ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
20 հուլիսի 2010 թ. |
1979 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԲՈՆՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԻԳՐԱՑՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի: Գործով զեկուցող` Ռ. Պապայան.
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1979 թվականի հունիսի 23-ին Բոննում ստորագրված՝ Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 06.07.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Կոնվենցիան ստորագրվել է 1979թ. հունիսի 23-ին` Բոննում:
2. Կոնվենցիայի նպատակն է պահպանել ցամաքային, ծովային և օդային վայրի կենդանիների միգրացվող տեսակները` իրենց տարածման ողջ շրջանում:
3. Կոնվենցիան բաղկացած է 20 հոդվածից և 2 հավելվածից:
4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● աջակցել, համագործակցել և օժանդակել միգրացվող տեսակներին վերաբերող հետազոտություններին,
● նախաձեռնել անբարենպաստ պահպանության կարգավիճակ ունեցող միգրացվող տեսակների պահպանության և կառավարման վերաբերյալ համաձայնագրերի կնքումը,
● միգրացվող տեսակին ոչնչացման վտանգից զերծ պահելու նպատակով վերականգնել և պահպանել նրանց բնակավայրերը,
● կանխել, վերացնել, փոխհատուցել կամ նվազագույնի հասցնել այն գործողությունների բացասական ազդեցությունը, որը լրջորեն խոչընդոտում է տվյալ տեսակի միգրացիային,
● հնարավորության և անհրաժեշտության սահմաններում կանխել, նվազեցնել կամ վերահսկել այն գործոնները, որոնք վտանգում են կամ կարող են հետագայում վտանգել տվյալ տեսակի, ներառյալ էկզոտիկ տեսակների ներմուծման խիստ վերահսկումը:
Կոնվենցիայով նախատեսված գործառույթներն իրականացնելու համար պետք է ստեղծվի քարտուղարություն:
Կոնվենցիան սահմանում է կոնվենցիայում և հավելվածներում կատարվող փոփոխությունների, վեճերի կարգավորման, կոնվենցիային միանալու կամ չեղյալ հայտարարելու, ինչպես նաև ուժի մեջ մտնելու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1979 թվականի հունիսի 23-ին Բոննում ստորագրված` Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
20 հուլիսի 2010 թ. ՍԴՈ-904 |