«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60210242
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 հունիսի 2010 թ. |
N 23-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 46-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
Հաստատել թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
Նախագահ |
Գ. Ամալյան |
Հաստատված է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 28-ի թիվ 23-Ն որոշմամբ |
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման, ինչպես նաև օտարերկրյա հեռուստաընկերությունների հաղորդումների ամբողջական վերահեռարձակման լիցենզիաների տրամադրման նպատակով հայտարարվող և անցկացվող մրցույթների իրականացման ընթացակարգը:
2. Մրցույթն անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համաձայն:
3. Հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Հանձնաժողովը հայտարարում է լիցենզավորման մրցույթ:
Արտահերթ մրցույթ անց է կացվում օրենքով սահմանված դեպքերում և սույն կարգով:
Նույնական պայմաններով հայտարարված մրցույթները տարբերակման նպատակով համարակալվում են:
Յուրաքանչյուր մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է սույն կարգով սահմանված փաստաթղթերի ամբողջական փաթեթ:
4. Մրցույթին մասնակցում են միայն իրավաբանական անձինք:
5. Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
6. Հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթ` հրապարակելով հետևյալ տեղեկատվությունը`
1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
2) հեռուստածրագրի թեմատիկ ուղղվածությունը.
3) հեռուստածրագրի սփռման տարածքը.
4) մրցույթի հերթական համարը (ըստ անհրաժեշտության).
5) մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը.
6) հայտի (դիմումի) ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
7) լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ):
7. Մրցույթի մասնակցության հայտում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները`
1) հայտը ներկայացնողի անվանումը.
2) գտնվելու վայրը.
3) հեռուստածրագրերի թեմատիկ ուղղվածությունը.
4) սփռման տարածքը.
5) տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ հեռուստաընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին.
6) սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը.
7) հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը.
8) հայտին կցվում են` ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները, հեռուստաընկերության բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին, ինչպես նաև լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի մուծման անդորրագիրը:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
8. Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ընդունում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից հաշված 83-ից մինչև 93-րդ օրը ներառյալ, առձեռն` ստացականով: Հեռուստաընկերության բիզնես ծրագիրը, տվյալները օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, տեղեկությունները աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին ներկայացվում է երկու օրինակից` կարված, դիմողի կնիքով կնքված:
9. Հանձնաժողովը մրցույթ հայտարարելուց հետո մինչև 95-րդ օրը իր կայքէջում հրապարակում է մրցույթի մասնակիցների ցանկը:
10. Մրցույթի մասնակիցների հայտերը և կից փաստաթղթերը հրապարակվում են հանձնաժողովի դռնբաց նիստում` ըստ հայտերի գրանցման հերթականության, մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու 100-րդ օրվանից սկսված:
11. Հանձնաժողովը մասնակցին է տրամադրում մրցութային հայտի և կից փաստաթղթերի օրինակը: Մասնակիցը հրապարակում է դրա բովանդակությունը:
Հայտը և կից փաստաթղթերը ներկայացնելու համար տրվում է 30 րոպե:
Մրցույթի մասնակիցն իրավունք ունի հանդես գալ միջնորդությամբ: Միջնորդության կապակցությամբ Հանձնաժողովի որոշումը վերջնական է:
Նիստին չներկայացած մասնակցի հայտը քննության չի առնվում:
12. Հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումից հետո` դրանց ուսումնասիրման համար, Հանձնաժողովը ընդհատում է նիստը մինչև 50 օր տևողությամբ:
13. Մրցույթում լիցենզավորված անձի ընտրությունը Հանձնաժողովը կատարում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից հաշված 150-րդ օրը, բաց վարկանիշային քվեարկությամբ:
14. Մրցութային հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումից և ուսումնասիրությունից հետո Հանձնաժողովը անցկացնում է վարկանիշային քվեարկություն: Մինչև վարկանիշային քվեարկությունը հանձնաժողովի անդամները մրցութային հայտերի և կից փաստաթղթերի քննարկում չեն իրականացնում և չեն հրապարակում իրենց դիրքորոշումները դրանց վերաբերյալ:
Վարկանիշային քվեարկությունը իրականացվում է ըստ մասնակիցների հայտերի գրանցման հերթականության: Քվեարկությունը կազմակերպվում է մասնակիցներից յուրաքանչյուրի համար առանձին, Հանձնաժողովի անդամների համաժամանակյա քվեարկությամբ: Համեմատելով տվյալ մրցույթի մասնակիցների հայտերում և կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները, Հանձնաժողովի անդամը 0-10 ամբողջ թվերով գնահատում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցին:
Մինչև վարկանիշային քվեարկությունը Հանձնաժողովի անդամները կարող են հանդես գալ հայտարարությամբ, միջնորդությամբ:
Հանձնաժողովը լիցենզավորված անձի ընտրության ժամանակ հաշվի է առնում`
1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
2) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.
3) հեռուստաընկերության բիզնես ծրագրի հիմնավորվածությունը.
4) բազմակարծությունը խթանելու կարողությունը.
5) հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.
6) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:
Վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում գումարային առավելագույն միավոր ստացած մասնակիցը:
15. Լիցենզավորման մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է`
1) գործող այն հեռուստաընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.
2) գործող այն հեռուստաընկերություններին, որոնք հեռուստահաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն 3 տարվա փորձ:
16. Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար միավորներ ստացած և սույն կարգի 15-րդ կետի 1) և 2) ենթակետերի պահանջները բավարարած մասնակիցների միջև Հանձնաժողովը անց է կացնում վարկանիշային կրկնակի քվեարկություն:
17. Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչելու որոշումը կայացնում է վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա` քվեարկությամբ:
18. Հանձնաժողովի որոշումը` մասնակցին մրցույթում հաղթող ճանաչելու և հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիա տալու մասին, հրապարակվում է այն ընդունելուց անմիջապես հետո:
19. Հանձնաժողովի պատշաճ հիմնավորված և պատճառաբանված որոշումը այն ընդունելուց 10-օրյա ժամկետում ուղարկվում է մրցույթի մասնակիցներին:
20. Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է իր կայքէջում մեկամսյա ժամկետում:
IV. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
21. Հանձնաժողովն իր որոշմամբ մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`
1) սահմանված ժամկետում ոչ մի հայտ չի ներկայացվել.
2) հանձնաժողովը օրենքով սահմանված դեպքերում չեղյալ է ճանաչել լիցենզիա տալու մասին իր որոշումը.
3) մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել Հանձնաժողովի նիստին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.11.2020, թիվ 138-Ն | 31.12.2020, N 23-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|