրությամբ Ա.Մողրովյանին հայտնվել է, որ նրա՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքի կապակցությամբ կրկին անգամ ուսումնասիրվել է թիվ 69102309 քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման օրինականությունը և պարզվել է, որ Ա.Թադևոսյանի նկատմամբ համաներման ակտի ուժով գործի վարույթը կարճելու մասին որոշումը հիմնավորված է, այն վերացնելու հիմքեր չկան:

2. 2009 թվականի սեպտեմբերի 15-ին Ա.Մողրովյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի հիշյալ որոշումը:

Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ Ա.Մողրովյանի բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վերջինիս կողմից չի բողոքարկվել դատախազի անգործությունը:

3. Ա.Մողրովյանի ներկայացուցիչ Ս.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ա.Մողրովյանի ներկայացուցիչ Ս.Հովհաննիսյանը:

2010 թվականի հունվարի 11-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը Ա.Մողրովյանի ներկայացուցիչ Ս.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ջ.Ֆարխոյանը, որտեղ դիմող Ա.Մողրովյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի պնդումներն ու պատճառաբանություններն անհիմն գտնելով, դատախազն ըստ էության հիմնավոր է համարում քննիչի որոշումն այն պատճառաբանությամբ, որ գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով Ա.Թադևոսյանին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով ճիշտ է որակվել, ուստի այդ պայմաններում վերջինիս նկատմամբ կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետը` քրեական գործի վարույթը կարճվել է ու նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Ինչ վերաբերում է տուժող չճանաչվելու հետևանքով քաղաքացիական հայց ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքին, ապա քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը չի խոչընդոտում Ա.Մողրովյանին քաղաքացիական դատավարության կարգով քաղհայց ներկայացնել դատարան:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ մերժել է Ա.Մողրովյանի բողոքը՝ հիմք ընդունելով Մյասնիկ Հարութիկի Ավետիսյանի վերաբերյալ 2009 թվականի հունիսի 29-ի ԵԿԴ/0019/11/09 որոշման մեջ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ «(…) եթե դատախազի կողմից իրեն ուղղված բողոքի կապակցությամբ կայացվել է ցանկացած այլ ակտ և ոչ թե որոշում, ապա այդ ակտը դատական բողոքարկման առարկա հանդիսանալ չի կարող: (…) դատախազի կողմից որոշում կայացնելու դատավարական ժամկետներն անցնելուց հետո ընդհանուր իրավասության դատարան կարող է բողոքարկվել դատախազի անգործությունը, քանի որ քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգը չպահպանելն այդ դեպքում հավասարազոր է անգործության» (տե՛ս Նյութեր, 212-րդ էջ):

6. Վերաքննիչ դատարանը ևս, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումը, 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ Ա.Մողրովյանի ներկայացուցիչ Ս.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումը (տե՛ս Նյութեր, 253-րդ էջ):

7. ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված՝ նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը՝ սահմանափակվել են մարդու՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ճանաչվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

9. Ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, անօրինական, չի բխում քրեադատավարական օրենսգրքի պահանջներից, կայացվել է տուժողին վերապահված մի շարք իրավունքների խախտումներով, այն նաև պատճառաբանված չէ, նրանում անդրադարձ չկա բողոքում նշված հիմքերին:

 Բողոք բերած անձը նշել է մասնավորապես, որ Ա.Մողրովյանին տուժող չեն ճանաչել, և նա հնարավորություն չի ունեցել ներկայացնել քաղաքացիական հայց: Հանցագործությամբ պատճառված վնասը քննիչի հայեցողությամբ նշվել է 275.000 ՀՀ դրամ այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներով հիմնավորվել է, որ պատճառված վնասը կազմում է 25.000 ԱՄՆ դոլար: Բացի այդ, գործի քննության ընթացքում հանցագործության ոչ բոլոր դրվագներին է իրավական գնահատական տրվել, որի արդյունքում արարքը սխալ է որակվել:

10. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է վերացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ, որպեսզի Ա.Մողրովյանը ճանաչվի տուժող և հնարավորություն ունենա ներկայացնելու քաղաքացիական հայց, իսկ Ա.Թադևոսյանն իր կատարած արարքի համար կրի համապատասխան պատասխանատվություն և պատիժ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՍԴՈ-844 որոշման կայացումը, որով հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված՝ նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, պարտավորեցնո՞ւմ է, արդյոք, Առաջին ատյանի դատարանին դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի 2009 թվականի հունիսի 22-ի որոշման դեմ դիմող Ա.Մողրովյանի բողոքը:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

Վերոնշյալ հոդվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի՝ Մյասնիկ Հարութիկի Ավետիսյանի վերաբերյալ 2009 թվականի հունիսի 29-ի ԵԿԴ/0019/11/09 որոշման 16-րդ կետում տրված մեկնաբանության համաձայն՝ «(…) եթե դատախազին ներկայացված բողոքի կապակցությամբ նա որոշում չի կայացրել, այլ բողոքաբերին պատասխանել է ցանկացած այլ եղանակով, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ապա, եթե չեն անցել ներկայացված բողոքի կապակցությամբ դատախազի կողմից որոշում կայացնելու դատավարական ժամկետները, այդ պատասխանների նկատմամբ չեն կարող կիրառվել ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կանոններն ընդհանրապես, ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները մասնավորապես: Այլ կերպ ասած, եթե դատախազի կողմից իրեն ուղղված բողոքի կապակցությամբ կայացվել է ցանկացած այլ ակտ և ոչ թե որոշում, ապա այդ ակտը դատական բողոքարկման առարկա հանդիսանալ չի կարող: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից որոշում կայացնելու դատավարական ժամկետներն անցնելուց հետո ընդհանուր իրավասության դատարան կարող է բողոքարկվել դատախազի անգործությունը, քանի որ քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգը չպահպանելն այդ դեպքում հավասարազոր է անգործության»:

13. ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված՝ նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը՝ սահմանափակվել են մարդու՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշման մեջ, անդրադառնալով մինչդատական վարույթում հետաքննություն և նախաքննություն, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, պաշտոնատար անձանց, դատախազի որոշումների և գործողությունների դատական բողոքարկման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությանը, օրենսդրական կարգավորմանն ու նշանակությանը, ինչպես նաև մինչդատական վարույթում դատական վերահսկողության և դատախազական հսկողության գործառույթների բովանդակությանը, դրանց տարանջատմանը և սահմանադրորեն թույլատրելի շրջանակներին, արձանագրել է հետևյալը.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, վերջինիս՝ «Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ» վերտառությունը կրող 39-րդ գլխի նորմերի համալիր վերլուծությունը վկայում է, որ հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքների քննությունը, որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթ, ունի իր առանձնահատուկ խնդիրներն ու նպատակները, մասնավորապես՝ բողոքարկվող որոշումների և գործողությունների օրինականությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և օրենսդրության այլ ակտերի պահանջներին համապատասխանությունը) ստուգելու արդյունքում պարզել անձի (կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության այլ մասնակցի կամ այլ անձի) իրավունքների և ազատությունների խախտման փաստը և կայացնել համապատասխան որոշում՝ անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության, կամ բողոքը մերժելու վերաբերյալ:

(…) Մասնավորապես, վիճարկվող 290 հոդվածի 1-ին մասի համաձայն հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումները և գործողությունները բողոքարկող սուբյեկտներ են քրեական դատավարության մասնակիցները և այլ անձինք, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով: Հիշյալ հոդվածի նույն մասի համաձայն քրեական գործերով մինչդատական վարույթում որպես դատական բողոքարկման անմիջական օբյեկտ (առարկա) են հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումները և գործողությունները, այսինքն` այնպիսի որոշումներ ու գործողություններ, որպիսիք հատկապես մատնանշված են օրենսգրքի համապատասխան նորմերում:

(…)

Այսուհանդերձ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41 հոդվածի համաձայն, դատարանը, ի թիվս քրեական գործերով ընդհանուր այլ լիազորությունների, իրավասու է «...քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները»: Այսպիսով, մինչդատական վարույթում օրենսդիրը դատարանին լիազորել է քննելու ոչ միայն քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների և գործողությունների օրինականության, այլև՝ անգործության վերաբերյալ բողոքները, իսկ «...և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պայմանը բացառապես վերաբերում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և oպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումներին ու գործողություններին, հետևաբար` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման շրջանակներում չէր կարող վերագրվել նաև հիշյալ մարմինների անգործությանը:»

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ «քրեական գործերով մինչդատական վարույթում բողոքարկման (դատախազական և դատական) ինստիտուտի իրավակիրառման շրջանակներում «գործողություն» և «անգործություն» եզրույթները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մինչդատական վարույթի իրավակարգավորման շրջանակներում նույնաբովանդակ մեկնաբանվել չեն կարող: (…) «անգործություն» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում, սույն գործի առարկայի շրջանակներում, պետք է ընկալվի որպես հետաքննության, նախաքննության մարմինների, պաշտոնատար անձանց և դատախազի՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների (որոշումների ընդունում, իրենց լիազորություններից բխող գործունեության իրականացում) չկատարում: Վերջինս նույնպես կարող է առաջացնել իրավական հետևանքներ, պատճառ դառնալ մարդկանց սահմանադրական իրավունքների խախտման: Հետևաբար, նման անգործության դատական բողոքարկման նպատակը և ոչ իրավաչափ գործողության դատական բողոքարկման նպատակը նույնական են` հետապնդում են իրավունքների պաշտպանության համանման խնդիր: Այլ բան է, որ օրենսդիրը կարող է սահմանել դրանց բողոքարկման տարբեր ընթացակարգեր, սակայն մեկը մյուսով կլանելու և նման իրավակիրառական պրակտիկա ձևավորելու հանգամանքը վկայությունն է այն բանի, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի առկա խմբագրությունն իր մեջ անորոշություն է պարունակում և կիրառվում է իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության շրջանակներում:»

Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասում նախատեսված դատական բողոքարկման կարգին` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «հետաքննության, նախաքննության մարմինների, պաշտոնատար անձանց, դատախազի որոշումները և գործողությունները դատարան բողոքարկելու` անձանց (քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց) իրավունքը կարող է իրացվել հետևյալ նախապայմանների դեպքում.

- եթե խախտվել են այդ անձանց իրավունքները և օրինական շահերը,

- եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

Վերջինիս դեպքում հետևում է, որ անձը դատախազի որոշումը կամ գործողությունը բողոքարկելիս պետք է դիմի նաև վերադաս դատախազին: Իսկ իրավունքների և օրինական շահերի խախտման վերաբերյալ նախապայմանի առաջադրումը վիճարկվող նորմի իրավակարգավորման շրջանակներում խոչընդոտ չի կարող հանդիսանալ անձի բողոքն ըստ էության քննելու համար:

Այսպիսով, ինչպես վկայում է վիճարկվող նորմի իրավական բովանդակությունը, անձն իր իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության՝ ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներով նախատեսված իրավունքն իրացնելիս նախ պարտավոր է դատախազի առջև հայցել իր բողոքի բավարարում, այսինքն՝ արդարադատության մատչելիության իր իրավունքն իրականացնել իրավական պաշտպանության մեկ այլ միջոցի նախապես գործադրման պայմանով:

(…)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմի դատական պրակտիկայի կողմից տրված մեկնաբանության շրջանակներում այդպիսի պարտադիր պայմանի առկայությունը, երբ քրեական վարույթ իրականացնող մարմնի, պաշտոնատար անձի անգործությամբ խախտվել են քրեական դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, և նա չի կարող առանց նախապայմանների իրացնել դատական պաշտպանության իր իրավունքը, չի բխում ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունից:»

Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, պայմանավորված դատախազի «անգործությամբ», որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը ԵԿԴ/0019/11/09 որոշման 16-րդ կետում դիրքորոշում է հայտնել, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր: Վերոնշյալ որոշման ընդունումից հետո առկա է հակասություն ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշման և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի միատեսակ կիրառության կապակցությամբ կայացված՝ Վճռաբեկ դատարանի ԵԿԴ/0019/11/09 որոշման միջև:

14. Ելնելով սույն որոշման նախորդ կետում շարադրված` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտած դիրքորոշումից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մյասնիկ Հարութիկի Ավետիսյանի վերաբերյալ 2009 թվականի հունիսի 29-ի ԵԿԴ/0019/11/09 որոշմամբ ձևավորած դիրքորոշումը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը) պետք է վերանայել և համապատասխանեցնել ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշման հետ:

15. Ուստի Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի միասնական կիրառության հետ կապված անհրաժեշտ է համարում ձևավորել հետևյալ մոտեցումը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից` անկախ նրանից, թե բողոքարկման արդյունքում դատախազի կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի 2009 թվականի հունիսի 22-ի որոշումը դիմող Ա.Մողրովյանի կողմից բողոքարկվել է վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի գրությամբ Ա.Մողրովյանի բողոքը մերժվել է (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): Դրանից հետո քննիչի որոշումը Ա.Մողրովյանի կողմից բողոքարկվել է դատական կարգով: Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ Ա.Մողրովյանի բողոքը մերժվել է, իսկ Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի այն մոտեցումը, որ ընդհանուր իրավասության դատարան պետք է բողոքարկվի դատախազի անգործությունը, քանի որ քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգը չպահպանելն այդ դեպքում հավասարազոր է անգործության (տե՛ս սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերը):

17. Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշմամբ, ըստ էության, սահմանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածի այնպիսի մեկնաբանություն, որի պայմաններում դիմող Ա.Մողրովյանի նկատմամբ 290-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ («…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը վերագրելով դատախազի «անգործությանը») սահմանափակվել են նրա` դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները: Ուստի ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշումը պարտավորեցնում է Առաջին ատյանի դատարանին դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի 2009 թվականի հունիսի 22-ի որոշման դեմ դիմող Ա.Մողրովյանի բողոքը:

Հետևաբար, Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել համապատասխան առաջին ատյանի դատարան՝ ըստ էության նոր քննության:

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի միատեսակ կիրառության հետ կապված ձևավորել նոր իրավական դիրքորոշում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ քննիչի 2009 թվականի հունիսի 22-ի որոշման դեմ դիմող Արևիկ Վաղինակի Մողրովյանի բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան